ԿԱՐԻՆԷ ԽՈԴԻԿԵԱՆ
Հանրայայտ մտքով պիտի սկսեմ ասելիքս, բայց չեմ վարանի մէկ անգամ եւս կրկնել ու նաեւ զարմանալ այս պատահականութեա՞ն, թէ աւելի քան օրինաչափութեան վրայ՝ մեր համազգային վշտի ու սուգի ամսուան յաջորդող ամիսը յաղթանակների ամիս է՝ Աւարայրից (թէկուզ ոմանց մօտ իշխում է բարոյական յաղթանակ կոչուածի համարումը) Բաշ Ապարան, Սարդրապատ, Շուշի: Ի՞նչ է սա՝ մեզ համար անքննելի տիեզերական օրինաչափութի՞ւն, թէ ապրելու դատապարտուած եւ ապրելը որդեգրած ժողովրդի բնականոն վարք: Չգիտեմ, բայց որ այս իրողութիւնը ոյժ տալու եւ առաջ գնալու լիցքեր ունի իր մէջ՝ վստահ եմ:
… Տարիներ առաջ էր: «Գարուն» ամսագրի սենեակներից մէկում, հերթական մեր գարունաւարի խօսք ու վէճ մի պահի խօսք բացուեց, է՜, հեռաւոր 2015 թուականի մասին. 100 տարի, ի՞նչ է լինելու այդ ժամանակ… Մեզ համար, որ արդէն Արցախ ունէինք ու 600ամեայ գերութիւնից ազատագրուած Շուշի, մենք, որ դեռ փայփայում էինք Անկախութիւնն ու գիտէինք, որ մեր երկիրը տարածաշրջանում ամենակազմակերպուած բանակն ունի ու ժողովրդավարութեան կղզու համարումը, ի՜նչ դժուար էր ոչ թէ երեւակայութիւններիս զօռ տալ, այլ շատ պրագմատիկ հաշուարկներ անել, որ Արդարութիւնը մերն է լինելու, մեր Վազգէնն էլ, որ հիմա սպարապետ է, յայտարարել է շատ պատասխանատու՝ 21րդ դարը մե՛րն է լինելու։
… 2015 թուականի Մայիսն է: Անցեալ դարձան Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին նուիրուած հիմնական իրադարձութիւնները: Իսկ Ապրիլի 25ը ոչ միայն օրացոյցի հերթական օր դարձաւ, այլեւ կարծես նոր իմաստ ստացաւ կամ նոր մեկնակէտի նշմար՝ ակնարկ տուեց, եթէ, ի հարկէ, այդ ակնարկ-նշմարը նկատելու ու նաեւ նրա հետ հաշուի նստելու ցանկութիւն կը լինի… էլի համազգային ու համապետական ծաւալով: Աշխարհին յայտնի ու աշխարհի բեմերը նուաճած եւ այդ բեմերից մշտապէս Ցեղասպանութեան հարցը բարձրացնող System of a Down-ը Հանրապետութեան հրապարակում, անխիղճ թափուող անձրեւի տակ հօ համերգ չտուե՜ց, ու ջահելութիւնը՝ թրջուած, երգող, ոգեւորուած, ձայնակցում էր խմբին, իսկ երբ Սերժ Թանկեանը, հաւատարիմ իր սկզբունքին (վկան՝ անցնեալ տարի ՀՀ գործող նախագահին ուղղուած նրա Բաց նամակը), յայտարարեց. «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պարտականութիւնն է՝ ընդունել իրաւահաւասար քաղաքացիական հասարակութեան սկզբունքները, ազատուել շրջապատող համակարգային անարդարութիւնից եւ դադարեցնել բնակչութեան արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում: Մենք System of a Down-ն ենք, եւ մեր պարտականութիւնն է ձեզ ասել այս ամէնը եւ միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ», հրապարակը թնդաց: Ի՞նչ պակաս նշմար է…
Ի դէպ, այդ օրերին այն տպաւորութիւնն էր, որ Երկիր մոլորակի վրայ չկայ մի անկիւն, որտեղ հայերը դուրս չեն եկել Ոգեկոչման (համացանցը վկայ): Խոստովանեմ՝ տխրում էի: Նայում էի Արդարութիւն, ինչու ոչ, նաեւ Հող պահանջող հայերին ու ինչպէ՞ս չմտածէի՝ ախր, ձեզնից մի մասը միայն պիտի դրսում լինէր՝ 15ից յետոյ փրկուածների ժառանգները: Մնացածներդ, որ Հայաստանի Հանրապետութիւնից էք գնացել, ի՞նչ էք անում այդ դրսերում: Դուք այստե՛ղ պիտի լինէիք, որ Ծիծեռնակաբերդ գնացողների թիւը միլիոն եւ աւելի լինէր: Չէ՛, մեղադրանք չկայ՝ ձեզ ուղղուած: Իմ կռիւը իմ երկրի իշխանաւորի հետ է, նրա, ով գիտակցուած է ուղղորդում ձեզ, որ յանկարծ յեղափոխութիւն չանէք, մտածուած է աղքատութեան նսեմացնող շեմ պահում, որ մնացողը կա՛մ լուռ համակերպուի, կա՛մ… ճամպրուկը կայ ու կայ: Ախր, մի քանի միլիոն ժողովուրդ պահելը ի՞նչ մի դժուարութիւն է, այն էլ այս բարեբեր ու շնորհակալ հողի վրայ, այն էլ մի ժողովրդով, ով քարից հաց քամողի համարումն ունի: Ու հողը պահելու իմաստնութիւն:
Ի դէպ, հողը պահելու մասին: Տաւուշի մարզի Ներքին Կարմիրաղբիւր գիւղում 1915 թուականի Եղեռնի նահատակների յիշատակման յուշակոթող է բացուել: Ինձ համար սա Ապրիլեան ոգեկոչման հերթական փաստ չէ: Սահմանամերձ գիւղում է յուշակոթող բացուել: Թշնամու գնդակի տակ ապրող, հողը մշակող, երկիր պահող գիւղի մասին է խօսքը: Մայրաքաղաքում ապրողին կողքից որ նայում ես, մտածում ես՝ երանի՜ քեզ, որ քեզ համար ո՛չ չյայտարարուած պատերազմ կայ, ո՛չ հակամարտող կողմեր ու ոչ էլ սահման պահող զինուոր ու բնակիչ: Թէեւ գուցէ մայրաքաղաքի բնակիչը կարող է մոռանալ, բայց նրանք, ովքեր երկրիս Սահմանադրութեամբ ու օրէնքներով են պարտաւոր յիշել այդ մասին ամէն վայրկեան, ամէն ի՞նչ են անում՝ սահմանի զինուորի կեանքը պահպանելու, բնակչի հոգսը թեթեւացնելու համար: Միթէ՞ կարելի է համեմատել սահմանամերձ բնակավայրի ու մնացածների կեանքը, այդ դէպքում ո՞ւր են այն արտօնութիւնները, որոնք գոնէ կը թեթեւացնեն նրանց դժուարին կենցաղը: Իսկ սահմանի զինուորի կեանքը պահող-պահպանող բոլոր հնարաւորութիւննե՞րն են իրականացւում: Հա՜ խօսւում է գիշերային տեսասարքերի մասին: Խօսւում է, իսկ իրական գործ արւում է լրիւ այլ տեղում:
Կարդում եմ լրահոսը՝ Ապրիլի 27ից նոր արագաչափեր ու տեսախցիկներ են գործարկելու… տեսախցիկներ՝ Վ. Համբարձումեան-Երզնկեան-Բաղրամեան… Արագաչափեր՝ Գառգառի, Ստեփանաւանի, Տաշիրի տարածք… Ի՜նչ ջանադրութիւն, ինչպիսի՜ օպերատիւութիւն… մնում է իմանանք, թէ գանձուող գումարները ո՛ւր են գնում…
Ապրիլի 23ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը: Իմ կարծիքով՝ այդ օրերի ամենայուզումնալից իրադարձութիւնը: Այն զգացողութիւնն էր՝ կարծես հարիւր-հազարաւոր անթաղ զոհերը վերջապէս գտան իրենց վերջին հանգրուանը, ու նրանց տառապած հոգիները հանդարտուեցին, վկան՝ Սուրբ նահատակների պատկերի շրջանակին իջած աղաւնին: Եւ աշխարհի եկեղեցիներից (աշխարհի՛, ոչ միայն հայկական) այդ պահին տարածուեց զանգահարութիւնը: Աշխարհի, բայց ոչ՝ Թուրքիայի: Այդ երկրի տարածքում գտնուող 40ից աւելի հայկական գործող եկեղեցիները լուռ էին, համր… Եւ որքան էլ Կ.Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը դիւանագիտօրէն իր լռութիւնն աւելացնի հայկական եկեղեցիների լռութեանը, ո՞վ չի հասկանում, որ դա արուել է թուրքական կառավարութեան հրահանգով: Սա՛ է ժամանակակից Թուրքիան, սա՛ է նրա իրական դէմքը, ու ես չեմ դադարի զարմանալ նրանց վրայ, ովքեր յոյս ունեն ու անգամ հաւատում են, թէ թուրքը քաղաքակրթուել է (բայց հպարտօրէն գլուխս եմ խոնարհում թուրք Անհատների առջեւ, ովքեր սգակից ու պահանջատէր են դարձել ինձ հետ): Ինչպէս չեմ հաւատում, թէ ինքնակամ մի օր կը բացի սահմանը, որը, դեռ հարց է, թէ ինչպիսի հետեւանքներ կ՛ունենայ մեզ համար…
Ի դէպ, երբ Յիշում ու Պահանջում էինք, Էրդողանը, արձագանգելով Եւրախորհրդարանի կողմից բանաձեւի հնարաւոր ընդունմանը, նախ իրաւարի յոխորտացել է, իսկ յետոյ… Այ, այս յետոն իմ սիրտը վառեց. «100,000 հայ է ապրում Թուրքիայում: Մենք կարող ենք արտաքսել նրանց, բայց չենք անում», յայտարարեց Էրդողանը: Յիշում ենք ու պահանջում, իսկ մեր 100 հազար ՀՀ քաղաքացիներն իրենց հանապազօրեայ հացն են վաստակում նրանց մօտ, եւ, ինչո՞ւ թաքցնենք, վաստակում են ծառայի ու ծառայողի կարգավիճակով: Իրաւունք ունի՞ Էրդողանը սպառնալ – ունի՛, որքան էլ դա որակուի որպէս հետընթաց մարդասիրական սկզբունքներից: Իսկ ես իրաւունք ունե՞մ ամօթից մեռնել – ունեմ ու չեմ մեռնում, իմ իշխանաւորն էլ չի մեռնում, իմ հարուստ օլիգարխն էլ չի մեռնի, ինչպէ՞ս, չէ՞ որ հերթական եկեղեցին է կառուցելու…
Ի դէպ, Կոմիտասի անուան զբօսայգում՝ Պանթէոնի հարեւանութեամբ, կառուցուելու է նոր եկեղեցի: Կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամուէլ Կարապետեանը: Աստուած նրա գործին յաջողութիւն տայ, ես հպարտ եմ, որ ռուսական հսկայ երկրում սեփական կայսրութիւն ստեղծող հայրենակից ունեմ, բայց մեր երկրի տէրերից մէկը չկա՞յ, որ նրան յուշի՝ գործարան, նոր աշխատատեղեր բացի, որ Թուրքիայում թուրքին ծառայող իմ հայը վերադառնայ ու իր տան մէջ իր երկիրը շէնացնի: Դա՛ է աստուածահաճոյ գործը: Տանե՛լ չեմ կարող ուրիշի գրպանի պարունակութիւնը հետազօտողներին, բայց երբ հրապարակով ասւում է հերթական եկեղեցու կառուցման մասին, ոչ միայն ես, գիտեմ, որ շատ-շատերն ինձ հետ կը համաձայնեն, որ հիմա երկիր է պէտք կառուցել, մի քիչ ամրացնել մեր ոտքի տակի հողը: 21րդ դարում դրա համար տնտեսութիւնն են զարգացնում, ոչ թէ եկեղեցաշինութիւնը: Պահանջելու համար թիկունքդ ամուր պիտի լինի, եթէ, ի հարկէ, դեռ պահանջելու միտք ունես…
Ի դէպ, «Հուրրիէ»չին տուած հարցազրոյցում, պատասխանելով լրագրողի հարցին, թէ Հայաստանը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից, ՀՀ նախագահը բացասական պատասխան է տուել: Գուցէ սա մեծ քաղաքականութիւն է, որից մենք տեղեկութիւն չունենք, ու ես լռում եմ, ի վերջոյ, քաղաքական օրակարգը կարող է փոխուել ըստ հանգամանքների: Նախագահը իրաւացիօրէն նշել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը երբեւէ տարածքային պահանջ չի ներկայացրել, նման պահանջ չի եղել ու չկայ: Բայց, եթէ չեմ սխալւում, մինչ այս չկար նաեւ հրապարակային բացասումը… Հայաստան երկրիս հազարաւոր հեկտար հող անմշակ է, գործարանները՝ մեռած աւերակ, ու համոզմունքս է՝ քանի դեռ քոյ ոտքի տակի հողի տէրը չես, այլ պահանջ չես կարող ունենալ: Բայց նաեւ գիտեմ՝ եթէ ապագային միտուած մեծ նպատակ չունենաս, այսօրուայ գործդ էլ կը կորցնի նշանակութիւնը: Չգիտեմ՝ որքանով է ազնիւ Էրգրի կարօտով ու Էրգրի անունը տալով աչքերը փակող մեր մամիկ-պապիկների առաջ, թէկուզ մեծ քաղաքականութեան թելադրանքով, թէկուզ օրաթերթին նման յայտարարութիւնն անելը, բայց մենք էլ լռենք՝ Արարատն է մեզ նայում ու չի պահանջում, հրամայո՛ւմ է յիշել…
Ի դէպ, մեծ քաղաքականութեան մասին: Սրա գինն ու արժէքը մէկ անգամ եւս պարզեցինք հէնց թէկուզ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչ արքայազն Չարլզի օրինակով, ով որդուն վերցրել ու գնացել էր նշելու Գալիպոլիի ճակատամարտի 100ամեակը: Թուրքերի այդ ցնծալից յաղթանակում բրիտանական բանակը խայտառակ պարտութիւն է կրել, 120 հազար զինուոր կորցրել, ու հիմա, 100 տարի անց, արքայազնը տօնո՜ւմ է իր այն օրերի թշնամու յաղթանակը այսօրուայ քաղաքական շահերի պատուին: Եւ շնորհակալ լինելով Ապրիլեան օրերին մեզ հետ մեր ցաւը կիսող հիւրերին՝ չկորցնենք զգաստութիւնը, քանզի այդ ամէնը, զուտ մարդկային քայլից բացի, նաեւ քաղաքականութիւն էր, եւ որոշ այց-խօսքերի հետեւանքների արձագանգները դեռեւս կլսենք… Նաեւ բաւական է կախուած մնանք ուրիշների (թէկուզ նրանք գերտերութիւնների ղեկավարներ են) խօսքից, կարծիքից ու ասած բառից: 100ամեայ մեր կեանքը թէ մի դաս մեզ տուել է, հետեւեալն է՝ հզօրացիր, որ հետդ հաշուի նստեն (ունեցածդ երկրին տէր եղիր), ուժեղ եղիր, որ քեզ լսեն (արտագաղթի ճամբան փակիր, չգիտես՝ ասեմ. երկրում օրէնքի դիկտատուրա հաստատիր, կոռուպցիան սանձահարիր, մտածիր ոչ թէ անդէմ ժողովրդի, այլ մէկ մարդու մասին): Ու քեզ հետ հաշուի կը նստի (չէ՛, աշխարհի հետ գործ չունեմ) քո ոխերիմ հարեւանն ու կը փորձի նայել աչքերիդ: Որովհետեւ համոզուած եմ, այս թնջուկը եթէ լուծուի, միայն երկու երկրով պիտի լուծուի: Իսկ դրան հասնելու շատ երկար ճանապարհ ունենք:
Ապրիլի 24ի երեկոյեան, այսքան տարիների մէջ առաջին անգամ, ջահերով երթը չէր անցնելու մեր Օրբէլի փողոցով: Ու ես գիշերուայ կէսին գնացի Կիեւեան՝ պատուհանի գոգին վառուելիք մոմը ձեռքիս, ու նայում էի ջահէլութիւնով ծովացած, Կիեւեանի սկզբում դեռ ջահայրուող ու Կիեւեան կամրջից այն կողմ հասած մարդահեղեղին եւ մտածում էի. այս ջահէլները աշխատատեղերի կարիք ունեն, տան կարիք ունեն, նրանցից ամէն մէկը մի նորաստեղծ ընտանիքի յայտատուն է: Նրանք հիմա յուսավառուած են, միասնական, բայց վաղը՝ Ապրիլի 25ին, պիտի գնան սովորելու, աշխատանքի, յետոյ շտապեն ժամադրութեան, յետոյ… ուրեմն, Երկրիս իշխանաւոր, որ իրականում ծառայող ես, բարի եղիր ու պարտաւոր. նրանց՝ իմ ջահելներին, տուր արժանապատիւ աշխատելու, սիրելու, բազմանալու ու Երկիր շէնացնելու հնարաւորութիւն: Սա կը լինի քո ՅԻՇԵԼՆ ՈՒ ՊԱՀԱՆæԵԼԸ:
«Գրական Թեր»չ