ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Ցեղասպանութեան ուրացումը անշուշտ նոր երեւոյթ չէ աշխարհում եւ յատկապէս թուրքերի բռնազաւթող քաղաքականութեան օրէնսգրքում: Այդ ուրացման հերքման վրայ է հիմնուած ու շարունակում հիմնուել տարբեր ազգերից արիւնով ու բռնութեամբ խլուած այսօրուայ Թուրքիա կոչուող տարածքը եւ դեռ փորձում է խլել ու տարածուել: Աշխարհը լուռ վկայ եղաւ Կիպրոսի մի մասի գրաւմանը, վերջին տարիներին Սուրիայից տարածք պոկելու, Քեսապին տիրելու եւ գլխաւորը Արցախի ու ողջ Հայաստանին տիրելու իր երկարատեւ ձգտումին, որի մասին բացայայտօրէն է արտայայտւում:
Որպէս բռնազաւթող ցեղ եւ այդպիսով երկիր ու պետութիւն դարձած Թուրքիան, իր դարաւոր փորձառութեամբ գիտէ, որ ուրացումը պարզ փաստարկ չէ, որով կոծկում է իր գործած ոճիրը, այն աւելին է, այն իր ամրապնդման ու տարածման հզօր զէնքն է: Իր այդ «զէնքով», նախքան հիմնական Ցեղասպանութիւնը, նա կարողացաւ կէս դար ստրկային վիճակի մէջ պահել հային եւ յամռօրէն հպատակեցնել իրեն: Մինչդեռ ոչինչ է փոխուել իր երկրում ապրող հայութեան վիճակից: Վկան՝ պատրիարքարանի անկախ ընտրութեան կանխումն է: Հայի ճնշումը դեռ շարունակւում է:
Հին քաղաքագէտի փորձառութեամբ նա գիտէր, որ ուրացումը հազարապատիկ եւ հետեւողական հարուած է լինելու հային, հիմնականում կենդանի փրկուածների համար, որոնց տեղահանեց ու նետեց իրենց հայրենի տարածքներից դուրս: Քաջ գիտէր հայի ե՛ւ հոգեբանութիւնը, ե՛ւ բաժանուած վիճակը՝ մի մասը Ռուսահայաստան, միւսը աշխարհասփիւռ, մէկը միւսի ցաւին ի վիճակի չէր հասնելու: Կոտորուած հայի աշխարհասփիւռ մասնիկները կրկին մենակութեան մատնուելով, առանց երկրի եւ պետութեան, ստիպուած կրկին յոյսը դրեցին օտարների վրայ, ինչպէս վարուել էին մինչ Ցեղասպանութիւնը:
Ես կ՛ասէի Թուրքիայի այդ հետեւողական ուրացումը Ցեղասպանութեան շարունակութիւնն է: Այսինքն, մեր Ցեղասպանութիւնը ոչ թէ աւարտուել է 104 տարի առաջ, այլ դեռ շարունակւում է, քանի որ այդ ուրացումը օգտագործւում է որպէս զէնք, որպէս գաղափարաբանութիւն՝ իրեն արդարացնելով իր զոհերի փաստարկները նուաստացնելու, նրանց վերջնականապէս չէզոքացնելու համար:
Իր ուրացումով, փաստերի կեղծումով, այն հոգեբանօրէն կրկնակի ճզմեց, նուաստացրեց սակաւ վերապրողներին, որոնք սկսեցին մինչեւ իսկ իրենք իրենց մէջ փնտռել ոչնչացման պատճառները:
Ուրացման գաղափարախօսութիւնը հզօր միջոց էր նաեւ լռութեան մատնելու ահռելի աղէտից ուշքի չեկածներին, որի հետեւանքով վերապրողներից համեմատաբար քչերը յուշագրութիւններ թողեցին, մեծամասամբ հեռացան կեանքից իրենց տեսած ու ապրած արհաւիրքը լռութեան կապանքի տակ դրած:
Եւ ամենակարեւորը՝ իր ուրացումը պատասխանատուութիւնից խուսափելու հզօր միջոց էր:
Ցեղասպանութեան հերքման քաղաքականութիւնը, որը Թուրքիան այլեւս գիտութեան է վերածել, դարձրել է նաեւ քարոզչութեան ահռելի գործունէութիւն:
Աշխարհն ականատես է, թէ ինչպիսի՛ գումարներ է ծախսում նա գործած Ցեղասպանութիւնը թաքցնելու, կեղծելու համար եւ քանի որ աշխարհը ինքն էլ թաթախուած է ոճրի եւ կեղծիքի մէջ, բնականաբար հանգիստ ընդունում է նրա կեղծիքը:
Ոչ մէկին գաղտնիք չէ, որ երկար տարիներ ԱՄՆում, Թուրքիան Ցեղասպանութիւնը հերքող պատմաբանների եւ քաղաքական գործիչների մի խումբ էր հաւաքագրում, որի մէջ ներգրաւեց նաեւ մի շարք մեծ ընկերութիւնների: Իսկ արդէն 1983թ. սկսած Վաշինգտոնում պաշտօնապէս գործում է Թուրքական ուսումնասիրութեան ինստիտուտ, կենտրոն, Պրինքտընի համալսարանում Աթաթուրքի (Chair) բաժին, եւ տասնեակ այլ համալսարաններում, որոնք միլիոնաւոր դոլարներով հովանաւորւում են թուրքական կառավարութեան կողմից, որոնց միակ խնդիրը կեղծ փաստարկներ հրատարակելով՝ իրենց գործած Ցեղասպանութեան հերքումը, ուրացումը լայնածաւալ քարոզչութեամբ տարածելն է, թոյլ չտալ օտար հետազօտողներին կամ պատմաբաններին իրական փաստարկներով ճշմարտութիւնը բացայայտելու: Ամէն կերպ նսեմացնել, վարկաբեկել ոչ միայն գիտական գործը, այլ տուեալ անձի գիտական մակարդակը:
Այդ արժեզրկման անշուշտ մասնակցում են տուեալ երկրում գործող թուրք հիւպատոսները եւ քաղաքական այլ գործիչներ:
Իսկ ամենագլխաւոր խնդիրը՝ մասնաւորապէս ամերիկեան կառավարութեան թոյլ չտալ ընդունելու գործուած Ցեղասպանութիւնը:
Պարզ է նաեւ, որ մինչեւ օրս շարունակուող իր հետեւողական ուրացումով, փաստերի աղաւաղում-կեղծումով Թուրքիան վնասեց եւ դեռ շարունակում է վնասել նաեւ իր ժողովրդին, ոչ միայն Ցեղասպանութեան հերքումով, այլ ընդհանրապէս իր պատմութեան անցած ճանապարհով, իր երկրում գոյութիւն ունեցող կոթողների, տաճարների, շինութիւնների պատմութեան աղաւաղումով, յատկապէս նոր սերունդին, նրան սնելով իր երկրի պատմութեան կեղծ փաստերով, ընտելացրեց նրանց իր ստահոտ վարչակարգին: Իր հասարակութեան մէջ ստեղծեց մի միջավայր, ուր գործուած բոլոր անցեալի, մինչեւ իսկ ներկայ վայրագութիւնները ամբողջովին անտեսւում են եւ բնականաբար հասարակութիւնը կորցնում է ճշմարտութեան եւ սուտի տարբերութիւնը, ընկալում է այն, ինչ իրեն հրամցնում է իր վարչակարգը, կորցնում է հանդուրժողականութիւնը երկրում ապրող այլ փոքրամասնութիւնների հանդէպ:
Այսպիսով, կեղծիքով սնուած Թուրքիայի նոր սերունդն էլ այդ ստահոտ վարչակարգի հաւատարիմ շարունակողն է, իր երկրի աղաւաղուած պատմութեան պաշտպանը, քանզի 80 միլիոն ժողովրդի հազիւ մի չնչին տոկոսն է փորձում գտնել ճշմարտութիւնը, այն էլ՝ վերապահումներով:
Թուրքիան այսօր ոտ ու ձեռ ընկած որքան էլ փորձում է եւրոպականացման քօղի տակ քաղաքակիրթ ազգային ինքնութիւն ձեռք բերել, միեւնոյն է չի յաջողւում, քանզի ողջ երկիրը սուտի եւ կեղծիքի, բռնութեան վարակով է տառապում: Ճիշդ է բնորոշել ամերիկացի քաղաքականագէտ Սամուէլ Ֆիլիպ Հանթինկթընը՝ ասելով. «Թուրքիան իր դիմագծով պատռուած երկիր է իր անհանգիստ չբացայայտուած ինքնութեամբ: Քաղաքական առաջնորդները կարող են պատմութիւն կերտել, բայց չեն կարող խուսափել պատմութիւնից: Նրանք ստեղծում են պատռուած երկիր: Նրանք վարակում են իրենց երկիրը հալածախտի մշակոյթով, որն էլ դառնում է իրենց շարունակական նկարագիրը»:
Իր այդ հալածախտի հիմնական առանցքը գործած ոճրի կոծկումն ու պատասխանատուութիւնից խուսափումն է, որը մինչեւ օրս Թուրքիան «վարպետօրէն» կարողանում է իրագործել:
Այստեղ ուզում եմ ձեր ուշադրութիւնը կենտրոնացնել մէկ այլ հանգամանքի վրայ: Մեզ համար այնքան էլ տարօրինակ չէ, որ Թուրքիայի պէս վայրենաբարոյ մի երկիր, որի համար սպանութիւնն ու զաւթումը բնածին արմատացած արարք է եւ քանի որ քաղաքակրթութեան անցեալ էլ չունի, խեղաթիւրի պատմութիւնը, կեղծ հազարամեայ պատմութեան դիմագիծ ստեղծի իր երկրի եւ ժողովրդի համար, չընդունի իր գործած Ցեղասպանութիւնը, յատկապէս, երբ այդ ընդունումը խախտելու է իր երկրի ներկայ տարածքների պատկանելիութիւնը, հարցականի տակ է դնելու իր գոյութիւնն այդ շրջանում: Զարմանալին այն է, որ որպէս արդարադատ հռչակուած Ամերիկան եւ Անգլիան էլ իրենց շահերից ելնելով, նրա հետ հաւասար դեռ շարունակում են ընդունել այդ խեղուած հերքումը: Այն նոյն Ամերիկան եւ Անգլիան, որոնց արխիւները լեցուն են իրագործուած Ցեղասպանութիւնը հաստատող միլիոնաւոր փաստերով, իրենց իսկ քաղաքակական գործիչների կողմից նկարագրուած նամակներով, դիմումներով, լուսանկարներով ու վաւերական ժապաւէններով:
Սակայն խօսքը միայն մի քանի միլիոն անմեղ հայութեան ոչնչացման ուրացումի մասին չէ, որի վրայ մենք էլ հապճեպօրէն հիմնուեցինք, եւ դեռ շարունակում ենք հիմնուած մնալ առ այսօր, մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը միայն մեր ազգի կոտորման, սպանութեան ոլորտի մէջ տեսնելով եւ քրիստոնէութեան համար կոտորուելով աշխարհին ներկայանալով:
Հիմնականում այն աւելի՛ն է: Դա, ոչնչացման համար օգտագործուած տարբեր ձեւերի, մէկ ամբողջ ժողովրդի իրենց դարաւոր հայրենիքից տեղահանելու, նրանց հայրենիքի տարածքներին, ունեցուածքներին եւ հաստատութիւններին տիրանալու փաստն է, որը երբեք չկարողացանք ի լուր աշխարհի հնչեցնել եւ պարզ ցեղասպանութեան վրայ դա էլ աւելացնելով՝ բռնագրաւուած մեր երկիրը օրինաւոր պահանջ դարձնել: Այս փաստարկը յանգեցնում է աւելի մեծ դատապարտումի, քան միայն տարբեր կրօնքի պատկանող փոքրամասնութիւն, ցեղախումբ, ժողովուրդ ոչնչացնելու օրէնքի տակ ընդունուած ցեղասպանութեան ընկալումն է, ինչպէս օրինակ հրեաների պարագան էր, որից օգտուեցին նրանք: Աւելին, օտար երկրում՝ Գերմանիայում, որպէս այդ երկրի քաղաքացիներ, նրանց դէմ կատարուած ցեղասպանութեան դիմաց հրեաներին երկիր ու հսկայական դրամական փոխհատուցում շնորհուեց, մինչդեռ մեր աւանդական երկրում, մեր տարածքներում, տեղի ունեցաւ մեր ոչնչացումը, երկիրն էլ խլուեց մեզնից ու մենք դեռ ձեռնունայն սպասում ենք հրաշքի, գուցէեւ թուրքի «արդարամիտ գթասրտութեանը», ո՞վ գիտէ:
Մենք չկարողացանք մեր տարածքների, ունեցուածքների, հաստատութիւնների, դարաւոր յուշարձան-կոթողների մեզնից խլումը եւ մինչեւ օրս ոչնչացումը ո՛չ օրինական պահանջ դարձնել, ո՛չ էլ բողոքել, բարձրաձայնել, դրա վրայ հիմնել մեր պայքարը:
Չկարողացա՛նք անգամ օգտագործել Ռ. Լեմկինի՝ մասնաւորաբար հայութեան համար ստեղծած Ցեղասպանութեան դատապարտման օրինագիծը, որից անմիջապէս օգտուեցին հրեաները եւ Լեմկինը ստիպուած գրեց. «Մենք չափազանց շուտ ենք մոռանում: Սա է մեր ժամանակների ողբերգութիւնը: Երէկ զոհերը հայերն էին, իսկ ո՞վ կը լինի վաղը…»
Մենք ոչ միայն չկարողացանք, այլ մեր զոհերի բանկային դատը շահած չնչին դրամներն էլ վերածեցինք անձնական ամօթալի շահոյթի:
Մինչ Թուրքիան է՛լ աւելի լկտիաբար է ժխտում իր գործած ոճիրը, մենք աւելի բարեհաճ երախտագիտութեամբ ենք լեցւում այն երկրների հանդէպ, որոնք ընդունում են մեր դէմ կատարուածը: Անշուշտ գնահատելի է օրէօր աւելացող այդ երկրների ներդրումը մեր հարցում եւ նաեւ աշխարհում դեռ շարունակուող ցեղասպանութիւնները կանխելու գործում, բայց նկատի պիտի ունենանք, որ նրանք մեր փոխարէն մեր հարցը չեն լուծում: Նրանք պարզապէս իրենց մաշկն են փրկում մէկ դար յետոյ ընդունելով եղեռնագործութիւնը, այսօրուայ համատեքստում քաղաքակիրթ երեւալու համար:
Անձնապէս ինձ, բոլորովին չի հետաքրքրում, թէ ո՛ր երկիրը կ՛ընդունի կամ չի ընդունի իմ ազգի դէմ գործուած ոճիրը, քանզի նրանց ընդունում-չնդունումը ոչինչ է փոխելու մեր կորուստներում եւ մեր անուշադրութեան մատնած պահանջատիրութիւնում:
Ինձ համար կարեւորը մե՛ր երկրի եւ համայն հայութեան միասնական մօտեցումն է մեր ազգային այս յոյժ կարեւոր խնդրին:
Գիտեմ, շատերը յոգնել են, շատերն այն համարում են հնամաշ հարց, անգործների անօգուտ զբաղումի նիւթ եւ այլն, այս ամէնով հանդերձ ուզում եմ շեշտել, այնքան ժամանակ, որ թուրքերը ազգովին հսկայական դրամ ծախսելով ժխտման քարոզչութիւն են տարածում, դա նշանակում է, որ մեր պահանջատիրութեան հարցը դեռ կենդանի է նրանց համար եւ ճակատագրական: Նրանք դեռ վախենում են մեր պահանջատիրութեան հարցի բարձրացումից:
Ուրեմն իրենք թակարդը ընկածի վիճակում են եւ մենք յուսահատուելու կամ թերագնահատելու փոխարէն օգտագործենք իրենց ժխտման քարոզչութիւնը հէնց իրենց դէմ, եւ նոր մտայնութեամբ մօտենանք հարցերին:
Ցեղասպանագիտութեան ուսումնասիրութիւններում աւելի յաճախակի ենք հանդիպում Ցեղասպանութեան գիտակցական հերքումի եւ զոհի վրայ նրա թողած հոգեկան, մտային եւ հասարակական յարաբերութեան հետեւանքների մասին, որոնք թուարկեցի իմ գրութեան սկզբում: Մենք յենուելու ենք գիտակցական այդ հետեւանքների դատապարտումի վրայ՝ հոգեկան, բարոյականից սկսած մինչեւ հասարակական, քաղաքական մեզ հասցուած վնասները:
Այդ երկարաձիգ ժխտման հետեւանքով է, առանց հեռանկարի, օրէօր աւելի ու աւելի ենք ամրանում օտար երկրներում, աւելի սերունդ, մշակոյթ ու դիմագիծ կորցնում, առանց հայրենի հողի ոչ ամբողջական, երկդիմի կեանք ապրում, մեր ինքնութիւնը պահելու համար անվերջ նոր հաստատութիւններ հիմնում, կորցնում ենք ժողովուրդների դէմ գործուած անարդարութիւնների օրէնքների դէմ մեր հաւատը: Ճիշդ է, երբեմն գիտաժողովներով փորձում ենք հաստատել մեր դէմ կատարուածը, Ապրիլ 24եան մեր քայլարշաւներով, յուշարձանների այցելութիւններով պարզապէս շարունակում ենք մեր մէջ վառ պահել մեր դէմ կատարուած փաստը:
104 տարի յետոյ էլ դեռ մենք փորձում ենք հաստատել կատարուածը անտեսելով՝ հետեւանքը, այսինքն ժխտումը, փաստերի աղաւաղումը, որը ինչպէս նշեցի՝ նոյնքան մեծ բարոյական, տնտեսական, հոգեբանական հարուած է մի ամբողջ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար:
Պատմական փաստերի միտումնաւոր կեղծումը ներկայացնող իրականութեամբ, արհամարելով, վարկաբեկելով աշխարհի տարբեր երկրների, քաղաքական գործիչների, գիտական, հասարակական ու պատմական գիտաժողովներում ընդունուած, վաւերացուած անհերքելի փաստերը, թուրքիան շարունակում է այն օգտագործել որպէս զէնք իր քաղաքական դիրքը ամրացնելու համար:
Մի ամբողջ պետութեան գիտակցօրէն ժխտումը իր գործադրած մասսայական սպանդի եւ բռնազաւթումի համար՝ քառակի՛ յանցանք է, քանզի այդ ժխտման վրայ նա հիմնում է կրթական, գիտական, քաղաքական, միջազգային յարաբերութեան իր հաստատութիւնները, որոնք տարածում, քարոզում են նենգափոխուած պատմական փաստեր, դրանով փոխելով նաեւ աշխարհի պատմութիւնը:
Պատմութիւնը, այն էլ քաղաքական իրադարձութիւնների պատմութիւնը միայն ճշմարտութիւն է պահանջում, քանզի այդ պահը արդէն անցեալ է եւ ներկայացուող փաստերի վրայ է ապագայ սերունդը հիմնում իր գիտելիքը, իր տեսլականը տուեալ երկրի գոյութեան եւ ժողովրդի մասին:
Հերքել կատարած ոճիրը, փոփոխել փաստերը, դա նշանակում է ոչ միայն աղաւաղել ճշմարտութիւնը, այլ հաւասար է փոփոխելու պատմութեան ընթացքը: Այս դէպքում հերքելով իր գործած Ցեղասպանութիւնը, թուրքիան հիմնականում նենգափոխում է նաեւ Առաջին Համաշխարհային պատերազմի ողջ փաստը, Գերմանիայի մասնակցութիւնը մեր ոչնչացմանը, Ֆրանսայի գաղտնի գործառքը, որի հետեւանքով հայութիւնը երկրորդ կոտորածը կրեց եւ վերջնականապէս զրկուեց իր կենտրոնական տարածքից. Անգլիայի դաւադրութիւնը, Ռուսիոյ՝ մեր տարածքների վաճառքը Աթաթուրքին: Չէ՞ որ այս բոլորը արձանագրուած փաստեր են, համաձայնագրեր ու քաղաքական դաշինքներ են տարբեր երկրներում նրանց ղեկավարների կողմից հաստատուած ու ստորագրուած, եւ որ ամենակարեւորն է՝ այն նաեւ այդ երկրների պատմութի՛ւնն է:
Նենգափոխուած սուտը եւ այսօրուայ աշխարհի քաղաքականութիւնը շաղկապուած են իրար, լրացնում են իրար, անվերջ արարելով մէկ այլ սուտ՝ նախկինի սուտը հաստատել-պաշտպանելու համար, եւ սուտի այդ անվերջանալի ոլորապտոյտում խեղդւում, արդէն շնչահեղձ է լինում մեր պահանջատիրութիւնը:
Այդ նենգափոխուած ժխտումի դատապարտումին վրայ պիտի հիմնենք մեր քաղաքական օրինագիծը, քանզի այն օգտագործւում է մեր դէմ որպէս մեզ իսպառ ոչնչացնելու քաղաքական զէնք:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ՍԱՆ ՖԵՐՆԱՆՏՕ ՀՈՎԻՏ
ՀՅԴ «Ռոստոմ» Կոմիտէ
ՀԵԴ «Սարդարապատ» Ուխտ
ՀՅԴ «Սիմոն Վրացեան»
եւ «Արաբօ» Պատանեկան Միութիւններ
ՀՕՄի «Անահիտ» Մասնաճիւղ
ՀՄԸՄի «Մասիս» Մասնաճիւղ
Համազգայինի «Պարոյր Սեւակ» Մասնաճիւղ