ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.
Սեպտեմբերի 15ին, Հայաստանում երկար տարիների դադարից յետոյ կրկին տեղի կ՛ունենայ «Միսս Հայաստան» գեղեցկութեան մրցոյթը՝ Մշակոյթի նախարարութեան, Սփիւռքի նախարարութեան եւ «Փիւնիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցութեամբ:
Մրցոյթը համահայկական է լինելու ՀՀ սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ, մասնակցել կարող են նաեւ Արցախում եւ Սփիւռքում բնակուող 17-26 տարեկան հայուհիներ: Ցանկացողները մինչեւ Յուլիսի 15ը պէտք է գրանցուեն missarmenia.org կայքում: Մրցոյթի նախընտրական փուլերը փակ են լինելու հանրութեան համար, իսկ դիմումները հասանելի են լինելու միայն կազմկոմիտէի անդամներին: Արտերկրի մասնակիցներն այդ փուլն անցնելու են առցանց տարբերակով: Աղջիկներին ընտրելիս կարեւորելու ենք ոչ միայն գեղեցկութիւնը, այլեւ՝ ինտելեկտը (մտաւոր կարողութիւնը-Խմբ.):
Վերջին երկու շաբաթների ընթացքում արտերկրից եւ մարզերից ժամանած աղջիկները կը բնակուեն հիւրանոցում, ապահոված կը լինի իրենց անվտանգութիւնը: Մասնակիցները կարող են լինել նաեւ անապահով ընտանիքներից, քանի որ ֆինանսական բոլոր հարցերը՝ հագուստից սկսած, հոգալու են կազմակերպիչները:
«Միսս Հայաստան» կազմակերպելու նախաձեռնութիւնը կը բերի նոր շունչ, որպէսզի կանոնակարգուած լինի միջազգային մրցոյթներում Հայաստանի մասնակցութիւնը, Հայաստան» մրցոյթի յաղթողների ուսերին ծանրանում է նաեւ ազգային դիմագիծը ներկայացնելու պարտականութիւնը:
Եզրափակիչ փուլում կը լինեն 20-25 աղջիկներ, գեղեցիկ շոու ծրագրում հայուհիները ելոյթ կ’ունենան հայկական տարազով, լողազգեստով, երեկոյեան զգեստով:
Մրցոյթը անցկացուելու է արդար եւ թափանցիկ, իսկ ժիւրիի կազմի անունները հրապարակուելու են վերջին օրը:
Մրցանակային ֆոնդը լինելու է գեղեցկութեան թագ, դրամաշնորհ, բացի այդ մի շարք հովանաւորների կողմից նախատեսուած նուէրներ:
Յաղթողը հնարաւորութիւն կ՛ունենայ Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակաւոր մրցոյթներում՝ «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք»: Բացի այդ, «Միսս Հայաստան»ը տարուայ կտրուածքով մասնակցելու է բարեգործական մի շարք միջոցառումների եւ նախաձեռնութիւնների: