Ն. Ա.
«Քորոնա» ժահրի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցում ամերիկահայ համայնքին աջակցելու նպատակով ստեղծուած COVID-19 Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի ամէնօրեայ աշխատանքին Մայիսի 29ին միացաւ Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօն:
Գլենդելի Հայ երիտասարդական կենտրոնում համայնքի բարեկամ խորհրդարանականը ծանօթացաւ յանձնախմբի գործունէութեանը, զրուցեց անդամների հետ եւ միացաւ սննդամթերքի կազմակերպման ու առաքման կամաւորների աշխատանքին: «Համաշխարհային աննախադէպ համաճարակի պայմաններում, կարծում եմ, սա իսկապէս իւրայատուկ նախաձեռնութիւն է, երբ համայնքը համախմբւում է՝ ձեւաւորելով յատուկ յանձնախումբ եւ կամաւորների մասնակցութեամբ մեծ ազդեցութիւն է ունենում 900 ընտանիքի կեանքում: Հպարտ եմ այսօր այս նախաձեռնութեան մաս կազմելու եւ Կալիֆորնիայի խորհրդարանում այս ընտրաշրջանը ներկայացնելու համար», նշեց Փորթանթինօն:
COVID-19 Արեւմտէան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի Մարտ ամսուայ վերջից սկսած շուրջօրեայ գործունէութեան ընթացքում
900 հայ ընտանիքի տրամադրուել է սննդամթերք եւ այլ անհրաժեշտ օժանդակութիւն: Աշխատանքները հիմնականում համակարգւում եւ իրականացւում են Գլենդելում գտնուող Հայ երիտասարդական կենտրոնում, որտեղ յանձնախմբի ներքոյ համախմբուած բազմաթիւ կազմակերպութիւնների անդամներ եւ կամաւորականներ են գործում:
[embedyt] https://www.youtube.com/watch?v=8xlYOjOAYvU[/embedyt]
«Այսօր հաւաքուել ենք կրկին պատրաստելու սննդային պաշարով լի պայուսակներ, որոնք կ՛առաքուեն համավարակի պատճառով կարիքներ ունեցող մեր համայնքի անդամներին: Մեր հայրենակիցներին տարբեր հարցերում օգնելու պատրաստ յանձնախումբը շարունակելու է գործել այնքան, որքան մեր կարիքը կը զգացուի», տեղեկացրեց Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնից կամաւոր Յասմիկ Բուրուշեանը:
ՀՅԴ Արեւմտէան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ ստեղծուած COVID-19 Արեւմտէան Ամերիկայի Հայ Համայնքի Աշխատանքային յանձնախմբի մաս են կազմում՝ Հայ Մշակութային հիմնադրամը, Հայ Օգնութեան Միութիւնը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, ՀՄԸՄը, Համազգային Հայ Կրթական Եւ Մշակութային միութիւնը, Ազգային վարժարանների Խնամակալ մարմինը ու Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանը:
COVID-19ի պատճառով ստեղծուած իրավիճակից ելնելով աջակցութեան կարիք ունեցողները կարող են դիմել աշխատանքային յանձնախմբին հետեւեալ էլ. հասցէով՝ admin@ancaglendale.org կամ զանգահարել՝ (818) 243-3444:
Կալիֆորնիայի Ծերակոյտում 25րդ ընտրաշրջանը ներկայացնող Էնթընի Փորթանթինօն «Ասպարէզ»ին տեղեկացրեց նաեւ նահանգի տնտեսական վերականգնմանն ուղղուած օրէնսդիր մարմնում քննարկուող նախաձեռնութիւնների մասին: Մանրամասները՝ տեսանիւթում:
[embedyt] https://www.youtube.com/watch?v=_Z2VTXAprTE[/embedyt]