
ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ Ազատ, Անկախ եւ ՄԻԱՑԵԱԼ Հայաստան կերտելու տեսլականը մասամբ իրականացաւ 20րդ դարի մայրամուտին: Ուստի, հայ ժողովուրդը դիմակայեց նորանոր մարտահրաւէրների՝ պետականութեան կայացում, բանակի ստեղծում, պատերազմ, տնտեսութեան նոր համակարգի զարգացում, ընկերային կեանքի ու կարիքների բարելաւում, քաղաքական-դիւանագիտական ոլորտի կազմակերպում եւ այլն:
20րդ դարավերջն ու 21րդ դարասկիզբը իւրայատուկ իրավիճակի մատնեցին նորանկախ Հայաստանին: 1988 թուականի ահաւոր երկրաշարժը, Ադրբեջանի կողմից իրագործուած Սումգայիթի հայոց ջարդերը եւ սանձազերծուած պատերազմը Արցախի դէմ, թուրք եւ ազերի հակահայ քաղաքականութիւնն ու պայքարը, շրջափակումը, Հայոց Ցեղասպանութեան վերահաստատման ու հողային պահանջի ուղղութեամբ մղուող ոգի ի բռին աննահանջ պայքարը ռազմավարական մեծ մարտահրաւէրներ են հանդիսանում հայ ժողովրդի արդար դատի նուաճման ճանապարհին:
Այս պայմաններում ի՞նչ պիտի անել:
Պատասխանը շատ պարզ ու միանշանակ է: Համայն հայ ժողովուրդն իրաւունք չունի ժամանակ ու մարդուժ եւ տնտեսական միջոցներ վատնելու: Նրա արեւմտեան եւ արեւելեան հարեւանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, եղել ու մնում են Հայաստանի թշնամի… Մենք պիտի պահի լրջութիւնը հասկանանք ու գործենք այնպէս, որ մեր անկախութիւնը, գոյութիւնն ու հայրենիքը ամենաչնչին չափով չվտանգուեն:
Մենք պէտք է Հայոց Ցեղասպանութեան վերահաստատման ուղղութեամբ, անշուշտ, ներազգային մարզում շարունակենք տեղեկատուական ու դիւանագիտական-յարաբերական աշխատանքները: Սակայն, աւելի ծաւալուն ու հետեւողական ռազմավարութեամբ աշխատանքը պիտի տանել արտաքին ճակատում, մասնաւորաբար թուրք եւ ազերի ժողովուրդների մէջ: Օրինակ՝ Հայոց Ցեղասպանութեան ու Հայ Դատի թեմաներով ԹՐՔԵՐԷՆՈՎ հրատարակել բրոշիւրներ, գրքոյկներ ու թերթեր, յօրինել երգեր, պատրաստել ձայներիզներ, ձայնասալիկներ ու պատկերասալիկներ, սփռել ռադիօ եւ հեռուստահաղորդումներ, ունենալ յատուկ կայքէջ, որոնք հասու կը լինեն թուրք եւ ազերի ժողովուրդներին եւ որոնց անվճար ու մասսայական ցրումով նրանց կը մատուցուեն ճշմարիտ պատմութիւնը ու հայ ժողովրդի պահանջները:
Թուրք ու ազերի իշխանութիւնները իրենց յօրինած սուտ ու շինծու պատմութեամբ հակահայ զգացումներ են հրահրում իրենց ժողովուրդների եւ միջազգային հանրութեան մէջ: Այնպէս է ստացւում՝ իբր թէ հայն է թուրքին ցեղասպանութեան ենթարկել կամ ազերիների ջարդը Խոջալուում հայերն են կազմակերպել ու իրագործել, եւ բազմաթիւ այսպիսի ստահոտ տեղեկութիւններով շփոթի են մատնում եւ ապակողմնորոշում թէ՛ իրենց ժողովուրդներին եւ թէ միջազգային հանրութեանը:
Վերոյիշեալ միջոցներով կարելի է ներթափանցել թուրք ու ազերի մտաւորականութեան, ուսանողութեան եւ մանաւանդ ժողովրդի մէջ ու նրանց մատուցել եղելութիւնների ճշգրիտ պատկերը: Սոյն ռազմավարութիւնը լաւագոյնս գործադրելու դէպքում թրքական իշխանութիւնների վրայ ներքին ճնշում կը բանեցուի հէնց սեփական ժողովուրդների կողմից, որն աւելի ազդու կը լինի, քան արտաքին «ճնշումները» տարբեր պետութիւնների կողմից:
Մի այլ խնդիր եւս կարեւոր է, որ մեր պայքարի ռազմավարութեան ու մարտավարութեան մաս կազմի: Տեսնում ենք, թէ ինչպէս թուրք եւ ազերի պետական շրջանակները նախաձեռնում են մի շարք անակնկալ միջոցառումներ, որոնք միտում են պարզապէս խանգարելու ու կասկած առթելու եւ ստուերելու հայ ժողովրդի արդար պայքարն ու պահանջատիրութիւնը: Օրինակ՝ Հէյդար Ալիեւի արձանի զետեղումը Մեքսիկայի նշանաւոր հրապարակներից մէկում, որը, անշուշտ, հայերի բողոքի հետեւանքով ցած բերուեց, կամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Քալիֆորնիոյ Քարսըն քաղաքում կոթողելու դիմումը նոյն քաղաքի Քաղաքային խորհրդին, որը եւս մերժուեց հայերի բողոքի շնորհիւ, կամ Գալիփոլիի (Դարդանելի պատերազմի) 100ամեակի նշումը ճիշդ Ապրիլ 24ին, կամ միջազգային ատեաններում Հայոց Ցեղասպանութիւնը մերժելու եւ հակահայ քարոզչութիւն կատարելով հանրութեան մէջ հակահայ տրամադրութիւններ հրահրելու զանազան ելոյթներ ու միջոցառումներ: Այս բոլոր միջոցառումներին հակազդելու եւ ծրագրերը խափանելու համար, հայ ժողովուրդը պիտի ծախսի մեծ մարդուժ ու ժամանակ, ինչպէս նաեւ՝ տնտեսական միջոցներ:
Կասկած չկայ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները տարբեր միջոցառումներ նախաձեռնելու ռազմավարութեամբ խորամանկօրէն միտում են մեր միտքն ու ուշադրութիւնը սեւեռել եւ մեր պայքարը շեղել նման հարցերի կանխարգիլման ու խափանման վրայ, որպէսզի խոչընդոտեն ու թուլացնեն մեր հիմնական պայքարի ուժգնութիւնը:
Կարծում եմ, որ մե՛նք պիտի ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ լինենք: Առաջադրենք մի շարք ծրագրեր ու պահանջենք նրանց գործադրութիւնը: Օրինակ՝ կարելի է Թուրքիայի իշխանութիւններին դիմել, որ Հայկ Նահապետի արձանը կանգնեցնեն Պոլսոյ Թաքսիմ հրապարակում կամ մեր հայդուկապետներից՝ Անդրանիկի, Գէորգ Չաւուշի, Գարեգին Նժդեհի, Սերոբ Աղբիւրի ու Սօսէ Մայրիկի եւ նահատակ անուանի մտաւորականների արձանները բարձրացնեն Պոլսոյ եւ այլ մեծ քաղաքների հրապարակներում, կամ Արամ Մանուկեանի արձանը զետեղեն Վանի նշանաւոր հրապարակներից մէկում: Ինչու չէ նաեւ կարելի է դիմել ու պահանջել, որ 1,500,000 հայ նահատակների յիշատակը յարգող ու յաւերժացնող յուշակոթող կառուցեն Թուրքիոյ յարմարագոյն վայրում, եւ այսպէս շարունակ՝ տարբեր միջոցառումների դիմումներ… Նման մարտավարութիւն նախ եւ առաջ լայն քարոզչութեան ու տեղեկատուութեան դեր կը կատարի թուրք ժողովրդի մէջ, ինչպէս նաեւ՝ իր արձագանգը կ՛ունենայ միջազգային զանգուածային հաղորդակցութեան միջոցներում:
Անշուշտ, վերը յիշուած բոլոր նախաձեռնութիւնները հայ ժողովրդի հիմնական պահանջների՝ Հայոց Ցեղասպանութեան վերահաստատման ու Թուրքիայի կողմից ճանաչման, մեր հողային պահանջի ու վնասից հատուցման ի խնդիր մղուող պայքարի կողքին տարուող աշխատանքներ են, առանց դոյզն ինչ չափով ստուերելու կամ խանգարելու այդ պայքարի էութիւնն ու թափը:
Ընդհանուր առմամբ, նման միջոցառումների դէպքում պէտք է եւ անհրաժեշտ է հայրենի պետութեան մասնակցութիւնը իր հիւպատոսարանների ու բարձրաստիճան պետական այրերի ու ներկայացուցիչների միջոցով, կրկին անգամ վերահաստատելու համար, թէ համայն հայութիւնը՝ ի սփիւռս աշխարհի, ի Հայաստան եւ Արցախ մէկ ու միասնական է, նոյն Դատի իրաւատէրն ու պահանջատէրն է, միասնական պայքար մղողն է, եւ որեւէ սադրիչ գործողութիւն չպիտի կարողանայ քակտել նրա միաբանութիւնը, նրա մէկ միասնական պայքարը, մէկ ազգ ու մէկ հայրենիք կարգախօսը: