ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները պէտք է Օգոստոսի 14ին հանդիպէին Սոչիում, համատեղ ծրագրերը քննարկելու համար: Սակայն երէկ (Երկուշաբթի, 12 Օգոստոսին) Ռուսաստանի նախագահի մամուլի խօսնակ Դիմիտրի Պեսկովը յայտնել է, որ հանդիպումը յետաձգւում է տեխնիկական պատճառներով:
Նոյն օրը տեղեկութիւն է տարածուել, որ Իրանը դէմ է Կասպից ծովում գազամուղի շինարարութեանը, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել էկոլոգիային (բնապահպանութեան-Խմբ.): Այս մասին յայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերութեան ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:
Աւելի վաղ Ռուսաստանն էլ է դէմ հանդէս եկել Կասպից ծովի յատակով գազամուղի անցկացմանը: ՌԴ փոխվարչապետ Սերգէյ Պրիխոդկոն յայտարարել է, որ Կասպից ծովում էկոհամակարգի պաշտպանութեան շահերը միանշանակ գերակայ են ցանկացած տեսական տնտեսական նախագծերի նկատմամբ:
Այս յայտարարութիւններից յետոյ Ալիեւը Սոչի գնալու կարիք չունի, որտեղ ստիպուած էր լինելու խոստովանել խողովակաշարերի անիմաստ լինելը, որոնցում արդէն միլիարդաւոր դոլարներ է ներդրել: Եթէ Թուրքմէնստանից Կասպից ծովով խողովակաշար չանցկացուի, Ադրբեջանը չի կարողանայ լցնել Թուրքիայի տարածքով կառուցուած խողովակաշարը:
Թուրքիայի տարածքով Եւրոպա գնացող ադրբեջանական խողովակը, որը չցանկանալով խրախուսում է Արեւմուտքը, ակնյայտօրէն հակասում է Իրանի ու Ռուսաստանի շահերին: Այն առանձնապէս չի բխում նաեւ այլ երկրների շահերից, եւ չի բացառւում, որ այդ նախագծերին աջակցում են միայն ադրբեջանական ներդրումները «փոշիացնելու» համար, ինչպէս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու դէպքում, որը մինչեւ հիմա չի սկսել աշխատել:
Պուտինի, Ռոհանիի եւ Ալիեւի չեղարկուած հանդիպումը յատկանշական է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջարկի լոյսի ներքոյ: Յիշեցնենք, որ նա Իրանի նախագահին հրաւիրել է Երեւան, 2019 թուականի Հոկտեմբերի 1ին մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Յատկանշական է նաեւ, որ Թուրքիան Նախիջեւան թռիչքների համար հրաժարուել է Հայաստանի եւ Իրանի օդային տարածքներն օգտագործելուց: Այս մասին յայտարարել է Թուրքիայի օդային տարածքի շահագործման ծառայութեան ղեկավար Հուսէյն Քեսքինը, յայտնում է ermenihaber.am-ը:
Նրա խօսքով, Օգոստոսի 15ից թռիչքներն իրականացուելու են նեղ միջանցքով, որը Թուրքիան կապում է Ադրբեջանին: Այդ միջանցքի լայնութիւնը 13 կմ. է: