ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
«Ծնուել եմ 1868 թուականին եւ մինչեւ այսօր դեռ չեմ մեռել, թէեւ մեռնելու համար ունեցել եմ բազմազան ու խիստ բարենպաստ առիթներ, մի քիչ յամառ ու հաստակող ծերուկ եմ ես»… Երբ աշակերտական տետրակի 59 էջերի վրայ Յովհաննէս Քաջազնունին ի պահ էր տալիս իր դժուար, դժբախտ կեանքի յուշերը, բնաւ չէր պատկերացնի, որ ապրելու մնացել է ընդամէնը 2 տարի: Եւ որ մեռնելու համար անցեալում ունեցած «բազմազան ու խիստ բարենպաստ առիթները» խամրելու են բոլշեւիկեան «տեռոր»ի հանդէպ:
Յուշատետրակի էջերից մէկում մատիտով նշուած կեանքի կարեւորագոյն փաստերի մէջ արձանագրուած է. «Ծանօթացել եմ Թումանեանի հետ 80ական թուականների վերջին»:
Նա Յովհ. Թումանեանից մեծ էր 1 տարի մի քանի օրով: Երկու Յովհաննէսները միմեանցից այնքան տարբեր էին եւ միեւնոյն ժամանակ՝ այնքա՛ն նման: Օրինակ՝ քաղաքական եւ գրական հարցերի շուրջ բանավէճերում նրանց համոզմունքներն ու տեսլականները, որպէս կանոն, հակոտնեայ էին: Իբրեւ հայրեր՝ ունէին նոյն վիշտը. երկուսն էլ պատերազմում զաւակ էին կորցրել: Երկու Յովհաննէսների ընտանիքների ճակատագրերը համընկնելու էին 1938թուականին: Բայց նրանց ամենամեծ նմանութիւնը մարդու ԲԱՐՈՅԱԿԱՆ տիպար լինելն էր: Նրանք երկուսն էլ օժտուած էին բարձրագոյն արժէքներով՝ վեհանձնութեամբ ու ազնուութեամբ:
«Մենք բարեկամ ենք եղել բառիս ամենալաւ իմաստով. ահա՛ պարզ իրականութիւնը: Աւելի քան 30 տարուայ ընթացքում ապրել ենք մտերմաբար, ունեցել ենք աղմկալի վիճաբանութիւններ, պատահել է, որ փիս հայհոյել ենք իրար, բայց երբե՛ք, ոչ մի օր չենք դադարել անկեղծ ու սրտագին բարեկամներ լինելուց: Եւ իմ անցեալ կեանքի ամենահիանալի էջերից մէկը եղել է Յ. Թումանեանի բարեկամութիւնը». Յ.Ք.
Քաջազնունին անթաքոյց խոստովանել է, որ եթէ Օհաննէսի փոխարէն մէկ ուրիշը լինէր, ապա յատկապէս 1907-09թթ. քաղաքական իրադարձութիւնների շուրջ բանավէճերից յետոյ, ինչպէս ինքն է ասում՝ «մի կարճ մնաս բարով» կ՛ասէր եւ վերջ կը դնէր ամէն տեսակի բարեկամութեան: Բայց Թումանեանի հմայքը կախարդել էր նաեւ իրե՛ն: «Իրօ՛ք սիրելի էր Թումանեանը՝ բառիս ամենաբարձր իմաստով: Նա իրան սիրել էր տալիս իբրեւ մի դիւթիչ երեւոյթ, իբրեւ մի գեղեցիկ հոգի: Անկարելի բան էր մի քիչ ճանաչել նրան ու չսիրել»: Իսկ իր անձնական, մասնաւոր տպաւորութեամբ նկատուած թերութիւնների մասին գրում է, թէ դրանք «… կարծես սազ էին գալիս իրան, ամբողջացնում էին դէմքը, ինքնայատուկ գունաւորում ու հրապոյր էին տալիս, եւ եթէ չլինէին կամ վերացուէին՝ կարծես մի բան կը պակասէր Օհաննէսից»:
Խորաթափանց եւ նրբազգաց Քաջազնունին նկատել էր իր բարեկամի բացառիկութեան դրոշմը եւ գնահատել այն: «Կան մարդիկ, որոնց չեն յարմարւում ընդհանուր չափանիշները։ Եթէ ուզում էք հասկանալ սրանց ու արդարացիօրէն արժէքացնել, ապա պէտք է մօտենաք յատուկ չափանիշով: Այս կարգի մարդկանցից էր եւ Օհաննէս Թումանեանը»:
Քաջազնունին, բարձր գնահատելով Թումանեանի գրական մուծումները մեր աղքատիկ գրականութեան մէջ՝ դրանք անուանել է գոհարներ: Բայց այս գնահատականը երբեք չկաշկանդեց նրան ստեղծագործական ինչ-ինչ հարցերում համամիտ չլինել բանսատեղծի հետ, բանավիճել նրա հետ, քննադատել նրան:
Շուտով նա ստանձնեց Թումանեանի երկերի հատորեակի կազմման եւ խմբագրման աշխատանքները: Գիրքը լոյս տեսաւ 1908թ., Բաքւում:
1908թ. Թիֆլիսից Ժընեւ, իր ընկերներից մէկին՝ Փիլիպոս Վար-դազարեանին, Թումանեանը գրում է. «Բաքուեցիք գիրքս տպում են, մի շատ դժար ժամանակի վրայ հասան մարդիկ: Գիրքս Քաջազնունին է խմբագրում: «Դէպի Անհուն»ն ու «Պօէտն ու Մուսան» դուրս են ձգել: Արդէն տպարանումն է»:
Ի միջի այլոց, «Դէպի Անհունը» այն պօէմն էր, որ Քաջազնունու համար դարձել էր քննադատութեան թիրախ:
«Մարդն ու բանաստեղծը ես չեմ կարողացել բաժանել միմեանցից», խոստովանել է Քաջազնունին: Եւ հէնց այս անքակտելի միասնութիւնը հաստատող մի շարք անուշիկ յուշեր է գրառել նա իր աշակերտական տետրակի էջերին: Այսպէս՝
«Մի անգամ ռուս գրող Տանի (Բոգորազի) հետ գնում ենք երեքով՝ Ռազմավիրական ճանապարհով Թիֆլիսից Վլադիկավկազ: Ամառուայ տաք ու պայծառ օրեր էին։ …Օհաննէսը առաջին անգամ էր տեսնում Մեծ Կովկասը: Յանկարծակիի էր եկել ու մի քիչ շուարել: Մինչ այդ, նա տեսել էր միայն Լոռուայ լեռները եւ ըստ այնմ կազմել իր գաղափարը սարի ու ձորի մասին: Այժմ Կովկասի վիթխարի, ահարկու զանգուածները տակնուվրայ էին արել իր հասկացողութիւնները… Երբ Կազբեկ կայարանից իջնում էինք Դարեալի կիրճը, յանկարծ դիմեց ինձ.
– Գիտե՞ս ինչ է: Ասում եմ՝ էս երկիրը Աստուած ստեղծել է առաջին օրերում, երբ նիւթը առատ է եղել ու ինքն էլ դեռ անփորձ, չի իմացել չափն ու սահմանը, թէ չէ՝ էս բարձրութեան սա՞ր կը լինի, էս խորութեան ձո՞ր կը լինի:
Ես թարգմանեցի Բոգորոզին Թումանեանի ասածը: Սա լիաբերան ծիծաղեց:
– Չէ՛, ճիշդ չէ՞,- վրայ բերեց Օհաննէսը իր համարեա ռուսերէնով,- եթէ անփորձ չլինէր, էսպէս բան կ՛անէ՞ր… Լինում են երիտասարդ, անհաշիւ տանտիկիններ, որ ճաշը հիւրերին բաժանելիս՝ առաջին պնակները լցնում են լեփ-լեցուն, իսկ վերջիններին ոչինչ չի մնում…»։
Իսկ երկու Օհաննէսների բանավէ՞ճը՝ ազնուական ծագման մասին… Թումանեանը պարծենում էր, թէ ազնուական ծագում ունի, որ իր նախնիները Տարօնից են՝ Մամիկոնեան տնից: Թէ զրոյցներ կան պահպանուած այս առումով: Քաջազնունին թերահաւատօրէն էր վերաբերւում այս ամէնին, անգամ՝ հեգնանքով: «Չգիտեմ, կա՞ր արդեօք որեւէ պատմական ճշմարտութիւն այդ «հին զրոյցների» մէջ: Գրազ կը գամ, որ չգիտէր նաեւ ինքը՝ Թումանեանը: Բայց գիտեմ հաստատապէս, որ «ազնիւ» լինելու համար Ամենայն հայոց բանաստեղծ Օհաննէս Թումանեանը ոչ մի կարիք չունէր Մամիկոնեաններից կամ նոյնիսկ Նաբուքոդոնսոր արքայից սերուելու։ Նա ի՛նքը ազնիւ էր ոտից գլուխ, ազնիւ էր այն իսկական, լիակշիռ ազնուութիւնով, որը տալիս էր մարդուն նուրբ ու վեհ հոգին, բարձր միտքը, լայն սիրտն ու մեծ գործը»:
Իր «Անկապ Յուշեր»ի վերջում (այսպէս է վերնագրել Յովհ. Քաջազնունին), նա խոստովանում է, որ հեշտ բան չի սիրածդ մարդու մասին խօսելը: Եւ որ Թումանեանի յիշատակը այնքա՛ն թանկ է իր համար, որ «անարգած կը լինէի նոյն այդ յիշատակը, ապա եւ արջի ծառայութիւն մատուցած, եթէ փորձ անէի «գեղեցկացնել» նրա դէմքը, մի բան ստուերի տակ թաքցնել, մի ուրիշ բան ինձանից աւելացնել կամ եղածը ծաղկեցնել… Թումանեանը գեղեցիկ էր ու սիրելի հէնց այնպէս, ինչպէս էր՝ իր թերութիւններով ու թուլութիւններով հանդերձ, եւ ոչ մի սրբագրչի բարեկամական ուղղումների կարիք չունէր, եւ եթէ վերեւում տուած իմ դիմագիծը այդ չի ասում, ապա ընթերցողը լաւ կ՛անի, որ պակասը վերագրի ոչ թէ մոդելին, այլ՝ պարզապէս գծողի ապիկարութեանը»: