ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ
Նրա դին Իրանի Մաշհադ քաղաքի հայկական գերեզմանատնում է, երկար տարիներ նոյնիսկ առանց շիրմաքարի…
Նա պատկանում է չգրուած եւ մեզ ոչ շատ յայտնի, բազմիցս այն անանունների հերոսական փաղանգին, որոնք մասնակից են եղել մեզ շատ յայտնի պատմական դէպքերի, ինչպէս՝ Բաշ Ապարանի պատերազմին կամ «Նեմեսիս»ի վրիժառու գործողութեանը…
Այսօր (26 Հոկտեմբերին) նրա մահուան 64րդ տարելիցն է.
Ծնուել է 1896ին, Էրզրումում, իսկ մահացել՝ նման մի օր՝ Հոկտեմբերի 26ին, Մաշհադում, 1955 թուականին։
Նրա կենսագրութիւնը բաւականին հետաքրքիր է, իսկ այս բոլորը միայն իմացուել է՝ որպէս արդիւնք այն կարեւոր ուսումնաիրութեան, որը կատարում է մեր ընկեր՝ Աղասի Ազիզեանը (այժմ Հայաստանում). նաեւ, ի վերջոյ, ըստ արժանուոյն տեղադրուել է (այս) շիրմաքարը յանձին պրն. Ալֆրէդ Հաւանի, մի ազգանուէր մարդու՝ որը երկար տարիներ աշխատել է Մաշհադ քաղաքում:
Երախտապարտ լինելով մեր երկու վաստակաւոր ընկերներին, վստահաբար շուտով պիտի առիթը ստեղծուի կատարելու պատշաճ արարողութիւն՝ օրհնելու տեղադրուած շիրմաքարը եւ լսելու առաւել մանրամասնութիւններ ընկեր Ազիզեանի արժէքաւոր ուսումնասիրութեան եւ Մաշհադի ժամանակի համայնքի վերաբերեալ:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԵՒ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ.
Յարութիւն Յարութիւնեանը 1914ին մաս է կազմել Քեռիի կամաւորական գնդին:
1917ին մասնակից է եղել Բաշ Ապարանի ճակատամարտին, ուր նաեւ վիրաւորւում է…
1919ին Երեւանում գումարւում է ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողով, ուր թուրք ջարդարարներին պատժելու՝ «Նեմեսիս» գործողութեան որոշումը տրուեց:
Նա, 1919ին, Հայկ Սասունեանի հետ միասնաբար գտնում են Բաքուի ջարդարարներից՝ խան Խոյսկիի հետքերը:
1921ին, «Նեմսիս» գործողութեան պատասխանատու մարմինը Թոռլաքեանին յանձնարարեց՝ Բէյբուդ խան Ջիւանշիրի ահաբեկումը, որը որպէս մուսաւաթական Ադրբեջանի Հանրապետութեան ներքին գործոց նախարար, 1918ին Բաքուի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել էր անզէն հայութեան կոտորածը:
Ջիւանշիրի ահաբեկման կազմակերպումն ու գործադրութիւնը վստահւում է մի եռանդամ խմբակի՝ Միսաք Թոռլաքեան, Երուանդ Ֆնտքեան եւ Յարութիւն Յարութիւնեան:
1920ին Պոլսում Երուանդ Ֆնտքեանի հետ հետապնդում ու գտնում են հետքը Ջիւանշիրի, ուր եւ ահաբեկման դաշնակցական որոշումը գործադրուեց 18 Յուլիս 1921ին, Թոռլաքեանի ձեռամբ:
Յարութիկը 1922ին (ինչպէս նաեւ Թոռլաքեանը) մեկնում են Ռումինիա:
Իսկ 1946ին նա ձերբակալւում է բոլշեւիկների միջոցով ու արտաքսւում Սիբիր. 1955ին քաղաքական ներում ստանալով փոխանցւում է Պարսկաստան, ուր մահանում է Մաշհադում:
…Չգրուած պատմութիւն…
Ահա եւս մէկը, մեր հերոսներից՝ խոնարհ Յարութիւն Յարութիւնեան (Յարութիկ):