ԲԵՆԻԱՄԻՆ ՊՕՂՈՍԵԱՆ
Դեկտեմբերի 23ին Թբիլիսիում կայացաւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդեարովի, Դաւիդ Զալքալիանիի եւ Մեւլութ Չաւուշօղլուի ութերորդ հանդիպումը: Ինչպէս նախկին հանդիպումներում, կողմերը այս անգամ եւս վերահաստատել են տարածաշրջանային հակամարտութիւնների՝ Աբխազիա, Ղարաբաղ, Հարաւային Օսիա, կարգաւորման գործում պետութիւնների տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայութիւնը եւ հանդէս եկել եռակողմ տնտեսական գործակցութեան խորացման օգտին: Թերեւս, նորոյթ է էլեկտրաէներգիայի ոլորտում յարաբերութիւնները սերտացնելու մասին յայտարարութիւնը:
Երեք պետութիւնները կողմ են արտայայտուել էլեկտրաէներգիայի եռակողմ շուկայի ձեւաւորման օգտին, ինչը հնարաւորութիւն կը տայ համապատասխան փոխանակումներ կատարելու: Այս ծրագրի իրականացումը յատկապէս կարեւոր է Ադրբեջանի համար, որը ցանկանում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալները՝ օգտագործելով նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ենթակառուցուածքները:
Ուշադրութեան է արժանի նաեւ Տրանսկասպեան միջազգային տրանսպորտային երթուղին աշխուժացնելու եւ դրա շրջանակում Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղու ներուժն առաւել արդիւնաւէտ օգտագործելու մասին յայտարարութիւնը: Նշուած երթուղին նախատեսում է Չինաստանից Եւրոպա բեռնափոխադրումների իրականացում Չինաստան – Ղազախստան – Կասպից ծով – Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա – Եւրոպա երթուղով:
Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ակտիւ քայլեր են ձեռնարկում այս երթուղին Չինաստանի «Գօտի եւ ճանապարհ» նախաձեռնութեան մէջ պաշտօնապէս ընդգրկելու համար, ինչն էականօրէն կը մեծացնի նշուած պետութիւնների տարանցիկ ներուժն ու աշխարհաքաղաքական նշանակութիւնը:
ԼԱՐՈՒԱԾՈՒԹԻՒՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ
Վերջին մէկ տարուայ ընթացքում կողմերի յարաբերութիւններում առկայ է որոշակի լարուածութիւն: Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում կարգաւորել սահմանային տարաձայնութիւնները Դաւիթ Գարեջի վանական համալիրի հատուածում: Համալիրի աւելի քան 80 տոկոսը Վրաստանի տարածքում է, եւ Թբիլիսին Ադրբեջանին առաջարկել է մի քանի անգամ աւելի մեծ տարածք՝ մնացած տասնհինգ տոկոսը եւս Վրաստանի սահմանում ներառելու համար: Ադրբեջանը սակայն մերժում է այս առաջարկը՝ պնդելով որ համալիրը ոչ թէ վրացական մշակոյթի կոթող է, այլ Կովկասեան Աղուանքի մշակութային ժառանգութիւն, որի ժառանգորդն է իրեն համարում Ադրբեջանը:
Վրաստանը որոշակի մտահոգութիւններ ունի նաեւ Ռուսաստան-Թուրքիա աճող համագործակցութեան եւ ԱՄՆ – Թուրքիա լարուած յարաբերութիւնների պատճառով: Հաշուի առնելով Թուրքիայի տնտեսական զգալի ներկայութիւնը Վրաստանում, ինչպէս նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիան Վրաստանին սահմանակից ՆԱՏՕի անդամ միակ պետութիւնն է, Թբիլիսին մտավախութիւն ունի, որ ԱՄՆ – Թուրքիա յարաբերութիւնների յետագայ լարումը կարող է բացասաբար ազդել Թուրքիան որպէս ՆԱՏՕի հետ կապող օղակ օգտագործելու իր ռազմավարութեան վրայ:
Վրաստանում նաեւ գտնում են, որ ռուս-թուրքական յարաբերութիւնների յետագայ սերտացումը կարող է բացասաբար ազդել Վրաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող մի շարք խնդիրներում Թուրքիայի դիրքորոշման վրայ: Մէկ այլ խնդիր է Վրաստանում աստիճանաբար մեծացող թուրք-ադրբեջանական ազդեցութեան հարցը: Վրաստանում առնուազն փորձագիտական մակարդակով արդէն սկսել են դիտարկել այս գործընթացի յետագայ շարունակութեան դէպքում առաջացող հնարաւոր վտանգները:
Ակնյայտ է, որ Վրաստանում սեփական ազդեցութեան մեծացումը Թուրքիան դիտարկում է Հարաւային Կովկասում իրականացուող ընդհանուր ռազմավարութեան համատեքստում, որի հիմնական նպատակը տարածաշրջանն ամբողջութեամբ Ռուսաստանի ազդեցութեան տակ յայտնուելու հեռանկարի բացառումն է: Այս հանգամանքը, սակայն, չի նշանակում, որ չեն կարող լինել ռուս-թուրքական առանձին գործարքներ, որոնք կարող են ոտնահարել Վրաստանի շահերը:
Վրաստանում իրենց դիրքերի ուժեղացումը Ադրբեջանը եւ Թուրքիան դիտարկում են տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման ընդհանուր ռազմավարութեան համատեքստում:
***
Գնահատելով Վրաստան – Թուրքիա – Ադրբեջան եռակողմ համագործակցութիւնը՝ հարկ է ընդգծել, որ այն հիմնականում ունի տնտեսական ուղղուածութիւն եւ միտուած է Վրաստանի տարանցիկ հնարաւորութիւնների օգտագործմանը՝ ադրբեջանական նաւթը եւ գազը Թուրքիա եւ եւրոպական շուկաներ հասցնելու, ինչպէս նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ անխափան կապ ապահովելու նպատակով: Չնայած պաշտպանութեան նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումների կազմակերպմանը եւ 2018թ. այս ոլորտում համագործակցութեան վերաբերեալ յուշագրի ստորագրմանը, պաշտպանութեան ոլորտն առայժմ երկրորդային նշանակութիւն ունի եռակողմ յարաբերութիւններում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, հասկանալի է, որ Վրաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցութեան յետագայ մեծացումը չի բխում Երեւանի շահերից: Այդ գործընթացի բացասական ազդեցութիւնը թուլացնելու միակ իրատեսական տարբերակը Վրաստանում Հայաստանի տնտեսական ներկայութեան էական բարձրացումն է, այդ թւում՝ տրանսպորտային ենթակառուցուածքներում համապատասխան ներդրումների իրականացմամբ: Հնարաւոր քայլերի թւում կարող են դիտարկուել Հայաստանի կողմից Վրաստանի նաւահանգիստներից մէկում տերմինալների (վերջնակայաններու-Խմբ.) ձեռքբերման հնարաւորութիւնը եւ այդ տերմինալով իրականացուող ներմուծման եւ արտահանման գործընթացում Հայաստանին համապատասխան մաքսային արտօնութիւնների տրամադրումը:
«Civilnet»