Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Մեր զրուցակիցն է տեխնիկական գիտութիւնների թեկնածու, պրոֆեսոր Արեւիկ Սարգսեանը: Երկար տարիներ Արեւիկ Սարգսեանը պայքարում է Պարիս Հերունու աստղադիտակի արդիականացման համար, որը, սակայն, հանդիպում է մեծ դիմադրութեան: Նա Պարիս Հերունու զարմուհին է:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ի՞նչ է սպասւում Պարիս Հերունու ստեղծած ռադիօ-օպտիկական աստղադիտակին այսօր: Ինչո՞ւ 7 տարուայ պայքարի արդիւնքում ձեզ չի յաջողւում սայլը տեղից շարժել:
ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Նախ նշեմ, որ ցանկացած հայ հպարտանում է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, բայց ունի այդպիսի հզօր գործիք՝ ռադիօ-օպտիկական աստղադիտակ, որը միակն է իր բնոյթով աշխարհում եւ ի վիճակի է զննելու տիեզերքը երկու տիրոյթներում՝ օպտիկայի եւ ռադիօալիքների: Ակադեմիկոս Պարիս Հերունին իր ողջ կեանքի ընթացքում է երազել, նախագծել եւ կառուցել ՀՀում նման գործիք: Երկար տարիների դեգերումների արդիւնքում նրան յաջողուել է Խորհրդային Միութեան գիտութեան զարգացման պլանային կազմակերպութիւններից թոյլտուութիւն ստանալ եւ սկսել շինարարութիւնը, կառուցել ռադիօդիտակը Հայաստանում: Արդէն 1985-87թթ. տեղի ունեցան կառուցուած աստղադիտակի տեխնիկական համալրման աշխատանքները, եւ այն յանձնուեց շահագործման որպէս ռադիօ-օպտիկական աստղադիտակ: Դրանից անմիջապէս յետոյ երկրաշարժը տեղի ունեցաւ: Երկրաշարժը, փառք Աստծոյ, չփոխեց անտենայի պարամետրերը, աստղադիտակը դիմակայեց:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Գիտպետկոմի յանձնաժողովը գտաւ, որ աշխատանքներ կան անելու, որ աստղադիտակն այս պահին սարքին վիճակում չէ:
ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Դա աւելի ուշ տեղի ունեցաւ՝ 2015ին: Մինչ այդ, 1990ականներին փլուզուեց ԽՍՀՄը, բնականաբար, դադարեցուեցին գիտական նախագծերի ֆինանսաւորումները: Փաստօրէն, աստղադիտակը կառուցուեց, բայց չհասցրեց պլանային եւ սիստեմատիկ գործելու: Անկախութեան տարիներին, սուր էներգետիկ ճգնաժամի պայմաններում, աշխատակիցների էնտուզիազմի (խանդավառութեան-Խմբ.) շնորհիւ, բիւջէից տրամադրուող չնչին միջոցներով, որ յատկացւում էին աստղադիտակին որպէս ազգային արժէք, այն պահպանուեց: Այնքան չնչին էին պետութեան տրամադրած միջոցները, որ բաւարարում էր միայն պրոֆիլակտիկ (պահպանելու համար-Խմբ.) իւղման, ներկման, վերանորոգման փոքր աշխատանքների համար: Այդուհանդերձ, գերէնտուզիազմի շնորհիւ Պարիս Հերունու հանճարեղ մտքի արդիւնք հանդիսացող գործիքը հնարաւոր եղաւ պահպանել, եւ այն քիչ թէ շատ գործեց: Նրա օգնութեամբ տարբեր գիտական հետազօտութիւններ, չափումներ, Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների եւ ասպիրանտների դիպլոմային եւ թեկնածուական աշխատանքներ կատարուեցին:
Պարիս Հերունու մահուանից 2-3 տարի յետոյ իր հիմնարկութիւնը՝ Ռաիդօֆիզիկայի գիտահետազօտական ինստիտուտը, լուծարուեց, միաւորուեց Պետստանդարտի հետ, եւ ձեւաւորուեց Չափագիտութեան ազգային ինստիտուտը, եւ այդ գործիքն ու Հերունու հարուստ հիմնարկից մնացած ակտիւներն (ունեցուածքը-Խմբ.) անցան նոր ինստիտուտի տիրապետութեան տակ: Բոլորիս յայտնի է, թէ ինչպէս էր այդ տարիներին, ինչպիսի վերաբերմունք էր կառավարման օղակներում, միջին օղակներում: Եւ այդպիսի մի ալան-թալան էլ այստեղ սկսուեց, եւ Արագածի գիտական կենտրոնում ինչ հնարաւոր էր վերացնել, վերացրին, այդ թւում շատ էտալոններ (չափանմուշներ-Խմբ.): Այսօր 11 ազգային էտալոններից գոյութիւն ունի 4ը, գործում է՝ 2ը: Երբ 2015 թուականին վտանգ զգացուեց, որ հերթը հասել է մեծ անտենան քանդելուն, ձուլելուն, ձեռնարկեցի այդ պահի համար շատ կարեւոր մի քայլ: Այդ ժամանակ երիտասարդ գիտնականների հանդիպում եղաւ Սերժ Սարգսեանի հետ, իմ աշակերտը հարց բարձրացրեց, որ ինովացիոն (արդիականացման-Խմբ.) աշխատանքների սով կայ: Երիտասարդ գիտնականներին բոլորը դրդում են անել նորարարութիւն, բայց ինժեներական տեխնիկական գիտութիւններում նորարարութիւն չի լինում առանց բազայի, իսկ Հերունու ստեղծած աստղադիտակը գտնւում է Չափագիտութեան ազգային ինստիտուտի կազմում, որի հետ որեւէ առնչութիւն չունի եւ կոնսերվացուած (գործունէութիւնը դադրեցուած-Խմբ.) է: Անմիջապէս յանձնարարուեց ԿԳ նախարարին, որ ձեւաւորուի աշխատանքային խումբ, որը ձեւաւորուեց եւ որի եզրակացութիւնը մինչեւ օրս համարւում է առաջնային բոլոր քննարկումներում: Այդ եզրակացութիւնը շատ կարեւոր էր, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ Հերունու ռադիօդիտակը կարելի է քանդել: Եզրակացութիւնը հետեւեալն էր, որ անտենան որպէս գործող գործիք դիտարկուել չի կարող, որովհետեւ թալանուած բաներ կան, հնացած բաներ կան եւ հսկայական գումար է անհրաժեշտ դրա համար: Նշւում է նաեւ, որ մեր բիւջէն հնարաւորութիւն չունի այդ միջոցները յատկացնելու, առաջարկւում է որոնել արտաքին միջոցներ, որպէսզի այդ անտենայի բազայով գիտակրթական նշանակութեան եւ գիտական տուրիզմի կենտրոն ստեղծուի: Ցաւօք, այդ եզրակացութիւնը չի պարունակում որեւէ քանակական ցուցիչ, օրինակ, թէ ի՛նչ է նշանակում հսկայական գումար: Այդուհանդերձ, այդ պահին շատ էական էր այդ փաստաթղթի արձանագրումը: Դրա արդիւնքում քանդարարների կեղտոտ ձեռքերը դիտակին չկպան: Այսօր անցել են տարիներ, եւ դա արդէն բաւարար չէ: Արդէն երեք տարի է, ինչ մենք ծրագիր ունենք ռադիօդիտակի եւ Արագածի այդ գիտական կենտրոնի բազայի վրայ ստեղծել Հերունու տիեզերական ազգային կենտրոն, որի նպատակն է լինելու բարձր տեխնոլոգիաների բնագաւառում կատարել գիտահետազօտական, կոնստրուկտորական աշխատանքներ, ծաւալել լրացուցիչ եւ շարունակական կրթական գործունէութիւն:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Քանի որ խօսքը Արագածոտնի մարզի մասին է, այդպիսի ծրագիրը յարակից Օրգով, Տեղեր, Անտառուտ եւ Բիւրական գիւղերի բնակիչների համար հնարաւորութիւն է նոր որակեալ աշխատատեղ գտնելու, գոյատեւելու, բացելու յարակից բիզնեսներ:
ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այսինքն՝ սա նաեւ սոցիալական խնդիր կարող է լուծել: Ճիշտ այդպէս էր 1970ականներին՝ Արագածի գիտական կենտրոնի ստեղծումը Հերունու կողմից ունէր սոցիալական էֆեկտ (ընկերային ազդեցութիւն-Խմբ.): Այդ ժամանակ Օրգով եւ Տեղեր գիւղերը որոշուած էր վերացնել, քանի որ նրանք ո՛չ ճանապարհ ունէին, ո՛չ ենթակառուցուածքներ, հեռանկարային չէին: Այդ գիւղերի արտաքսումը դադարեցուեց շնորհիւ Հերունու նախագծի, անտենայի եւ էտալոնային կենտրոնի կառուցման:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Հիմա հիմնական խոչընդոտը ո՞վ է հանդիսանում, որ այդ սարքի հնարաւորութիւններից չենք օգտւում:
ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Սարքը, փաստօրէն, գերժամանակակից անտենա է եւ որպէս ռադիօդիտակ մօտ ժամանակներին պէտք է ծառայի ե՛ւ Հայաստանի գիտութեանը, ե՛ւ ողջ աշխարհի ռադիօաստղագէտներին:
Հայաստանի իրաւազօրութիւն հիմնադրամը մշակել է ծրագիր եւ ներկայացրել Էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարութիւն, որի ենթակայութեան տակ գործում է Չափագիտութեան ազգային ինստիտուտը (ՉԱԻ), որը վերջերս վերանուանուեց Ստանդարտացման եւ չափագիտութեան ազգային մարմին: Այդ հիմնարկը տարեկան մօտ 50 մլն. դրամի գումար է ստանում բիւջէից եւ ֆինանսաւորումը կոչւում է անտենային էտալոնների պահպանում եւ զարգացում: Արդէն 7 տարի է, որ ՉԱԻի որոշմամբ ռադիօդիտակը կոնսերվացուած է, բայց Չափագիտութեան ազգային ինստիտուտը պարտաւորուած է անտենային էտալոնները պահպանել եւ զարգացնել: Վերջերս այդ հիմնարկութեան տնօրէնը յայտարարեց, որ այդ գումարի շրջանակներում այդ փոքրիկ բաժնի աշխատակիցները, իսկ այնտեղ մնացել են 6-7 հոգի, որոնց միջին տարիքը 70ից բարձր է, հետազօտութիւններ են կատարում եւ տպագրում որոշակի յօդուածներ: Պէտք է ասեմ, որ այդ յօդուածներից եւ ոչ մէկը կապ չունի անտենային էտալոնների, չափումների հետ: Ըստ այդմ, բոլորովին անհասկանալի է, թէ մեր բիւջէի սուղ միջոցները ինչպէ՛ս են ծախսւում: Այստեղ ուզում եմ յիշատակել վարչապետի խօսքը, որ շատ «գիտնականներ» գալիս են սուրճ խմելու համար, կամ լաւագոյն դէպքում մի յօդուած են գրում, եւ դա է գիտական արդիւնք կոչեցեալը: Իսկ այդ գիտական արդիւնքը որեւէ աղերս չունի այն նիւթի հետ, որի համար ֆինանսաւորում են ստանում: Այնպէս որ, շատ կարեւոր է կազմակերպել մի գիտաքննութիւն կամ յանձնաժողով կազմել, որն այդ հիմնարկի վերջին 3 տարիների գործունէութիւնը կ՛ուսումնասիրի: Արդիւնքում կը պարզուի, որ բազմաթիւ գողութիւններ են տեղի ունեցել՝ սկսած մետաղական իրերից, աստիճանների սիւնափայտիկներից, որոնք իրենցից ալիւմինէ, լատունէ, պղնձէ ջարդոն են ներկայացնում, վերջացրած ազգային արժէք ներկայացնող էտալոններից: Ըստ էութեան, պետբիւջէյի միջոցները չեն ծառայում անտենային էտալոնների պահպանմանը:
Դրա հետ մէկտեղ այդ մարդիկ իրենց իրաւունք են վերապահում կասկածի ենթարկել ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած աշխատանքը, շատ հանգիստ հրապարակով հնչեցնում են կարծիքներ այն բանի մասին, որ Պարիս Հերունին սխալուել է, լաւ չի մտածել անտենայի կոնստրուկցիան (կառոյցը-Խմբ.), այն բոլորովին աշխատունակ չէ, հնարաւոր չէ այն վերականգնել: Այն մարդիկ, որոնք ասում են, որ կը կարողանան վերականգնել անտենան, աշխատեցնել, զարգացնել, դարձնել այն միջազգային մակարդակի գործիք, դեռ պէտք է ստուգել, թէ ինչպէ՛ս են պաշտպանել իրենց թեկնածուական թեզերը, ի՛նչ որակի են իրենց աշխատութիւնները, մեթոդիկա կարող են գրել թէ ոչ: Ա՛յ այսպիսի յայտարարութիւններ են անում՝ իրենք լինելով սուրճ խմող գիտնականներ: Հակադարձել կարելի է ամէն ինչին, ի վերջոյ, կարելի է դիմել Բարձրագոյն որակաւորման կոմիտէ, որտեղ մեր թեկնածուական աշխատանքները կան, կարելի է դրանք հետազօտել: Օրինակ, իմ աշխատանքը, որ 2001ին եմ պաշտպանել, մօտ 4-5 տարի առաջ մի առիթով ուղարկեցի Ռուսաստանի բարձրագոյն որակաւորման յանձնաժողով, որտեղ այն հաստատում ստացաւ: Այնպէս որ, ես կարող եմ հպարտութեամբ ասել, որ իմ գիտական աշխատանքը փորձաքննութիւն է անցել: Բայց երբ գտնւում են մարդիկ, որոնք բացէիբաց իրենց ուսուցչին, իրենց նախկին ղեկավար Պարիս Հերունուն կարող են փնովել, զրպարտել, շատ դժուար ես կարողանում որեւէ բան ասել ընդհանրապէս: ՉԱԻի նշուած գիտական բաժնի փոքր աշխատակազմը չի պատկերացնում, որ դարը փոխուել է, որ թուայնացուած ռադիօտեխնիկայի միջոցներ կան, որ կառավարման համակարգերը բոլորովին այլ են, եւ ամէն ինչ պէտք է մոդեռնիզացնել (արդիականացնել-Խմբ.) եւ հնարաւոր է դա անել: Մենք մեր ծրագրի շրջանակներում ունենք միջազգային կազմակերպութիւններ, նուիրատուներ, որոնք այս պահին պատրաստ են մեր կողքին լինել, այս ամէնն իրականացնել, որպէսզի Հայաստանը ունենայ ժամանակակից հզօր գործիք, որպէսզի Հայաստանում ուսումնասիրութիւններ կատարուեն, տիեզերքը ուսումնասիրուի: Իսկ նրանք վախենում են աշխատավարձից զրկուել, նրանք ՉԱԻում աշխատավարձ կամ աւելի ճիշտ թոշակ են ստանում ոչինչ չանելու դիմաց: Ես նորից պէտք է վկայակոչեմ վարչապետին՝ այո, սուրճ խմելու դիմաց են ստանում, եւ դրա հետ մէկտեղ դժգոհ են: Նրանք փնովում են մեծագոյն գիտնականին, որն իրենց ղեկավարն է եղել, որի գիտական ժառանգութեան շնորհիւ այսօր նրանք շարունակում են ստանալ այդ աշխատավարձը:
Սա մեր պետութիւնն է, մեր տունն է, եւ մենք Հերունու ազգային տիեզերական կենտրոն ծրագրի շրջանակներում բոլորովին շահագրգռուած չենք մասնաւորացնել աստղադիտակը կամ այլ ակտիւները, մենք պետական սեփականութիւնը արդիւնաւէտ կառավարելու ծրագիր ունենք, որը կոչուած է հետեւողական քայլեր անել, որ Հերունու կենտրոնը ծաղկի, այսօրուայ դամբարանային վիճակից դուրս գայ եւ սկսի աշխատել:
«ԼՐԱԳԻՐ»