«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԷՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ». «ՏԵՆՆԻՔ Ն»
Հեղինակ՝ ՎԼԱՏԻՄԻՐ ՇՆԻԴԼ
Թարգմանեց՝ Ա. ՄԱՐԳԱՐԵԱՆ
«ՌԱԶՄԻՆՖՕ».- 2017ին յայնտի դարձաւ Ադրբեջանի բանակում Dana ինքնագնաց հաուբիցի եւ RM-70 ՀԿՌՀների առկայութեան մասին: Յետագայում պարզուեց, որ տեխնիկան Չեխիայից տեղափոխւում է Սլովակիա, ապա այնտեղից Իսրայէլի միջոցով Ադրբեջան:
Մատակարարումների, Սլովակիայի արձագանգի մասին սլովակական «ՏեննիՔ Ն» (Dennik N) թերթում յօդուած է պատրաստել լրագրող Վլադիմիր Շնիդլը: Լրագրողը զրուցել է նաեւ դեսպան Տիգրան Սէյրանեանի հետ, ով բաւական կոշտ քննադատել է սլովակների գործելաոճը:
Ստորեւ ներկայացնում ենք յօդուածի հայերէն տարբերակը՝ որոշ փոքր կրճատումներով:
Յատուկ ընգծենք, որ յօդուածում տեղ գտած մտքերը «Ռազմինֆօ»ինը չեն: Այն թարգմանել եւ «Ռազմինֆօ»ին է տրամադրել Ա. Մարգարեանը:
Կառավարութիւնը (Սլովակիայի) հավբիցների եւ համազարկային կրակի ռէակտիւ (հակազդող-Խմբ.) համակարգերի արտահանման լիցենզիա (արտօնագիր-Խմբ.) է տրամադրել: Դրանք տարանցուել են Իսրայէլով եւ վստահաբար յայտնուել Ադրբեջանում: Լիցենզաւորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարութիւնը: Ինչպէ՞ս են արտահանումը ստուգել անվտանգութեան ծառայութիւնները, յայտնի չէ:
Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիւանագիտութեան մէջ: Նա հրապարակայնօրէն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական յարաբերութիւններ:
Սէյրանեանը «Տեննիք Ն» լրատուակայքին սլովակեան հավբիցների եւ համազարկային կրակի ռէակտիւ համակարգերի արտահանման վերաբերեալ կարծիք է յայտնել առ այն, որ դրանք ի վերջոյ յայտնուել են Ադրբեջանում: Այդ առեւտուրը վերջին ամիսներին կատարուել է միայն սլովակեան իշխանութիւնների համաձայնութեամբ: Դրանք արտահանուել են այնպիսի մի երկիր, որի հանդէպ կիրառւում է նմանատիպ արդիւնաւէտ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգօն (նաւարգել, սահմանափակում-Խմբ.):
Դեսպան Տիգրան Սէյրանեանն այդ զէնքը սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգութեան համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ երկարամեայ լարուած յարաբերութիւններ ունեն:
«Այս զինատեսակներն իսկապէս վտանգաւոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը, այլեւ Սլովակիայի հետ մեր բարեկամական յարաբերութիւնների պատկերը», փաստում է Սէյրանեանը:
Զէնքի արտահանման յետեւում կանգնած է սլովակեան MSM ընկերութիւնը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Եարոսլաւ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարութիւնը ընկերութեանը լիցենզիա է տրամադրել արդիականացուած RM-70 հրթիռային համազարկային կայանքներ եւ արդիականացուած Dana ինքնագնաց հավբիցներ Իսրայէլ արտահանելու համար:
Չեխ լրագրողները մի շարք ապացոյցներ են ձեռք բերել, որ Իսրայէլը պարզապէս տարանցիկ կայան է, մինչդեռ զէնքի իրական գնորդն Ադրբեջանն է, որը նոյնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զօրավարժութիւնների ժամանակ, ինչով ապացուցում է դրանց ձեռքբերումը:
Դեսպան Սէյրանեանն այդ տեղեկատուութիւնը կարեւոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերւում Հայաստանին. «Մենք խօսում ենք Ադրբեջանին յարձակողական զէնք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանութիւն: Ամէն օր, նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի, նաեւ Հայաստանի դէմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղութեանը եւ կայունութեանը»:
Սլովակիայի կառավարութիւնը, սակայն, ամէն կերպ հերքում է արգելուած երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատուութիւնը: Այն կրկնում է, որ համաձայնութիւն է տուել դա միայն Իսրայէլ արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90ական թուականներից ի վեր սպառազինութեան էմբարգոյի ենթարկուած երկիր է:
«Սլովակիայի Հանրապետութիւնը երբեք թոյլ չի տուել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք յարգում ենք մեր միջազգային պարտաւորութիւնները», ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարութիւնը:
Սէյրանեանի նստավայրը Պրահայում է, բայց որպէս դեսպան հաւատարմագրուած է նաեւ Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարուանից բազմիցս դիմել է սլովակեան իշխանութիւններին եւ սլովակեան դիւանագէտներին, արտայայտելու համար իր «խորը մտահոգութիւնը»:
«Մենք ակնկալում ենք, որ Սլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կը պատասխանեն մեր հարցերին, այլեւ կը հետաքննեն, թէ ինչպէ՛ս է հնարաւոր եղել, որ Czechoslovak Group-ը մարտական սպառազինութիւն է արտահանել Ադրբեջան», տեսակէտ է յայտնել դեսպանը, նաեւ՝ Չեխիայի հեռուստատեսութեան լրագրողին՝ «Մեր Լրագրողները» հաղորդաշարի համար:
Չեխական հեռուստատեսութեան լրագրողներն անցած տարուայ Սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերութիւնների արտահանումներին նուիրուած երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տուեալների՝ Սլովակիայից Ադրբեջան կարող էր հասնել մինչեւ 30 միաւոր արդիականացուած հավբիցներ եւ 38 հրթիռանետեր:
Դրա ապացոյցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսութիւնը Յունիսի կէսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը մարտական պայմաններում արդէն փորձարկել է Սլովակիայից ստացուած հավբիցները:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի կողմից հաստատուած մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ են իրականացրել իրական մարտական իրավիճակին մօտեցուած պայմաններում», նշւում է Յունիսի 14ի ռեպորտաժում:
Սլովակեան ընկերութիւնների համար զէնքի արտահանման թոյլտուութիւնը տրւում է էկոնոմիկայի նախարարութեան կողմից: Նախարար Պետեր Զիգան սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատուամիջոցների ճնշման ներքոյ: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայութեանը եւ անվտանգութեան այլ մարմիններին, որպէսզի կասկածներն ստուգուեն:
Միեւնոյն ժամանակ, նա յայտարարել է, որ ինքը կասկած չունի, որ զէնքերը գտնւում են Իսրայէլում: Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնն, ըստ Ժիգայի, գրաւոր կերպով հաստատել է, որ զէնքն Իսրայէլից այլեւս չի արտահանուի: «Հակառակ դէպքում, մենք պէտք է Իսրայէլին կասկածի տակ դնենք որպէս վստահելի երկիր եւ ստիպուած կը լինենք պատժամիջոցներ սահմանել», ասել է Ժիգան:
Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր կասկածանքերը, որ սլովակեան սպառազինութիւնները հասել են Ադրբեջան: Նա անցաւ գործողութիւնների միայն Ապրիլին, երբ չեխական հեռուստատեսութիւնը նոր ապացոյցներ ներկայացրեց:
Այն տեսակէտը, որ զէնքերը մնում են Իսրայէլում, պնդում են նաեւ Սլովակիայի MSM ընկերութեան ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացւում է Ստրնադի Czechoslovak Group-ի առեւտուրը: ՀԿՌՀները եւ հավբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայէլական Elbit ռազմարդիւնաբերական ընկերութիւնն իբր թէ Իսրայէլի զինուած ուժերի համար:
«Մենք անգամներ կրկնել ենք, որ մեր ընկերութիւնը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստօրէն յարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրէնսդրութիւնը: Մեր յաճախորդը Elbit Systems-ն է եւ վերջնական օգտագործողն՝ Իսրայէլի պետութիւնը», նշում է MSM-ի մամլոյ քարտուղար Լուցիա Օլլէն:
Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամէն ինչ մաքուր է թղթի վրայ», բայց դա դեռ չի նշանակում, որ ամէն ինչ կարգին է:
«Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թէ Czechoslovak Group-ը չգիտէր, որ հրթիռանետերն ու հավբիցներն արտահանւում են Ադրբեջան», ասում է Սէյրանեանը:
Յիշենք, որ չեխական հեռուստատեսութիւնը ժամանակին կորզել էր MSM ընկերութեան նախկին աշխատակցի վկայութիւնն, ըստ որի Սլովակիայում վերապատրաստուել են ադրբեջանական բանակի տեխնիկները (գիտարուեստը-Խմբ.)՝ որպէսզի կարողանան զէնքն սպասարկել:
«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապէս մեկնում էին Ադրբեջան: Աւելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մօտ: Օրինակ, Հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստուել են Սլովակիայում երեք օրուայ ընթացքում, որպէսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել», ասաց աշխատակիցը լրագրողին:
MSM ընկերութիւնը հերքեց այդ տեղեկութիւնները՝ դրանք որակելով որպէս մրցակիցների քարոզարշաւ:
Դեսպանը լրացուցիչ ապացոյց է համարում ադրբեջանական օդանաւերի թռիչքները Սլովակիա։ Չեխական հեռուստատեսութիւնը եւ «Տեննիք Ն» լրատուակայքը կարողացել են Ստրնադի արդիականացուած զէնքերը նկարահանել Մ. Ռ. Շտեֆանիկի անուան օդանաւակայանում: Բրատիսլաւայի օդանաւակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ընկերութեան ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան կանգ առնելով Իսրայէլում:
«Կան յստակ ապացոյցներ, որ ադրբեջանական աւիաընկերութեան բոլոր թռիչքները Բրատիսլաւայից մեկնում են իսրայէլական Ովդա կամ Թել Աւիւ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք», նշում է Սէյրանեանը:
«Տեննիք Ն»ը մեկնաբանութիւն է խնդրել նաեւ Globsec-ի (Բրատիսլաւայում գործող գիտահետազօտական կենտրոն) վերլուծաբան Եան Ցինգելից, ով տեւական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական յարաբերութիւններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգութիւններին պէտք է լուրջ վերաբերուել:
«Ադրբեջանն այսօր աւելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ աւելի մեծ բնակչութիւն ունի եւ աւելի բարձր ռազմական բիւջէ, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ եւ հակամարտութեան վերսկսմամբ, ու յոյս ունի այս անգամ յաջողութեան հասնել», նշում է Ցինգելը:
Երկու երկրների միջեւ տեղի են ունենում համեմատաբար աւելի փոքր ընդհարումներ, որոնց արդիւնքում մարդիկ են զոհւում: Վերջին օրինակն այն է, որ այս տարուայ Յունիսին, ըստ Ցինգելի, միջադէպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չէզոք տարածքում» բլուր էր վերցրել Նախիջեւանի իր անկլաւի մօտ:
«Դրա շնորհիւ, նա նշանառութեան տակ է պահում Արենի գիւղը, որ գտնւում է երկրի հարաւն ու հիւսիսը, նաեւ Երեւանը հարաւի հետ կապող մայրուղու վրայ: Այս մայրուղին շատ կարեւոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացւում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները», աւելացրել է նա:
Սլովակիան միակ երկիրը չէ, որ զէնք է մատակարարում Ադրբեջանին: «Ռազմական Լուրեր»ը սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաեւ բրիտանական Land Rover տրանսպորտային միջոցներ կամ թուրքական T-122 Sakarya եւ T-300 Kasirga համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր:
Հայաստանը Ռուսաստանից է զէնք գնում, որն իր հերթին առեւտուր է անում նաեւ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցութիւնը երկու երկրներում», բացատրում է Ցինգելը:
Ադրբեջանի սպառազինութեան շօշափելի մասը գալիս է Իսրայէլից: Օրինակ, իսրայէլական զինագործական Elbit ընկերութիւնը, որ սլովակեան հավբիցներ եւ հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին SU-25 մարտական ինքնաթիռների լայնածաւալ արդիականացման հարցում:
Ցինգելը նոյնպէս կարծում է, որ իսրայէլական ընկերութիւնը հազիւ թէ սլովակեան սպառազինութիւններ ձեռք բերէր իր բանակի համար: «Իսրայէլը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինուելու է սլովակեան Dana-ներով», նշում է Ցինգելը:
«Իսրայէլը շատ լաւ յարաբերութիւններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթէ Իսրայէլը որոշում կայացնի իրանական միջուկային օբյէկտների վրայ օդային հարուածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպէս ռազմակայան», ասում է Ցինգելը:
Սլովակիան Հայաստանի հետ աւելի է զարգացնում յարաբերութիւնները, քան Ադրբեջանի հետ: Արդէն 2004 թուականին, Եւրոպայում առաջիններից մէկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց 1915 թուականի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ:
Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում եւ աջակցում են միմեանց: Ընթացիկ տարուայ Մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլաւայում Հայոց Ցեղասպանութեան մասին ցուցահանդէս բացելու նպատակով:
Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյեանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրէյ Կիսկան եւ խորհրդարանի խօսնակ Անդրէյ Դանկօն: «Աշխատանքային շփումները շարունակուելու են, որպէսզի միմեանց հետ աւելի սերտ գործակցենք, չնայած որ մեր սրտերով արդէն չափազանց մօտ ենք»», ասել է Դանկօն հանդիպումից յետոյ:
Զաւեշտալին այն է, որ նոյն պահին Բրատիսլաւայի օդանաւակայանից արտահանուել են հրթիռանետեր ու հավբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը:
Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխուեց: Զանգուածային ցոյցերն ստիպեցին կառավարութեանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձաւ ընդդիմութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարութիւնն անմիջապէս սկսեց հակակոռուպցիոն եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:
«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխութիւններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցութեան կարիք ունի Եւրամիութիւնից, ներառեալ Սլովակիայից», ասում է Ցինգելը:
Հաշուի առնելով սլովակա-հայկական բարեկամական յարաբերութիւնները, դեսպան Սէյրանեանն ի սկզբանէ ցանկացել էր խնդիրը լուծել առանց աւելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակեան դիւանագէտներին նամակներով, հեռախօսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգութիւն ենք յայտնել սլովակեան կողմին բազմիցս եւ տարբեր մակարդակներում», ասում է նա:
Նա նաեւ պաշտօնական յայտագիր է ուղարկել Բրատիսլաւա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապէս, նա դիմել է յաջորդ քայլին եւ բաց խօսել Չեխիայի հեռուստատեսութեան եւ այժմ՝ «ՏեննիՔ Ն» թերթի համար: Բնական է, որ իր յայտարարութիւնները նա համաձայնեցրել է Երեւանում՝ արտաքին գործերի նախարարութեան հետ:
Սլովակիայի դիւանագիտութեան պատասխանատուներից մէկը «Տեննիք Ն»ին արձագանգել է՝ Սէյրանեանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար եւ դրական ենք արձագանգել»: Նա նշել է. «դեսպանի հետ մեր դիւանագէտները բազմիցս քննարկել են այս խնդիրն», ինչն, ըստ խօսնակ Սուսկոյի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրութիւն են դարձրել այդ խնդրին:
«Դեսպանին միշտ հաւաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետութիւնը երբեք թոյլ չի տուել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան եւ խստօրէն յարգել իր միջազգային պարտաւորութիւնները: Նրան տրամադրուել է հասանելի տեղեկատուութիւն եւ բացատրուել ու իրազեկուել գործընթացների մասին», ասում է Սուսկօն:
Յայտագրին պաշտօնապէս չեն արձագանգել, ըստ Սուսկոյի, դա կ՛անեն գործի ամբողջական հետաքննութեան աւարտից յետոյ: «Մենք պատրաստ ենք շարունակել դիւանագիտական երկխօսութիւնը դեսպանի եւ հայաստանեան այլ ներկայացուցիչների հետ», աւելացնում է Սուսկօն:
Սակայն հետաքննութիւնն ուշացաւ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել Ապրիլին՝ չեխական ԶԼՄներում արատայայտած առաջին կասկածներից կէս տարի անց:
«Մենք, որպէս վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրայ: Մենք պէտք է ստուգենք բոլոր փաստերը եւ հաւաքենք դատական առումով ընդունելի բաւականաչափ ապացոյցներ, որպէսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել», պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարութիւնը:
Այդ հետաքննութիւնը չէր կարող վտանգ ներկայացնել «Իսրայէլի» հետ Ստրնադի առեւտրին: Նրա ընկերութիւնները մինչեւ 2018թ. Յունիսի 28ն արտահանման արտօնագիր ունէին եւ, ամենայն հաւանականութեամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծաւալով:
Դէպի Իսրայէլ յետագայ արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթէ MSM ընկերութիւնը նման լիցենզիա խնդրի, ապա մենք, արտաքին գործերի նախարարութեան հետ խորհրդակցելուց յետոյ, դա չենք տրամադրի՝ մինչեւ Ադրբեջանին զէնքի հնարաւոր վերարտահանման մասին տեղեկատուութեան ստուգման աւարտը», այժմ նշում է էկոնոմիկայի նախարարութիւնը:
Արտահանման հանգամանքների հետաքննութիւնն արդէն աւելի քան երկու ամիս է շարունակւում է: Պաշտօնեաները, ըստ էկոնոմիկայի նախարարութեան մամլոյ քարտուղար Մարոշ Ստանի, MSM ընկերութիւնից պահանջել են ապացուցել, որ ՀԿՌՀները եւ հավբիցները իրականում յանձնուել են Իսրայէլին: «Նման «վկայութեան» հաւաստիութիւնը յետագայում կը ստուգուի դիւանագիտական խողովակներով: Եթէ լիցենզաւորուած ընկերութիւնը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարոյթ կը յարուցուի վարչական իրաւախախտման կասկածանքով»:
Ին՞չ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերութիւնը կարող է տեսականօրէն տուգանուել, եւ, ծայրայեղ դէպքում, նաեւ կորցնել ռազմական տեխնիկայի առեւտրի թոյլտուութիւնը: Դա արդէն իր համար մեծ խնդիր կը լինի:
«Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթէ հետաքննութեան արդիւնքում պարզուի, որ MSM-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգութեան շահերը», նշում է Ստանօն:
Մինչ այժմ, սակայն, քիչ հաւանական է, որ (ընկերութեանը) նման ծայրայեղ իրավիճակ սպառնայ: MSM-ը Սլովակիայի ամենակարեւոր ռազմարդիւնաբերական ձեռնարկութիւնն է: SMER-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարութեան օրօք այն պետութիւնից վարձակալել է մի շարք ռազմարդիւնաբերական ընկերութիւններ: Պովաժի եւ Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարիւրաւոր մարդիկ:
Եթէ պետութիւնը խոստովանի, որ զէնքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կը հաստատի, որ մեր անվտանգութեան ծառայութիւնները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարութիւնը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դէպքում, երբ ստանայ մի շարք հաստատութիւնների, այդ թւում՝ Սլովակիայի տեղեկատուական ծառայութեան կամ Ազգային անվտանգութեան գրասենեակի համաձայնութիւնը:
Այս հաստատութիւնները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինութիւնը յայտնուել արգելուած երկրում, թէ ոչ: «Էկոնոմիկայի նախարարութիւնն արտահանման արտօնագիր է տրամադրում միայն այն դէպքում, եթէ դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչութիւնը, պաշտպանութեան նախարարութիւնը, ներքին գործերի նախարարութիւնը, հետախուզական ծառայութիւնները, ազգային անվտանգութեան գրասենեակը եւ հարկային ծառայութեան քրէական բաժինը: Դրանք իրաւասու են արտաքին քաղաքական, անվտանգութեան կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում», բացատրում է Ստանօն:
Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացուել: Յաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահութիւնն, այն կազմակերպութեան, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցութիւնները: Պարադոքսն (յարակարծիքը-Խմբ.) այն է, որ վերջերս Սլովակիայի դիւանագիտութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար յատուկ դեսպանի հաստիք է կորզել:
«Ինչ կը լինի Սլովակիայի արժանահաւատութիւնը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թէ որտեղ եւ ուր ենք մենք արտահանել զէնքը: Հակամարտութեան կողմերի համար դժուար է ընկալել մեզ որպէս չէզոք եւ անկողմնակալ դերակատար», նշում է Ցինգելը:
Սլովակեան դիւանագիտութիւնը, սակայն, յուսով է, որ այլ պետութիւններն ըմբռնումով կը մօտենան Սլովակիայի հանդէպ: «Եթէ հետաքննութեան աւարտից յետոյ պարզուի, որ սպառազինութիւնն արտահանուել է յայտարարուած երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետութեան իմացութեան: Այդ դէպքում մենք միջոցներ կը ձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղութեամբ», հաւաստիացնում է ԱԳՆն:
«ՌԱԶՄԻՆՖՕ»