
ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ
Վրաստանի 43-ամեայ քաղաքացի, դաշնակցական Պօղոս Պօղոսեանի սպանութեանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիւեն Նիւտօնը Հայաստանում է եւ պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թուականին դատաւոր Մնացական Մարտիրոսեանի նախագահած դատարանը որոշեց հաշուի չառնել՝ հիմնաւորմամբ, թէ այն անգլերէն էր: Գործով հիմնական վկայ համարուող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001ին որպէս հրաւիրեալ դասախօս դասաւանդել է Կառավարման դպրոցում, ասում է՝ տեսել է, թէ ինչպէս է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի թիկնազօրը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պօղոս Պօղոսեանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնաւուրին եւ Ռոբերտ Քոչարեանին մօտենալու եւ «պրիւետ (բարեւ-Խմբ.), Ռոբ» ասելու համար:
«Ազատութիւն» ռատիօկայանի հետ զրոյցում Նիւտօնը հանգամանալից պատմել է, թէ ինչ է տեղի ունեցել, երբ Քոչարեանը լքել է սրճարանը. «երբ Քոչարեանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքեւում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսուած զուգարանի եւ դէպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց: Քոչարեանին բարեւող տղամարդիկ նրա հետեւից գնացին ու յետոյ ետ եկան, նրանց թիկնապահները ետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը: Կինս ասաց, որ նրանց կը սպանեն: Ես չէի հաւատում լսածիս ու ասացի. «Ոչ, քանի դեռ ես այստեղ եմ»: Ես վազեցի, մտայ ներս: Այդ«Կուկու» կոչուածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն: Ես նրան հրեցի: Երբ մտայ ներս, երկրորդ տղամարդը՝ Պօղոս Պօղոսեանը, ընկած էր յատակին, նա համարեայ մեռած էր, նրա գլուխն ուռած էր: Ես բղաւեցի՝ օգնութիւն կանչեցի: Նրանք չգիտէին, թէ ես ով եմ: Կարծում եմ՝ մտածեցին, թէ դեսպան եմ, քանի որ կոստիւմով (համազգեստ-Խմբ.) էի:
Կինս եկաւ, որ տեսնի, թէ ինչ էր կատարւում ինձ հետ: Նա մտահոգուած էր: Ես նրան ասացի, որ շտապօգնութիւն կանչի: Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացաւ: Ես աստիճաններով վեր եմ բարձրացել»:
Սթիւեն Նիւտօնը յեղափոխութիւնից յետոյ իր ցուցմունքը պարունակող նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Եթէ իրաւական ընթացք տրուի օտարերկրացու նամակին, ապա հաստատապէս նոր գործընթաց է բացուելու Ռոբերտ Քոչարեանի դէմ:
Այս դաժան սպանութեան գործով Ռոբերտ Քոչարեանի թիկնազօրից միայն«Կուկու» մականունով յայտնի Աղամալ Յարութիւնեանին է մեղադրանք առաջադրուել, այն էլ Քրէական օրէնսգրքի 103րդ յօդուածի՝ անզգոյշ սպանութեան յատկանիշներով, եւ նա դատապարտուել է երկու տարուայ պայմանական ազատազրկման:
Ակնյայտ է, որ «Կուկուն» ինքնակամ, սեփական ցանկութեամբ չի կատարել այս դաժան սպանութիւնը, մանաւանդ առանցքային վկան պնդում է, որ տեղի է ունեցել դաժան ծեծ մի քանի թիկնապահների կողմից: Այլ խօսքով՝ Քոչարեանի թիկնազօրը թերեւս հրաման է ստացել հէնց երկրորդ նախագահից, որին դուր չի եկել այն փաստը, որ իրեն դիմել են «Պրիւետ, Ռոբ» արտայայտութեամբ: Պատահական չէ, որ Քոչարեանը ցինիզմով (հեգնանքով-Խմբ.) ասել էր, որ Պօղոսեանի հետ այլ զրոյց կ՛ունենար, եթէ նա մահացած չլինէր:
Միւս կողմից՝ եթէ Պօղոս Պօղոսեանի խոշտանգումն ու դաժան սպանութիւնը տեղի ունեցած չլինէին Քոչարեանի ցուցումով, դատարանը նման »հումանիստական« (մարդասիրական-Խմբ.) վճիռ չէր կայացնի մարդասպան թիկնապահի գործով: Այլ խօսքով՝ դատարանի վճիռը թելադրուել է Բաղրամեան 26ի կողմից:
Կարծում եմ՝ հարկ է, որ իրաւապահ մարմիններն ընթացք տան Նիւտօնի դիմումին ու նոր քննութիւն իրականացնեն «Առագաստում» տեղի ունեցած հրէշաւոր յանցագործութեան գործով՝ սպանութեան հեղինակներին ու պատուիրատուներին համարժէք պատիժ նշանակելու նպատակով:
Անցեալում կատարուած յանցագործութիւնների բացայայտումը, իրաւականից զատ, ունի քաղաքական նշանակութիւն. քոչարեանիզմի ռեստավրացիայի (վերականգման-Խմբ.) բոլոր տարբերակները պէտք է բացառուեն, հասարակութիւնը պէտք է մանրամասն իրազեկուի քրէաօլիգարխիայի իշխանութեան քսան տարիներին տեղի ունեցած բոլոր յանցագործութիւնների մասին:
«Առաջին Լրատուական»
Հիմա աս գրութենէն պէտք է հասկանանք, որ Քոչարեանը իր թիկնապահին ըսեր է որ ետ գնայ եւ այդ մարդուն լաւ մը ծեծէ, սպանէ: Սպանելը ճիշդ գործ մը չէ, թիկնապահը պէտք է նա պէտք է 100 տարի բանտը նստեցնենք, բայց ասանկ պատմութիւններով Քոչարեանին յանցաւոր չեն կրնար հանել. աւելի իրական փաստ պէտք է որ յանցաւոր է եւ իրականին մէջ ինչ ըրած է կամ չէ ըրած: Ուրիշ հարցում մըն ալ ունիմ. յեգնանքով բառը ինչ ըսել է. բառարանիս մէջը չիգտայ ասանկ բառ մը:
Ոեւէ լուրջ մէկը կը կարծէ թէ միտումն ու նպատակը՝ Պողոս Պողոսյանը սպաննե՞լ էր… Աւելորդ տեղը եւ չափազանցեալ կերպով ծեծել, այո, դժբախտաբար: Սակայն սպաննե՞լ: Այդ ալ, Ճաշարանի մը զուգարանին մէջ: Իսկապէ՞ս:
Իսկ կարելի՞ է բարեհաճիլ յիշել որ լուսահոգի Շարլ Ազնավուրը այդ նոյն պահուն նախագահին քովը նստած էր: Եւ ողբերգական դէպքէն ետք, մերժեց այպանել Քոչարյանին:
Յետոյ կու գանք նոյն խնդրին՝ եթէ այսպիսի հին-հին էջեր պիտի բացուին, ուրիշ նոյնանման բաներ ալ չե՞ն պատահած: Միւս նախագահներուն վերաբերեալ: Օրինակի համար, երբ որ ԼՏՊ բանտերը լեցուց դաշնակցականներով, գոնէ մէկ հատը այդտեղ սպանուեցաւ… Մինչ Քոչարյանը գոնէ մնացեալներուն մեծ մասը բանտերէն դուրս հանեց, եւ Դաշնակցութիւնը դարձեալ օրինաւոր դարձուց Հայաստանի մէջ: Եւ դեռ նոյն ուղղութեամբ եւ բնոյթի շատ բաներ, լաւ գիտէք…
Իսկ այժմու իշխանաւորները որքան գիտակից պէտք է ըլլան թէ Քոչարյանի ցարդ ներկայացուած մեղադրանքները որքան թոյլ եւ անհիմն են, որ հիմա ալ յանկարծ այս պատմութիւնը մէջտեղ կը բերեն կոր, գրպաննէն ալ մէկ հատ անգլիացի ճոքըր մը սեղանին վրայ նետելով: