2017թ. Նոյեմբերի 7ին, հերթկան անգամ, հոկտեմբերեան-բոլշեւիկեան յեղափոխութեան յաղթանակը Ռուսաստանում տօնուեց, եթէ ոչ պետականօրէն, ապա կրկին հանրահաւաքներով ու այլ միջոցառումներով: Լրատուամիջոցներով տեղի ունեցած քննարկումների ժամանակ հնչեցին տարբեր տեսակէտներ՝ հոկտեմբերեան յեղափոխութիւնը չարիք էր, թէ բարիք Ռուսաստանի համար: Վերջին ժամանակներում Ռուսաստանում ընդհանրապէս տեղի է ունենում պատմութեան վերանայում, մեղմւում են գնահատականները, որոնք ԽՍՀՄ փլուզումից յետոյ հնչում էին խիստ ու ոչնչացնող տոնով: Սա իհարկէ իրենց գործն է եւ բխում է այսօրուայ իրենց կեանքի ընթացքից եւ ռուսական պետութեան երբեմնի ազդեցութիւնը վերականգնելու ակնկալութիւններից: Տարօրինակօրէն մեզանում նոյնպէս առկայ են խորհրդային անցեալը սրբագրելու միտումներ: Փաստ է, որ 26 տարի առաջ Հայաստանի անկախացումը չուղեկցուեց պատմա-գաղափարական յեղաշրջմամբ, քանի որ նոր իշխանութիւնների համար կոնիւկտուրային (պարագայական-Խմբ.) հաշիւներն աւելի կարեւոր էին, քան նորանկախ պետականութեանը իրապէս ազգային բովանդակութիւն հաղորդելու հրամայականը: Մենք այսօր էլ անկախ լինելով իրաւականօրէն, ազգային-պետական հաւաքականութիւն չենք դարձել՝ որպէս արժէքային համակարգի եւ դարաւոր ինքնութեան կրողներ ու շարունակողներ: Եւ պատահական չէ, բոլշեւիկ գործիչների արձաններ դնելու մարմաջը, ստալինեան շրջանի հալածանքների մասին ցուցահանդէսի փակումը պետականօրէն, իսկ որոշ հեռուստաալիքներ լծուած են ազգային ու մշակութային դէմքերի կենսագրութիւնները կոմունիստական աւազանի մէջ «ոսկեջրելու» գործով, ոչ հեռաւոր անցեալի պատմութեանը շարունակելով նայել խորհրդային պատմաշինութեան ակնոցով: Առջեւում Առաջին Հանրապետութեան հարիւրամեակն է եւ սա նոյնպէս այստեղ ու սփիւռքում որոշ խմբակների համար պայքարը թարմացնելու առիթ է՝ դարձեալ նոյն նեղմիտ հաշիւներից ելնելով: Մենք մեր հերթին, նոյն հարիւրամեակի առիթով, կը շարունակենք անդրադառնալ Առաջին Հանրապետութեան ծագման, զարգացման ու անկման փաստերին, օգտուելով մասնաւորապէս, պատմագիտական եւ ժամանակի գործիչների վկայութիւններից: Ներկայացնում ենք մէկ գլուխ ՀՀ Առաջին Հանրապետութեան վերջին վարչապետ, ազգային-հասարակական նշանաւոր գործիչ, Սիմոն Վրացեանի. «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ» աշխատութիւնից:
Նիւթը արտատպւում է կրելով միայն աւանդական ուղղագրութիւնից աբեղեանական ուղղագրութեան փոփոխութիւն:
1918թ. Մայիսին, քաղաքական դէպքերի բերումով եւ հայ ժողովրդի առնական բազուկով ստեղծուեց Հայաստանի Հանրապետութիւնը:
Երկու եւ կէս տարուայ ընթացքին, անձեւ քաոսի եւ ավերածութեան միջից ծնուած մանուկ պետութիւնը հասակ նետեց, կազմակերպուեց, ամրացաւ, քաղաքական կերպարանք ստացաւ, ճանաչուեց արտաքին ուժերի կողմից, ուրիշ մեծ ու փոքր պետութիւնների հետ միասին ստորագրելով Սեւրի դաշնագիրը՝ հասաւ Հայկական հարցի տրամաբանական լուծման եւ հաւասարէ հաւասար մտաւ ազգերի միջազգային համակեցութեան մէջ:
Առարկայական փաստերի անաչառ ուսումնասիրութիւնը իրաւունք է տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի անկախութեան անկման պատճառները ներքին չէին, այլգերազանցապէս արտաքին:Հայաստանի Հանրապետութիւնը ընկաւ թուրքերի եւ բոլշեւիկների միացեալ հարուածների տակ: Եւ առաջին հերթին բոլշեւիկների, որովհետեւեթէ Խորհրդային Ռուսաստանը չքաջալերէր ու չօգնէր, քեմալական Թուրքիան, ա՛յն ժամանակուայ պայմաններում, համարձակութիւն չէր ունենայ յարձակուելու Հայաստանի վրայ:
Բոլշեւիկները իրենց վերաբերումի մէջ հէնց սկզբից անկեղծ չէին դէպի Հայկական հարցը: Այս տեսակէտից ո՛չ մի տարբերութիւն չկայ խորհրդային եւ դրամատիրական պետութիւնների քաղաքականութեանց միջեւ: Երկուսն էլ Հայաստանն ու Հայկական հարցը նկատում էին եւ շարունակում են նկատել ոչ թէ նպատակ, այլ միայն միջոց իրենց աշխարհակալական ծրագիրների յաջողութեան համար:
Ըստ էութեան Խորհրդ. Ռուսաստանը Թրքահայաստանի հետ աւելի վատ վարուեց, քան նոյնիսկ ցարական Ռուսաստանը: Սազոնովը թրքահայերին գէթ «եկեղեցական ինքնավարութիւն» էր շնորհում, Լենինը ու Ստալինը այդ էլ զլացան: Միլիւկովը գոնէ խոստանում էր գրաւել թրքահայ նահանգները եւ Ռուսաստանի հովանաւորութեան տակ ինքնավարութիւն տալ հայերին, Լենինը ո՛չ միայն ամբողջ Թրքահայաստանից ձեռք քաշեց, այլ Ռուսահայաստանի մի մասն էլ զիջեց թուրքերին՝ այն արդարացումով, թէ մեծ նպատակները մեծ զոհեր են պահանջում:
Լենինի համար Հայկական հարցը միայն մէկ արժէք ունէր – պայքարի զէնք հակառակորդների դէմ: Եւ նա մէկից աւելի անգամներ, իր ճառերում ու յօդուածների մէջ, օգտագործեց այդ զէնքը:
1917 եւ 1918 թուականներին Հայկական հարցը Եւրոպայի ուշադութիւնը գրաւող խնդիրներից մէկն էր: Դիւանագիտական շրջանակները, ընկերվարական համագումարները, պետական մարդիկ, յաճախ զբաղւում էին հայերի ճակատագրով: Մասնաւորապէս ազատամիտ եւ արմատական շրջանակները ջերմ համակրանք էին արտայայտում դէպի հայերն ու հայկական բաղձանքները: Եւ բնական է, որ ցարական իշխանութեան տապալումից յետոյ, Ռուսաստանի ժամանակաւոր կառավարութիւնը անմիջապէս աշխատէր դարմանել հին կառավարութեան գործած անարդարութիւններըհայերի վերաբերմամբ: Այս մտայնութեան արդիւնքն էր Ժամանակաւոր կառավարութեան 1917թ. Ապրիլի 26ի կարգադրութիւնը Թրքահայաստանի մասին:
Այդ կարգադրութեամբ, «մինչեւ խաղաղութեան դաշնագրով Թրքահայաստանի վիճակի վերջնական որոշումը» թուրքերից նուաճուած վայրերի համար սահմանւում էր առանձին վարչութիւն, որ պիտի լինէր անկախ կովկասեան իշխանութիւնից ու ենթակայ ուղղակի պետրոգրադի կենտրոնական կառավարութեան:
Այս կարգադրութիւնը, բնականաբար, ընդհանուր ուրախութիւն պիտի պատճառէր հայերին: Թրքահայկական նահանգները իրապէս վերածուեցին ինքնավար շրջանի՝ Ժամ. կառավարութեան նշանակած կոմիսարի ղեկավարութեան տակ: Կոմիսարի օգնականը հայ էր՝ բժ. Հ. Զաւրեան: Գաւառապետերից շատերը եւ տեղական պաշտօնէութեան մեծ մասը նոյնպէս հայեր էին: Շուտով գաղթականութիւնը վերադարձաւ իր տեղերը, եւ 1917թ. ամառը, Վասպուրականից սկսած մինչեւ Երզնկա, ամբողջ տարածութիւնը բնակեցուած էր գրեթէ բացառապէս հայերով: Մօտ 150,000 հայութիւն կար այդ օրերին ռուս բանակի գրաւած շրջաններում, որ մեծ աշխուժութեամբ ձեռնարկեց աւերուած բնակավայրերի վերաշինութեան եւ տնտեսութեան վերականգնման:
Ժամանաւոր կառավարութեան այս կարգադրութիւնը բուռն քննադատութեան ենթարկուեց բոլշեւիկների, մասնաւորապէս Լենինի կողմից: Մեկնելով իրենց հիմնական սկզբունքից՝ «Հաշտութիւն առանց հողերի գրաւման եւ ռազմատուգանքի»՝ բոլշեւիկները մեղադրում էին, թէ Ժամ. կառավարութիւնը ռուս բանակը պահելով Թրքահայաստանում՝ նուաճողական նպատակներ է հետապնդում: Հեռացրէ՛ք ռուս բանակը Հայաստանից, պահանջում էին բոլշեւիկները Ժամ. կառավարութիւնից, այլապէս ձեր եւ ցարական կառավարութեան միջեւ ո՛չ մի տարբերութիւն չի լինի:
«Մենք, գրում էր Լենինը, պարտաւոր ենք անմիջապէս գոհացնել ուկրաինացիներին ու ֆիներին, ապահովել նրանց եւ Ռուսաստանի բոլոր օտար ցեղերին կատարեալ ազատութիւն, մինչեւ անջատուելու իրաւունք. նոյնը պէտք է գործադրենք ամբողջ Հայաստանի վերաբերմամբ, պարտաւոր ենք զօրքերը հեռացնել Հայաստանից եւ մեր կողմից գրաւուած թրքական հողերից (*):
Քիչ վերջը՝ նա գրում էր. «Եթէ վաղը Խորհուրդները ձեռք առնեն իշխանութիւնը… մենք կ՛ասենք. դու՛րս հանեցէք զօրքերը Հայաստանից, այլապէս կը լինի խաբէութիւն»:
Զուր էր հակաճառում Կերենսկին, թէ ռուս բանակի հեռացումը Հայաստանից կը լինի ոչ թէ հայերի ինքնորոշում, այլ անխնայ ջարդ, թէ ռուս զօրքերը չեն հեռացւում ո՛չ թէ Հայաստանը գրաւելու դիտաւորութեամբ, այլ հայ խաղաղ բնակչութիւնը, մինչեւ հաշտութեան կնքումը, պաշտպանելու նպատակով: Լենինին՝ այդ բացատրութիւնները չէին գոհացնում: Նա ճառերով ու յօդուածներով շարունակում էր յամառ կերպով պահանջել ռուս բանակը անյապաղ հեռացնել հայկական նահանգներից:
Նոյն պահանջը Լենինը դրեց եւ Խորհուրդների առաջին համագումարում 1917թ. Մայիսին: Ցոյց տալու համար համաշխարհային բանուորութեան եւ ճնշուած ժողովուրդներին, որ յեղափոխական Ռուսաստանը նուաճողական նպատակներ չի սնուցանում, նա պահանջում էր, որ ռուս բանակը անմիջապէս հեռացուի Հայաստանից: «Եթէ այդ բանակը, ասում էր նա, որ այժմ պահւում է Հայաստանում եւ բռնագրաւում է կատարում, որ դուք հանդուրժում էք, եթէ այդ բանակը Հայաստանը դարձնէր անկախ Հայաստանի Հանրապետութիւն եւ այն դրամները, որ մեզանից առնում են Անգլիայի եւ Ֆրանսիայի դրամատէրները, տրուէին նրան, աւելի լաւ կը լինէր»:
Խելահաս ամէն մարդու համար հասկանալի էր, որ, ա՛յն ժամանակուայ պայմաններում, «Անկախ Հայաստանի Հանրապետութիւն» կարելի չէր ստեղծել: Պարզ էր նոյնպէս, որ ռուսական բանակը Հայաստանից դուրս բերելը հաւասար կը լինէր հայերի բնաջնջման: Եթէ Լենինը իրօք յարգում էր հայերի ինքնորոշման իրաւունքը, հէնց այդ իրաւունքով հայերը խնդրում ու պահանջում էին, որ ռուս զօրքը ո՛չ միայն չհեռացուի Հայաստանից, այլ աւելի եւս զօրացուի: Բայց, ինչպէս ճիշդ ասում է բոլշեւիկ պատմաբան Բ. Բորեանը, Լենինի համար կարեւորը Հայաստանն ու հայերը չէին, այլ բոլշեւիզմի յեղափոխական նպատակները: Լենինի համար «Հայկական հարցը» միջոց էր եւ ոչ թէ նպատակ (**): Հայաստանը Լենինի համար զէնք էր լուծելու համար դիւանագիտական կնճիռներն ու խաղերը (***):
Բորեանը արդարացնում է իր ուսուցչի ճիզուիտական այս քաղաքականութիւնը նրանով, որ համաշխարհային յեղափոխութեան շահերը ա՛յդ էին պահանջում եւ որ մեծ նպատակների համար փոքր նպատակները պէտք է զոհուեն. բայց դրանից ոչ հայ ժողովրդի կրած տառապանքները կը մեղմանան, ոչ էլ Լենինի բարոյականութիւնը որեւէ արդարացում կը գտնէ:
Նոյն Լենինի պնդումով, Խորհուրդների երրորդ համագումարի հրատարակած «Աշխատաւոր եւ շահագործուող ժողովրդի իրաւունքների յայտարարութեան» մէջ դրուեց հետեւեալ կէտը.
«Խորհուրդների երրորդ համագումարը ողջունում է Ժողովրդական կոմիսարների խորհրդի քաղաքականութիւնը, որ յայտարարել է Ֆինլանդիայի անկախութիւնը, սկսել է դուրս բերել զօրքերը Պարսկաստանից, յայտարարել է Հայաստանի ինքնավարութեան ազատութիւնը»:
Այս կէտը յետագային, 1918թ. Յուլիս 10ին, Խորհուրդների 5րդ համագումարի կողմից մտցուեց խորհրդային պետութեան հիմնական օրէնքների մէջ եւ կազմեց Խորհրդ. Ռուսաստանի սահմանադրութեան առաջին մասի երրորդ գլխի 6րդ յօդուածը:
Միեւնոյն ոգիով է կազմուած եւ Ժողովրդ. կոմիսարների խորհրդի 1917թ. Դեկտ. 31ի ծանօթ դեկրետը (հրամանագիրը, հրովարտակը-Խմբ.) Թրքահայաստանի ինքնորոշման մասին՝ ստորագրուած Լենինի եւ Ստալինի կողմից: Այդ դեկրետը բառացի կերպով ասում է հետեւեալը.
«Ժովողրդական կոմիսարների խորհուրդը յայտարարում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի գիւղացիական եւ բանուորական կառավարութիւնը կը պաշտպանէ Ռուսաստանի գրաւած Թրքահայաստանի հայերի իրաւունքը ազատ ինքնորոշուելու մինչեւ կատարեալ անկախութիւն: Ժողովրդ. կոմիսարների խորհուրդը կարծում է, որ այդ իրաւունքի իրագործումը հնարաւոր է միայն մի շարք նախնական երաշխիքների պայմանով, որոնք բացարձակապէս անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքուէի համար: Այդպիսի երաշխիքներ Ժողովրդ. կոմ. խորհուրդը համարում է.
1) Զօրքերի հեռացումը Թրքահայաստանի սահմաններից եւ անմիջապէս հայկական միլիցիայի կազմակերպումը Թրքահայաստանի բնակիչների անձի եւ գոյքի ապահովութիւնը երաշխաւորելու համար:
2) Հայ գաղթականների, այլ եւ զանազան երկրներում ցրուած հայ տարագիրների անյապաղ վերադարձը Թրքահայաստանի սահմանները»:
3) Պատերազմի ժամանակ թրքական իշխանութիւնների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերը տեղահանուած հայերի վերադարձը Թրքահայաստանի սահմանները, որի վրայ Ժող. կոմ. խորհուրդը պիտի պնդէ հաշտութեան բանակցութիւնների ժամանակ թուրք իշխանութիւնների հետ:
4) Ժամանակաւոր ժողովրդական կառավարութեան կազմակերպումը Թրքահայաստանում Պատգամաւորների խորհրդի եւ Հայկական կոմիտէի ձեւով՝ ընտրուած ռամկավարական սկզբունքներով:
Կովկասեան գործերի արտակարգ ժամանակաւոր կոմիսար Ստեփան Շահումեանին յանձնարարւում է՝ ցոյց տալ Թրքահայաստանի բնակչութեան ամէն տեսակ աջակցութիւն երկրորդ եւ երրորդ կէտերի իրականացման գործում, այլ եւ ձեռնարկել տեղական յանձնախումբի կազմութեան՝ զօրքերը Թրքահայաստանի սահմաններից դուրս բերելու եղանակը մշակելու համար:
Ծանօթութիւն.- Թրքահայաստանի աշխարհագրական սահմանները կ՛որոշուեն հայ ժողովրդի ռամկավարական ձեւով ընտրուած ներկայացուցիչների միջոցով՝ համախորհուրդ սահմանակից եւ վիճելի (մահմետական եւ այլ) ռամկավարական ձեւով ընտրուած ներկայացուցիչների հետ Կովկասեան գործերի արտակարգ եւ ժամանակաւոր կոմիսարի հետ միասին»:
Հետաքրքրական է, որ յայտնի բոլշեւիկ Պօղ. Մակինցեանը (այժմ գնդակահարուած) յայտնում է, որ այս դեկրետի նախապատրաստութեան մէջ գործօն մասնակցութիւն են ունեցել բանաստեղծ Վ. Տէրեանը եւ Ս. Սրապիոնեանը (Լուկաշին): Իսկ Բ. Բորեանը պնդում է, թէ «այս հարցում հանգուցեալ Ս. Շահումեանը վճռական դեր է խաղացել»:
Բորեանի ասելով՝ հայերի առաջարկած նախագծում եղել է հետեւեալ կէտը. «Պահանջուած քանակով ռուս զօրքեր կը պահուին Հայաստանի սահմաններում (նախկին Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում), մինչեւ այն ժամանակ, երբ գերիշխան հայ ժողովուրդը ֆիզիքական հնարաւորութիւն ստանայ ազատ համաժողովրդական քուէարկութեամբ որոշելու անկախ Հայաստանի ներքին կազմակերպութեան հարցը եւ մինչեւ որ կազմուի հայ ժողովրդական միլիցիան՝ երաշխաւորելու համար ներքին կարգը եւ երկրի արտաքին ապահովութիւնը(****)»:
Վ. Տէրեան եւ Ս. Շահումեան շատ լաւ ծանօթ էին Թրքահայաստանի վիճակին եւ բնական է, որ նման պահանջ դնէին դեկրետի մէջ, առանց որի ամէն խոստում կը լինէր պարապ խօսք: Հայաստանի ապահովութեան եւ ինքնորոշման հնարաւորութեան միակ պայմանը այն օրերին ռուսական բանակի ներկայութիւնն էր, մինչեւ որ պատերազմը վերջանար եւ ստեղծուէր բնականոն վիճակ: Ճիշդ է ասում Բորեանը. «Հայերը գերադասում էին «բռնագրաւուած» լինել Խրոհրդային կառավարական զօրքերից, քան թէ ունենալ թրքահայերի «ինքնորոշում» թղթի վրայ եւ մնալ ռուսահայերի ֆիզիքական բնաջման սպառնալիքի տակ թուրքերի կողմից: Բայց Ժող. կոմ. խորհրդին հետաքրքրողը Հայաստանն ու հայերը չէին, այլ միջազգային յեղափոխութիւնը եւ արեւելեան-իսլամ ազգերին սիրաշահելու հաշիւը: Պահել ռուսական բանակը Թրքահայաստանում՝ պիտի նշանակէր անհաճոյ գործ կատարել թուրքերի համար, միչդեռ, ինչպէս կը տեսնենք յետագային, Թուրքիան եւ իսլամ աշխարհը բոլշեւիկների աչքին մեծ կարեւորութիւն ունէին, եւ բոլշեւիկները արդէն բանակցութեան մէջ էին թուրքերի հետ: Բոլշեւիկների համար, ասում է Բորեանը, «ամբողջի շահերը աւելի բարձր են քան մասի շահերը»: Հայերը «մաս» էին եւ պէտք է զոհուէին «ամբողջի» սեղանի վրայ: Եւ հայ բոլշեւիկների առաջարկած կէտը չմտաւ դեկրետի մէջ:
Այս այն դեկրետն է, որի առթիւ Ստալինը յայտնում էր, թէ Հայկական հարցը լուծուեց միայն խորհրդային իշխանութեան ջանքերով: Յետագային Ալ. Մեասնիկեանն էլ հաստատեց, թէ Հայկական հարցը լուծուած վերջացած է խորհրդային քաղաքականութեան շնորհիւ:
Դեկրետի բնական հետեւանքները տեսնելու համար շատ սպասելու պէտք չեղաւ: Խօսքին անմիջապէս յաջորդեց գործը: Խորհրդային իշխանութեան հրամանով ռուսական զօրքերը ձգեցին Թրքահայաստանը եւ հեռացան Ռուսաստան: Հայոց ձորից սկսած մինչեւ Երզնկա, այդ լայնատարած ռազմաճակատի պաշտպանութիւնը մնաց հայկական նորակազմ զօրամասերի եւ կամաւորական խմբերի վրայ, որոնց առջեւ կանգնած էր թարմ ուժերով զօրացած թրքական բանակը: Բնական էր, որ հայերը մենակ պիտի չկարողանային պաշտպանել այդ ընդարձակ տարածութիւնը: Եւ հետեւանքը եղաւ այն, որ Վեհիբ փաշայի զօրամասերը, իրենց շուրջը սփռելով աւեր ու կոտորած, առաջ շարժուեցան եւ մի քանի ամսում ամբողջ Թրքահայաստանը անցաւ թուրքերի ձեռքը: Բոլշեւիկների ձեռքով «ինքնորոշուած» թրքահայութիւնը՝ բնաւեր ու խուճապահար՝ նորից բռնեց գաղթի եւ թշուառութեան ճանապարհը:
Բոլշեւիկեան քաղաքականութիւնը նոյն հետեւանքներն ունեցաւ եւ ամբողջ Ռուսաստանի վերաբերմամբ՝ ներքին քաոս եւ ճակատների փլուզում: Անզօր շարունակելու պատերազմը՝ խորհրդային իշխանութիւնը խնդրեց հաշտութիւն: Յաղթական Գերմանիան դրեց տաժանելի պայմաններ: Լենինի կառավարութիւնը ուրիշ ելք չունէր, բայց եթէ ընդունել թշնամու պահանջը: Եւ 1918թ. Մարտին ստորագրուեց Բրեստ-Լիտովսկի «խայտառակ խաղաղութեան» դաշնագիրը:
Այդ դաշնագրի 4րդ կէտը անմիջապէս վերաբերում է հայերին: Այնտեղ ասուած է.
«Ռուսաստանը պէտք է կատարէ իրենից կախուած ամէն բան, որպէսզի ապահովէ Արեւելեան Անատոլուի նահանգների շուտափոյթ պարպումը եւ նրանց օրինաւոր վերադարձը Թուրքիային: Արդահանի, Կարսի եւ Բաթումի շրջանները պէտք է նոյնպէս անմիջապէս պարպուեն ռուս զօրքերից: Ռուսաստանը չպէտք է խառնուի այդ շրջանների պետական, միջազգային-իրաւակա նյարաբերութիւնների մէջ, այլ պէտք է թոյլ տայ, որ այդ շրջանների բնակչութիւնը ինքը ստեղծէ նոր կարգ՝ համախորհուրդ հարեւան պետութիւնների, ի մասնաւորի, Թուրքիայի հետ»:
Ուրիշ խօսքով՝ բոլշեւիկները ոչ միայն ամբողջ Թրքահայաստանը յանձնում էին թուրքերին, այլ՝ վերադիր նաեւ Ռուսահայաստանի երեք կարեւոր շրջանները:
Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը աւելի եւս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թրքական սահմանագծի վրայ եւ շարժուեցին դէպի Կովկասի ներսերը՝ իրենց հետ բերելով աւեր ու կոտորած:
Այս առթիւ Անդրկովկասի կոմիսարիատը ստացաւ Չիչերինի եւ Կարախանի հետեւեալ հեռագիրը.
«Թրքական բանակը շարժւում է դէպի Բաթում, Կարս եւ Արդահան՝ աւերելով երկիրը եւ բնաջնջելով գիւղացի բնակչութիւնը: Հայերի յետագայ ճակատագրի պատասխանատուութիւնը ընկնում է Գերմանիայի վրայ, որովհետեւ նրա պահանջով էր, որ ռուս զօրքերը դուրս հանուեցին հայկական շրջաններից, եւ այժմ նրանից է կախուած թրքական զօրքերի զսպումը սովորոկան բռնութիւններից»:
Ուրեմն իրենց ամբողջ քարոզչութեամբ ու գործերով, Լենինի ճառերով, յօդուածներով ու դեկրետներով բոլշեւիկները չէին ուզում զօրքերը հեռացնել Թրքահայաստանից եւ միայն Գերմանիայի պահանջո՞վ հեռացրին: Մաքիավելիութիւնը ամէն դիւանագիտութեան յատուկ է, բայց ստին ու կեղծիքին էլ սահման կայ: Դեռ Բրեստ-Լիտովսկից շա՜տ առաջ զօրքերը հեռացուած էին Հայաստանից: Բրեստ-Լիտովսկի օրերին միայն հայկական զօրամասերը կային Հայաստանի ճակատում:
Չիչերին-Կարախանի հեռագիրը յանցաւոր խղճի ինքնարդարացման անյաջող ճիգ էր սոսկ՝ իրենց իսկ ձեռքով կորստեան դատապարտուած մի ժողովրդի գերեզմանի առջեւ…
Անշուշտ, Լենինը աւելի անկեղծ էր, երբ յետագային, հայ ժողովրդի ամենաողբերգական վայրկեանին, իր մտերիմ զինակից Արշաւիր Մելիքեանի գլխաւորութեամբ իրեն ներկայացող հայ բոլշեւիկներին պատասխանեց. «Սիրելի ընկերներ, ցաւում եմ հայ ժողովրդի ճակատագրի համար, բայց մենք 15 միլիոն ռուսներ զոհեցինք համաշխարհային յեղափոխութեան համար եւ եթէ պէտք լինի եւս 15 միլիոն կը զոհենք: Համաշխարհային յեղափոխութիւնը զոհեր է պահանջում: Ցաւում եմ, եթէ մէկ միլիոն հայեր էլ զոհուին…»։
Արշաւիր Մելիքեանը, որ Լենինի հաւատարիմ զինակիցն էր եղել տարագրութեան օրերին, այնուհետեւ խորտակուեց հոգեպէս ու կորաւ անյայտութեան մէջ գաղափարական բոլշեւիկների նման:
(*) Լենինի երկերը, ռուսերէն, հատոր 14րդ, մաս Բ., էջ 128:
(**) Բորեան, «Հայաստան, Միջազգային Դիւանագիտութիւնը եւ Խ.Ս. Հանր. Միութիւնը» Բ. հատոր էջ 362:
(***) Նոյն տեղ, էջ 377:
(****) Բորեան Բ. հատոր, էջ 261. «Նորք» , թիւ 5-6, էջ 414-415:
Սիմոն Վրացեան «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ» (ԷՋ 9-19, ՊԷՅՐՈՒԹ, 1953)
MERRY CHRISTMAS
& HAPPY NEW YEAR
Dr. Vahaken R. Arslanian and Family
Ընկ. Կարպիս եւ Ընկհ. Մայտա
Պէզճեան եւ զաւակները
Իրենց Ընտանիքներով
Կը շնորհաւորեն իրենց ընկեր-ընկերուհիներուն,
բարեկամներուն, Հայութեան
եւ մանաւանդ Սուրիահայութեան
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Wishing You All
A Merry Christmas
& Happy New Year!
May You all Have
Good Health, Abundance
& Everlasting Joy
in Your Lives
Mardik & Nora
Bouldoukian and Nareg
Մարտիկ եւ Նորա
Պուլտուքեան եւ Նարեկ
Տէր եւ Տիկ. Նշան եւ Ռուբինա Փիրումեան
Իրենց Սրտագին Մաղթանքներով Կը Շնորհաւորեն
Ձեր Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
In Loving Memory of
Our Father and Grandfather
Alex Koundakjian
Hratch and Alek