[embedyt] https://www.youtube.com/watch?v=0-xjD-lQGOs[/embedyt]
Օգոստոսի 18ին, Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում հանդիսաւորութեամբ նշուեց Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից Տիրամօրը նուիրուած՝ Մարիամ Աստուածածնի Վերափոխման տօնը, որի առիթով մատուցուեց Սուրբ պատարագ եւ խաղողօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ: «Ո՜վ փառաւորեալ եւ ամենաօրհնեալ միշտ Ս. Կոյս Աստուածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, քո որդուն եւ մեր Աստծուն մեր խնդրանքները հասցրու», քարոզում նշեց Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը: Սրբազան հայրը ներկայացրեց օրուայ խորհուրդն ու Մարիամ Աստուածածնի առաքինի կերպարը՝ որպէս սրբութեան ու մաքրութեան, խոնարհութեան ու հնազանդութեան լաւագոյն օրինակ ընտանիքի եւ հայ կնոջ համար:
Մուշեղ սրբազանը նշեց, որ հայ ժողովրդի կեանքում Ս. Մարիամը դարձել է օրինակելի մօր խորհրդանիշ՝ պատուիրանները պահպանելով, լիարժէք նուիրումով եւ անարատ սրբութեամբ: Նա քարոզն աւարտեց՝ աղօթք ուղղելով Ս. Աստուածածնին, որ բարեխօսի մեր հայրենիքի խաղաղութեան եւ բարօրութեան համար, եւ բարենորոգի բոլորի կեանքը՝ սիրոյ, խոնարհութեան, հնազանդութեան, հաւատքի եւ յոյսի սերմերը ցանելով մարդկանց սրտերում եւ հոգիներում:
Ս. պատարագի աւարտին, Առաջնորդ սրբազանը օրհնեց Ս. Աստուածածնին որպէս երախայրիք ընծայաբերուած մատաղն ու խաղողը: «Այս օրը, մեր եկեղեցին նաեւ խաղողի օրհնութեան արարողութիւն է կատարում, որովհետեւ Քրիստոս ինքն իրեն նկատեց որպէս որթատունկ, եւ խաղողը որից գինի է պատրաստւում՝ իբրեւ իր արիւնը: Տէրը խաղողը զատեց իբրեւ պտուղների թագուհին, եւ Քրիստոսի զոհագործութեան խորհուրդը մեզ յիշեցնող: Օրհնենք եւ այդ օրհնուած խաղողից բաժին տալով՝ հիւանդներին առողջութիւն ենք ցանկանում, մեղքերի թողութիւն ենք հայցում», նշեց սրբազանը:
Ս. պատարագին մասնակցում էին համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչներ, ովքեր հաղորդակից դարձան օրուայ խորհրդին եւ ստացան օրհնուած խաղող ու մատաղ, որ բաժանում էին եկեղեցու հոգաբարձութեան եւ Տիկնանց միութեան անդամները:
Պատարագի Ս. սեղանին սպասարկում էին եկեղեցու հոգեւոր հովիւներ Վազգէն Ա. քհնյ. Աթմաճեանը եւ Արտակ քհնյ. Տէմիրճէանը, ինչպէս նաեւ սարկաւագաց ու դպրաց դասը:
Վազգէն Ա. քհնյ. Աթմաճեանը յորդորեց երիտասարդ հայուհիներին հետեւել Աստուածամօր օրինակին, եւ լինել բարի, անկեղծ, ստեղծող հաւատացեալներ եւ հոգ տանել ընտանիքին ու երեխաներին:
«Ասպարէզ»ի հետ զրուցում նա անդրադարձաւ նաեւ նուիրաբերման հայ ժողովրդի աւանդոյթներին. «Հինաւուրց սովորութիւններում մեր ժողովուրդն իր առաջին բերքը, ի երախտագիտութիւն, ընծայաբերում էր տաճարներին, Աստծուն, ով այդքան բարիքներ էր պարգեւել: Քրիստոնէութեան ընդունումից յետոյ, մեր հոգեւոր հայրերը, խաղողը որպէս պտուղներից ազնուագոյնը ճանաչեցին եւ խաղողի առաջին բերքն ընծայեցին տաճարին: Տէր Յիսուս Քրիստոսն ասում է, որ ինչ բարիքներ շնորհուած են մարդուն, պէտք է բաշխի իր նմանին՝ լինի այն շնորհք, կարողութիւն, սէր թէ նիւթական կարողութիւն: Եւ Քրիստոսն ասում էր, այն ինչ ձեր նմանի համար էք անում, ձեր նմանին էք տալիս՝ ինձ էք տալիս: Նաեւ պատգամում էր, որ երբ ընթրիք պատրաստէք՝ մի կանչէք բարեկամներին, այլ այն մարդկանց, ովքեր կարողութիւն չունեն փոխադարձելու՝ աղքատին, կարիքաւորին: Սա էր մատաղի խորհուրդը», մեկնաբանեց տէր Վազգէնը: