ՌՈՒԲԷՆ ՏԷՐ ՄԻՆԱՍԵԱՆ
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակին առիթով հրապարակուող նիւթերի շարքում ներկայացնում ենք մէկ հատուած ազգային ազատագրական պայքարի նշանաւոր գործիչ Առաջին Հանրապետութեան «Բիւրօ» կառավարութեան կազմում Ներքին գործոց եւ ռազմական նախարարի պաշտօնն իրականացրած Ռուբէն Տէր Մինասեանի «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները» յուշագրութիւնից: Շարունակելով անդրադառնալ Առաջին Հանրապետութեան ստեղծմանը եւ դրան նախորդող իրադարձութիւններին ներկայացուող հատուածը արժեւորում ենք նաեւ նրանով, որ լուսաբանուող իրադարձութիւնների շրջանում հանդիսանալով Հայոց ազգային խորհրդի անդամ Ռուբէն Տէր Մինասեանը լաւագոյնս իրազեկ է տեղի ուենցած փոթորկալից դէպքերի մանրամասներին:
Մինչեւ 1917 թուականը ոչ մի հայ կուսակցութիւն բնաւ չէ ձգտած Երեւանեան նահանգը բաժանել Ռուսաստանից եւ նրանից կազմել Հայաստանը: Հայ կուսակցութիւնները եւ առհասարակ հայ ժողովուրդը ձգտած են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թէ Ռուսաստանում, այլ ռուսական սահմանից այն կողմ, Տաճկաց Հայաստանում: Մինչեւ այդ թուականը, Հայաստան, Երկիր հոմանիշ էին Տաճկահայաստանին: Եթէ չհաշուենք Սիւնեաց եւ Արցախի մելիքութեանց եւ Ներսէս Աշտարակեցու ժամանակի ձգտումները՝ ստեղծել Արարատեան շրջաններից ազատ Հայաստան, պէտք է ընդհանուր առմամբ ասել, որ նման մի նպատակ կը բացակայէր հայ մտքի եւ քաղաքական կուսակցութեանց ծրագիրների մէջ:
Հայ ժողովուրդը ռուսական տիրապետութեան տակ ընկնելով, իւր ձգտումներն ու նպատակները կը սահմանաւորէր հետեւեալ գլխաւոր պահանջներով. Կրօնական եւ մշակութային ազատութիւն, վարչական ինքնավարութիւն (զեմստուօ), եւ վերջապէս Անդրկովկասեան ֆետերացիա (դաշնակցութիւն-Խմբ.), Ռուսաստանի սահմաններում: Այս վերջին քաղաքական պահանջը, զոր ՀՅ Դաշնակցութիւնը կ՛առաջադրէր 1914ից, ընդդիմութիւն կը գտնէր հայ թէ՛ աջ եւ թէ ձախ հոսանքների կողմից՝ մէջն առնելով եւ ներկայ բոլշեւիկ ու մենշեւիկ հոսանքները, որոնք այսօր բախտի բերմունքով Անդրկովկասեան ֆեդերատիւ պետութեան վարիչները կը հանդիսանան: Ինչ էլ որ լինի, մինչեւ 1917, Դաշնակցութիւնն էր ամենածայրայեղ ազգային պահանջներ դնողը, բայց նրա պահանջների սահմանը չէր անցնում Անդրկովկասեան ֆետերացիայից. նա Հայաստան անունը կը զլանար տալ Երեւանեան եւ այլ գաւառներին, վերապահելով այդ Տաճկաց Հայաստանին…
Համաշխարհային պատերազմի ընթացքում, աւելի շեշտ կ՛առնէ գաղութահայ եւ ռուսահայ զանգուածների մէջ Հայաստանի ազատագրման ձգտումը: Այս ձգտումը աւելի ուժ կ՛առնէ ոչ թէ յեղափոխական կուսակցութեանց, այլ աւելի աջակողմեան տարրերի մէջ՝ գլուխ ունենալով կղերականութիւնը, ըստ որուն Հայաստանի ազատագրում ըսելով կը հասկցուէր միայն Տաճկահայաստանը. Ռուսաց Հայաստանի՝ ներկայ Հայաստանի վերաբերմամբ ո՛չ մի քաղաքական եւ այլ պահանջ չէր առաջարկուէր: Ռուսական բանակաները հայ կամաւորների օժանդակութեամբ կը գրաւեն, մինչեւ 1917ը, համարեա ամբողջ Տաճկաց Հայաստանը: Միացեալ Հայաստան ստեղծուած էր, բայց այդ միացեալ Հայաստանում հայերի քաղաքական որեւէ ձգտում չէր բաւարարուած: Վասպուրական, Տարօն, Բարձր-Հայք եւ այլն, դարձած էին ռուսական նահանգներ եւ փոխանակ անկախ Հայաստանի՝ կը ծրագրուէր Եփրատեան կոզակութեան կազմակերպումը, Արածանիի հովտում:
Եկաւ 1917 թուականը գահավէժ անելու ցարական իշխանութիւնը իւր Նիկոլաներով եւ իրենց ծրագիրներով:
Փեթերսպուրկի ժամանակաւոր կառավարութիւնը, Քերենսկու գլխաւորութեամբ, ուղարկած էր Անդրկովկաս, փոխարքայի տեղը՝ Խարլամովը եւ նրա հետ դումայի երեք անդամներ- մի հայ՝ Բաբաջանով, մի թաթար Ջաֆարով, մի վրացի Չխենկելի: Այս երեք ազգերի պատկանող ներկայացուցիչների նշանակումը լռելեայն ճանաչումն էր Անդրկովկասի երեք ժողովուրդների իրաւունքների, եւ այդ ժողովուրդներից արդէն կազմուած անջատ Ազգային խորհուրդների գոյութեան փաստը: Միաժամանակ գրաւուած տաճկահայկական նահանգների համար նշանակուած էր առանձին լիազօր՝ զօրավար Աւերիանով, նրան օգնական՝ Զաւրիեւ, իսկ զինուորական գործերի իբր ընդհանուր վարիչ՝ Դոնսկոյը:
Անշուշտ եղած հրամանները, ուկազները, ըստ պատշաճի եղած կարգադրութիւններ են, որոնց յետին իմաստը իրենց կը վերապահէին՝ ապագայում նոր ուկազներով հաստատելու կամ փոխելու դիտումներով:
Ենթադրութիւններից խուսափելով, մեզ հետաքրքրողը այդ կարգադրութիւններով նշանակուածների վարքագիծը պիտի լինի, զոր կարելի է բնորոշել ըստ իրենց գործերի: Զօրավար Աւերիանով իրան յանձնուած Տաճկահայկական նահանգները կը նկատէր իբր տիրապետուած ռուսական երկիր (զաւայովննի կրա), թէեւ նրա օգնական Զաւրիեւը կը ջանար այդ երկիրը Հայաստան համարել եւ իբրեւ այդպիսին կառավարել: Զինուորական վարիչ Դոնսկոյը եւ Խարլամովը կը նկատէին անդրկովկասեան երկիրը իբր մի նահանգ Ռուսաստանի: Իսկ թաթար պատուիրակ Ջաֆարովը, յենուած թաթարական Ազգային խորհրդում Մուսաւաթ կուսակցութեան վրայ, կը համարէր թէ Ռուսաստանի բանը վերջացած է եւ կը սպասէր թուրքերի գալուն՝ որպէսզի Անդրկովկասը Թուրքիոյ մի վիլայեթ դառնայ: Պակաս դրական աշխատանք չէր ցուցադրէր վրացի ներկայացուցիչը. նա յենուած Մենշեւիկ կուսակցութեան եւ վրացի Ազգային խորհրդի վրայ, գործ էր կատարում արդիւնաւոր կերպով եւ մշակուած ծրագրով: Մի կողմից Վրաստանի ամբողջացման, նրա հողային եւ այլ խնդիրները կը կարգադրէր «սոցիալիստաբար» (ընկերվարօրէն-Խմբ.), միւս կողմից անհաւանական չգտնելով Թուրքիոյ յաղթութիւնը, կը հենուէր թուրք, թաթար խմբակցութիւնների վրայ, միաժամանակ կապը պահելով, իբր «սոցիալիստ», Սոցիալիստական Ռուսաստանի հետ:
Ազգերի խմորման, յեղափոխական այդ վայրկեանին, հայ պատգամաւորը չունէր ոչ սոցիալիստական մի որեւէ յենարան, ոչ էլ ունէր յենարան հայ ժողովրդի մէջ: Այդ մարդը Ջաֆարովի նման կադետ էր, բայց չունէր նրա ճկունութիւնը եւ ընդունակութիւնը, հասկնալու վայրկեանի պահանջը. կը շարունակէր միապետական երազներ տեսնել: Նա իրեն բարձր կը համարէր հայ ժողովրդից եւ նրա մէջ եղած հոսանքներից. չէ՞ որ ի վերուստ էր եկած…։ Եւ փոխանակ յենուելու Ազգային խորհրդի կամ որեւէ արժէքաւոր կուսակցութեան վրայ եւ նրա կամքը պարտադրելու իւր ընկերակիցներին եւ Ռուսաստանին, ընդհակառակն, Չխենկելու եւ Ջաֆարովի կամքը կը բերէր Ազգային բիւրոյին:
Կարող եմ ասել, որ ազգերի այսպէս ասած «ալան թալանի» վայրկեանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունէին ոչ Փեթերսպուրկում ու ոչ էլ Կովկասում մի պաշտօնական անձ, ձեւակերպելու եւ ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասեան երկրամասերի ներկայ սահմանային դրութիւնները հետեւանք են յեղափոխութեան առաջին օրերի մեր ցուցադրած ապիկարութեան եւ անկարողութեան:
Հայութեան անկարողութիւնը անարդար կը լինէր վերագրել անհատի անկարողութեան միայն. դա կը բխէր նաեւ այն դրութիւնից, որ բացի Դաշնակցութիւնից, միւս հոսանքները որեւէ պահանջ չունէին Անդրկովկասեան հայութեան համար. բոլորին ուշադրութիւնը կենտրոնացած էր «Երկրի» վրայ: Իսկ Անդրկովկասում, նրանց համար Հայաստան չկար եւ ոչ էլ առանձին հայկական պահանջներ: Դրա համար, Դաշնակցութեան պլատֆորմը (ծրագիրը-Խմբ.) Անդրկովկասեան Ֆետերացիայի եւ անդրկովկասեան Հայաստանի սահմանների վերայարդարման մասին, շատերի համար կենսական չէր համարուի, չէ՞ որ պիտի ստեղծուէր Հայաստան Տաճկահայաստանում:
Դաշնակցութեան մնում էր գործել առանց միջնորդի, եւ յանուն Անդրկովկասեան հայութեան շահերի աշխատել երկու ուղղութեամբ.
Ա.- Ջանալ, որ Փեթրոկրատի ժամանակաւոր կառավարութիւնը ինքը վճռէ եւ հրահանգէ Անդրկովկասեան գաւառների սահմանաւորման հարցը, ազգագրական հիմքերի վրայ:
Բ.- Անմիջականօրէն փոստային դրութիւններ ստեղծել հայկական գաւառներու, ժողովրդական ընտրութեամբ, մտցնելով զեմստուոներ եւ լուծելով սահմանային խնդիրները:
Առաջին ուղղութեամբ աշխատելու համար, նա Շահխաթունու կողմէ կազմուած սահմանաւորման ծրագրի հիմունքներով Փեթրոկրատ ուղարկում է ներկայացուցիչներ, որոնց մէջ ե՛ւ Շահխաթունին: Սկզբունքով կ՛ընդունուի առաջարկուած ծրագիրը, որով Թիֆլիսի, Երեւանի, Կարսի եւ Գանձակի նահանգների հայկական գաւառներից պիտի կազմուէին հայկական նահանգներ: Բայց սկզբունքով ընդունել տալը, դեռ գործ դառնալուց շատ հեռու էր: Մի կողմից կը պակսէր պետութեան վճռական հրահանգը Անդրկովկասի նոր սահմանագծման մասին, իսկ միւս կողմից այդ հրամանը շուտով անգործնական պիտի դառնար, քանի որ ինքը ժամանակաւոր իշխանութիւնը հոգին պիտի փչէր:
Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրութիւնները տեղի ունեցան. եթէ այդ ընտրութիւնները պէտք չեղան Ռուսաստանին, բայց Անդրկովկասում հիմք ծառայեցին ձայնատուութեանց եւ պատգամաւորների թուերի համեմատութեամբ կազմակերպելու Ազգային խորհուրդները:
Անդրկովկասեան իշխանութիւնն էլ հիմնովին կերպարանափոխուեց: Ազգերը իրենց հաւաքած ձայների համեմատութեամբ կազմակերպեցին Անդրկովկասեան Սէյմը, որից յետոյ ձեւական էին դառնում կեդրոնական իշխանութեան ներկայացուցիչները եւ պաշտօնեաները: Անդրկովկասեան ժողովուրդները իրենք իրենց բախտը որոշողները պիտի լինէին:
Շահերի հակամարտութեա՞ն թէ կարճատեսութեան շնորհիւ, Անդրկովկասի երեք ժողովուրդներից ստեղծուած օրէնսդիր եւ վարչական իշխանութիւնը դարձաւ մի անդամալոյծ մարմին: Իւրաքանչիւրը իր էշն էր քշում եւ միայն ձեւ էր Անդրկովկասեան մի իշխանութեան գոյութեան փաստը: Հոն կը վիճէին, կը կարգադրէին, բայց իրական գործը եւ կարգադրողը լինում էր իւրաքանչիւր ազգի Ազգային խորհուրդը:
Հայոց Ազգային խորհուրդի մէջ, տիրապետող էր կովկասեան սահմանագծման ծրագիրը, քանի որ դաշնակցականները հոն մեծամասնութիւն կը կազմէին, եւ Դաշնակցութիւնը սկսեց փաստական դրութիւններ ստեղծելու ձեւը:
Նրա լիազօրները ուղարկուեցին հայկական գաւառները, այնտեղ կազմելու համար տեղական իշխանութիւնները, ձգտելով կեդրոն ունենալ կամ Երեւանը, կամ Ալեքսանդրապոլը: Ազգային խորհուրդի այս տեսակի որոշումները պիտի սկիզբը համարել Անդրկովկասի հայկական գաւառների կեդրոնացմանը ազգագրական մի ամբողջութեան մէջ, բայց այս ամբողջութիւնը Հայաստան չէր համարւում այլ «Հայաբնակ գաւառներ» Անդրկովկասի եւ Ռուսաստանի սահմանների մէջ: «Հայաստանը» դեռեւս մնում էր Տաճկաց Հայաստանը, որ ունէր իւր իշխանութիւնը յանձինս Աւերեանովի, Զաւրիեւի, եւ իւր Սէյմը՝ յանձին թրքահայ Ազգային խորհուրդի:
Հայոց Ազգային խորհուրդի ներկայացուցիչները Անդրկովկասեան հայաբնակ գաւառներում ամէնուրեք կազմեցին տեղական ազգային խորհուրդներ: Այս ներկայացուցիչների մէջ կեդրոնական անձը եղաւ Արամը, որ Երեւանի շրջանի լիազօրն էր. նա Երեւանը դարձրեց այն կորիզը, որի շուրջը պիտի հաւաքուէին մնացած գաւառների Ազգային խորհուրդները:
1918 թուի սկիզբները, սահմանային խնդիրները փաստօրէն լուծուած էին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինչեւ թուրքերի Կովկաս մտնելը, կազմակերպուած էր Շիրակի նահանգը (որի հետ կապուած էր Ախալքալակը) եւ Բորչալուի հայկական մասը՝ Վրաստանում: Կազմուած էր Կարսի նահանգի հայկական մասը, կազմուած էր Երեւանի նահանգը, հաստատուած էր Ղարաբաղը եւ Լեռնային գանձակի (քաղաքի մի մասով) հայկական առանձին իշխանութիւն, եւ վերջապէս կազմուած էր Լեռնային Ղազախի, ներկայ Դիլիջանի շրջանը, որ կապուած էր Երեւանի հետ: Այս շրջանների Վրաստանից եւ Ադրբեջանից բաժանման փաստը առանձին զարմանք չէր պատճառած ոչ վրացիներին, ոչ թաթարներին, որոնք համակերպուած էին եղած դրութեան:
Բայց Հայոց Ազգային խորհուրդների շինած հայաբնակ օճախը գալիս էր քանդելու տաճիկ զօրքը:
Անդրկովկասեան իշխանութիւնը ձեւական պատերազմի մէջ էր: Նրա բաղկացուցիչ թաթար ղեկավարները կը ցանկանային Վեհիպ փաշայի յաջողութիւնը. նրա բաղկացուցիչ վրացի տարրը դէմ էր այն չափով, որ տաճիկները չմտնեն Վրաստան, այլ՝ գերմանացիք, եւ յաջողած էր դրա մէջ: Նրանք արագացրին տաճիկների մուտքը Կարս եւ Հայաստան եւ բնական գտան այդ: Հանգիստ էին, քանի որ երաշխաւորուած էր վրացաբնակ գաւառների անձեռնմխելիութիւնը տաճիկների կողմից: Անդրկովկասեան-տաճկական պատերազմին՝ Հայաստանն ու հայաբնակ գաւառները կը դաւաճանուէին փաստօրէն իրանց վերին կառավարութեան կողմից: Հայոց Ազգային խորհուրդը եւ Տաճկահայ Ազգային խորհուրդներն էին, որ իրանց զօրքերով պիտի պաշտպանէին Հայաստանն ու Անդրկովկասի հայաբնակ գաւառները, ոչ միայն տաճիկների դէմ, այլեւ թիկունքից հարուածող թաթարի եւ երկդիմի դիրք բռնող վրացիների դէմ: Այդ վեր էր հայ ժողովուրդի ֆիզիքական կարողութիւնից: Եւ նա պարտուեց Հայաստանում: Էրզրումը ինկաւ թուրքերի ձեռքը, տաճիկ բանակը մտաւ Հայաստան, ոչնչացրեց Աւերիանովի կազմած տեղական իշխանութիւնները, առաւ Կարսը, մտաւ Ախալքալաք, անցաւ Գանձակ, Շուշի, Բագու: Թաթարները հասած էին իրենց նպատակին. թուրք իշխանութիւնը տէրն էր Անդրկովկասի:
Պաթումում Վեհիպ փաշան պարտադրեց այն ծանր պայմանները, որով անդրկովկասեան կառավարութիւնը վերջ պիտի գտնէր՝ ստեղծելով երեք հանրապետութիւններ՝ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան. եւ Հայաստան ասելով կը հասկցուէր ոչ թէ ցարդ ըմբռնուած Տաճկաց Հայաստանը, այլ Անդրկովկասեան հայաբնակ գաւառներից մի փոքր մասը՝ 11,000 քառ. քիլոմեթր տարածութեամբ:
Մայիսի 28ին, Հայոց Ազգային խորհուրդը կը համակերպի այդ պահանջին, բայց նորից վերապահութեամբ: Նա իրան կը յայտարարէ «Գերագոյն Իշխանութիւն Հայաբնակ Գաւառների»: Հայաբնակ գաւառների եւ ոչ Հայաստանի գերագոյն իշխանութիւն յայտարարելը ունէր իր իմաստը. նախ դրանով կ՛ակնարկուէր այն բոլոր հայաբնակ գաւառներին, որ ինկած էին Ադրբեջանի եւ Վրաստանի մէջ, քանի որ հիւսիսից չկար դեռ որոշ սահման. երկրորդ՝ նա չէր ուզէր, Հայաստան անունը գործածելով, ընդառաջել Թուրքիոյ այն ձգտումին, որ Հայկական Հարցի կեդրոնը Տաճկաց Հայաստանից փոխադրուի Անդրոկվկասեան Հայաստանի մէջ: Ազգային խորհուրդի համար Հայաստանի հարցը կը մնար բաց: Հայ ամենամեծ հայրենասէր Ստեփան Մամիկոնեանի այդ վարպետ բանաձեւումով միայն կարող էր պաշտպանուել Հայկական Դատը, ինչպէս Տաճկաց Հայաստանում, նոյնպէս եւ Կովկասեան Հայաստանում:
1918 Մայիս 28ին, թէեւ Ազգային խորհուրդը իրեն յայտարարած էր «Հայաբնակ գաւառների գերագոյն իշխանութիւն», բայց փաստօրէն ստեղծուած էր անկախ Հայաստան Արարատեան աշխարհի բեկորների վրայ: Ստեղծւում էր հայկական կառավարութիւն մի փոքրիկ հողամասի վրայ, որին ոմանք կը համեմատէին գերեզմաննոցի եւ ոմանք էլ գաղթականական կայանի հետ: Պաթումում գծուած Հայաստանը կը պարփակէր իւր մէջ ճիշդ ներկայ Խորհրդային Հայաստանը, առանց Ալեքսանդրապոլ-Արարատ կայարանի երկաթուղու գիծը իւր երկու կողերով: Հայաստանը կը ներկայացնէր իրական մի բանտ, մի գաղթակայան:
Ինչու այդ դրութեան համակերպուեց Հայոց Ազգային խորհուրդը. Պատասխանը պարզ է: Պէտք էր շատից քիչը փրկել: Հայութիւնը պարտուած էր եւ յաղթողն էր Թուրք-թաթարական-վրացական խմբակցութիւնը, որի դէմ մենմենակ նա անկարող էր իւր դատը պաշտպանել, իւր երկիրը վերագրաւել:
Ի՞նչ յոյսեր ունէր նորակազմ Հայաստանը: Նա այլեւս յոյսեր չունէր ոչ բոլշեւիկներից, ոչ Ռուսաստանից, նրանք լքած էին իրեն վատօրէն: Նա յոյս չունէր թուրք-թաթարական եւ վրացական մեծահոգութեան վրայ: Նրանց կողմից Հայաստանը բաժան-բաժան անելու փաստը ակներեւ էր բոլորի համար: Մի յոյս էր մնում, հեռաւոր մի յոյս. գուցէ պատերազմի բախտը փոխուէր յօգուտ դաշնակիցների: Գուցէ նրանց միջոցով իւր դատը շահէր: Մինչ այդ պէտք էր համակերպուիլ, պէտք էր ներքուստ կազմակերպուիլ:
Կար Երեւանում՝ Հայաստանի կառավարութիւն, Հայաստանի փարլամենտ, որի նախագահ Աւետիք Սահակեանը չէր քաշուի ամբիոնից յայտարարել՝ ի ներկայութիւն թուրք ներկայացուցիչի, որ «բանտի դռները պիտի բացուին մի օր, պիտի փշրուին շղթաները»: Իսկ Հայաստանի փաստական դիկտատորը՝ Արամը, իւր նախկին ընկեր՝ յաղթական Խալիլ փաշայից (որ եկած էր Երեւան այցի) կը պահանջէր սահմանների ընդարձակում եւ ապրելու հնարաւորութիւն:
Յաղթական Խալիլ փաշան չէր մերժեր սկզբունքով Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխիկ կ՛առաջարկէր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գաւառակը, որպէսզի իրենք անմիջապէս կապուին Բագուի հետ, ի փոխարէն դրան պատրաստ էր ի հաշիւ Ադրբեջանի ընդարձակել Հայաստանի սահմանները դէպի Ջիւանշիր եւ Վարանդա: Դա փաստօրէն կը նշանակէր ուժ տալ փանթուրանիզմին: Նա կ՛առաջարկէր զինուորական դաշինք կնքել դաշնակիցների դէմ: Այս կը նշանակէր վերջին յոյսն էլ ջուրը ձգել, առանց երաշխաւորութիւն ունենալու, թէ թուրք-գերմանական միջոցներով պիտի լուծուի Հայկական Հարցը:
Այդ խօսակցութիւնները ոչնչով վերջացան, մնաց եղած վիճակը: Միակ օգուտը եղաւ այն, որ Արամի անձնական կապի շնորհիւ, Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25,000 փութ ցորեն գաղթականաց համար եւ հրահանգ տուեց Բաշ-Գէառնի շրջանի Միլլի ձորի մէջ եղած թաթարներին՝ հեռանալ տաճկաց հողեր. հայ գաղթականներին տեղ բանալու համար: Ահա այս երկու դրական կարգադրութիւներից շահեց Հայաստանը: Եկած ցորենը բաժանուեց սովահարներին: Իսկ Միլլի ձորը զօրքով եւ թնդանօթներով դատարկուեց թաթարներից, թէեւ կը վախնային շատերը, որ Ուլուխանլու նստած թուրքերը միջամտեն: Ինչ էլ որ լինէր, դա անհրաժեշտ էր, հողի խնդիրը մասամբ գոնէ թեթեւացնելու համար:
1918ի Դաշնակիցների յաղթութեան օրերն էին գալիս: Բախտի անիւը կը դառնար յօգուտ Հայաստանի: Գերման զօրքերը կը պատրաստուին լքել Վրաստանը, իսկ Բագուից ու Ադրբեջանից կը շտապեն հեռանալ տաճիկ զօրքերը: Տաճկական զօրքերը սկսում են դատարկել հայկական գաւառները՝ Լոռի, Ախալքալակ, Ալեքսանդրապոլ, Սարտարապատ, Ղամարլու, Շարուր, Նախիջեւան, Սուրմալու եւ Կարս:
Բանտի դուռները բացուած էին. հայկական զօրքերը կը հետեւին թուրք նահանջող զօրքերին եւ մէկը մէկի յետեւից կը գրաւեն ու հայկական իշխանութիւն կը հաստատեն դատարկուած գաւառներում:
Գաղթական դարձած հայ ժողովուրդը կը հետեւի հայ բանակին եւ իւր հայրենի օճախը կը շենացնէ:
Ռուբէն «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները» հատոր 7, էջ 125-146 (կրճատումներով), Պէյրութ, 1979, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան
Ճորճ եւ Արաքսի Թիթիզեան
Կը մաղթենք,
որ այս Նոր Տարին
իր հետ բերէ
խաղաղութիւն
եւ երջանկութիւն
Տէր եւ Տիկ. Խաչիկ
Թիթիզեան եւ ընտանիք
Կը շնորհաւորեն
ձեր Նոր Տարին
եւ Ս. Ծնունդը
Տէր եւ Տիկ. Կայծակ եւ Ծովիկ Զէյթլեան
Զաւակները՝ Շանթ եւ Հրակ
Փեսան եւ Դուստրը՝
Տէր եւ Տիկ. Լիօ եւ Սեւանա Օհանեան
եւ Իրենց Անուշիկ Լիոնան
Լաւագոյն մաղթանքներով
կը շնորհաւորեն իրենց հարազատներուն
ու բարեկամներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Vartan & Sona Fundukian & Family
May You All Have a
Happy and Blessed Holidays
Հրայր եւ Աստղիկ
Թէճիրեան
Կը մաղթենք, որ
այս Նոր Տարուան ընթացքին
մարդկութեան
հորիզոնին վրայ խաղաղութեան
ծիածանը երեւելի դառնայ
VICTORY Adult Day Health Care-ի
Տնօրէնութիւնը, Պաշտօնէութիւնը
եւ Յաճախորդները
Կը Շնորհաւորեն
Համայն Հայութեան
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Նոր Տարուան Եւ Ս. Ծնունդի
Լաւագոյն Ողջոյններ
Հայրենաբնակ Եւ Սփիւռքի
Մեր Ժողովուրդին
ԱԲՕ ՍԱՂՏՃԵԱՆ
ԵՒ ԴՈՒՍՏՐԸ՝ ՆԱՅԻՐԻ