ԼՈՒՍԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
«Ֆիզիկապէս չեմ վնասուել, այլ հոգեպէս: Դժուար էր էլի ամէն օրը ձայների, ռմբակոծման տակ, միշտ վախի տակ, միշտ վախով ես ապրում»:
Սիրիայում 2011ին սկսած պատերազմը Աբրահամ Գոճաօղլեանի եւ ընտանիքի՝ Հայաստան տեղափոխուելու պատճառն է դարձել: 2015ի Նոյեմբերին Հալէպից կնոջ՝ Դալարի, եւ որդու՝ Անդրանիկի հետ տեղափոխուել է Երեւան՝ մշտական բնակութեան: Այստեղ է ծնուել նրա կրտսեր որդին՝ Արեգը:
Սասունցի Դաւիթ կայարանի հարեւանութեամբ է գտնւում Աբրահամի հիմնած ակնոցի խանութը՝ Vagooptik-ը: Գոճաօղլեանների ընտանիքի ակնոցագործական գործունէութիւնը երկար տարիների պատմութիւն ունի: 37ամեայ Աբրահամն էլ շարունակում է ընտանեկան գործը: «Մեր պապենական գործն է էլի: Մեզ մօտ տենց ա: Մարդիկ իրանց հօր գործը շարունակում են», ասում է նա:
Ծնողների համար Սիրիան լքելը դժուար է եղել. սովոր են այնտեղի կեանքին: Հալէպում նոյն գործով են զբաղւում: Աբրահամը ժպտալով ասում է, որ կը ցանկանար՝ որդին էլ ապագայում ակնոցագործ (optician) լինէր:
Պատերազմից առաջ գործերը Սիրիայում աւելի լաւ էին. Հալէպն աւելի մեծ է, բնակչութիւնն էլ՝ աւելի շատ: Սակայն Հայաստանում էլ վատ չէ: Աբրահամի խօսքով՝ այս աշխատանքը շատ է սիրում. «Սիրում եմ, քանի որ մաքուր գործ ա, հօրս գործն ա, մենակ վաճառելով չի, մէջը բժշկական մաս կայ: Պէտք է բժշկի նման հասկանաս, որ կարողանաս էս գործը անել»:
Աբրահամի համար սկզբնական շրջանում յաճախորդների հետ շփուելը բարդ էր. «Յաճախորդը գալիս, խօսում էր, չէինք հասկանում. ռուսերէն բառեր շատ են օգտագործում: Յետոյ կամաց-կամաց սովորեցինք»:
37ամեայ ակնոցագործին Հայաստանում ամէն ինչ է դուր գալիս, յատկապէս՝ բնութիւնն ու եղանակը: Նրա կարծիքով՝ տարբերութիւնները Սիրիայի եւ Հայաստանի միջեւ շատ չեն, գրեթէ նոյն մթնոլորտն է: Այնտեղ հայկական թաղամասում է ապրել, հայկական դպրոց յաճախել:
«Զգում եմ, որ իմ երկրում եմ», ասում է նա:
«ՍԻՎԻԼՆԵԹ»