ԳԼԵՆԴԵԼ.- Դեկտեմբերի 7ին, երեկոյեան ժամը 7ին, Սպիտակի երկրաշարժի 30ամեակի յիշատակման առիթով, Գլենդելի «Իմպրեշըն» ճաշարանի երկրորդ մասնաճիւղի սրահում (նախկին «Լիթլ Ռաշա», հասցէն՝ Գլենդել, Բրոդուեյ եւ Չեւի Չեյս փողոցների խաչմերուկ) տեղի կ՛ունենայ բազմաժանր ու վաստակաշատ գրող, ԿՀԳՄ փոխնախագահ Գարուշ Հարեանցի ծննդեան 71 ամեակի առիթով հրատարակուած նոր գրքի՝ «Երկրաշարժի Հարսնցուն»
վաւերավէպի հասարակական քննարկումն ու գինեձօնը: Բացման խօսք՝ Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) գործող նախագահ, արձակագիր, երգահան Հենրիկ Անասեանի: Գլխաւոր բանախօսներն են՝ գրող, գրականագէտ Գէորգ Քրիստինեանն ու գրող, իրաւաբան Յակոբ Մկրտչեանը: Երեկոն կը վարի բանաստեղծուհի Այիդա Վերդին (Պօղոսեան), նաեւ կը ցուցադրուեն արհեստավարժ դրոշմագէտ Յովհաննէս Կօշկակարեանի՝ երկրաշարժին վերաբերող դրոշմանիշերը, ինչպէս նաեւ բանաստեղծ, բժիշկ Գագիկ Կարապետեանի «Դժոխք» պօէմի տեսաժապաւէնը՝ Հայաստանի Հանրապետութեան ժողավրդային արուեստագէտ Վլադիմիր Աբաջեանի ընթերցմամբ: Գրասէրներին սպասում ենք ոչ միայն մեծ սիրով, այլեւ ջերմագին անհամբերութեամբ: Օրուայ թեմայի շուրջ ելոյթ ունենալ ցանկացողները կարող են տեղում նախապէս ցուցակագրուել Այիդա Վերդիի մօտ: Կը լինեն հիւր երգիչներ:
Գրական-գեղարուեստական հերթական մեր երեկոյի մուտքը ազատ է: Կը տրուի համեստ հիւրասիրութիւն: Բարին ընդ ձեզ, յարգելի գրասէր բարեկամներ:
(Յայտարարութիւնը՝ ԿՀԳՄէն)