Կիրակի, Ապրիլի 26, 2015, կէսօրուայ ժամը 3ին, Հոլիվուդի Ս. Կարապետ Հայ առաքելական եկեղեցու «Կարապետեան» սրահում կայացաւ ՀՕՄի «Մայր» մասնաճիւղի
շաբաթօրեայ դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների ջանքերով կազմակերպուած «Հայոց Մեծ Եղեռնի 100ամեայ Տարելիցին Նուիրուած Ոգեկոչում» գրական-երաժշտական ձեռնարկը:
Դահլիճում տիրում էր մի անբացատրելի դրական մթնոլորտ: Ցուցադրուած էին դպրոցի աշակերտների թեմատիկ աշխատանքները՝ ե՛ւ վահանակների, ե՛ւ նկարների ձեւով:
Ձեռնարկն իր ներկայութեամբ յարգել էր Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը, ՀՕՄի «Մայր» մասնաճիւղի վարչական եւ շաբաթօրեայ դպրոցի յանձնախմբի յարգարժան ընկերուհիներ, ծնողներ, մտերիմներ: Բոլոր հիւրերին մուտքի մօտ տրւում էր 100ամեայ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որն իրենց հետ կը տանէին որպէս յուշ:
Հիւրերին ներկայացուեց գեղեցիկ եւ խնամքով կազմուած գրական-երաժշտական համադրում, որը կարծես հայոց պատմութեան մի ամբողջական դաս էր՝ վաւերագրական ժապաւէնի պէս տանելով բոլորին հայ ազգի ե՛ւ փառապանծ, ե՛ւ տխուր պատմական էջերով:
Աշակերտներն իրապէս եւ խորապէս պատկերացնում եւ զգում էին իրենց ասելիքը: Շատ զգացմունքային եւ յուզիչ էին բոլորի ելոյթները: Տղաների յաղթական քոչարին մեծ ոգեւորութիւն եւ ցնծութիւն առաջացրեց բոլորի սրտերում: Աշակերտների երգերը հանդիսատեսին տանում էին մէ՛կ մեր պատմական Հայաստանի կարօտած հողերը, մէ՛կ կոչում յաղթական պայքարի, մէ՛կ հաւաստում էին, որ հայը վերածնւում, ապրում եւ կերտում է անպարտելի կամքի ուժը…:
Ուշագրաւն այն էր, որ ներկայ աւագ դասարանի աշակերտների եւ ուսուցիչների կողքին՝ ձեռնարկին մասնակցում էին դպրոցի արդէն շրջանաւարտ աշակերտները, որոնք երբեք չեն կտրում իրենց կապը հարազատ դպրոցի հետ:
Վերջում, ամփոփելով երեկոն, տէր հայրն առատօրէն եւ արժանիօրէն իր բոցաշունչ, հիացական գովեստի խօսքերը յղեց դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին՝ իրենց կատարած փայլուն եւ ազգանուէր աշխատանքի համար: Նա վստահութեամբ նշեց, որ այդպիսի ձեռնարկ պատրաստող ուսուցիչների օգնութեամբ մեծանում է ազգային մտածողութեամբ եւ արժանապատուութեամբ բարձր սերունդ: Շնորհակալական խօսքերի տարափ էր հնչում ներկայ բոլոր ծնողների եւ հիւրերի կողմից:
Աւարտից յետոյ, բոլոր ներկաները վայելեցին շատ ճաշակով մատուցուած քաղցրաւենիքը եւ մտքերի ակտիւ փոխանակում ունեցան:
Որպէս այդ միջոցառման շարունակութիւն, Կիրակի, Մայիսի 3, 2015, «Մայր» մասնաճիւղի շաբաթօրեայ դպրոցի տնօրինութիւնը կազմակերպել էր իր տեսակով եզակի, հետաքրքիր եւ անմոռանալի ուսումնադաստիարակչական ուղեւորութիւն Ֆրեզնօ՝ այցելելու հայկական «Արարատ» գերեզմանատուն, յարգանքի տուրք մատուցելու հայոց արդար վրէժխնդրութեան խորհրդանիշ՝ հերոս Սողոմոն Թեհլիրեանի յիշատակին:
Դպրոցի աւագ դասարանների աշակերտները, բոլոր ուսուցիչները եւ նրանց ծնողները այցելեցին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդութիւն Հայ առաքելական եկեղեցի, մասնակցեցին Ս. պատարագի արարողութեանը, Ֆրեզնօ քաղաքի տեսարժան վայրեր, որոնց թւում California State University Fresno-ի տարածքում Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակին կառուցուած յուշակոթող, Սասունցի Դաւթի արձան, մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանին առնչուող բոլոր վայրերը, եւ վերջում՝ «Արարատ» գերեզմանատուն: Յուշոյ արարողութիւն կատարուեց Սողոմոն Թեհլիրեանի շիրմաքարի մօտ՝ ծաղկադրում, խնկարկում: Բոլոր մասնակիցները մէկական ծաղիկներ դրեցին շիրմաքարին, կազմելով հայոց Եռագոյնը: Ողջ ճանապարհի ընթացքում մասնակիցներին մատուցւում էին լուսաբանումներ, պատմական ուշագրաւ ակնարկներ ճամբորդութեան նպատակին առնչուող բոլոր նիւթերի մասին:
Հպարտութեամբ պէտք է նշենք, որ իսկապէս յաջողուած այս ձեռնարկները մնացին դպրոցի աշակերտների սրտերում եւ նրա պատմութեան էջերում:
(Թղթակցութիւնը՝ մասնաճիւղէն)