
ԳԼԵՆԴԵԼ, Կալիֆորնիա.- 2015թ.ի Նոյեմբերի 11ին Ամերիկայի Միացեալ Նահանգներում տեղի ունեցաւ «Օրրան»ի «Յուսոյ Ճանապարհ» բարեգործական ճաշկերոյթը, որին հրաւիրուած էին 250 պատուաւոր հիւրեր: Ներկաների շարքերում էին «Օրրան»ի հիմնադիրներ Արմինէ եւ Րաֆֆի Յովհաննիսեանները, գլխաւոր հովանաւորներից Գրիգոր Գրիգորեանը՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանքեանն՝ իր ընտանիքի հետ: Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմի 8րդ թեմակալ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեան խօսքից եւ տէր Վազգէն Աթմաճեանի սեղանի օրհնանքից յետոյ երեկոյի հանդիսավար դոկտոր Սթիւեն Քամաջեանը իր խօսքով յուզեց հիւրերի սրտերը՝ ներկայացնելով «Օրրան»ի՝ կարիքաւոր երեխաների եւ միայնակ տարեցների կեանքերը բարելաւելու առաքելութիւնը: Այնուհետեւ՝ հանդիսավարը ներկայացրեց ականաւոր փաստաբան Մարք Կիրակոսին, ով իր ելոյթով կոչ արեց ներկաներին աջակցելու «Օրրան»ին եւ դրամական նուիրատուութիւն կատարեց իր երկու թոռնիկների անունից:
«Օրրան»ի գլխաւոր բարերարներից մէկն ու Տնօրէնների խորհրդի ֆինանսական խորհրդատու Գրիգոր Գրիգորեանը հիւրերին ներկայացրեց «Օրրան»ի ֆինանսական բազմակողմանի տարեկան հաշուետուութիւնը: Նա ընդգծեց, որ «Օրրան»ի վարչական ծախսերը կազմում են 13 տոկոս՝ ի տարբերութիւն միւս նմանատիպ կազմակերպութիւնների, որոնց մօտ վարչական ծախսերը կազմում են միջինը՝ 30 տոկոս եւ աւելին:
Հրայր եւ Լորի Գարբուշեանները Բեվերլի Հիլզի «Գարբուշեան» պատկերասրահից աճուրդի համար տրամադրեցին աշխարհահռչակ Յակոբ Յակոբեանի, ինչպէս նաեւ՝ արուեստագէտներ Վերա Արութիւնեանի, Գալուստ Գուեդելի, Սեդա Սաարի եւ ֆոտօնկարիչ Արա Օշականի արուեստի գործերը:
Երեկոյի ընթացքում «Օրրան»ին պատուոգրեր շնորհուեցին Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Մայք Գատտոյի, ինչպէս նաեւ՝ Լոս Անջելես շրջանի քաղաքապետ Մայքըլ Դ. Անտոնովիչի անունից, որը յանձնեց քաղծառայութեան յանձնաժողովի անդամ Գրեգ Քահուէճեանը:
Անկասկած, երեկոյի գլխաւոր իրադարձութիւնը Սերժ Թանքեանի լեգենդար կիթառի աճուրդն էր: Այդ կիթառով Սերժը նուագել է «Wake Up the Souls» շրջագայութեան ժամանակ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին, որի վրայ ստորագրել էին «System of a Down» խմբի բոլոր անդամները: Պարոն Թանքեանը, ներկայացնելով կիթառը, յիշեց, թէ ինչպէս երկու տարի առաջ իր եւ իր տիկնոջ՝ Անժելայի հովանաւորութեամբ Վանաձորում ծերերի համար ամէնօրեայ սննդի ծրագիր բացուեց: Աշխոյժ, կենդանի աճուրդի արդիւնքում կիթառը գնեց պարոն Կարօ Մարտիրոսեանը՝ վճարելով 27,000 դոլար:
Հիլդա Բոգոսեանը՝ Հիւսիսային Ամերիկայում «Օրրան»ի զարգացման պատասխանատուն, նշեց. «Մենք շնորհակալ ենք մեր առատաձեռն հայրենակիցներից, ովքեր մասնակցեցին «Յուսոյ Ճանապարհ»ին՝ յուսադրող լուր յղելով կարիքաւոր երեխաներին եւ միայնակ տարեցներին»:
«Օրրան» բարեգործական հիմնադրամը հիմնադրուել է 2000թ.ի Ապրիլին, որի առաքելութիւնն է աջակցել կարիքաւոր երեխաներին եւ ծերերին՝ տրամադրելով սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայութիւններ: Մինչ օրս, աւելի քան 7000 մարդ է օգտուել «Օրրան»ի ծառայութիւնից: Միացէ՛ք մեր ֆէյսբուքեան էջին եւ գտէ՛ք մանրամասն տեղեկատուութիւն «Օրրան»ի մասին՝
www.orran.am կայքում:
«ՕՐՐԱՆ»