ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ուսումնական տարեշրջանի իւրաքանչիւր Շաբաթ օր հանդիպում ենք Տաճատ Ծ. վրդ. Եարտըմեանին. «Լարք» հաստատութեան «Հայք» հայերէնագիտական կենտրոնում նա դասաւանդում է գրաբար, հայ եկեղեցու պատմութիւն, հայկական ինքնութիւն եւ մշակոյթ: Աշակերտները աւագ տարիքի են, ներառեալ՝ երաժշտանոցի ուսուցչուհիներից ոմանք:
Իր դասախօսութիններից գիտէինք, թէ որքա՜ն ընդարձակ է նրա ուսումնասիրութիւնների դաշտը, զարգացման մտահորիզոնը, բազմազան են հետաքրքրութիւնների ոլորտները: Եւ ահա 2018 թուականին, Լոս Անճելեսում, հրատարակուեց նրա լայնածաւալ մի աշխատասիրութիւնը՝ «Հայերէն Լեզուի Ժամանակակից Բառարան» վերնագրով, ինչը նոյնիսկ թերթատելով կարելի է գաղափար կազմել այն արգասաբեր պատրաստուածութեան մասին, որն ունի Վենետիկի «Բազմավէպ» պաշտոնաթերթի ժամանակի խմբագիր, բազմաթիւ եկեղեցական, կրօնական, աստուածաբանական եւ մշակութային ուսումնասիրութիւնների հեղինակ Տաճատ Ծ. վրդ. Եարտըմեանը:
Հեղինակը յայտնում է, որ այս գործի հետազօտական աշխատանքներն սկսուել էին տարիներ առաջ, դեռեւս 1965 թուականից: Հաշուի առնելով եկեղեցական պաշտօնավարութեան պարտաւորութիւնները եւ զբաղուածութինը, աշխատանքներն ընթացել են պարբերաբար, ընդմիջումներով: Ըստ հայր Տաճատի՝ ներկայ բառարանը ոչ միայն մասնագիտական պրպտումների համար է, այլ նաեւ կարող է ընդհանուր զարգացման միջոց հանդիսանալ:
Բառարանում ընդգրկուած եւ բացատրուած են 50ից աւելի մետաղատեսակներ, շուրջ 100 թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարեր, 750-800 բուսական անուններ, 700 կենդանական անուն, շուրջ 500 բժշկագիտական անուններ: Բառերի կողքին տրուած են նրանց համապատասխան լատիներէն եւ անգլերէն բառերը, երբեմն նաեւ դրանց արաբերէն կամ թրքերէն անունները: Այսպիսով, տուեալ բառարանը օգտագործելով՝ ընթերցողը կամ օգտատէրը հնարաւորութիւն է ունենում աւելի լայն բացատրութիւններ ստանալու իր իմացած բառերի մասին, կամ էլ՝ սովորելու մինչ այդ դեռեւս չպարզաբանած բառեր:
Հայր Տաճատը նշում է, որ «լեզուի մը մէջ բացարձակ հոմանիշներ գրեթէ չկան, այլ կան միայն մօտաւոր հոմանիշներ՝ նման, տարբեր»: Ու այս գաղափարը առաւել հաստատելու միտումն է, որ նրա աշխատութեան մեջ հանդիպում ենք գլխապտոյտ շղթայական «առաքումներ»ի՝ մէկ բառից միւսը, փորձելով բացայայտել այն բոլոր հնարաւոր իմաստները, որ կարելի է վերագրել որեւէ բառի:
Յատուկ ուշադրութիւն է դարձուած մեր լեզւում տեղ գտած օտար բառերի բացատրութեանը. դրանցից ոմանք ունեն իրենց փոխարինելի հայերէն տարբերակը (ալպումին-բնասպիտակուց, վիրուս-ժահր, ամնեսթի-յանցաներում եւ այլն), իսկ ոմանք էլ անփոխարինելի են (օփերա, ֆիլմ, ալքոհոլ եւ այլն): Շատ կարեւոր եւ օգտակար են այս բացատրութիւնները արեւելահայերէն- արեւմտահայերէն շփումների համար, երբ օտար բառերի պատճառով արեւելահայ լեզուն դառնում է անհասկանալի, հիմնականում, սփիւռքահայերի:
Բառարանում այբուբենի իւրաքանչիւր տառ, որով սկսւում է տուեալ բաժինը, ունի այդ տառի բացատրութիւնը: Օրինակ. «Կ-կ.- 15րդ տառ այբուբենի, բաղաձայն, թուական արժէքը՝ 60 եւ 60րդ. անունը՝ կէն. ձայնը՝ կը»:
Հեղինակը չունի հաւակնութիւնը իր կազմած բառարանը անթերի նկատելու: Իսկ մենք՝ բառարանագէտի իմացութեան սահմաններից դուրս լինելով, միայն նկատառումներ են, որ կարող ենք կատարել: Ինչպէս շատ ուրիշ անգամ, զարմանալի է մեզ համար վերնագրում տպագրուած «հայերէն լեզուի»՝ արտայայտութիւնը «հայոց լեզու»ի փոխարէն, եւ այս հարցը միշտ հետեւում է մեզ: Մի բարեկամ էլ կ՛ուզէր այս աշխատանքը տեսնել խմբաւորուած՝ ըստ բաժինների (կենդանիներ, բոյսեր, բժշկական եզրեր եւ այլն), իւրաքանչիւրն իր այբբենական կարգով:
Պտղատու ծառին քար նետողներ կը լինեն: Սակայն այս աշխատանքին, կարծում ենք, չեն կարող քարեր դիպչել, բացի խիստ մասնագիտական նկատառումներից: Իսկ տպագրութեան հովանաւոր մեկենասուհին նոյնիսկ չի դրել իր անունը գրքի տիտղոսաթերթում, չցանկանալով աշխատանքը չափել նիւթականով՝ թէ՛ բարձր պահելով գրքի արժէքը, թէ՛ միեւնոյն ժամանակ, ակամայ, ինքը եւս հասնելով այդ բարձրութեան:
Հռոմի Յիսուսեանների Գրիգորեան համալսարանի փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան բաժիններում իր բարձրագոյն ուսումն ստացած Տաճատ Ծ. վրդ. Եարտըմեանը իր մտաւոր աշխատանքներին զուգընթաց, ծառայում է Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմում: Պաշտօնէութիւնները կարող են լինել փոփոխական, անցողիկ, սակայն մտաւոր պաշարը, որ մղում է ստեղծագործելու եւ մարդկութեանը պարգեւելու հոգեւոր արժէքներ, անանցանելի է եւ անձեռնմխելի, դա քո սեփականութիւնն է:
Հեղինակը բառարանի հրատարակութիւնը նուիրել է 1915ի Հայոց Ցեղասպանութեան զոհ, Սուրբ նահատակ իր մեծ հօր՝ Գէորգ Եարտըմեանի յիշատակին: Սակայն «Հայերէն Լեզուի Ժամանակակից Բառարան»ը մի նուիրում է ոչ միայն իր մեծ հօրը, այլ նաեւ հայ ժողովրդի բոլոր զաւակներին, մանաւանդ նրանց, ովքեր նախանձախնդրութեամբ են վերաբերւում մայրենի լեզուն տիրապետելուն եւ այդ լեզուով ճիշտ հաղորդուելու կարեւորութեանը:
Հայր Տաճատին մաղթում ենք քաջառողջութիւն եւ կորով, նոր ուսումնասիրութիւնների հրատարակութիւններ, եւ թող լոյս աշխարհ գան նրա ձիրքերից ծնուած այն բոլոր ծաղիկները՝ գրած բանաստեղծութիւնները, ստեղծած նկարչական կտաւները, որոնք գողտրիկ եւ անշշուկ զարդարել են իր հոգեւոր կեանքի առօրեան: