ԼՈՒՍԻՆԷ ՂԱՐԻԲԵԱՆ
Երուսաղէմ ոտք դրած զբօսաշրջիկները, անկախ ազգութիւնից, հայկական թաղամասը չեն շրջանցում: Այն մէկն է Հին քաղաքի չորս թաղամասերից. միւս երեքը պատկանում են քրիստոնէական, հրէական եւ մահմեդական համայնքներին: Սուրբ քաղաքում հայերի դարաւոր ներկայութիւնն ու մշակութային հսկայական ժառանգութիւնը փաստող վկայութիւնները շատ են: Բայց այն, ինչ կարող են տեսնել այցելուները, փոքր մասն է միայն:
Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի «Էդուարդ եւ Էլէն Մարտիկեան» թանգարանը չի գործում աւելի քան 20 տարի: Ֆրանսահայ նշանաւոր հայագէտ, պատմաբան, մաթեմատիկոս Քլոտ Արմէն Մութաֆեանը 1979ին էր այցելել թանգարան, բայց մինչեւ հիմա յիշում է անմխիթար վիճակը:
Շուրջ երկու տարի առաջ Երուսաղէմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը Քլոտ Մութաֆեանին առաջարկել է զբաղուել թանգարանի վերաբացմամբ: Ֆրանսահայ հայագէտ Յարութիւն Գէորգեանի եւ թանգարանագէտ Յարութ Պեզճեանի հետ սկսել են պատրաստել ցուցադրութեան գիտական պլանի (ծրագիրի-Խմբ.) նախնական տարբերակը:
Հայաստանի Ամերիկեան համալսարանի հայ մատենագրութեան թուանշային գրադարանը Քլոտ Մութաֆեանին հրաւիրել էր՝ ներկայացնելու կատարուած աշխատանքը:
Գիտնականն ասում է, որ Հայաստանից յետոյ Երուսաղէմն ամենամեծ ու արժէքաւոր հայագիտական շտեմարանն է: Ցաւօք, այդ ահռելի նիւթը փակի տակ է:
«Շատ զբօսաշրջիկներ են Երուսաղէմ այցելում եւ նրանց ուղեցոյցի մէջ նշուած է հայկական թաղամասը: Գնում են, բայց Մայր տաճարը այցելութեան համար բաց է միայն ժամի 15ից 15:30ը: Յետոյ տեսնում են սլաքը ցոյց է տալիս՝ Armenian museum: Գնում են, փակ է:
Սիրտս ցաւում է, որ մարդիկ խանդավառութեամբ գալիս են, բայց ոչինչ չեն տեսնում: Եթէ մէկը ուզում է իմանալ, զարգանալ, պէտք է օգնել նրան: Միաբանների կողմից մեծ դիմադրութիւն կայ: Տարօրինակ մտածելակերպ է՝ մերն է, պէտք է պահենք, օտարը չտեսնի, չնախանձ»ջ, ասում է Քլոտ Արմէն Մութաֆեանը:
700 քառակուսի մետր տարածքով երկյարկանի շէնքը պէտք է բարեկարգուի եւ յարմարեցուի մշտական ցուցադրութեանը:
Ըստ նախնական ծրագրի՝ թանգարանը մի քանի բաժին է ունենալու, որտեղ ներկայացուած կը լինեն Սուրբ քաղաքում հայկական ժառանգութիւնը, Սրբոց Յակոբեանց վանքը՝ իր բարերարներով եւ ուխտաւորներով, կը լինեն նաեւ Հայոց Ցեղասպանութեանը եւ դրա հետեւանքներին, տպագրութեանը վերաբերող նիւթեր եւ լուսանկարներ: Երուսաղէմում առաջին տպագիր գիրքը հայերէն է, եւ տպագրական մեքենան էլ պահւում է Հայոց պատրիարքարանում:
Քլոտ Մութաֆեանն ասում է, որ արժէքաւոր ցուցանմուշները շատ են: Բարեբախտաբար դրանք լաւ են պահպանուել եւ վերականգնման կարիք չունեն:
«Աշխարհում Թորոս Ռոսլինի եօթ մանրանկար կայ, որոնցից չորսը Երուսաղէմում է: Այստեղ են պահւում 1064 թուի շքեղ Աւետարանը, կաթողիկոսական, պատրիարքական կոնդակները: Հայոց պատրիարքարանում պահւում է Մուհամմեդ մարգարէի ֆերմանը (հրովարտակը, հրամանագիրը-Խմբ.), նաեւ՝ Սալահ ադ Դինինը. Երուսաղէմը գրաւելուց յետոյ նա մի ֆերման գրեց իր ստորագրութեամբ, որ հայերին ձեռք չտան:
Եկեղեցու՝ 14րդ դարի շատ գեղեցիկ, արձանագրութեամբ, փայտէ դուռ կայ: Աշխարհում այդպիսի չորս դուռ էի տեսել՝ երկուսը Էրմիտաժում, մէկը՝ Հայաստանի պատմութեան թանգարանում, միւսը՝ Թէոդոսիայում: Սա հինգերորդն է»:
Արժէքաւոր ցուցանմուշների մի մասը կ՛ընդգրկուի մշտական ցուցադրութեան մէջ: Կը պատրաստուեն կրկնօրինակներ այն ցուցանմուշներից, որոնք պահպանման յատուկ պայմաններ են պահանջում: Տարուայ ընթացքում որոշ օրեր այցելուները հնարաւորութիւն կ՛ունենան դիտելու բնօրինակները: Նախատեսւում է պատրաստել նաեւ Հին քաղաքից դուրս գտնուող 7րդ դարի հայկական արձանագրութեամբ խճանկարի կրկնօրինակը եւ տեղադրել թանգարանի մուտքի առջեւ:
Թանգարանի վերաբացման համար մօտ երկու միլիոն եւրօ է անհրաժեշտ: Քլոտ Մութաֆեանն ասում է, որ Նուրհան պատրիարքը խոստացել է հայթայթել պահանջուող գումարը:
Գաղափարները շատ են, մինչ գործնական փուլին անցնելը նորից քննարկումներ կը լինեն:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ»