
ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Մենք խորշում ենք խաբկանքներից,
Կածաններից զարտուղի
Երազի ջահը բորբոքել,
Շիտակ մայր լեռն ենք ուղղուել:
Ճանապարհը լաւ գիտենք,
Վեհ բարձունքին պիտ հասնենք,
Նրա ճերմակ գագաթից
Այգաբացը ողջունենք:
Ապա մի պահ հանգչելով,
Լերան միւս կողմն պիտ անցնենք,
Արդարութեան կերոնով
Մեր յաղթերթը աւարտենք:
Մենք այդ օրը պիտ տեսնենք:
***
Արդարութեան Լեզու
Ո՜վ արդարութեան թլատուած լեզու,
Ցփնում ես աջ-ձախ լուտանքներ մաղձի,
Դու քո նենգաքօղ զազրախօսութեամբ,
Դարձել ես չարի լեզուն մայրենի:
Որպէս կեղծիքի անարգ բարեկամ
Որպէս գթութեան երդուեալ թշնամի,
Քո դաւանանքը՝ աւանդակորուս,
Ո՞ր արդար հոգում ցասում չի ծնի:
Ինչո՞ւ ժանտահոտ շուրթերդ թունոտ,
Էլ չեն բարբառում արդարութիւն,
Տրուել ես նիւթի կոյր պաշտամունքին,
Սփռել ամէնուր մահաբոյր շունչդ:
Մինչդեռ դու ունես հնարներ բոլոր,
Լացը խնդութեան ժպիտ դարձնելու,
Ի վերուստ տրուած իրաւասութեամբ,
Անեղծ երազներ յոյսով թրծելու:
Որքան էլ դժուար լինի քո ճամբան,
Քո վեհ կոչումին մի՛ դաւաճանիր,
Եղիր անմեղի սուրբ նուիրեալը,
Անարդարութեան երթը խափանիր:
***
Մենք Եւ Դուք
Դուք մոլուցք ունէք,
Իսկ մենք մտածմունք,
Դուք գիտէք դաւել,
Իսկ մենք՝ երազել,
Դուք գիտէք այրել,
Մահ, արիւն սփռել,
Իսկ մենք տկարին՝
Պարուրել շոյել…
Ձեր ներսում խաւար
Մութ խարդաւանքներ,
Մեր ներսում անամպ՝
Արեւի շողեր,
Ձեր ներսում սադրանք
Անհատնում դաւեր,
Մեր ներսում սպի՝
Անամոք վէրքեր:
Ի զուր մի՛ փորձէք
Խոցուածին խոցել,
Մենք գիտենք ինչպէս
Չարիքը ճզմել…
***
Տունդարձ
Աստուած հաւատ,
Յոյս է սփռել
Քո հողին,
Ամբողջ հոգով
Ես կապուած եմ
Քո երթին:
Իմ Հայաստան,
Քեզ հետ այնքան
Պիտ քայլեմ,
Մինչ գագաթից
Արարատի
Զաւակներիդ
Տուն կանչեմ:
Բոստոն