
ԼԻԱՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արցախի Հանրապետութեան բոլոր 228 համայնքներում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում Սեպտեմբերի 8ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրութիւններ, որոնք, ըստ դիտորդների գնահատականների, անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշների համաձայն՝ առանց լուրջ խախտումների:
Այս ընտրութիւններն աչքի ընկան ընտրողների մասնակցութեան բարձր տոկոսով: Ընտրութիւններին Արցախում մասնակցել է 67 հազար 326 քաղաքացի կամ ընտրողների 65.4 տոկոսը, ինչը 10 տոկոսով աւելի է, քան նախորդ ՏԻՄ ընտրութիւններում գրանցուած ցուցանիշը, եւ խօսում է ընտրական գործընթացների հանդէպ Արցախի բնակչութեան հետաքրքրութեան աճի մասին:
Յատկանշական է, որ համայնքների ղեկավարների թեկնածուների կազմը եղել է բազմազան, ներկայացուած են եղել ինչպէս Արցախի հիմնական աւանդական կուսակցութիւնների, այնպէս էլ անկուսակցական թեկնածուներ՝ (96ը (23.4 տոկոս) »Ազատ Հայրենիք« կուսակցութեան անդամ է, 14ը (3.4 տոկոս)՝ Արցախի ժողովրդավարական կուսակցութեան, 11ը (2.7 տոկոս)՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան, 278ը (67.8 տոկոս) անկուսակցական են: Փաստը, որ համայնքի ղեկավար թեկնածուների շարքում մեծ տոկոս են կազմել նաեւ անկուսակցականները, խօսում է այն մասին, որ Արցախի բնակիչներն ունեցել են ընտրութեան լայն դաշտ, եւ այն չի սահմանափակուել միայն աւանդական կուսակցութիւնների թեկնածուներով: Օրինակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրուել հէնց անկուսակցական թեկնածու Դաւիթ Սարգսեանը:
ՏԻՄ ընտրութիւններն նաեւ աչքի ընկան կանանց մասնակցութեան ցուցանիշով: 410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 15ը (3.7 տոկոս), մինչդեռ 2155 տեղամասային ընտրական յանձնաժողովի անդամներից կէսից աւելին՝ 1524 կանայք են, ինչը խօսում է քաղաքական գործընթացներում կանանց ակտիւ մասնակցութեան մասին:
Ընտրութիւններին Արցախում հետեւել է մօտ 400 դիտորդ՝ տեղական եւ միջազգային, ինչը հնարաւորութիւն է տուել իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ (արհեստավարժ կերպով-Խմբ.) դիտորդական առաքելութիւն: Դիտորդների շարքում են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգաւաճ Հայաստան» եւ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնների պատգամաւորները, ովքեր փաստել են, որ Արցախում անցկացուել են միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրութիւններ:
Արցախում դիտորդական առաքելութիւն իրականացնելու համար ՀՀ կառավարութիւնն առաջին անգամ ֆինանսական միջոցներ էր յատկացրել քաղաքացիական հասարակութեանը, մասնաւորապէս, երկու հասարակական կազմակերպութիւնների՝ «Իրազեկ քաղաքացիների միաւորման Ստեփանակերտի գրասենեակ»ին եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»ին: Ընտրական գործընթացների դիտորդական առաքելութիւնների մեծ փորձ ունեցող այս կազմակերպութիւնները նոյնպէս, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ընտրութիւնները՝ նշելով, որ միտումնաւոր խախտումներ, որոնք կարող էին ստուերել ընտրութիւնների արդիւնքները, չեն արձանագրուել:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ընտրութիւնները կարեւոր փորձաքար էին 2020 թուականի Արցախում սպասուող նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ: Այս ընտրութիւնների ընթացքը եւ անկախ դիտորդների գնահատականները հաստատեցին Արցախում ժողովրդավարութեան ամրապնդման անշրջելիութիւնը՝ ցոյց տալով, որ անգամ ՏԻՄ մակարդակում Արցախում կազմակերպւում եւ անցկացւում են միջազգային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրութիւններ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»