Սպահանի Հայոց թեմի (Իրան) Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի Կենտրոնական յանձնախմբի Համալսարանական ենթայանձնախմբի նախաձեռնութեամբ Հինգշաբթի, 2015 թուականի Մայիսի 21ին, Նոր æուղայի Հայ ՄՄ «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ գիտաժողով՝ «Հայոց Ցեղասպանութիւն, պատմութիւն, դատապարտում եւ փոխհատուցում» խորագրով։ Գիտաժողովին որպէս ունկնդիրներ ներկայ էին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արք. Չարեանը, թեմի հոգեւորականաց դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահան քաղաքի հինգերորդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ասարզադեգանը, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, պետական բարձրաստիճան պաշտօնատարներ, թեմի Ազգային մարմինների, միութիւննրի եւ հայոց Ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ տարբեր համալսարնների հայ ու պարսիկ դասախօսներ եւ ուսանողներ։
Ծրագրի պաշտօնական բացումը կատարուեց առաւօտեան ժամը 10ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա կազմակերպիչ յանձնախմբի խօսքն ընթերցեց դոկտ. Սիլվա Ալլահվերդեանը, որից յետոյ Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղսապանութեան 100ամեակի Կենտրոնական յանձնախմբի անունից արտայայտուեց յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանը։ Մինասեանն իր խօսքում անդրադառնալով Հայոց Ցեղսապանութեան մարդկային կորուստներին, Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդին պատճառած նիւթաբարոյական ահռելի վնասներին եւ «Յիշում եմ ու պահանջում» նշանաբանի պատգամին, աւելացրեց. «Այս գիտաժողովի կազմակերպման նպատակն է՝ տարբեր երկրների մտաւորականների եւ դասախօսների գիտութեան եւ փորձի փոխանակման միջոցով կատարել փոքր, բայց հաստատուն քայլեր գիտական հետազօտութիւնների համար, օգտուելով ժամանակակից մեթոդներից՝ ախտորոշում, յանցագործութիւնների պատճառների քննարկում, կանխարգելում եւ ամենակարեւորը՝ դատապարտումն է»։
Որպէս զեկուցաբեր, սոյն գիտաժողովում ելոյթ ունեցան ազգութեամբ պարսիկ, հայ եւ թուրք 10 մտաւորականներ Իրանից, Հայաստանից եւ Լիբանանից, հետեւեալ թեմաներով.
– «Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը, հիմնախնդիրներն ու հեռանկարները»՝ «Մոդուս Վիվենդի» հասարակական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար Արա Պապեան.
– «Ցեղասպանութեան ընթացքում հայ որբերի բռնի դաւանափոխութիւնն ու ձուլումը. Անթուրայի որբանոցի իրավիճակը: Ձուլում-դիմադրում»՝ պատմ. գիտ. դոկտ. եւ Լիբանանում Ամերիկեան համալսարանի Հումանիտար գիտութիւնների ֆակուլտետի դասախօս Սելիմ Մեհմեթ Դերինգիլ.
– «Հայերի կոտորածները Բաքուի նահանգում եւ թուրք-ադրբեջանական իշխանութիւնների պատասխանատուութիւը»՝ պատմ. գիտ. դոկտ. պրոֆեսոր Գէորգ Ստեփանեան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ.
– «Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման իրաւական ու քաղաքական հեռանկարները»՝ պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմէն Մարուքեան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ.
– «Հայաստանի պատմա-քաղաքակրթական ամբողջականութիւնը ընդդէմ թուրք-ադրբեջանական սնանկ կեղծարարութիւնների»՝ պատմ. գիտ. դոկտոր Էդուարդ Դանիէլեան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ.
– «Հայաստանը Օսմանական պատմական—աշխարհագրական աղբիւրներում ու փաստաթղթերում (16րդ դարից)»՝ պատմ. գիտ. թեկնածու, ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեան.
– «Հայոց Ցեղասպանութեան իրաւական պարադոքսները»՝ պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ եւ Իրանի «Խորասգան» իսլամական ազատ համալսարանի Իրաւաբանական ֆակուլտետի դասախօս Մոհամմադշարիֆ Շահի.
– «Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը երիտ-թուրքերի դատական վաւերագրերում (1919-1921)»՝ պատմ. գիտ. թեկնածու եւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի գիտահետազօտական հիմնադրամի թուրքերէն բաժնի պատասխանատու Մելինէ Անումեան.
– «Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ գրականութեան աւանդոյթները»՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ եւ Թեհրանի իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնեան.
– «Հայերի մշակութային ժառանգութեան ոչնչացումը»՝ մշակութային եւ պատմական հետազօտող եւ «Պայման» պարբերականի խմբագրական կազմի անդամ Շահէն Յովսէփեան։
Դասախօսական ելոյթներն ա-ւարտուեցին երեկոյեան ժամը 7։30ին, որից յետոյ նախ ընթերցուեց կազմակերպիչ յանձնախմբի ամփոփիչ խօսքը, ուր ընդգծուել էին գիտաժողովում շեշտուած խնդիրները հետեւեալ կարգով.
ա. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդը կրեց մարդկային մեծ կորուստներ, ենթարկուեց հայրենազրկութեան, կորցրեց իր մշակութային հարստութեան հիմնական մասը եւ մազապուրծ փրկուածների զգալի մասը բռնի կրօնափոխ եղաւ։ Ցեղասպանութեան քաղաքականութեան շարունակութեան հետեւանքով բնաջնջուեցին նաեւ Բաքուի հայերը։
բ. Թուրքիայի իրարայաջորդ իշխանութիւնները շարունակել եւ շարունակում են իրենց ժխտողական քաղաքականութիւնը. կիրառելով կեղծարարական գործելաոճ՝ փոխում են հայկական տեղանունները եւ խեղաթիւրում պատմական եկեղեցիներն ու յուշակոթողները։
գ. Թուրքիայի իշխանութիւնների ժխտման պաշտօնական քաղաքականութիւնը մարդկայնօրէն եւ իրաւականօրէն չի կարող արդարացնել օսմանական Թուրքիայի կողմից իրագործուած Հայոց Ցեղասպանութիւնը։
դ. Իրաւական վաւերականութիւն ունեցող փաստաթղթերը, ինչպէս նաեւ թուրքական պատմական աղբիւրները անհերքելիօրէն ապացուցում են Արեւմտեան Հայաստանի բռնագրաւուած հողերի պատկանելիութիւնը հայ ժողովրդին։
ե. Հայ ժողովրդի պահանջներն են՝ արդարութեան վերականգնումը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միջազգային տարբեր կազմակերպութիւնների կողմից, յանցագործների դատապարտումը եւ փոխհատուցումը, որոնք երաշխաւորելու են նաեւ մարդկութեան դէմ յետագայ ցեղասպանութիւնների կանխարգելումները։
Վերջում, որպէս օրուայ եզափակիչ ելոյթ՝ իր հայրական պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արք. Չարեանը։ Նա շեշտեց, որ 100ամեակով չի աւարտւում մեր ժողովրդի աշխատանքը, այլ թեւակոխելով մի նոր հանգրուան պէտք է լինենք աւելի ուժեղ, աւելի միակամ ու աւելի գիտակից, յորդորեց՝ վստահել մեր ուժերին, համազգային մի նոր ռազմավարութիւն որդեգրել եւ միացեալ կամքով ու ուժով յաղթահարել մեր առջեւ դրուած բոլոր մարտահրաւէրները։
«Ալիք» օրաթերթի
Նոր Ջուղայի թղթակից