
Ապրիլի 24ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ կայացաւ բողոքի ցոյց: Ակցիայի հարիւրաւոր մասնակիցները թուրքական պետութիւնից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած յանցագործութիւնը՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործուած Ցեղասպանութիւնը:
1915-23թ.թ. Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման պահանջով ցոյցին միացան Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հոգեւոր եւ աշխարհիկ-հասարակական կազմակերպութիւնները:
Ցոյցի մասնակիցներն արտայայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեան դէմ եւ կոչ արեցին հատուցել իրականացրած յանցագործութեան համար:
Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատութեան վերականգնման համար պայքարի հաստատակամութիւնը, ինչպէս նաեւ կոչ արեցին Վրաստանի իշխանութիւններին յարգել երկրի ազգութեամբ հայ քաղաքացիների իրաւունքները եւ սկսել 1915-23թթ.ի հայ ժողովրդի Ցեղասպանութեան փաստի ճանաչման գործընթացը:
2015 թուականի Ապրիլի 24ին լրանում է Օսմանեան կայսրութեան տարածքում, պետական մակարդակով ծրագրուած հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում ոչնչացման՝ Ցեղասպանութեան 100րդ տարելիցը:
1915-1923թ.ին կատարուած յանցագործութեան արդիւնքում հայ ժողովուրդը կորցրեց աւելի քան
2,000,000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրաւուեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետութեան կողմից:
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանաչուել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտուել է աւելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շուէյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան եւ այլն): Հայ ժողովրդի հանդէպ Ցեղասպանութեան իրականացման փաստը ճանաչել է նաեւ ԱՄՆի 50 նահանգներից 46ը, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների մի ամբողջ շարք, այդ թւում նաեւ Եւրոպական խորհրդարանը, Եւրախորհուրդը, Եւրոպական Ժողովրդական կուսակցութիւնը եւ այլն:
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ