Յուլիսի 27ին ոգեկոչում ենք յիշատակը «Հայ յեղափոխական բանակ»ի մարտիկների, «Լիզբոն 5» տղաների, ովքեր իրենց ակտով ստիպեցին աշխարհին խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին: Հայոց «Նեմեսիս»ի աւարտից յետոյ աշխարհում կարծես մոռացուել էր 20րդ դարի մեծագոյն ողբերգութիւնը:
Հայկական Հարցի մասին կրկին սկսեցին խօսել յատկապէս Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ, երբ սփիւռքահայութիւնը հանդէս եկաւ Արեւմտեան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու պահանջով: Երկարատեւ քննարկումներից յետոյ, սակայն, 1953թ. Մայիսի 30ին, խորհրդային կառավարութիւնը յայտարարում է, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի, եւ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը խորհրդային իշխանութիւնը չհրաժարուեց այդ քաղաքական դիրքորոշումից: Այս պայմաններում Հայկական Հարցի հետապնդումը կամ, որ նոյնն է, Հայ Դատի պահանջատիրութիւնը իր ուսերին վերցրեց Հայկական Սփիւռքը, եւ չնայած Հայոց Ցեղասպանութեան հարցը միջազգային օրակարգ մտցնելու ուղղութեամբ Սփիւռքում գործող ազգային կուսակցութիւնների, Հայ Դատի յանձնախմբերի ու եկեղեցու գործադրած ջանքերին՝ չյաջողուեց ճեղքել Հայոց Ցեղասպանութեան հարցի շուրջ կառուցուած մոռացութեան պատը: Ցեղասպանութեան 50րդ տարելիցին ամփոփելով տարիների պայքարը՝ սփիւռքահայութիւնը հասկացաւ, որ ձեռք բերուած արդիւնքները բաւարար չեն. աշխարհը շարունակում էր ժխտողական մօտեցումը Հայոց Ցեղասպանութեան հարցում: Անհրաժեշտ էր մշակել նոր, աւելի արդիւնաւէտ մարտավարութիւն: Քանի որ քաղաքական պայքարը ցանկալի արդիւնք չէր տուել, հայութիւնը ստիպուած էր գնալ մէկ այլ ճանապարհով. «Հայկական հարցի համար մղուող պայքարի երկրորդ ուղղութիւնը ահաբեկչութիւնն էր»:
Այսինքն՝ իր ձայնը լսելի դարձնելու համար հայութիւնը վերադառնում է XIX դարի երկրորդ կէսին հայ ազատագրական պայքարի որդեգրած մարտավարութեանը, մասնաւորապէս «առաջ է քաշւում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիւանագիտական աշխատողների ահաբեկչութիւնը: Նոր պայմաններում պահանջատիրական զինեալ պայքարի տարբերակը դառնում է ազգային-ազատագրական պայքարի այն ձեւը, որը պէտք է Հայկական Հարցը դուրս բերեր փակուղուց եւ կրկին դարձնէր միջազգային յարաբերութիւնների օրակարգի հարց»:
1975թ. Հոկտեմբերին ասպարէզ է իջնում «Հայկական Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպութիւնը, որը 1975թ. Հոկտեմբերի 22ին Վիեննայում. Թուրքիայի դեսպանի ահաբեկումից յետոյ իր գոյութեան մասին ազդարարում է մի յայտարարութեամբ, որում ասւում էր. «Մենք հայ ժողովրդի զաւակներն ենք: Գործում ենք յանուն արդարութեան: Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչների դէմ մեր արարքը աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետութիւններին պիտի յիշեցնի, թէ հայոց մոռացուած ցեղասպանութիւնը անպատիժ է մնում: …Մեր արդար դատի հետապնդման միակ միջոցը զինեալ պայքարն է»:
ՀՑԱՄը գործեց մինչեւ 1983 թուականը՝ այդ ընթացքում կազմակերպելով զինեալ գործողութիւններ Վիեննայում, Փարիզում, Վատիկանում, Մադրիդում, Շուէյցարիայում, Կանադայում, ԱՄՆում եւ այլուր:
1983 թ. ՀՑԱՄը իր տեղը զիջեց «Հայ յեղափոխական բանակ» (ՀՅԲ) կազմակերպութեանը: Վերջինիս գործողութիւններից առաւել յայտնի է Լիսաբոնում 5 հայ երիտասարդների կողմից իրականացուած ակտը, որը մեր պատմութեան մէջ յիշատակւում է «Լիզբոն 5» անունով: Գործողութիւնը պէտք է տեղի ունենար Յուլիսի 27ին: Օրը պատահական չէր ընտրուած. այդ օրը «Պորտուգալիայի մայրաքաղաք էին ժամանելու Եւրոպայում գործող թուրքական դեսպանատների պատասխանատու մարմիններն ու կցորդները, ինչ-որ ընդհանուր խորհրդակցութեան»: Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատի վրայ սեւեռելու նպատակով 1983թ. Յուլիսի 27ին ՀՅԲ 5 անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճէմեանը, Սիմոն Եահնիյեանը, Սարգիս Աբրահամեանը եւ Արա Քըրճլեանը, գրոհեցին Լիսաբոնի թուրքական դեսպանատան վրայ: Դեսպանատուն ներխուժելու ժամանակ ոստիկանների հետ սկսուած փոխհրաձգութեան հետեւանքով զոհւում է Սիմոն Եահնիյեանը՝ չկարողանալով մտնել դեսպանատուն։ Տղաները գրաւում են դրան կից թուրքիայի փոխդեսպանի բնակարանը:
Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շէնքը։ Պորտուգալիայի կառավարութիւնը վարչապետ Մարիօ Սուարեսի գլխաւորութեամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշւում է առաջին անգամ օգտագործել յատուկ ջոկատայիններ։ Նախքան յատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շէնքում հրդեհ է բռնկւում, ապա լսւում են պայթիւնի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին (փոխդեսպանի կնոջն ու երեխային) բաց թողնելուց յետոյ պայթեցնում են շէնքը եւ մնում դրա փլատակների տակ։
Մինչ որոշիչ պայթիւնը կ՛որոտար, ՀՅԲ մարտիկները աշխարհին ու նաեւ աշխարհասփիւռ հայութեանը յղում են իրենց կոչը. «Բոլոր կառավարութիւններին, համաշխարհային հանրային կարծիքին եւ մամուլին: Սա անձնասպանութիւն չէ, ոչ էլ խելագարութիւն, այլ գերագոյն զոհաբերում ազատութեան բագինին: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինեալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետութեան եւ նրա պաշտպան պետութիւնների մերժումի՝ գոհացում տալու հայ ժողովրդի արդար ու խաղաղասէր իրաւունքներին: Հայերի իրաւունքն է ապրել ու բարգաւաճել իրենց նախահայրերի հայրենիքում՝ ազատ ու անկախ…»: Իրենց կեանքը Հայ Դատի պայքարին նուիրաբերած երիտասարդների աճիւններն ամփոփուեցին Բէյրութի հայկական գերեզմանատանը, որն ուխտավայր դարձաւ լիբանանահայութեան եւ առհասարակ աշխարհի տարբեր երկրներից Լիբանան ժամանող հայերի համար:
Լիսաբոնի անձնազոհ տղաների գործողութիւնը ցնցեց աշխարհը եւ փոթորկեց շատ ու շատ հայ երիտասարդների հոգիները, որոնք խանդավառուեցին ազգային պահանջատիրութեան պայքարով: Նրանց ռումբերը իրենց որոտով պայթեցրին լռութեան ու սառը մերժման այն պատը, որ տասնամեակներ շարունակ աշխարհը կառուցել էր Հայոց Ցեղասպանութեան հարցի դիմաց՝ մշտապէս խուլ ու հա՛մր ձեւանալով հայրենազրկուած հայութեան արդար պահանջատիրութեան նկատմամբ:
Ահաբեկչութի՞ւն էին արդեօք «Լիզբոն 5»ի կամ ՀՑԱՄի գործողութիւնները։ Աշխարհը գուցէ ասի՝ այո՛յ, բայց չէ՞ որ նոյն այդ քաղաքակիրթ աշխարհն էր ուրացման եւ մոռացութեան քաղաքականութեամբ ստիպել նոր կեանք մտնող երիտասարդներին դիմել ահաբեկչութեան ծայրայեղ միջոցին՝ սեփական ձայնը լսելի դարձնելու եւ խլուած իրաւունքները վերականգնելու համար: Քանի դեռ քաղաքակիրթ ու քաղաքական էր հայութեան պայքարը, աշխարհն ականջալուր չէր դրան։ Հայոց Ցեղասպանութեան մասին մեծ ու փոքր երկրները եւ միջազգային կառոյցները սկսեցին խօսել միայն այն բանից յետոյ, երբ հայ երիտասարդը սկսեց իր ժողովրդի զինեալ պայքարի նորագոյն փուլը:
Խօսելով «Լիզբոն 5»ի գործողութեան մասին՝ պէտք է արձանագրել, որ «1983 թուականի այս գործողութիւնից յետոյ բազմաթիւ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ գործողութիւնը ինքնաբուխ խենթութիւն կամ պարզապէս հինգ երիտասարդների ծրագիր չէր:
Հայ յեղափոխական բանակի գործողութիւնը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինեալ պայքարին վերադառնալու որոշում կայացուեց, երբ բոլոր դիւանագիտական տարբերակներն արդէն սպառուել էին, սակայն այդպէս էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցուել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում»:
Այսօր երկու տասնեակից աւելի պետութիւններ ու մի շարք միջազգային կազմակերպութիւններ ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ հայութիւնը նախ եւ առաջ Հայ Դատի պայքարին իրենց կեանքն ու ազատութիւնը գրաւ դրած հայորդիների անձնազոհութեան շնորհիւ հասել է Ցեղասպանութեան ճանաչումից պահանջատիրական պայքարի փուլ թեւակոխելու հանգրուանին, այդ թւում՝ նահատակութեան ճանապարհով Լիսաբոնում մարտիրոսուած 5 երիտասարդների, որոնց յիշատակը հայ ժողովուրդը ոգեկոչում է ամէն տարի՝ Յուլիսի 27ին:
Գաղափարական Ազդեցութիւնը
ՀՑԱՄ եւ ՀՅԲ մարտիկների զինեալ պայքարը քաղաքական եւ քարոզչական մեծ ազդեցութիւն գործեց համաշխարհային հանրութեան վրայ եւ գաղափարական յեղաշրջիչ ներգործութիւն ունեցաւ ժամանակի հայ երիտասարդութեան վրայ, որը, մինչ այդ բախուելով Հայոց ցեղասպանութեան ժխտման փաստին, յուսահատութեան եւ անտարբերութեան թմբիրի մէջ էր: Ի դէպ, պէտք է փաստել, որ այդ արթնացման գործում որոշակի դերակատարութիւն ունեցան նաեւ Հայոց ցեղասպանութեան 50րդ տարելիցին Երեւանում Ցեղասպանութեան յուշահամալիրի կառուցումը, բազմահազար հայութեան այցելութիւնը հայ նահատակների յիշատակին նուիրուած նոր սրբատեղի եւ սրանց զուգորդած ժողովրդական յուզումները: Հայաստանեան հասարակութեան ազգային զարթօնքը յաւելեալ ազդակ հանդիսացաւ սփիւռքահայութեան համար՝ շարունակելու կամ, աւելի շուտ, վերսկսելու պայքարը, փնտռելու անարդիւնաւէտ քաղաքական պայքարից անդին նոր ուղիներ՝ հայոց պահանջատիրութիւնը միջազգային օրակարգեր ներառելու համար: Արժէ նշել նաեւ, որ ասպարէզ իջած զինեալ կազմակերպութիւնների մարտիկների գործողութիւններն իրենց հերթին զարթօնքի իւրայատուկ ազդակ դարձան յաջորդող սերունդների համար, որոնք անհրաժեշտ ժամին պէտք է նետուէին արդէն Արցախի ազատագրման պայքարի յորձանուտը:
Զինեալ պայքարի մարտիկներից շատերն այդպէս էլ անուանապէս անյայտ մնացին. յայտնի են միայն նահատակուած կամ ձերբակալուած մարտիկների անունները: Այս մարտիկների պայքարը ձեւով գուցէ ահաբեկչութիւն էր, բայց բովանդակութեամբ. այն պայքար էր խախտուած իրաւունքի վերականգնման համար եւ խարսխուած էր հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան նպատակի վրայ: Նրանցից իւրաքանչիւրը թերեւս կարող էր կրկնել իր մեծ նախորդներից մէկի՝ Սողոմոն Թեհլիրեանի խօսքերը. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Սփիւռքահայ երիտասարդութիւնը, որը ծնուել էր օտար երկրներում, երբեւէ պապերի հայրենիքում չէր եղել եւ ենթակայ էր մեծ աշխարհի ձուլիչ միջավայրին ու բարքերին, իրեն զգաց նախնիների կորուսեալ հայրենիքի ու արդար դատի ժառանգորդ: Այդ ժառանգուած իրաւունքները վերագտնելու համար հայրենիքից հեռու մեծացած երիտասարդի զգացողութիւններն են արտայայտուել Լիսաբոնի գործողութեան հերոս Սիմոն Եահնիյեանի խօսքերում. «Եթէ պիտի հեռանամ Լիբանանից, ապա կը նստեմ այն օդանաւը, որը պիտի վայրէջք կատարէ «Զուարթնոց» օդանաւակայանում»։ Սիմոնը եւ իր ընկերները, ցաւօք, Հայաստան չվերադարձան, բայց նրանց անունն ու սխրանքը ճեղքեցին անգամ խորհրդային «երկաթեայ վարագոյրը» եւ հասան Հայաստան: Մեծ բանաստեղծ Հ. Շիրազը Լիսաբոնի տղաների յիշատակին նուիրեց «Յիշէ՛ք, Հայեր» բանաստեղծութիւնը:
Այս տղաներից իւրաքանչիւրն իր սխրանքով ոգեշնչեց նաեւ Հայ Դատի պայքարին լծուած գործիչներին՝ դիւանագիտական պայքարը վճռականօրէն շարունակելու համար: Կարելի է հաստատել, որ զինեալ պայքարը որոշ առումով նաեւ դիւանագիտական պայքարի համար էր բարենպաստ հիմք, քանի որ հէնց այդ գործողութիւնները նպաստեցին, որ դիւանագիտական պայքար մղող գործիչների ձայնը լսելի դառնայ միջազգային ատեաններում: Այդ պայքարի շնորհիւ էր, որ համաշխարհային մամուլում 1920ականներից յետոյ առաջին անգամ յայտնուեցին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նիւթեր:
Անհրաժեշտ է յստակօրէն արձանագրել նաեւ, որ սփիւռքահայ երիտասարդութեան զինեալ պայքարն ահաբեկչութիւն չէր, քանի որ այն ահաբեկչական գործունէութեանը բնորոշ նպատակներ չէր հետապնդում. նրա հետապնդած շահը նիւթական հարստութիւնն ու արժէքները չէին, այլ ազգային իրաւունքները: Պատահական չէ, որ երբ Հայ դատի քաղաքական պայքարը սկսեց լուրջ յաջողութիւններ գրանցել, հայկական զինեալ գործողութիւններն աւարտուեցին, իսկ նրա մարտիկներից ոմանք 1990ականներին իրենց գործը շարունակեցին Արցախում՝ մասնակցելով հայրենիքի այս հատուածի ազատագրման համար մղուող պատերազմին:
ՀՑԱՄ եւ ՀՅԲ մարտիկների գործողութիւնների գաղափարական ազդեցութիւնը մինչ օրս էլ թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սփիւռքում կրում է հայ երիտասարդութեան մի ստուար զանգուած, որը, այս երիտասարդների օրինակով ոգեշնչուած, կանգնած է Հայ Դատի արդարացի լուծման համար մղուող պայքարի դիրքերում: Այժմ, երբ Հայ դատի յանձնախմբերի հետեւողական պայքարի շնորհիւ որեւէ երկիր ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանութիւնը, դա նաեւ յարգանքի տուրք է այն բոլոր մարտիկների յիշատակին, ովքեր, իրենց երիտասարդական երազանքներն ու ապագայի ծրագրերը անտեսելով, նուիրուեցին արդարութեան համար մղուող պայքարին: Այս մարտիկների զոհաբերութեանն արժանի տուրք մատուցելու լաւագոյն ձեւը կը լինի հայոց պահանջատիրական պայքարը շարունակաբար առաջ մղելն ու ի վերջոյ հատուցման հասնելը, այն է՝ միջազգային հանրութեան կողմից Սեւրի պայմանագրով եւ վիլսոնեան իրաւարար վճռով Հայաստանի Հանրապետութեան մաս ճանաչուած, բայց Թուրքիայի կողմից օկուպացուած տարածքների վերադարձը Հայաստանի Հանրապետութեանը:
Ամփոփելով ցանկանում ենք շեշտել՝ նորօրեայ զինեալ պայքարի մէկ դասն էլ յոյսը սեփական ուժերի վրայ դնելն է ու հարկ եղած դէպքում ազգային իրաւունքների ճանաչումն ու արդարութեան վերականգնումը պարտադրելը, ինչը, դժբախտաբար, դեռ երկար ժամանակ արդիական է լինելու։
Օգտագործուած Գրականութեան Եւ Աղբիւրների Ցանկ
Խուրշուդեան Լ., Հայկական հարցը. ծագումը, բովանդակութիւնը, պատմութեան հիմնական փուլերը, Եր., 1995:
Նախշքարեան Ա., Սրբազան խաչելութիւն, Եր., 2019։
Համացանցային Նիւթեր
- http://www.lisbon5.com/02.html
- https://www.yerkir.am/news/view/180967.html
«Դրօշակ», թիւ 7 (1641), Յուլիս 2020թ.