[embedyt] https://www.youtube.com/watch?v=wMsW6x_gp1k[/embedyt]
Արցախի Օմբուդսմենը Պայմանաւորուածութիւններ Է Ձեռք Բերել ԱՄՆ Գիտակրթական Եւ Քաղաքական Շրջանակներում
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս ընթացաւ ձեր այցը Միացեալ Նահանգներում:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- ԱՄՆ էի ժամանել Հայ Իրաւաբանների միութեան հրաւէրով՝ մասնակցելու կազմակերպութեան ամենամեայ համաժողովին որպէս հիմնական զեկուցող: Յունիսի 29ին, ելոյթ ունեցայ «մարդու իրաւունքների խախտումները եւ սահմանափակութիւնները՝ պայմանաւորուած արտաքին գործօններով» զեկոյցով, որ հիմնականում վերաբերում է Արցախի չճանաչուածութեանը եւ Ադրբեջանի մեկուսացման եւ հայատեացութեան քաղաքականութեանը, որ պատճառ է դառնում մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումների եւ սահամանափկումների:
Համաժողովից բացի նախատեսուած էին բազմաթիւ հանդիպումներ, համալսարանական շրջանակների հետ, այդ թւում՝ «Իւսիէլէյ»ի «Խոստում» ինստիտուտի (հիմնարկի-Խմբ.) (Promise Institute for Human Rights), Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնի, «Լոյոլա» համալասարանի, Հարաւ-արեւմտեան համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի (բաժինի-Խմբ.) ղեկավարների հետ: Նախնական պայմանաւորուածութիւններ ենք ձեռք բերել համագործակցութիւնը շարունակական դարձնելու նպատակով՝ այդ թւում նաեւ քաղաքական որոշ շրջանակների, մասնաւորապէս՝ Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի հետ: Պատրաստւում եմ յարաբերութիւններն առաւել զարգացնել, որպէսզի հասկանանք, թէ այս շրջանակներն ինչպէս կարող են աջակցել Արցախում մարդու իրաւունքների պաշտպանութեան մակարդակի բարձրացմանը, Արցախի պետական եւ քաղհասարակութեան կառոյցների կարողութիւնների զարգացմանը, եւ այլն: Հանդիպումներ ունեցայ նաեւ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչների, մասնաւորապէս՝ Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան շրջանի, ՀԲԸՄ ղեկավարութեան հետ, Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոսարանում էլ՝ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող են ձեռք բերուած կապերը գործնական առումով օգտակար լինել ձեր նպատակներին:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Նշուած հանդիպումների արդիւնքում ձեւաւորուած կապերը կարող են օգտակար լինել միջազգային հանրութեան շրջանում Արցախի մասին իրազեկութեան մակարդակի բարձրացման հարցում: Շատ կարեւոր է, որ ԱՄՆ համալսարանական շրջանակների հետ պարբերական, շարունակական ծրագրեր իրականացնենք, արդիւնքում՝ ամերիկեան առաջատար համալասարանների տարբեր գիտական, կրթական շրջանակներ յաճախակի կը շփուեն Արցախի հետ, կը տեղեկանան, հետազօտութիւններ կ՛իրականացնեն: Բացի այդ, շատ կարեւոր է, որ Արցախում մարդիկ միջազգային շփումների հնարաւորութիւն ունենան՝ առաջատար համալսարաններում կրթութիւն ստանալու, հետազօտութիւններ իրականացնելու: Մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից էլ՝ ուժեղացնելու քաղհասարակութեան կարողութիւնները, որը մի ամբողջ համակարգի վրայ կարող է դրական ազդել՝ կայացնելով ժողովրդավարական ինստիտուտ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ մի շարք նահանգների խորհրդարաններ ընդունել են Արցախի անկախութիւնն ու ժողորդի ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւեր: Արդեօ՞ք այս հանգամանքը դիւրացնում է համագործակցութիւնը Արցախի եւ նահանգների միջեւ, եւ որքանո՞վ է այս իրողութիւնը կիրառւում հոգուտ Արցախի:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Մի շարք նահանգների կողմից ընդունուած բանաձեւերը իրաւական առումով ոչինչ չեն նշանակում, քանի որ նահանգներն ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն իրականացնելու լիազօրութիւն չունեն, յատկապէս՝ քաղաքական, դիւանագիտական յարաբերութիւնների տեսանկիւնից: Սակայն միւս կողմից՝ բարոյական, տեղեկատուական առումով շատ կարեւոր հիմք եւ կռուան են մեզ համար, ասելու, որ օրինակ Կալիֆորնիան ճանաչել է Արցախի հանրապետութեան անկախութիւնն ու աջակցութիւն է յայտնել մեր պայքարին: Միաժամանակ, Կալիֆորնիայում տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների հետ շփուելիս, այս փաստը կարեւոր է ներկայացնելու համար: Այդ հանգամանքն արդէն օգտագործւում է մեր կողմից, եւ որոշակի դրական արդիւնքներ կան: Արցախի արտգործնախարարութիւնը, Սփիւռքի կառոյցներն էլ աշխատում են, որ բանաձեւերը, յայտարարութիւնները որոշ չափով գործնական դաշտ բերենք: Այդ նպատակով, իմ այցի շրջանակներում փորձել եմ աշխատել՝ առաւելագոյնս կիրառական դարձնելու յարաբերութիւնները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Իրաւաբանների Միութեան համաժողովին մասնակցում էին ԱՄՆ տարբեր նահանգներից, Կանադայից հայ իրաւաբաններ: Առիթ ստեղծուեց համագործակցութեան նոր ձեւաչափեր հիմնելու՝ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին աջակցելու նպատակով:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Հայ Իրաւաբանների Միութեան հետ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը համագործակցութեան մի քանի տարուայ պատմութիւն ունի: Միութեան անդամները բաւական ակտիւօրէն աջակցել եւ աջակցում են մեր տարբեր ծրագրերի՝ տրամադրելով խորհրդատուութիւն, եւ իմ այս այցն էլ լրացուցիչ խթան է, որ մեր համագործակցութիւնն աւելի ամրապնդուի եւ խորանայ: Համաժողովի շրջանակներում նախնական որոշ գաղափարներ քննարկել ենք, եւ տեղեկացնեմ նաեւ, թէ նախկինում ինչ է եղել: Միութեան ֆինանսաւորմամբ եւ աջակցութեամբ, Արցախի պետական համալսարանում հիմնուել է Իրաւաբանական կլինիկա (Legal clinic), որի շրջանակներում, ուսանողները՝ փորձառու մասնագէտների գլխաւորութեամբ, անվճար խորհրդատուութիւն են տրամադրում քաղաքացիներին, եւ անհրաժեշտութեան դէպքում՝ դատարանում պաշտպանում են նրանց շահերը:
Միութիւնն աջակցել է նաեւ Արցախի թիմի մասնակցութեանը միջազգային յայտնի՝ Նիւրինբերգեան դատախաղին, աջակցել են արտգործնախարարութեանը՝ պատրաստելու Արցախի հանրապետութեան առաջին զեկոյցը՝ քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում՝ ՄԱԿի համապատասխան յանձաժողովին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի Մարդու իրաւունքների գրասենեակն ի՞նչ գործառոյթներ է իրականացնում՝ հաշուի առնելով նաեւ միջազգային իրաւական կարգավիճակով պայմանաւորուած առանձնայատկութիւնները:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Մարդու իրաւունքների պաշտպանի առաջնային գործառոյթը վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիների միջեւ յարաբերութիւններին: Երբ խախտւում է անհատի իրաւունքը, նա կարող է դիմել մարդու իրաւունքների պաշտպանին, առանց դատարանի դիմելու, եւ մեր լիազօրութիւնների շրջանակներում է միջամտել եւ սովորաբար, իրաւունքի խախտումը վերացւում է, եթէ իրաւախախտումը հաստատւում է: Եթէ գործը գտնւում է դատարանում, մարդու իրաւունքների պաշտպանն իրաւունք չունի տուեալ գործող զբաղուելու, քանի որ դատարանն աւելի բարձր օղակ է: ՄԻՊի որոշումները պարտադիր կատարման ենթակայ չեն, դրանք խորհրդատուական բնոյթ ունեն, սակայն պրակտիկան (անցեալի փորձը-Խմբ.) ցոյց է տալիս, որ դրանք պարտադիր կատարւում են՝ զուտ հեղինակութեան հիմքով:
ՄԻՊի գործառոյթներից է աջակցութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութեան միջավայրի բարելաւմանը, կրթութեանը՝ մարդկանց իրաւագիտակցութեան բարձրացմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արդեօք կայ վիճակագրութիւն, թէ մարդու յատկապէս ո՞ր իրաւունքներն են աւելի յաճախ խախտւում:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Վիճակագրութիւն իհարկէ կայ, բայց սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) է, քանի որ հիմքը մեզ ներկայացուած բողոքներն են: Մնացած դէպքերը քանակական առումով դժուար է գնահատել. եթէ մեզ չեն բողոքում՝ մենք հետազօտութեան գործիքներ չունենք: Ժամանակի ընթացքում ես պատրաստւում եմ զարգացնել այդ վիճակագրական գործիքները՝ որակական չափորոշիչները աւելացնել, որպէսզի խորութեամբ հասկանանք մարդու իրաւունքների պաշտպանութեան իրավիճակը եւ միտումները, ինչը մեզ կ՛օգնի աւելի արդիւնաւէտ քաղաքականութիւն վարել, բարելաւել այդ դաշտը:
Մեր բողոքների վիճակագրութեանն անդրադառնալիս, ասեմ, որ հիմնական մասը սոցիալական (ընկերային-Խմբ.) բնոյթի են: Օրինակ, 2018 թուականին մենք ստացել ենք 138 դիմում 159 անձից, որից 26 դիմում եղել է սոցիալական իրաւունքին վերաբերող, 24ը՝ սեփականութեան իրաւունքին, որի մի մասը բնակարանային հարցեր են, եւ 12ը՝ առողջութեան պահպանման իրաւունքին վերաբերող, երեխաների իրաւունքների հետ կապուած վեց դիմում է եղել, արդար դատաքննութեան իրաւունքի հետ կապուած էլ են դիմել մեզ: Սակայն, ինչպէս նշեցի, այս վիճակագրութիւնը սուբյեկտիւ է, պայմանաւորուած նաեւ այն հանգամանքով, որ մեր գրասենեակը գտնւում էր Շուշիում, ինչը նշանակում է, որ այդքան էլ մատչելի չէինք քաղաքացիների համար: Այս տարի Ապրիլին տեղափոխուեցինք Ստեփանակերտ, եւ մեր հանրային ակտիւ իրազեկման արշաւներով պայմանաւորուած նաեւ՝ տարուայ սկզբից մեր դիմումների քանակը կտրուկ աճել է, եւ անցեալ տարուայ համեմատ՝ այս տարուայ նոյն ժամանակահատուածում եռակի քառակի անգամ աւելի է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դիմումներին ժամանակին արձագանգելու համար ունէ՞ք բաւարար միջոցներ:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Մեր թիմը փոքր է, բայց շատ հարցեր լուծւում են թիմի արդիւնաւէտ կառավարման արդիւնքում: Յունուարին բարեփոխում իրականացրեցի՝ ներդնելով էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ, ինչի շնորհիւ բաւական լուրջ խորքային վիճակագրութիւն ենք ստանալու տարբեր ուղղութիւններով, օրինակ, թէ որքան դիմում է եղել, քանիսն են դրական բաւարարուել, պետական մարմինների դէմ քանի բողոք է եղել, եւ այլն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Կա՞ն խոցելի ոլորտներ որտեղ մարդու իրաւունքների պաշտպանն առանց դիմումի նախաձեռնում է ուսումնասիրութիւն:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Խոցելի ոլորտ համարւում են փակ եւ կիսափակ կառոյցները: Փակ են քրէակատարողական հիմնարկը, կամ ժողովրդական լեզուով ասած՝ բանտը, հոգեբուժարանը ոստիկանութեան ձերբակալուածների համար նախատեսուած վայրը: Կիսափակ են համարւում՝ գիշերօթիկ հաստատութիւնները՝ (մանկատները), տուն ինտերնատը (ծերանոցը), զօրանոցը: Նշուածներից մի մասի ուղղութեամբ որոշակի աշխատանք հասցրել ենք կատարել: Օրինակ, ես եւ ՄԻՊ գրասենեակի ներկայացուցիչները տարբեր առիթներով այցելել ենք քրէակատարողական հիմնարկ, եւ այնտեղ բացայայտել ենք մի շաքր համակարգային խնդիրներ: Օրինակ, դատապարտեալների եւ նրանց հարազատների տեսակցութեան սենեակում առկայ էր միջնապակի, որի պատճառով դատապարտեալները չէին կարողանում կենդանի շփում ունենալ, օրինակ՝ գրկել իրենց երեխային կամ ընտանիքի անդամին: Միջազգային չափանիշներով սա համարւում է հոգեբանական խոշտանգում: Իմ միջամտութեամբ միջնապակին հանուեց, եւ կարգաւորուեցին մի շարք այլ խնդիրներ, որոնք ազդում էին բազմաթիւ ազատազրկուած անձանց իրաւունքների վրայ: Սակայն դեռ կան խնդիրներ, որոնց լուծման ուղղութեամբ աշխատում ենք նաեւ կառավարութեան հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան բնակիչները մարդու իրաւունքների խախտման ի՞նչ դէպքերի են առնչւում արտասահմանում:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Այդ առումով շատ խնդիրներ կան: Կրթութեան, առողջութեան պահպանման հետ կապուած խնդիրների մի մասն առաջանում է մուտքի արտօնագրերի պատճառով, քանի որ դեսպանատներում խնդիրներ են առաջանում Արցախի բնակիչների համար, ինչը սակայն դժուար է ապացուցել, քանի որ դիւանագիտական ներկայացուցչութիւնները չեն յայտնում, թէ ինչով է պայմանաւորուած արտօնագրի տրամադրման մերժումը: Արցախի բնակիչը ցանկանում է գնալ արտասահման բուժման՝ խնդիր է առաջանում, ընդունւում է համալսարան՝ չի ստանում մուտքի արտօնագիր: Կրթութեան իրաւունքի կոնկրետ խախտում է այն, որ բազմաթիւ համալսարաններ չեն ընդունում Արցախի համալսարանի տուած գնահատականները, դիպլոմները (վկայականները-Խմբ.) չեն ճանաչւում: Ազատ տեղաշարժի եւ հաղորդակցութեան իրաւունքի խախտման ամենայայտնի դէպքը օդանաւակայանի հետ է կապուած. այն չի գործում պայմանաւորուած ոչ այնքան Արցախի իրաւական կարգավիճակով, որքան՝ Ադրբեջանի մեկուսացման քաղաքականութեամբ, եւ սա ուղղակիօրէն ոտնահարում է հազարաւոր մարդկանց՝ ե՛ւ արցախցիների, ե՛ւ արտասահմանցիների հաղորդակցութեան եւ ազատ տեղաշարժի իրաւունքը: Խնդիրներից մէկն էլ կապուած է օտար ներդրողների հետ, որոնք ենթարկւում են Ադրբեջանի կողմից քաղաքական, դիւանագիտական, տեղեկատուական ճնշումների: Արդիւնքում, այդ ներդրողներից ոմանք չեն դիմանում եւ հեռանում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կողմից նշուած խնդիրների լուծման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկում:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է: Վերջին տարիներին միտում կայ, որ միջազգային կառոյցները բանաձեւեր են ընդունում առ այն, որ մարդու իրաւունքներն համընդհանուր են, եւ մարդ չպէտք է զրկուած լինի պաշտպանութիւնից՝ անկախ երկրի եւ տարածքի կարգավիճակից: Ընդ որում, դա նշուած է նաեւ 1949ի մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ յօդուածում, սակայն, ցաւօք, 70 տարուայ ընթացքում միջազգային հանրութեանը չի յաջողուել այս խնդիրը լուծել, որովհետեւ առաջնահերթութիւն չէ: Սակայն քանի որ մեր համար կարեւոր է՝ պէտք է բարձրաձայնենք, պահանջենք, թէեւ մինչ այժմ հիմնականում բախուել ենք պատին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այդուհանդերձ, դրական կարելի է համարել փաստը, որ միջազգային իրաւապաշտպան որոշ կառոյցներ անդրադարձել են Արցախի ՄԻՊ գրասենեակի՝ ապրիլեան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների մասին զեկոյցին:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Արցախի Մարդու իրաւունքների երկրորդ պաշտպանը հրապարակել էր ծաւալուն ու համապարփակ զեկոյց՝ ապրիլեան պատերազմի ժամանակ մարդու իրաւունքների կոպիտ ու զանգուածային խախտումների վերաբերեալ: Այնտեղ բազմաթիւ փաստեր կան, եւ այդ զեկոյցը ներկայացուել է տարբեր իրաւապաշտպան կառոյցների, նաեւ՝ Եւրոպական խորհրդարանում: Իրաւապաշտպան որոշ կառոյցներ, այդ թւում՝ «ֆրիդը՛մ Հաուզը», «միջազգային ճգնաժամային խումբը» եւ մի քանի այլ կազմակերպութիւններ յղում են կատարել զեկոյցին: Սակայն կարեւոր է, որ իրենք հետեւողական լինեն, ոչ թէ մէկ անգամ անդրադառնան՝ այլ հետեւեն, թէ Ադրբեջանը ինչպէս է վերաբերում արցախցիների հետ, քանի որ կայ հայատեացութեան քաղաքականութիւն, որը բաւական լուրջ հիմք է ստեղծում կասկածելու, որ ապագայում Ադրբեջանի գործողութիւնները կրկնուեն:
Շատ կարեւոր է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դերը Արցախի տարբեր խնդիրների լուծման հարցում: Հայաստանեան իմ գործընկերն ակտիւօրէն Արցախի մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցը բարձրացնում է տարբեր միջազգային ատեաններում: