ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Տաւուշի սահմանագօտում ադրբեջանական սադրանքին ի պատասխան հայկական զինուժի պատժիչ հարուածը եւ դրա արդիւնքում ստեղծուած նոր ռազմա-քաղաքական իրադրութիւնը անմիջապէս արժանացաւ ուժային կենտրոնների ուշադրութեանը: Այդ գործողութիւններից յետոյ Հայաստանի պաշտպանութեան նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի հիւրերն էին Հայաստանում Իրանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, որոնք թերեւս փորձում էին ամբողջացնել ստեղծուած իրավիճակի ռազմա-քաղաքական ընդգրկումը:
Այդ համատեքստում յատկանշական է Չինաստանի դեսպանի «բացակայութիւնը» այդ շարքում, թէեւ դեսպանը գործնականում «վերջին դիւանագէտն» էր, որին հանդիպեց Հայաստանի պաշտպանութեան նախարարը Ադրբեջանի սադրանքից եւ պատժիչ ասիմետրիկ (անհամաչափ- Խմբ.) հարուածից առաջ:
Յուլիսի 9ին Չինաստանի դեսպանն այցելել էր պաշտպանութեան նախարարութիւն եւ հանդիպում ունեցել նախարար Տօնոյեանի հետ, քննարկելով երկկողմ եւ ռեգիոնալ (շրջանային- Խմբ.) նշանակութեան անվտանգային հարցեր: Չի բացառւում, որ այդ հանդիպումը լիովին գոհացրել է Պեկինին, Տաւուշից յետոյ նոր հարցեր չունենալու համար: Աւելին, Տաւուշն ըստ ամենայնի Չինաստանի համար ամբողջացրել է պատասխանները:
Իսկ դրանք Պեկինի համար կարեւոր են, հաշուի առնելով մի շարք հանգամանքներ, կապուած Չինաստանի աշխարհակարգային դերի փոփոխութեան հետ: Ներկայումս Պեկինն այլեւս ոչ թէ յաւակնում, այլ ամրանում է երկրորդ բեւեռի դերում: Այդ դերն անշուշտ նշանակելու է մեծ հետաքրքրութիւն նաեւ Կովկասում, իսկ այդ հետաքրքրութիւնն իրացնելու այլ հարթութիւն, քան Հայաստանի անվտանգային համակարգը, Պեկինի համար գործնականում չկայ: Բանն այն է, որ դրա «այլընտրանքը» թուրքական համակարգն է: Կովկասում կայ անվտանգային սկզբունքային երկու համակարգ՝ թուրքական կամ ռուս-թուրքական, եւ հայկական, որտեղ Ռուսաստանը եւս կայ, սակայն դեռեւս բազմաթիւ ռազմավարական հարցականներով:
Իրավիճակի գնահատման մասին է վկայում այն, որ Չինաստանը Երեւանում կառուցում է եւրասիական տարածութիւնում Մոսկուայից յետոյ մեծութեամբ երկրորդ իր դեսպանատունը, ինչը նշանակում է, որ Պեկինը Հայաստանում իր դեսպանատունը դիտարկում է բաւական լայն գործառութային շրջանակում: 2019 թուականի Մայիսին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպմանն աննախադէպ շեշտադրումներով ակնարկեց հայկական հարցի հանդէպ Պեկինի ուշադրութեան մասին: Թուրքիային Պեկինն այդ մասին ակնարկեց մօտ մէկ տարի անց՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին Հայաստան առաքուած մարդասիրական օգնութեան արկղերի վրայ գրելով Արարատի մասին, ինչը յարուցել էր Անկարայի դժգոհութիւնը:
Չինաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկերներից մէկն է թուրքական սպառնալիքի զսպման այն ռազմավարական խնդրում, որի մասին օրերս յայտարարեց Նիկոլ Փաշինեանը, ակնարկելով, որ եղած ռուսական առանցքով ձեւաչափերը այդ խնդրի համար այլեւս բաւարար չեն: Ընդ որում, այդ հանգամանքի գուցէ էքզիստենցիալ (գոյութենական- Խմբ.), այսպէս ասած խորհրդանշական արձանագրումը թերեւս մօտ մէկ տարի առաջ Յունիսին էր՝ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի բեմում, որտեղ առաջին դէմքի մակարդակով էին Ռուսաստանը, Չինաստաննն ու Հայաստանը, խորհրդանշելով եւրասիական տարածքում ուժային յարաբերակցութեան վերափոխման ընթացքը: Ի դէպ, այդ իմաստով յատկանշական է տաւուշեան ադրբեջանական սադրանքի ֆօնին ՌԴ ԱԳՆ խօսնակի խորհրդաւոր գրառումը՝ «Պակասում է Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումն ու «տապը» Բաքւում, դէ դուք հասկացաք»:
Բարդ է ի հարկէ ասել, թէ Յուլիսի կէսին յատկապէս ինչն է պակասում տիկին Մարիային, բայց Ռուսաստանին Կովկասում իրապէս պակասում է կամ Արեւմուտքը, կամ Չինաստանը՝ թուրքական էքսպանսիայի (ծաւալապաշտութեան- Խմբ.) ռազմա-քաղաքական զսպման համար: Մէկ տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի ֆորումը թերեւս վկայում էր, որ Մոսկուան պատրաստ է դիտարկել Չինաստանի տարբերակը: Թէեւ, չի բացառւում, որ այդ տարբերակը դիտարկում են ԱՄՆ ու Չինաստանը՝ վերաբաժանելով միջազգային այն անվտանգային գօտիները, որոնք Ռուսաստանի պատասխանատուութեան տակ են:
Հայաստանի համար ռազմավարական խնդիր է Կովկասի հայկական անվտանգային համակարգում իր հերթին կարողանալ բազմավեկտոր (բազմաճիւղ- Խմբ.) աշխատանքով բաժանել գործընկերային դերերը՝ Հայաստանի պատասխանատուութեան առանցքով, բազմակողմ փոխադարձութեան սկզբունքով:
«ԼՐԱԳԻՐ»