ՍԻՒՆԷ ԱՌԱՔԷԼԵԱՆ
Յունուարին ԱՄՆի Քալիֆորնիայ նահանգում անցկացուած «Միսիս Քալիֆորնիա Երկրագունդ» գեղեցկութեան մրցոյթի յաղթող էր ճանաչուել ազգութեամբ հայ Զառա Գեմիլեանը: Յունիսին հայ գեղեցկուհին ներկայանալու է նաեւ «Միսիս ԱՄՆ Երկրագունդ 2019» մրցոյթին, որը յաղթահարելուց յետոյ կը կարողանայ ուղեգիր ստանալ Դեկտեմբերին Չինաստանում կայանալիք «Միսիս Երկրագունդ»ին:
NEWS.am STYLE-ը զրուցել է Քալիֆորնիայի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը նուաճած Զառայի հետ՝ մասնագիտութեան, մոդելինգի, ընտանիքի եւ մրցոյթում յաղթանակի մասին:
36ամեայ Զառան արդէն 20 տարի է՝ բնակւում է Լոս Անջելեսում:
«Ծնուել եմ Երեւանում, սակայն, երբ մէկ տարեկան էի, տեղափոխուել ենք Մոսկուա, քանի որ ծնողներս պէտք է այնտեղ շարունակէին իրենց ուսումը: Բայց ես շատ լաւ եմ խօսում հայերէն ու տարին առնուազն մէկ անգամ լինում եմ Հայաստանում», ասում է նա:
Զառան աւարտել է Քալիֆորնիայում Պեպերդայնի համալսարանը, նախ՝ արուեստի բաժինը, այնուհետեւ մագիստրատուրան շարունակել է բիզնեսի կառավարման բաժնում:
«Որոշ ժամանակ աշխատել եմ՝ որպէս մարքեթինգի մասնագէտ, հիմա հօրս եւ եղբօրս հիմնադրած ընկերութեան մենեջերն եմ: Նախասիրութիւններիս մէջ մտնում են երաժշտութիւնը, դաշնամուր եւ ջութակ նուագելը: Մայրս, ի դէպ, դաշնակահարուհի է»:
Քալիֆորնիայի գեղեցկուհին պնդում է՝ նախկինում մոդելինգով հետաքրքրուած չի եղել.
«Երբ երեխայ էի, ամբողջ ուշադրութիւնս կենտրոնացած էր ուսմանս վրայ, յետագայում սկսեցի մտածել կարիերայիս մասին, որից յետոյ ընտանիք կազմեցի եւ այլ սկզբունքներ ունեցայ կեանքում»:
Զառան նշում է՝ ցաւօք ամուսնութիւնը երկար չի տեւել, սակայն այսօր ունի 10ամեայ որդի, որին էլ ուղղուած է իր ամբողջ ուշադրութիւնը: Նաեւ յաւելում՝ նախկին ամուսնու հետ հրաշալի յարաբերութիւններ ունի, լաւ ընկերներ են մնացել ու մինչ օրս յարգում են միմեանց:
Գեղեցկութեան մրցոյթով Զառան հետաքրքրուել է, երբ հասկացել է, որ տիտղոս ունենաը կը մեծացնի տեղեկութիւն տարածելու հնարաւորութիւնները.
«Նոր տարուայ իմ նպատակն էր աջակցել հնարաւորինս շատ կանանց, որոնք կարիքի մէջ են: Որպէս Միսիս Քալիֆորնիա՝ ես դարձայ «Կարիքի մէջ գտնուող կանանց» կազմակերպութեան խօսնակը: Մենք դրամահաւաքներ ենք իրականացնում, որպէսզի աջակցենք նրանց, ում բախտն այդքան էլ չի բերել»:
«Միսիս Երկրագունդ» մրցոյթում գնահատւում է ոչ միայն կանանց արտաքին գեղեցկութիւնը, այլեւ ներքին ուժն ու տուեալ երկրի կամ նահանգի համար ծաւալած գործունէութիւնը:
«Միանշանակ պէտք է օժտուած լինես ուժեղ անհատականութեամբ, որպէսզի նման բաներ անես: Իմ նպատակն է օգնել մանկատների բոլոր երեխաներին, որտեղ էլ, որ նրանք լինեն: Այնպէս անել, որ նրանք զգան հոգատարութիւն եւ բարելաւեն իրենց կենսակերպը: Ես բախտաւոր եմ, որովհետեւ հրաշալի ընտանիքում եմ ծնուել եւ իմ պարտքն է այդ ամէնի համար փոխհատուցելը»:
Ինչ վերաբերում է յաղթական տիտղոսի նուաճմանը՝ Զառան կարծում է.
«Երբ իսկապէս գիտես՝ ինչ ես ուզում եւ շատ ես աշխատում դրան հասնելու համար, կեանքում ոչինչ դժուար չի թւում»:
Հարցին արդեօք որեւէ տարի կը փորձի՞ ուժերը նաեւ նոյն մրցոյթի հայաստանեան տարբերակում, Զառան պատասխանեց.
«Պատիւ եմ ունեցել «Համաշխարային գեղեցկութեան եւ նորաձեւութեան» լիգայի ղեկավար պարոն Աշոտ Խաչատրեանի կողմից մրցոյթում Հայաստանը ներկայացնելու առաջարկ ստանալ, սակայն արդէն մասնակցել էի այստեղի մրցոյթին, իսկ ես չեմ սիրում խոստումներս կիսատ թողնել: Եթէ ԱՄՆի մրցոյթի բարձր հորիզոնականներում լինեմ, բայց չյաղթեմ, դեռ հնարաւորութիւն կ՛ունենամ մրցոյթում ներկայացնել Հայաստանը»: