ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովն ու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եւրասիական ինտեգրման (համարկման-Խմբ.) եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէն հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնը: Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասուած է.
«Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտէգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի համատեղ նիստը (այսուհետ՝ Կողմեր) տեղի է ունեցել Երեւանում, Հայաստանի Հանրապետութիւն, 2018 թուականի Մարտի 26ին, համաձայն 2017 թուականի Սեպտեմբերի 29ին Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի պատուիրակութեան‘ Մոսկուա կատարած այցի ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների:
Նիստի ընթացքում Կողմերը գոհունակութեամբ նշել են, որ անցած ժամանակահատուածում շարունակուել է երկու պետութիւնների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Յատուկ ընդգծուել է 2018 թուականի Փետրուարի 14ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Բաբլոյեանի այցը Մոսկուա, ինչպէս նաեւ Ա. Բաբլոյեանի աշխատանքային հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վ.Վոլոդինի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական երկխօսութեանն առնչուող հարցեր: Գոհունակութեամբ նշել են, որ այն զգալի ներդրում ունի երկկողմ յարաբերութիւնների իրաւապայմանագրային հիմքի զարգացման գործում, որի հիմքն է Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին պայմանագիրը, որի 20ամեակը նշուել է 2017 թուականին:
Կողմերն ընդգծել են, որ միջազգային օրակարգի, մասնաւորապէս միջազգային ինստիտուտների դերի, գործունէութեան եւ միջազգային իրաւունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների ու նորմերի վրայ հիմնուած աշխարհակարգի կառուցման, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների եւ միջազգային իրաւունքի համընդհանուր ճանաչուած սկզբունքների եւ նորմերի պահպանման առնչութեամբ իրենց դիրքորոշումները մօտ են կամ համընկնում են:
Կողմերը փաստել են աշխարհում պահպանուող անկայուն վիճակը եւ յայտնել, որ պէտք է ջանքեր գործադրել ամրապնդելու ՄԱԿի եւ այլ միջազգային ճանաչում ունեցող կառոյցների առանցքային դերն արդի միջազգային խնդիրների կարգաւորման հարցում՝ պահպանելով միջազգային իրաւունքի նորմերը եւ յարգելով այլ երկրների շահերը:
Կողմերն ընդգծել են բանակցային ձեւաչափերի շրջանակներում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման իմպերատիւութիւնը:
Կողմերն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման ընթացքում ձեռք բերուած յաջողութիւնները, ինչպէս նաեւ հայ-ռուսական արդիւնաւէտ փոխգործակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան, ՀԱՊԿի եւ ԱՊՀ շրջանակներում:
Այս առումով աջակցութիւն է յայտնուել ՀԱՊԿի շրջանակներում շարունակուող Հարաւային Կովկասի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովմանն ուղղուած համատեղ ջանքերին:
Կողմերն արտայայտուել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Հարաւային Կովկասում կայունութեան եւ անվտանգութեան ապահովմանը համահունչ դաշնակցային յարաբերութիւնների յետագայ ամրապնդման օգտին՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:
Կողմերը հաստատել են իրենց ձգտումը շարունակելու փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ լուծումը այն սկզբունքների հիման վրայ, որոնք ամրագրուած են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների նախագահների համատեղ յայտարարութիւններում եւ 2017 թուականի Դեկտեմբերի 7ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատուիրակութիւնների ղեկավարների Համատեղ յայտարարութեան դրոյթներում, ինչպէս նաեւ ընդգծել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների եւ 2017 թուականի հոկտեմբերին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հնչեցուած վստահութեան վերականգնմանն ուղղուած համալիր միջոցների լիարժէք պահպանման եւ կեանքի կոչման անհրաժեշտութիւնը:
Այս համատեքստում Կողմերը նշել են ռազմատենչ հռետորաբանութեան եւ քսենոֆոբիական յայտարարութիւնների անթոյլատրելիութիւնը:
Կողմերն ընդգծել են տարածաշրջանային մակարդակներում համագործակցութեան ամրապնդման քաղաքականութեան շարունակութեան անհրաժեշտութիւնը ծայրահեղականութեանը եւ ապօրինի միգրացիային հակազդելու, ահաբեկչութեան ու թմրանիւթերի եւ այլ արգելուած նիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարելու համար:
Կողմերը դրական են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների ակտիւ մասնակցութիւնը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան կողմից կազմակերպուած «Խորհրդարանականներն ընդդէմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին, 2017 թ. Դեկտեմբերին:
Կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկուել են երկու երկրների օրէնսդրութեան ներդաշնակեցման հարցերը, նախանշուել են խորհրդարանականների աշխատանքի ծրագրերը միջխորհրդարանական փոխգործակցութեան զարգացման ոլորտում, այդ թւում նաեւ միջազգային հարթակներում:
Կողմերը կարեւոր նշանակութիւն են տալիս Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջխորհրդարանական համագործակցութեան խորացմանը‘ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրութիւն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահաւէտ կապերի յետագայ զարգացումը:
Քննարկելով համագործակցութեան իրավիճակը միջազգային խորհրդարանական կառոյցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՄԽՄ, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ, ՈՒՄՎ՝ Կողմերը, բարձր գնահատելով ոլորտային յանձնաժողովների դերը միջազգային հարթութիւնում փոխգործակցութեան համակարգում, ընդգծել են փոխադարձ շահերի նկատմամբ յարգանքի եւ դաշնակցային համերաշխութեան սկզբունքների վրայ հիմնուած միջազգային միջխորհրդարանական համագործակցութեան կարեւորութիւնը:
Քննարկելով Եւրասիական ինտէգրման ընթացքը եւ ժողովրդական դիւանագիտութեան դերն այս գործընթացում: Կողմերը կարեւորել են Եւրասիական տնտեսական միութեան նպատակներին եւ խնդիրներին հասնելու կարեւորութիւնը՝ որպէս ժամանակակից, արդիւնաւէտ եւ մրցունակ միաւորման, որը նպաստում է անդամ երկրների տնտեսութիւնների լրացուցիչ աճին:
Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերի նշանակութիւնը, որոնք հայ-ռուսական դաշնակցային փոխյարաբերութիւնների յետագայ զարգացման, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակում սերտ համագործակցութեան նորմաստեղծ ապահովման գործում կարեւոր կառուցակարգի գործառոյթ են կատարում:
Կողմերն ընդգծել են Եւրասիական տարածքում միջխորհրդարանական երկխօսութեան զարգացման կարեւորութիւնը: Այս համատեքստում բարձր են գնահատուել Եւրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցութեան՝ որպէս միջխորհրդարանական համագործակցութեան նոր ձեւաչափի, շրջանակներում կատարուած համատեղ աշխատանքների արդիւնքները:
Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդիւնքները եւ յայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ երկու երկրների միջեւ համագործակցութեան ամրապնդման:
Կողմերը հաստատում են, որ համատեղ նիստերի ձեւաւորուած պրակտիկան նպաստում է երկկողմ յարաբերութիւնների յետագայ զարգացման խնդրի լուծմանը, լրացուցիչ խթան է հաղորդում ազգային օրէնսդրութիւնների եւ իրաւակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
Կողմերը պայմանաւորուել են հերթական համատեղ հանդիպումն անցկացնել 2018 թ. երկրորդ կէսին Մոսկուայում, Ռուսաստանի Դաշնութիւն:
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անունից՝ Ա.Աշոտեան
Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի անունից՝ Կ. Զատուլին»: