ԹԲԻԼԻՍԻ.- 2017թ. Յուլիսի 14-15ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում Բազմակուսակցական ժողովրդավարութեան Նիդերլանդական ինստիտուտի (NIMD) հրաւէրով կայացաւ Հարաւային Կովկասի եւ Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը: Ֆորումին ՀՅ Դաշնակցութեան երիտասարդականը մասնակցեց երեք ներկայացուցչով՝ Գէորգ Ղուկասեան, Անոյշ Յովհաննիսեան եւ Արշակ Մեսրոպեան:
Ժողովի բացմանը ողջիւնի խօսքով հանդէս եկաւ Բազմակուսակցական ժողովրդավարութեան Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչ Լեւան Տուսկիրիձեն: Բացմանը ներկայ էին նաեւ Վրաստանում Նիդերլանդների դեսպան Եոհաննես Դոուման, Հոլանդիայի պաշտպանութեան նախկին նախարար էյուեն վան Միդելկոպը: Վերջինս կարեւորեց նմանատիպ հանդիպումների դերը տարածաշրջանային հակամարտութիւնների կարգաւորման հարցում, նշելով, որ արդէն 5 տարի է ինչ ներկայ է գտնւում այս ֆորումին, նկատել է յարաբերական աճ երիտասարդների շրջանում թէ՛ գիտելիքների եւ թէ հանդուրժողականութեան տեսանկիւնից:
Ժողովի բուն ընթացքը մեկնարկեց աշխատախմբերի առանձնացմամբ, որոնք քննարկեցին ժողովրդավարական արժէքների հաստատման եւ ընդլայնման, ապատեղեկատուութեան եւ կեղծ լուրերի դէմ պայքարի մասին հարցեր: Մասնակից երկրների պատուիրակութիւնները հանդէս եկան վերը նշուած թեմաների մասին զեկոյցներով եւ ներկայացրին առկայ իրավիճակն իրենց երկրներում:
Իր ելոյթում ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութեան անդամ Գէորգ Ղուկասեանը խօսեց ժողորդավարական արժէքների կարեւորութեան մասին Հայաստանում եւ ընդհանրապէս՝ մասնաւորապէս առանձնացնելով ժողովրդավարական մեխանիզմների կենսագործման համար անհրաժեշտ նախապայմանների արձանագրումը, ժողովրդավարութեան եւ պետութիւնների ու հասարակութիւնների զարգացման փոխյարաբերութիւնների միջեւ ուղղակի կապը եւ հակամարտութիւնների պարագայում ժողովրդավարական կարգերի կայացման ռիսկայնութիւնը:
Աշխատանքային խմբերի շրջանակներում ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչ Անոյշ Յովհաննիսեանն իր ելոյթում կարեւորեց կեղծ լրատուութեան դէմ պայքարը՝ ժողովրդավարական զարգացումներ գրանցելու ճանապարհին: Նա անդրադարձել է նաեւ արդի աշխարհաքաղաքական գործընթացներում ապատեղեկատուութեան դերին ու նշանակութեանը, դրա դէմ պայքարի եւրոպական մեթոդաբանութեանը:
Ֆորումի երկրորդ օրը ներկաները ծանօթացան եւրոպայում քաղաքական գաղափարախօսութիւններին, կուսակցութիւնների գաղափարախօսական փոխակերպումներին եւ աիդիականացումներին վերաբերուող հարցերին, ինչպէս նաեւ կուսակցութիւնների ներքին եւ արտաքին գործունէութեան ընթացքում թուային գործիքների կիրառման կարեւորութիւններին:
Մասնակիցները կարեւորեցին նման ֆորումների կազմակերպումը եւ շարունակական ընթացքը տարածաշրջանի երիտասարդ քաղաքական գործիչների շրջանում՝ շետը դնելով փորձի փոխանակման դերի բարձրացման եւ նոր գիտելիքների ստացման վրայ:
ՀՅԴ երիտասարդականը կարեւորում է միջազգային, եւ յատկապէս, տարածաշրջանային ծրագրերը, որոնք միտուած են տարբեր ձեւաչափերում համագործակցութեան եզրերի ստեղծմանն ու ընդլայնմանը:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿ