ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Հասուն է քո շուրթերի
Սիրոյ կարմիր խնձորը
Իմ յուզմունքի, տենչերի
Հրով խարկուած…
Մեղմ հպուած
Տատրակները քո կրծքի
Թպրտում են
Իմ սրտի զարկերի հետ…
Ու շունչս
Կտրւում է մոլեգնած…
Բացուիր իմ կրծքի դիմաց
Քո սիրոյ ողջ ափունքով,
Որ ես գոնէ հասնեմ քեզ…
Ալիքները տանում են,
Տանում են ինձ խորքերը,
Տատանում են վայրուվեր…
Ու ափունքն է տատանւում…
Տատանւում է վերուվայր…
Մեկնիր ձեռքդ, որ բռնեմ,
Որ կուլ չերթամ այս ծովում,
Որ գէթ հասնեմ ափունքիդ,
Քո կոնքերը գրկելու,
Բարակ մէջքդ ճկելու
Ու սովութեամբ կծելու
Սիրոյ կարմիր խնձորը…
Համովի մէջ ծփում եմ,
Հեռուն մօտ է գալիս ինձ
Ու աստղեր են փշրւում
Աչքերիս մէջ… Աչքերիդ…
Մէկ էլ… Բեկւում է ցոլքը
Ու մշուշն է յամենում…
Ուշքս գլուխս է գալիս,
Սթափւում եմ մրափից
Անդորրութեան կարօտով,
Որ քո բոյրով է շնչում,
Որ քո համն է ինձ տալիս…
Լեզուիս զգում եմ համը
Սիրոյ կարմիր խնձորի…