ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
2019-2020 ուսումնական տարում Շահումեանի շրջանի դպրոցներն աւարտել է թուով 40 աշակերտ: Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց Շահումեանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթութեան բաժնի վարիչ Խորէն Վարդանեանը` համեմատած նախորդ տարիներին` սա շրջանաւարտների ամենաբարձր թիւն է: Անցնող ուսումնական տարում շրջանի դպրոցներում 9րդ դասարանն աւարտել է 55 աշակերտ:
«40 շրջանաւարտներից միասնական քննութիւններին յայտաւորուած են եղել 12ը: Սակայն պայմանաւորուած համավարակով, երբ միասնական քննութիւնները չեղարկուեցին, եւ փոխարէնը դիմորդները բուհեր կ’ընդունուեն` յանձնելով քննութիւն միայն մէկ առարկայից, դիմորդների թիւն աւելացել է: Քանի որ դիմորդներն անմիջապէս են յայտաւորուել, առանց մեր միջնորդութեան, այս պահին նրանց թուի վերաբերեալ վերջնական տուեալները դեռեւս չունենք, սակայն կարծում եմ, որ թիւն աւելացել է, քանի որ եղել են աշակերտներ, որ աւելի ուշ ցանկութիւն են յայտնել բուհ դիմել եւ ունեցել են այդ հնարաւորութիւնը», նշեց Խորէն Վարդանեանը:
Շրջանաւարտների յայտաւորած առարկայացանկը բաւականին բազմազան է. յայտեր եղել են գրեթէ բոլոր առարկաներից: Շահումեանի շրջանից դիմորդները դիմում են թէ՛ երեւանեան, թէ՛ արցախեան բուհեր. առաւել գերակշռում են Արցախի բուհեր դիմողները:
Ամփոփելով անցնող ուսումնական տարին` մեր զրուցակիցը նշեց, որ համավարակով պայմանաւորուած` Մարտ ամսից շրջանում փորձել են հեռավար կրթութեան միջոցով ապահովել դասապրոցեսը: «Սակայն մենք այստեղ կորցրել ենք ամենակարեւորը` կենդանի շփումը, որը պակաս կարեւոր չէ, քան հէնց գիտելիքը: Իսկ ամենակարեւոր ձեռքբերումը թերեւս այն է, որ երեխաներն այսուհետեւ աւելի շատ կը կարեւորեն կրթութեան դերը եւ աւելի մեծ սիրով դպրոց կը յաճախեն, երբ դրա հնարաւորութիւնը նորից կը լինի: Այժմ երեխաներն անհամբերութեամբ սպասում են դասերի վերսկսմանը», ընդգծեց Խորէն Վարդանեանը:
Ըստ մեր զրուցակցի` հեռավար ուսուցման կազմակերպման ամենամեծ խոչընդոտը շրջանում համացանցային թոյլ կապն է եւ որոշ աշակերտների եւ ուսուցիչների` տեխնիկական (գիտարուեստական-Խմբ.) սարքերով ապահովուած չլինելը:
«Քանի որ այս պահին յստակ չէ, թէ եկող ուսումնական տարին ինչպէս ենք սկսելու, ԿԳՄ նախարարութիւնը տարբեր ծրագրեր է մշակում` հեռավար կրթութիւնն առաւել պատշաճ կազմակերպելու համար, եւ մենք էլ փորձում ենք դրանք տեղում իրականացնել: Հնարաւորինս ճշգրիտ հաշուառել ենք շրջանի այն աշակերտներին եւ ուսուցիչներին, ովքեր չունեն համապատասխան տեխնիկական սարքեր, եւ ցանկը ներկայացրել ենք նախարարութիւն»: Խորէն Վարդանեանի խօսքով` պատրաստւում են վատագոյն սցենարին (բեմագրութեան-Խմբ.), այն է` դասերը Սեպտեմբերից հեռավար սկսելուն, սակայն մեր զրուցակիցը վստահ է, որ ամէն ինչ կախուած է նաեւ մեզանից: «Եթէ բոլորս պահպանենք հիգիենայի (առողջաբանութեան-Խմբ.) անհրաժեշտ կանոնները, յուսով եմ, որ Սեպտեմբերին կը կարողանանք մեր երեխաներին դպրոց ընդունել»: Կրթութեան բաժնի վարիչը նաեւ յոյս յայտնեց, որ կը լինի ուսուցիչների` հեռավար դասապրոցեսի (դասերու ընթացքի-Խմբ.) առցանց վերապատրաստում: «Ցաւօք, մեր ուսուցիչների մի մասը չի տիրապետում ժամանակակից տեխնոլոգիական միջոցներին, բացի այդ, հեռավար կրթութիւն կազմակերպելու համար բաւական չի միայն ուսուցչի դասաւանդումը, նրանց անհրաժեշտ է նաեւ համապատասխան նիւթեր տրամադրել` դասերն աւելի հետաքրքրիր ու նոր ձեւաչափին համապատասխան կազմակերպելու համար», ամփոփեց մեր զրուցակիցը:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից