ԵՐԵՒԱՆ, «Փանարմինիըն».- Երկուշաբթի, 7 Մայիսին, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմինը նիստ գումարեց Սերժ Սարգսեանի նախագահութեամբ: Սոյն նիստի աւարտէն ետք, մամուլի ներկայացուցիչներու հետ զրուցեց ՀՀԿի խօսնակ Էդվարդ Շարմազանով, որ յայտնեց, թէ շարք մը հանրապետական պատգամաւորներու յորդորած են 8 Մայիսին կայանալիք Ազգային ժողովի յատուկ նիստին քուէարկել պատգամաւորներու ստորագրութիւններու մէկ երրորդը հաւաքած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինեանի օգտին:
«Որպէս կուսակցութիւն, մնում ենք մեր սկզբունքայնին կարծիքին: Միաժամանակ, վաղն օժանդակելու ենք պատգամաւորների մէկ երրորդ ստորագրութիւնն ունեցող թեկնածուին, տուեալ դէպքում՝ Նիկոլ Փաշինեանին: ՀՀԿն համապատասխան ձայների քանակով կ՛ապահովի, որ Մայիսի 8ին Հայաստանն ունենայ վարչապետ: Արդէն յորդորել ենք կոնկրետ պատգամաւորների կողմ քուէարկել: 45 ձայն իրենք ունեն, մենք էլ համապատասխան քանակութեամբ ձայն կ՛ապահովենք, որ Փաշինեանը վաղն ընտրուի վարչապետ: Դա կարող է լինել 8 ձայն, կարող է լինել՝ 10, կարող է լինել 11, վաղը կ՛իմանաք», ըսաւ Շարմազանով: