
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ
Այս յօդուածին նպատակն է մեր վերջին 10 դարերու պատմութեան վրայ արագ ակնարկով մը ցոյց տալ, որ Հայոց Ցեղասպանութիւնը չսկսաւ 1915ին։ Անիկա նոյն բարբարոս ցեղերուն կողմէ հետեւողականօրէն իրագործուած է ԺԱ. դարէն սկսեալ, իր գագաթնակէտին հասած է Մեծ Եղեռնով՝ Օսմանեան կայսրութեան մայրամուտին ու տակաւին կը շարունակուի անկէ ետք ալ։ Գրեթէ առանց հեղինակային միջամտութեան՝ ստորեւ կը ներկայացնեմ քաղուածքներ մեր պատմութեան գիրքերէն։ Սահմռկելի այս տողերը կարդալէ ետք ընթերցողին կը մնայ եզրակացութիւններ հանել։
***
Անդրկովկասի ու Փոքր Ասիայի մեծագոյն մասի ու համարեա ամբողջ Հայաստանի նուաճումը սելջուկների կողմից տեւեց աւելի քան 60 տարի։ Թուրքերի եւ յատկապէս սելջուկեան թուրքերի այդ արշաւանքներն իրենց բնոյթով կարելի է բաժանել երկու խոշոր փուլի։ Առաջին փուլին (1016-1063) բնորոշ է աւարառութիւնն ու կողոպուտը, գերեվարութիւնն ու երկրի բարգաւաճ քաղաքների ամայացումը։ Երկրորդ փուլում (1064-1092) թէեւ շարունակւում էր թուրքական ցեղերին բնորոշ աւարառութիւնը, սակայն այս ժամանակաշրջանին յատկանշական է արշաւանքի ենթարկուած երկրների վերջնական նուաճումն ու բնակեցումը թուրքմէն ցեղերի կողմից։
(…) «Նրանք չեն պատւում մեծամեծներին», ասում է պատմիչը (Թովմա Արծրունին),_ չեն խղճում երիտասարդներին ու տղաներին, ոչ էլ խնայում են որեւէ մէկի մանկութիւնը… Նրանք ունէին արիւնարբու գազանների բնութիւն՝ սարսափելի էին իրենց տեսքով, որովհետեւ նրանց դէմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր եւ ահաբեկում» (էջ 441-442):
(…) «Եւ ահա այս թուականին (ՆՂԸ՝ 1049)», պատմում է (Մատթէոս) Ուռհայեցին, «անօրէնների զօրքերը հասան հայոց հռչակաւոր ու բազմամարդ քաղաքը, որն անուանւում է Արծն, եւ տեսան, որ այդ քաղաքն առանց պարսպի է, լցուած է տղամարդկանց ու կանանց անթիւ բազմութեամբ եւ ունի անհամար քանակութեամբ ոսկի եւ արծաթ։ Եւ քաղաքացիները տեսնելով այլազգիների զօրքը՝ միահամուռ կերպով ելան պատերազմի… այլազգիները սրերով յարձակուեցին քաղաքի վրայ եւ սաստիկ կոտորած արին ու սրի անցկացրին հաւասարապէս ամբողջ քաղաքը՝ մօտ 150,000 մարդ։ Այլ ոսկու, արծաթի ու դիպակների մասին աւելորդ է խօսել, որովհետեւ անկարելի է այդ գրի անցկացնել» (էջ 449):
Արիստակէս Լաստիվերտցին հռետորական ոճով այսպէս է նկարագրում սելջուկ թուրքերի այս աւերածութիւնները. «Իսկ այն ժամանակուայ չարագործութիւնները, որ նրանք մեր աշխարհին հասցրին, ո՞վ էր կարող գրի առնել կամ ո՞ւմ միտքը ի վիճակի է այդ հաշուի անցկացնել. որովհետեւ բոլոր այս երկրները լիքն էին դիակներով, թէ՛ շէն եւ թէ անշէն վայրերը, ճանապարհները եւ անապատ տեղերը, քարանձաւները եւ առապարները, խիտ անտառները եւ ժայռոտ տեղերը։ Եւ բոլոր մարդաբնակ տեղերում նրանք հրդեհեցին եւ ոչնչացրին տներ ու եկեղեցիներ. այս հրդեհի բոցն աւելի էր, քան Բաբելոնի հնոցինը։ Եւ այսպիսի ձեռնարկութեամբ նրանք կործանեցին մեր երկիրը, ո՛չ թէ մէկ անգամ, այլ երեք անգամ՝ մէկ մէկու ետեւից վերադառնալով, մինչեւ որ մեր երկրում ամէն տեղ հատան բնակիչները եւ դադարեց անասունների բառաչը»:
Սելջուկ թուրքերի կատարած վերջին աւերածութիւններն է՛լ աւելի ուժեղացրին հայ ժողովրդի զանգուածային արտագաղթը դէպի Բիւզանդիայի կենտրոնական եւ հարաւ-արեւմտեան նահանգները, մանաւանդ դէպի Կապադովկիա եւ Կիլիկիա (Ս. Վ. Բոռնազեան, էջ 451-452) (1)։
***
Մոնղոլների այդ (1221ի) արշաւանքի կապակցութեամբ (Կիրակոս) Գանձակեցին գրում է. «Գալով Աղուանից աշխարհը, անցնելով Հայոց եւ Վրաց երկրները, ինչ որ ճանապարհին գտնում էին՝ ամէն ինչ սրի էին անցկացնում, թէ մարդ, թէ անասուն, մինչեւ իսկ շներին…» (էջ 602):
Գառնիի մօտ յաղթանակ տանելուց յետոյ æալալ ադ Դինն սկսում է իր ասպատակութիւնները Հայաստանում ու Վրաստանում. «…խորազմցիները մեր երկիրը անտերունչ գտնելով», վկայում է պատմիչը (Ստ. Օրբելեան), «անխնայ կոտորեցին եւ գերեցին եւ հրդեհեցին քաղաքների, գիւղերի եւ վանքերի բոլոր շինութիւններն ու տները, նաեւ այրեցին մեր ամբողջ վաստակը եւ կտրատեցին այգիներն ու ծառերը, որի պատճառով սաստիկ սով տիրեց ամէնուրեք» (էջ 604):
Նուաճելով երկրի հիւսիս-արեւելեան շրջանները՝ մոնղոլները Չարմաղանի գլխաւորութեամբ շարժւում են դէպի կենտրոնական գաւառները եւ 1236 թուի ամրանը մօտենում Անի քաղաքին։ (…) Խաբէութեամբ քաղաքի բնակչութեանը պարիսպներից դուրս բերելով՝ սկսում են մի ահաւոր կոտորած, որից քչերն են ազատւում, իսկ երեխաները, կանայք ու արհեստաւորները գերեվարւում են (էջ 610):
«Անկասկած է», գրում է Համդալլահ Ղազվինին, «որ եթէ հազար տարուայ ընթացքում որեւէ այլ աղէտ չլինի, մոնղոլական արշաւանքների ու տիրապետութեան հետեւանքները ուղղել հնարաւոր չէ, եւ աշխարհն իր նախկին զօրութեանը չի վերադառնայ, որպիսին նա եղել է մինչեւ այդ դէպքերը»: Կիրակոս Գանձակեցին մոնղոլական արշաւանքների առիթով գրում է. «Ամբողջ երկիրը լցուեց դիակներով, կարծես թէ խաւարով էր պատած ամբողջ աշխարհը, մարդիկ գիշերն աւելի էին սիրում, քան ցերեկը, եւ երկիրը դատարկուեց իր բնակիչներից…» (Լ. Հ. Բաբայեան, էջ 613) (2):
***
Հայաստանի տարբեր մասերում իրենց գոյութիւնը քարշ տուող հայ ֆէոդալական (աւատապետական) երբեմնի հզօր ընտանիքների սակաւազօր ժառանգորդներին բռնի մահմեդականութիւն ընդունելու պահանջ առաջադրուեց։ Պռոշեան իշխաններից սերուած Յովհաննէս եպիսկոպոսը Այրիվանքում շարադրած իր մի յիշատակարանում այդ մասին գրում է. «Յայսմ ամի (իմա՝ 1488 թ.) Խ (40) ազատորդի կալան, թէ տաճկացէք, այլ ողորմածն Աստուած ձեռնտու եւ օգնական եղեւ նոցա… որ Է (7) ամիս կալուլական կացին եւ բազում տուգանք տուին եւ ի հաւատոցն Քրիստոսի ոչ դարձան»:
Հաւատափոխութեան հարկադրանքի ներքոյ հայ ֆէոդալների կալուածների բռնագրաւումներն իրագործւում էին պետական իշխանութիւնների կողմից լայն լիազօրութիւններ վայելող «բէյթ-ուլ-մալի» վերակացուների կամ «բէյթուլմալչիների» միջոցով։ Յաճախակի կրկնուող ունեզրկումների ընթացքում, այսպէս կոչուած «մուսուլմանական համայնքի» սեփականութիւն էին յայտարարւում հաւատափոխութիւնից հրաժարուող հայ աւատատէրերի «հայրենիք» (ընտանեկան) կալուածները, որոնք շատ շուտով խարդախ միջոցներով դառնում էին Հայաստանում մշտական բնակութիւն հաստատած մահմեդական բարձրաստիճան պաշտօնեաների եւ քոչուոր վերնախաւի «գանձագին» սեփականութիւնը (էջ 53):
Ուշագրաւ տուեալներ են գրանցել հայ ժամանակագիրները 10 հազար հեծեալ մարտիկներից բաղկացած այն հեծելազօրի մասին, որի մէջ էր գտնւում նորընծայ փադիշահ Ալվանդը։ 1498 թ. ձմռան ամիսներին (…) խիստ ծանր վիճակ ստեղծուեց Քաջբերունեաց գաւառի հայերի համար։ Զինավառ այդ բարբարոսները, ձմրան սաստկասառոյց ցրտին, բնակարաններից դուրս գցեցին մարդկանց ու անասուններին եւ իրենք զբաղեցրին իրենց գրաստներով, բռնագրաւեցին մարդկանց ու անասունների համար ամբարուած ողջ սննդամթերքն ու սկսեցին «չարչարել զքրիստոնեայսն վասն խոտի եւ յարդի, գարոյ եւ գինոյ եւ վասն կերակրոյ եւ ըմպելոյ» (Լ. Ս. Խաչիկեան, էջ 55) (3):
***
Հայ ժողովրդի պատմութեան մէջ իր չափերով նախընթացը չունեցող այս ահռելի գաղթաշարժը (…) տնտեսական եւ քաղաքական ծանր հետեւանքներ ունեցաւ եւ կործանարար եղաւ մեր ժողովրդի հետագայ պատմական ճակատագրի համար։
Ալեկոծւում էր բովանդակ Կենտրոնական Հայաստանը (1604ին)։ (Շահ Աբբասի) կըզըլբաշ զինուորների յատուկ ջոկատները փոթորկի նման անցնում էին մեծ ու փոքր բոլոր բնակավայրերով, իրենց ետեւ թողնելով միայն լիովին ամայացած ու հրկիզուած աւերակներ։ (…) Առաքել Դաւրիժեցու վկայութեամբ, Իրանի խորքերը քշուող շուրջ 300,000 բազմութեան մէջ կային Հայաստանի տարբեր գաւառներից տեղահանուած բնակչութեան բեկորներ։
(…) Տասնեակ հազարաւոր զոհեր տալով՝ գաղթականների այդ հսկայ զանգուածը մեծ արագութեամբ անցաւ Արաքս գետը եւ ուղեւորուեց դէպի Իրանի խորքը։ Հայ կանանց եւ դեռահաս աղջիկների, մանկահասակ երեխաների եւ առհասարակ ամբողջ գաղթականութեան կրած անլուր տառապանքների, սովի, ցրտի, հարստահարութեան, գերեվարութեան եւ լլկման բազմաթիւ փաստերի մասին են խօսում ժամանակակից յիշատակարաններն ու ականատեսների վկայութիւնները։ Տեղահանուածների քարաւանները երերուն քայլերով քշւում էին Մազանդարանի «գաղջ ու դաժան, շնչարգել ու մգլահոտ» ճահճուտներն ու առապարները, քչերն էին միայն, որ բնակւում էին Իրանի կենտրոնում՝ ի վերջոյ ապաստան գտնելով նրա մայրաքաղաքում՝ Սպահանում ու նրա շրջակայ գաւառներում։ Մեծ քանակ էին կազմում գերուած հայերը (Աշոտ Գ. Յովհաննիսեան, էջ 98-99) (4):
***
Թուրք տիրապետութեան տակ հեծող հայկական նահանգների բնակչութեան համար կատարեալ մի պատուհաս էր դեշիրմէն՝ մանկահաւաքը։ Պետական մարմինների կարգադրութեամբ կայսրութեան քրիստոնեայ բնակչութիւն ունեցող նահանգներից եւ, մասնաւորապէս, Արեւմտեան Հայաստանից (1530ական թուականներէն սկսեալ) բռնի հաւաքագրում էին ֆիզիքապէս ամենաուժեղ ու գեղեցկադէմ մանկահասակ տղաներին, հաւատափոխ անում, ենիչերիական բանակի շարքերը լրացնելու նպատակով։ (…) Ստանալով մոլեռանդ մուսուլմանական դաստիարակութիւն՝ ենիչերիները դառնում էին ռազմատենչ սուլթանների հիմնական յենարանը։ Սկսած ԺԶ. դարի վերջից ենիչերիների բանակը փաստօրէն հանդիսացաւ երկրի լիիրաւ տէրն ու տնօրէնը, չարիք ու պատուհաս դառնալով նախ եւ առաջ քրիստոնեայ հպատակների գլխին։
(…) Հայ աշխատաւորութեան համար մեծ չարիք էին նաեւ աղջկաժողովները, որ կատարւում էր թուրք փաշաների ու սուլթանների հարեմների համալրման համար (Մ. Կ. Զուլալեան, էջ 292-293) (5):
***
1890 թուին մի խումբ արեւմտահայերի կողմից Մակար կաթողիկոսին գրուած նամակում հայերի կացութիւնը պատկերացւում էր այսպէս. «Ոչ մարդկային լեզուն եւ ոչ ալ նորա գրիչը չեն կարող նկարագրել այն բազմատեսակ ծանր դժբախտութիւնը, որ կրած ենք եւ կը կրենք։ Մեր հայրենի հողի վրայ մեր կեանքը խաղալիք է դարձած մեր իշխողներու ձեռքին. մեր կեանքը անապահով դրութեանց մատնուած է, մեր ընտանիքը ամօթալի բռնութեանց, մեր զաւակները զոհ են դարձած կոպիտ ուժի, մեր դառն քրտինքով վաստակած հացը մեզմէ կորզելու, մեր զաւակները սովամահ կոտորելու ենթարկուած են, մեր եկեղեցիները կը սրբապղծուին եւ հրոյ ճարակ կը լինին, մեր սրբութիւները կ՛անարգուին եւ մեր հաւատը կը հայհոյուի եւ հոգեւորականութիւնը ենթարկուած է հինգերորդ դարում տեղի ունեցած բոլոր տառապանաց» (Տեղեկագիր Հայկ. գիտ. ակադեմիայի, 1946թ. թիւ 10, էջ 52) (6):
***
«Մայիսեան բարենորոգումներ»ի շուրջը ծաւալուած աղմուկից յետոյ թուրքական սուլթանը համոզուեց, որ եւրոպական տէրութիւնները մտադիր չեն հետամուտ լինելու իրենց պահանջների իրականացմանը։ Նա որոշեց հայերի բողոքի արդար ձայնը խլացնել նրանց արեան մէջ, միջազգային հասարակայնութեանը կանգնեցնել հայերին կոտորելու փաստի առաջ։ 1895 թուականի աշնանը Արեւմտեան Հայաստանում սկսուեցին մինչ այդ Թուրքիայի պատմութեան մէջ իրենց նախընթացը չունեցող հայերի զանգուածային կոտորածները։
Բարենորոգումները անցկացնելու մասին լուրն ամէնից շուտ ստացուեց Տրապիզոնում։ Այդտեղ էլ 1895թ. Հոկտեմբեր 5ին սկսուեց սարսափելի կոտորածը։ Կ. Պոլսի ֆրանսիական դեսպան Կամբոնը Հոկտեմբեր 15ի հաղորդագրութեան մէջ յայտնում էր. «Մահմետականներն առանց որեւէ ազդանշանի միասին եւ միաժամանակ յարձակուեցին հայերի վրայ»։ Մաքսատան մօտ հաւաքուած մեծ թուով հայ մշակներ դարձան առաջին զոհերը։ Նաւահանգիստի բազմաթիւ հայ գործաւորներ նոյն ճակատագրին արժանացան։ Փողոցներում պատահած ամէն մի հայի տեղն ու տեղը սպանում էին, իսկ խանութպաններին դուրս էին հանում եւ ջարդարարներին յանձնում։ Յետոյ սկսւում էր խանութների կողոպուտը։ Այդ բոլորը կատարւում էր զինուորների ու պետական պաշտօնեաների աջակցութեամբ։ Շրջակայ հայկական գիւղերն աւերւում են, դպրոցները, եկեղեցիներն ու բոլոր սրբավայրերը ոչնչացւում, հայերի մի մասին բռնութեամբ կրօնափոխ են անում։ Հայերին հասցուած վնասը միայն Տրապիզոնում անցնում էր հինգ միլիոն ֆրանկից։
(…) 1890ական թուականների ջարդերը թուրքական դահիճների արեւմտահայութեան առաջին զանգուածային ցեղասպանութեան փորձն էր։ Այդ ջարդերի հետեւանքով զոհուեց շուրջ 300,000 հայ, համարեա այդքան էլ տարագրուեց, որից մօտ 100,000ը անցաւ Ռուսաստան, իսկ 150,000-200, 000ը՝ Եւրոպայի, Աֆրիկայի ու Ամերիկայի զանազան երկրներ։ Արեւմտահայութեան որոշ մասն էլ հարկադուած դաւանափոխուեց, ընդունելով մահմետականութիւն (Ծ. Պ. Աղայեան) (7):
***
Աւերածի հողմն անցաւ Բագուէն՝ Երեւանեան նահանգը եւ ամէնէն առաջ Նախիջեւան, (…) Երեք օր շարունակ, 1905ի Մայիս 12էն մինչեւ 15, իշխանութիւններու աչքերուն առջեւ կը կատարուէր խուժանային գինարբուքը, ջարդ, հրդեհ, կողոպուտ, կանանց բռնաբարում, եկեղեցիներու սրբապղծում… Հայոց բոլոր ապրանքները յափշտակուեցան, 182 հայկական խանութներէն ազատեցան չորս հատ միայն։ Եւ նոյն վայրագութիւնները՝ գաւառի մէջ։ Տասնեակ գիւղեր աւերուեցան ու այրուեցան, հայ ժողովուրդը քաղաքի ու գաւառի մէջ տուաւ շուրջ 400 զոհ, սպաննուած ու վիրաւոր։ (…) Դաւադրութիւնը սակայն աւելի ընդարձակ էր. ողջ արարատեան հայութիւնն էր, որ կ՛ուզէին մաքրել, ողջ հայկական Անդրկովկասը։ (…) Տեղ-տեղ, կռուի վայրերուն մէջ, խուժանի պարագլուխները ֆէս կը կրէին, կարմիր թեւքեր, Մարգարէի սեւ դրօշը, որու վրայ «ջհատ» բառը գրուած էր: (Հայ-թաթարական պատերազմը պիտի շարունակուէր Ղարաբաղի, Գանձակի ու Թիֆլիսի մէջ (8)):
***
(1909ին ի վերջոյ գահընկեց եղաւ ու աքսորուեցաւ Սուլթան Համիտ)։ Աւա՜ղ… մեզի դարձեալ վիճակուած չէր ուրախութեան ծափ զարնել անգամ այդ վայրկեանին, երբ հայ ժողովուրդի անգութ դահիճը ուշակորոյս կը թաւալէր ազատութեան բանակին առջեւ եւ լէշի պէս դուրս կը նետուէր իր մահաբոյր ապարանքէն։ Մինչ Պոլիսը ազատութեան խրախճանքներ կը կատարէր, անդին տեղի կ՛ունենար Կիլիկիոյ կոտորածը, ամբողջ հայկական գաւառ մը կը վերածուէր մոխրակոյտի ու սպանդանոցի… Համիդականներու գործն էր։ Անարգ վեհապետը ծրագրեր էր անգամ մը եւս հայու արիւնով ողողել երկիրը, եւրոպական միջամտութիւն յարուցանել… իր գահը ամրապնդելու կամ Թուրքիան ի սպառ կործանելու նպատակով։ Համիտականներու գործն էր, բայց հետագային պարզուեցաւ, որ Ատանայի եղեռնին մէջ, ուր 30,000 նոր հայ զոհեր եկան խտացնելու հիներու շարքը, բնաւ անմասն չէին եղած իթթիհատական իշխանութիւնները (9)։
***
«Ծանր ու յուսահատ վիճակ է ապրում հայոց Ղարաբաղը»: Եւ այսպէս, սկսուել է մի նոր արշաւ Ղարաբաղի հայութեան դէմ՝ սկզբում խիստ զգուշաւոր, իսկ յետոյ՝ բացայայտ ու սանձարձակ։ Սկզբում խօսում էին միայն, յետոյ սկսեցին գործել։ Հրազէնով, խուլիգանի դանակով եւ մահացու այլեւայլ միջոցներով։ Ղարաբաղի տարբեր վայրերում հայեր սպաննուեցին։ Օրերից մի օր սպաննուեցաւ… ոչ, յօշոտուեց, խոշտանգուեց 8ամեայ մի տղայ։ Մարդասպաններին գտան. երեք ադրբեջանցի էին, որոնցից մէկը՝ այն դպրոցի դիրեկտորը, որտեղ սովորում էր նաեւ 8ամեայ տղան։ Մարդասպաններին դատեցին եւ դատավճիռը կարդացին Ստեփանակերտի քաղաքային այգում, բացօթեայ։ Դատական որոշումը մեղմ էր ու անարդար։ Ժողովուրդը, որ այլեւս չէր կարող համբերել, զայրացաւ, պոռթկաց, դիմեց ինքնադատաստանի. վառեց երեք մարդասպաններին։ Դրան հետեւեց մի ահեղ հաշուեյարդար՝ որը ահա վեց տարի է չի աւարտւում, չի մեղմանում։ Բանտերը լեցուեցին ղարաբաղցի հայերով, որոնցից շատերը տանջամահ եղան բանտի մէջ։ Սարսափը տարածուեց ամէնուր, սպաննութիւններ կատարուեցին մարզի տարբեր վայրերում։ Ստեփանակերտի շրջանի Կռասնի գիւղում ադրբեջանցի զինուորականները մորթեցին մի հայ գեղջկուհու, եւ մնացին անպատիժ։
Մարտակերտում ոչնչացրին կոլխոզային պահակի ամբողջ ընտանիքը. ոճրագործները մինչեւ օրս էլ «չեն յայտնաբերուել»։ «Չեն յայտնաբերուել» նաեւ այն գիշերահէնները, որոնք Նոր-Շէնի գիւղում սպաննեցին երկու հայ տրակտորիստներ։ Իսկ Շուշուայ մասին խօսել աւելորդ է, քանի որ այնտեղ ամսական մի հայ է սպանւում՝ դանակով, ատրճանակի գնդակով կամ մահադեղով (10)։
***
Լեռնային Հայաստանը Խորհ. Հայաստանին կցելու ղարաբաղցիներու պահանջներուն դիմաց Ղարաբաղի փոքրաթիւ հայութեամբ գիւղերուն վրայ յարձակեցան ադրբեջանցի թուրքերը։ Արդարեւ, (1988) Փետրուար 22ին Լեռնային Ղարաբաղի մերձակայ Աղտամ գիւղէն հազարաւոր ազերի թուրքեր կը քալեն դէպի Ստեփանակերտ՝ այրելով, քանդելով ու խոշտանգելով իրենց ճամբուն վրայ գտնուող ամէն ինչ եւ ամէն ոք։ (…) Երեւանի մէջ ղարաբաղեան ցոյցերու առկախման գիշերն իսկ, 27 Փետրուարին, Ադրբեջանի Սումկայիթ քաղաքին մէջ ազերի թուրքեր կը սկսին յարձակելու խանութներու վրայ ու կողոպտելու զանոնք։ Յաջորդ առաւօտ, (…) ցուցարարներու խուժանը կը սկսի յարձակելու անպատսպար մնացած հայերուն վրայ։ Ազերի թուրքերը կը քանդեն, կը պայթեցնեն հայերու բնակարաններ, կը մտնեն տուներէ ներս, կը խոշտանգեն ու պատուհաններէն դուրս կը նետեն մարդոց. կը բռնաբարեն կիներ. կը բանան արգանդներ… (…) Զոհերու թիւը ո՛չ մէկ ձեւով կրնայ համապատասխանել Խորհրդային Միութեան պաշտօնական շրջանակներուն կողմէ հրապարակուած թիւին՝ 32 սպանեալին. ո՛չ մէկ կասկած, որ ազերի մոլուցքին զոհերու թիւը, մեռեալ եւ վիրաւոր, աւելի քան 1500 է (11)։
***
Մենք ոչ միայն վերապրողներն ենք, վերապրողներու սերունդներն ենք 1915-1923 գործադրուած Ցեղասպանութեան, որ վերեւի հատուածներուն մէջ նկատի չառնուեցաւ, քանի որ անոր մասին այստեղ ու այլուր երկարօրէն գրուեցաւ ու տակաւին պիտի գրուի, այլ բազմիցս վերապրողներն ենք մեր ամբողջ պատմութեան, որուն մէկ փոքր մասնիկը կը ներկայացնեն վերոյիշեալ դրուագները։ Վերապրողներն ու ժառանգորդները՝ պաշտպանելու համար այս աշխարհի վրայ մարդավայել կեանքով ապրելու մեր անկապտելի իրաւունքը։ Այդ իրաւունքը կը զլացուի այսօր մարդկութեան կարեւոր մէկ բաժինին, կարելի է ըսել՝ մեծամասնութեան։ Կը զլացուի թէ՛ տակաւին միջնադարու մէջ գտնուող բարբարոսներու կողմէ, թէ ալ ինքզինք քաղաքակիրթ համարող գերուժերուն իսկ կողմէ։ Մինչեւ ե՞րբ եւ տակաւին քանի՞ հարիւր տարի…
Անպատիժ մնացած Ոճիրը՝ հայոց դէմ Ցեղասպանութիւնը կրկնուեցաւ այլոց պարագային եւ տակաւին կրնայ կրկնուիլ, այնքան ատեն որ Կայէն ու Աբելի էջը չէ դարձած։
1.- ՀՍՍՀ Գիտութիւնների ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ, «Հայ Ժողովրդի Պատմութիւն», հատոր Գ., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան 1976
2.- Անդ
3.- ՀՍՍՀ Գիտութիւնների ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ, «Հայ Ժողովրդի Պատմութիւն», հատոր Դ., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան 1972
4.- Անդ
5-. Անդ
6.- «Հայոց Յեղափոխութիւնից Առաջ», Գ. Գիւզալեան, «Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան 1890-1950», պատրաստեց Ս. Վրացեան, հրատ. ՀՅԴ բիւրոյի, Բոստոն, 1950, էջ 27
7.- ՀՍՍՀ Գիտութիւնների ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ, «Հայ Ժողովրդի Պատմութիւն», հատոր Զ., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան 1981, էջ 265-266, 276
8.- Միքայէլ Վարանդեան, «ՀՅ Դաշնակցութեան Պատմութիւն», Ա. հատոր, Փարիզ 1932, էջ 337-378
9.- Միքայէլ Վարանդեան, ՀՅ Դաշնակցութեան Պատմութիւն», Բ. հատոր, Գահիրէ 1950, էջ 16
10.- «Արցախի Հայութեան Կացութիւնը Պարզող Մի Նամակ-Փաստաթուղ»չ, 1972ին լոյս տեսած Պէյրութի «Ազդակ» օրաթերթին մէջ, «Հայրենական Ձայներ», կազմեց ու ծանօթացրեց Լ. Մկրտչեան, Հայկական Հարցերի հաստատութիւն, Միւնիխ, 1978, էջ 108
11.- «Ղարաբաղը Մերն Է», «Հորիզոն»ի յաւելուած (թղթածրար), 1988 Մայիս, էջ 19, Մոնթրէալ։
— ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Ի Յիշատակ՝
Կարապետ եւ Մարի Պօղոսեանի (Քեսապ)
Կարապետ եւ Ծաղկանուշ Գարամարտեաններու (Քեսապ)
Մարի Պօղոսեան-Քարամարտեան եւ Ընտանիք
Վազգէն եւ Մելինէ Նաճարեաններ եւ Զաւակներ
Մեր Ծնողաց Յիշատակին՝
Յակոբ եւ Ռեպեքա Նաճարեաններ (Ուրֆա, Քեսապ)
Արշակ եւ Զապէլ Տեյրմենճեաններ (Մարաշ)
Տիգրան եւ Մակի Պապիկեաններ
Աբրահամ Արծրունեան