ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Հաւանաբար, ի սկզբանէ, աշխարհն այդպէս է առաջ շարժուել, շարժուել է փոքրաքանակ մարդկանց ջանքերով ու զոհողութեամբ: Աշխարհի բնակչութիւնն այսօր միլիարդների է հասնում, բայց բնակչութեան քանակական աճը չի յանգեցնում որակական աճի: Թւում է, հակառակն է տեղի ունենում՝ մարդկութիւնը հետզհետէ կանգնում է նոր խնդիրների առջեւ, որոնք կամ անլոյծ են կամ մասամբ լուծելի: Այս երեւոյթի պատճառները տարատեսակ են, բայց մէկ բան ակներեւ է, որ մարդկանց փոքր մի մասն է յանձն առել աշխարհն աւելի լաւ դարձնելու դժուարին գործը եւ այդ գործի իրականացման համար պահանջուող պայքարը: Ինչպէս ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյն է ասում. «Աշխարհն առաջ է շարժւում նրանց շնորհիւ, որոնք տառապում են»: Աշխարհում ծով տառապանք կայ եւ անթիւ են տառապողները, սակայն քիչ են այն մարդիկ, որոնց տառապանքն անանձնական բնոյթ ունի, որոնք գրչով կամ զէնքով պայքարում են համընդհանուր բարօրութեան, ազատութեան եւ արդարութեան հաստատման համար, յաճախ զոհւում այդ ճանապարհին: Դրանք մեծ ան-հատականութիւններ են, ընդգծուած բնաւորութիւններ, որոնք մեր ժամանակներում սակաւ են ծնւում, սակայն այդ սակաւութեամբ հանդերձ կեանքն առաջ է շարժւում:
Աշխարհի ու մարդկութեան ճակատագրով խորապէս հետաքրքրուող եւ տառապող մարդկանց կողքին բազմամիլիոնանոց է անտարբերների բանակը, որի մի մասը անգէտ է կամ անկարող որեւէ ձեւով մասնակից դառնալ տարուող պայքարներին: Կայ եւ անտարբերների մէկ ուրիշ մեծաթիւ մաս, որ բոլոր միջոցներն ունի փոփոխութիւն մտցնելու մարդկանց կեանքում, բայց սահմանափակուած է իր անձնական նեղ կեանքի շրջանակում, հետաքրքրուած չէ համընդհանուր կեանքով, նոյնիսկ իր քաղաքի կամ գաղութի կեանքով: Եսակենտրոնի համար ամէն ինչ լաւ է, եթէ ինքը լաւ է, իսկ շատերի համար իրենց ընտանիքի բարօր վիճակը բաւական է գոհ ու ինքնաբաւ լինելու համար եւ չհետաքրքրուելու աշխարհը յուզող խնդիրներով. դրանք իրեն չեն վերաբերում, ինքն անտարբեր է դրանց հանդէպ: Այսպիսիների ցանկութիւններն ու իղձերը նիւթական են եւ դուրս չեն թռչում իրենց տան ցանկապատից այն կողմ:
Կարծում ենք, դժուար ու հետեւողական լայն աշխատանք է պահանջւում դպրոցներից, եկեղեցուց, հասարակական կազմակերպութիւններից, մարդկանց մէջ մաս եւ մասնակից դառնալու գաղափարը ձեւաւորելու ուղղութեամբ: Միայն այդպէս կարելի է հնարաւորինս աւելի շատ նմանօրինակ մարդիկ ունենալ մեր կեանքի, բոլոր ոլորտներում, առաւելագոյն յաջողութիւն ունենալու համար, այլ խօսքով բազմացնել տառապողների թիւը: Անտարբերներին տալ այն ըմբռնումը, որ իրենք անօգտակար են հասարակութեան համար եւ աւելի շատ ստացողի քան տուողի դերում են, Պարոյր Սեւակի յայտնի արտայատութեամբ, իրենք նստած են աշխարհի շալակին, փոքրաթիւ մարդկանց վտիտ ուսերին դնելով աշխարհը շալակելու տքնաջան աշխատանքը: