ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ գործող «Ագապէ շրջանակ»ը Հոկտեմբերի 18ին նշեց ստեղծման հինգերորդ տարեդարձը: Տօնական ձեռնարկը նաեւ լաւագոյն առիթ էր ամփոփելու տարիների գործունէութիւնը, երախտագիտութիւն յայտնելու գործընկերներին ու ներկայացնելու ապագայի ծրագրերը:
«Տարիներ է, որ «Ագապէ շրջանակ»ը շարունակում է մարդասիրական առաքելութիւնը, այլ խօսքով՝ հաւատքը գործի է վերածում: Հրաշալի երեւոյթ է մեր գաղութի, սուրբ եկեղեցու համար, երբ մեր ազգի հայ կանայք աստուածահաճոյ առաքելութիւն են իրականացնում, որ նաեւ հրաշալի պատգամ է մեր գալիք սերունդներին, որ կեանքն ապրեն իմաստուն կերպով, լի Աստծու սիրով, եւ իրենց շնորհներից բաժին հանեն նաեւ բոլորին: Հաւատքն առանց բարի գործի, պէտք է մահացած համարել, հետեւաբար՝ օրհնենք «Ագապէ շրջանակ»ի առաքելութիւնը», իր խօսքում նշեց Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:
«Ագապէ շրջանակ»ի ատենապետ Ալիս Չաքրեանը խօսելով իրականացրած ծրագրերի մասին, նշեց, որ իրենց ուշադրութեան կենտրոնում մշտապէս եղել են համայնքի առաջնային հիմնախնդիրներն ու աշխատանք է իրականացուել դրանք լուծելու ուղղութեամբ:
«Ագապէ շրջանակ»ի համախոհների նուիրատուութիւնների շնորհիւ 2014-2017թթ.ի ընթացքում 100 հազար դոլար ենք նուիրաբերել «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ի տարբեր կենտրոններին, որոնք ծառայում են նաեւ հայ մանուկներին ԱՄՆում ու Հայաստանում: Մեր ծրագրերից մէկի (Christmas from the hearts) միջոցով, աւելի քան 10 հազար դոլարի նուէր-քարտեր ենք բաժանել 50 կարիքաւոր ընտանիքների՝ Հայ Օգնութեան Միութեան եւ Սուրբ Լեւոն եկեղեցու հետ համագործակցաբար:
Մեր աշխատանքի շրջանակներում, վերանորոգել ենք Գլենդելի «Երիտասարդ Կանանց Քրիստոնէական Միութեան» (YWCA) համակարգչային սրահը, նաեւ՝ ՀՕՄի միջոցով գումար ենք յատկացրել մարդկանց անօթեւան դառնալը կանխելու նախագծին (Homeless Prevention Project), հինգամեայ գործունէութիւնն ամփոփ ներկայացրեց Չաքրեանը:
«Ագապէ շրջանակ»ը ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերել լսողական սարքեր տրամադրող «Սթարկի» (Starkey) հիմանդրամի բարեգործական առաքելութիւնը նաեւ Հայաստանում իրականացնելու համար, ինչը կազմակերպել է Լոս Անջելեսում բնակուող Քաւուկջեան ընտանիքը: Արմէն եւ Հայկուհի Քաւուկջեաններին յաջողուել էր կապ հաստատել աշխարհի աւելի քան հարիւր երկրում սոցիալապէս անապահով եւ խոցելի խմբերին լսողական սարքեր նուիրող ամերիկեան յայտնի «Սթարկի» կազմակերպութեան հետ, եւ նրանց բարեգործական գործունէութիւնն ուղղորդել դէպի Հայաստան:
«Ագապէ շրջանակ»ի հինգ ամեակին նուիրուած տօնահանդէսն առիթ էր գնահատելու նուիրեալ բարերարներին, եւ այս տարի «Ագապէի սիրտը» մրցանակը յանձնուեց Քաւուկջեան ամոլին: Երախտագիտութիւն յայտնելով վերաբերմունքի եւ համագործակցութեան համար, Հայկուհի Քաւուկջեանը կարեւորեց Շրջանակի գործունէութիւնը համայնքում եւ Հայաստանում: Նա պատմեց «Սթարկի»ի հայաստանեան գործունէութեան մասին. ««Սթարկի» հիմնադրամի ներկայացուցիչների առաջին այցը Հայաստան կազմակերպեցինք 2017թ.ին, երբ նրանք շուրջ 3500 լսողական սարքեր նուիրաբերեցին աւելի քան 1800 կարիքաւոր մարդկանց: Երկրորդ այցը 2018ին էր, եւ առաքելութիւնն իրականացուեց հայաստանեան մեր գործընկեր՝ «Արաբկիր» Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ միասին: «Սթարկի»ը նաեւ յետխնամքային գրասենեակ հիմնեց Հայաստանում: Շատ ուրախ ենք, որ համատեղ ջանքերով, այդ թւում, եւ «Ագապէ»ի՝ հնարաւոր դարձաւ օգնել մեր հայրենակիցներին», նշեց Քաւուկջեանը:
«Սթարկի» Հիմնադրամի առաքելութեան եւ Հայաստանում ծրագրերի մասին տեղեկացրեց նաեւ ձեռնարկին ներկայ, Հիմնադրամի միջազգային ծրագրերի ղեկավար Թրեւոր Թըրները:
Հայաստանում իրականացուող նոր ծրագրերի մասին պատմեց նաեւ «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ի Տեսողութեան կենտրոնի տնօրէն, բժիշկ Թոմաս Լին: Մեր հայրենիքում նրա կողմից իրականացուած ծրագրերի արդիւնքում հարիւրաւոր հայ նորածիններ փրկուել են կուրութիւնից: Բժիշկ Լին, շնորհակալութիւն յայտնեց «Ագապէ շրջանակ»ին՝ հիւանդանոցին եւ իր ծրագրերին աջակցելու համար, եւ ներկայացրեց հայ բժիշկների վերապատրաստման նոր տեխնոլոգիական միջոցների մասին, որոնք թոյլ կը տան առաւել արդիւնաւէտ շարունակել հայ երեխաների բուժումը:
«Ագապէ շրջանակ»ի հետ համագործակցութեան արդիւնքում իրենց ձեռքբերումներին անդրադարձաւ Գլենդելի «Երիտասարդ Կանանց Քրիստոնէական Միութեան» (ԵԿՔՄ,YWCA) գործադիր տնօրէն Թարա Փեթերսոնը:
«Մենք տարաբնոյթ ծառայութիւններ ենք մատուցում ընտանեկան բռնութիւնից տուժած կանանց եւ երեխաներին: «Ագապէ»ի կանանց շնորհիւ վերանորոգուեց եւ նորովի կահաւորուեց մեր համակարգչային սենեակը», նշեց Փեթերսոնը՝ երախտագիտութիւն յայտնելով «Ագապէ»ի կանանց: Ալիս Չաքրեանն էլ տեղեկացրեց, որ իրենց 2018 թուականի ծրագրերից է «ԵԿՔՄ»ի կանանց ապաստարանի բակի բարեկարգումը: Նա նաեւ յայտնեց «Լոս Անջելես Չիլդրընզ Հոսփիթըլ»ին 50 հազար դոլար նախատեսուող նուիրաբերութեան մասին:
«Ագապէ շրջանակ»ի ձեռնարկին շուրջ 250 հիւրերի ներկայութիւնը վկայեց, որ այս խմբի գործունէութիւնը հոգեհարազատ է շատերին, ովքեր պատրաստակամ են մաս կազմելու «Ագապէ»ի բարեսիրական աշխատանքներին:
Միջոցառման հովանաւորն էր Նիլա Չերիքը, ով այս տարի նաեւ մաս էր կազմում «Շրջանակ»ին:
Գլենդելի քաղխորհրդի անդամ Վարդան Կարապետեանն էլ բարձր գնահատեց «Ագապէ շրջանակ»ի գործունէութիւնը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ԱՄՆ Արեւմտեան թեմի հովանաւորութեամբ գործող կանանց միութեան ուշադրութեան կենտրոնում են ոչ միայն հայ համայնքի հիմնախնդիրները:
Յատկանշական է, որ «Ագապէ շրջանակ»ն իր համամարդկային առաքելութեան շուրջ համախմբել է հայ եւ օտարազգի, տարբեր ոլորտներում ներգրաւուած կանանց, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, ովքեր հաւատալով նպատակին՝ եւս մէկ անգամ պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու: Նրանց նուիրատուութիւնների շնորհիւ էլ իրականանալի է դառնում այս միութեան նպատակը՝ կամուրջ լինել Արեւմտեան Թեմի համար աջակցութիւն ցուցաբերելու այն ծրագրերին ու կազմակերպութիւններին, ում գործունէութիւնն ուղղուած է մեր համայնքի կենսական կարիքները հոգալուն: