ԱՐԵԳ ՂԱՐԱԲԷԳԵԱՆ
Աշխարհում գերիշխանութիւն հաստատած տեխնածին տնտեսական համակարգերը կորզում են բնական պաշարները՝ առանց դրանց բնական սահմանափակուածութիւնն ու վերականգնման ունակութիւնը նկատի առնելու: Բնական պաշարների վրայ մեծացող ճնշումը պահանջում է հասարակական-բնապահպանական նոր մօտեցում, որը մի կողմից պէտք է մեղմի կենսաբազմազանութեան կորուստը, միւս կողմից՝ խթանի կայուն հողօգտագործումը՝ ներառելով տեղի բնակչութեան կարիքները: Այդպիսի լուծումներից մէկը կենսոլորտային պահպանավայրն է:
Միաւորուած ազգերի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը (ԵՈՒՆԵՍԿՕ – UNESCO) մշակել է խիստ պահանջներ՝ կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման համար։ Այդպիսի պահպանավայրի ստեղծումն առաջադրւում է պետութեան կողմից եւ ստանում է միջազգային ճանաչում:
Կենսոլորտային պահպանավայրը որոշ առումով ծառայում է որպէս «կենդանի լաբորատորիայ»՝ (տարրալուծարան – Խմբ.) հողի, ջրի եւ կենսաբազմազանութեան միասնական կառավարման փորձարկման եւ ցուցադրման համար: Կենսոլորտային պահպանավայրերը ձեւաւորում են համաշխարհային ցանց, որի ներքոյ հեշտանում է տեղեկատուութեան, փորձի եւ աշխատակազմի փոխանակումը: Ներկայումս աշխարհի 124 երկրներում կայ 701 կենսոլորտային պահպանավայր, ներառեալ 21 անդրսահմանային պահպանավայրերը:
Ինչպէս նշուեց, կենսոլորտային պահպանավայրն անդրադառնում է մեր ժամանակների ամենակարեւոր եւ անյետաձգելի խնդիրներից մէկին՝ ինչպէ՞ս ապահովել մարդկութեան եւ բնութեան համերաշխ կեցութիւնը: Դա ապահովելու համար պէտք է միասին աշխատեն շատ շրջանակներ, որոնց թւում են բնապահպանները, հասարակական կազմակերպութիւնները, տեղական իշխանութիւնները, գիտնականները եւ ամենակարեւորը՝ տեղական համայնքները: Հետեւաբար կենսոլորտային պահպանավայրերը տարբերւում են պահպանուող սովորական տարածքներից: Դրանք միեւնոյն ժամանակ նպաստում են պաշարների կայուն օգտագործմանը եւ տեղական համայնքների բարեկեցութեանը։
«Կայունութիւն» հասկացութիւնը թելադրում է, որ այսօրուայ մարդկութիւնը չպէտք է ապագայ սերունդների գոյութիւնը դնի վտանգի տակ: Կենսոլորտային պահպանավայրի նպատակն է պահպանել կենսաբազմազանութիւնը, կարգաւորել բնական պաշարների օգտագործումը` պահպանելով դրանք, խթանել կայունութեան եւ ներառական տնտեսական զարգացումը:
Հայաստանն առայժմ չունի ԵՈՒՆԵՍԿՕի գործող կենսոլորտային պահպանավայրեր, սակայն 1990ականներից սկսած՝ մի շարք փորձեր են ձեռնարկուել այդ ուղղութեամբ: Արդէն իսկ ստեղծուել է ԵՈՒՆԵՍԿՕի պահանջներին համապատասխան «Մարդը եւ կենսոլորտը» (MAB) ազգային յանձնաժողովը: Հայաստանի պարագայում առաջնահերթ է դիտարկել «Սեւան» ազգային պարկի կարգավիճակը՝ այն ԵՈՒՆԵՍԿՕի պահանջներին համապատասխան կենսոլորտային պահպանավայրի վերածելու հարցը:
Կենսոլորտային Պահպանավայրերի Գործառոյթները
Նախատեսուած է, որ ցանկացած կենսոլորտային պահպանավայր պէտք է կատարի երեք հիմնական գործառոյթ, որոնք լրացնում եւ փոխադարձաբար ամրապնդում են մէկը միւսին: Դրանք են`
– Պահպանման գործառոյթը, որի նպատակն է նպաստել տեսակների, լանդշաֆտների, էկոհամակարգերի եւ գենետիկ պաշարների բազմազանութեան պահպանմանը,
– Զարգացման գործառոյթը, որի նպատակն է նպաստել տնտեսական եւ հասարակական զարգացմանը, որն ունի հասարակական-մշակութային եւ էկոլոգիական նշանակութիւն,
– Գիտակրթական աջակցութեան գործառոյթը, որի նպատակն է աջակցել պահպանման ու զարգացման հարցերին առնչուող հետազօտութիւններին, մշտադիտարկմանը, էկոլոգիական կրթութեանը, տեղեկատուութեան փոխանակմանը տեղային, ազգային եւ համաշխարհային մակարդակներում:
Կենսոլորտային Պահպանավայրերի Գօտիները
Կենսոլորտային պահպանավայրերն ունենում են երեք փոխկապակցուած գօտիներ՝ միջուկային, բուֆերային եւ աշխատանքային, որոնք ձգտում են կատարել միմեանց փոխլրացնող եւ ուժեղացնող դերակատարութիւն։
– Միջուկային գօտու տարածքն ընդգրկում է խստօրէն պաշտպանուած մի էկոհամակարգ, որը նպաստում է լանդշաֆտների, էկոհամակարգերի, տեսակների եւ գենետիկ տատանումների պահպանութեանը։
– Բուֆերային գօտին շրջապատում է միջուկային տարածքը եւ օգտագործւում է բարենպաստ ու ճիշտ էկոլոգիական գործունէութեան համար, որը կարող է նպաստել գիտական հետազօտութիւններին, մոնիտորինգին, ուսուցմանը եւ կրթութեանը։
– Աշխատանքային գօտու տարածքը պահպանավայրի այն մասն է, որտեղ հասարակական-մշակութային ամենալայն ու էկոլոգիապէս կայուն գործունէութիւնը խթանում է տնտեսական եւ սոցիալական զարգացումը:
Միայն միջուկային գօտին է պահանջում խիստ իրաւական պահպանութիւն եւ հետեւաբար դրանով կարող է համապատասխանել արդէն գոյութիւն ունեցող պահպանուող տարածքներին, ինչպիսիք են, օրինակ, բնապահպանական արգելոցը, արգելավայրը կամ ազգային պարկը:
Այս գօտիաւորման սխեման աշխարհում գործադրւում է տարբեր ուղիներով՝ ելնելով աշխարհագրական, հասարակական-մշակութային պայմաններից, պահպանութեան առկայ իրաւական միջոցներից եւ տեղային խոչընդոտներից: Այս ճկունութիւնը կարող է օգտագործուել ստեղծարար ճանապարհով եւ համարւում է «կենսոլորտային պահպանավայր» հասկացութեան ամենաբնորոշ գծերից մէկը, որը նպաստում է, որ պահպանուող տարածքները միաւորուեն աւելի ընդարձակ լանդշաֆտների մէջ:
ԵՈՒՆԵՍԿՕին Դիմելու Առաջին Քայլերը
Կենսոլորտային պահպանավայր ստեղծելը ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է լայն տեղեկատուութեան հաւաքում եւ հանրային լայն ներգրաւուածութիւն: Այս գործընթացի ժամանակ պէտք է առաջինը որոշուի՝ արդեօք տարածաշրջանն ունի՞ կենսոլորտային պահպանավայր դառնալու ներուժ: Հետեւաբար առաջին քայլը պէտք է լինի տարածաշրջանի ներուժի վերլուծութիւնն ու իրագործելիութեան ուսումնասիրութիւնը:
Ըստ ԵՈՒՆԵՍԿՕի՝ որոշակի քայլեր են անհրաժեշտ կենսոլորտային պահպանավայր ստեղծելու համար: Նախ պէտք է ուսումնասիրութիւն կատարուի, որպէսզի յայտնաբերուի կենսոլորտային պահպանավայրի լաւագոյն ու ամենանպատակայարմար վայրը: Ապա որոշուած վայրի համար անհրաժեշտ է կատարել իրագործելիութեան (fiesability) ուսումնասիրութիւն: Վերջում ԵՈՒՆԵՍԿՕի համար պէտք է պատրաստուի այն թղթածրարը, որը հիմնաւորելու է նշուած տարածքում կենսոլորտային պահպանավայրի ստեղծումը:
Կարեւոր է նախ, որ գնահատման մէջ նշուեն միջուկային ու բուֆերային համապատասխան գօտիների առկայութիւնը եւ այն փաստը, որ տարածաշրջանի բնական որակներն ունեն համաշխարհային կարեւորութիւն: Բացի այդ՝ տուեալ տարածքի՝ կենսոլորտային պահպանավայր դառնալու համար կարեւոր նշանակութիւն ունի նաեւ համայնքային յստակ աջակցութիւնը:
ԵՈՒՆԵՍԿՕի Դիմումը Բաղկացած Է Երեք Մասից.
- Առաջին մասն ամփոփումն է, որում նշւում է, թէ առաջադրուած տարածքն ինչպէս է արձագանգում կանոնադրական հիմունքների սահմանած՝ կենսոլորտային պահպանավայրերին բնորոշ գործառոյթներին եւ չափանիշներին: Դրա հետ մէկտեղ ներկայացւում են այս հարցով մտահոգ իշխանութիւնների հաւանութիւնը փաստող ստորագրութիւնները:
2. Երկրորդ մասն աւելի շատ մանրամասներ է ներկայացնում եւ աւելի նկարագրողական բնոյթ ունի, անդրադառնում է մարդկային, ֆիզիկական եւ կենսաբանական յատկանիշներին:
3. Երրորդ մասը բաղկացած է երկու հաւելուածներից։ Առաջին յաւելուածը կիրառւում է կենսոլորտային պահպանավայրերի ցանցի տեղեկատուն թարմացնելու համար, եթէ ի հարկէ տեղանքը ճանաչուել է որպէս կենսոլորտային պահպանավայր: Երկրորդ յաւելուածը կիրառւում է կենսոլորտային պահպանավայրերի վերաբերեալ խթանիչ եւ հաղորդակցական բնոյթի նիւթեր ապահովելու համար:
Գերմանական «Միխայել Սուքաու» (Michael Succow) հիմնադրամը, որն ունի հարուստ փորձ կենսոլորտային պահպանավայր ստեղծելու ուսումնասիրութիւններ կատարելու եւ ԵՈՒՆԵՍԿՕի փաստաթղթերի ծրարը պատրաստելու ոլորտում, 2017 թուականին Հայաստանի բնապահպանութեան նախարարութեան գաղափարաբանական առաջնորդութեամբ եւ Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆէրային հետազօտութիւնների կենտրոնի անմիջական մասնակցութեամբ նախաձեռնեց անհրաժեշտ նախնական ուսումնասիրութիւններ՝ բացայայտելու այն վայրերը, որտեղ հնարաւոր է ստեղծել կենսոլորտային պահպանավայր: Դիտարկւում էր, որ երկրում այդպիսի հնարաւոր տարածք կարող է լինել նաեւ «Սեւան» ազգային պարկը:
«Սեւան» Ազգային Պարկը
Սեւանայ լիճը պարունակում է Անդրկովկասի ամենամեծ քաղցրահամ ջրային պաշարը եւ հետեւաբար տարածաշրջանում քաղցրահամ ջրի եւ քաղցրահամ ջրի ձկան ամենակարեւոր աղբիւրն է: Պատմականօրէն այն կարեւոր դեր է խաղացել Հայաստանի համար եւ մինչ օրս մեծ դեր է խաղում երկրի տնտեսութեան մէջ`հանդիսանալով ոռոգման ջրի եւ ցածր գնի էլեկտրաէներգիայի արտադրութեան, ինչպէս նաեւ ձկնապաշարների, հանգստի եւ զբօսաշրջութեան ապահովման ու կազմակերպման հիմնական աղբիւր:
«Սեւան» ազգային պարկը ստեղծուել է 1978 թուականին՝ Սեւանայ լճի էկոհամակարգերի պահպանման համար: Այն ընդգրկում է Սեւանայ լիճը եւ յարակից տարածքները՝ մինչեւ լճի շրջակայքում գտնուող մայրուղին: Ազգային պարկի համար սահմանուել է պահպանութեան խիստ ռեժիմ, ինչպէս նաեւ խիստ պաշտպանական, հանգստի եւ տնտեսական գործունէութեան գօտիներ: Ազգային պարկի պահպանուող տարածքները շարունակական կամ մշտական գօտիներ չեն (չնայած կոչւում են գօտիներ) եւ տարածւում են պարկի ամբողջ տարածքում: 3700 հա արգելոցի գօտին բաղկացած է հինգ հիմնական տարածքներից՝ Արտանիշ, Վարդենիս, Լիճք, Նորադուզ եւ Նորաշէն, ինչպէս նաեւ տասը այլ պահպանուող տարածքներից, որոնք ձգւում են 500 մ երկայնքով՝ խոշոր գետերի շրջակայքում՝ սկսած գետաբերանից: Հանգստի գօտին զբաղեցնում է 4200 հա ափամերձ տարածք, որը նախատեսուած է հանգստի եւ առողջութեան համար: Այստեղ գործում են սպասարկման տարբեր հաստատութիւններ, ինչպիսիք են հիւրատները, հիւրանոցները, մասնաւոր հանգստի վայրերը եւ այլն, որոնք տեղակայուած են ամբողջ ափամերձ հատուածում, բայց աւելի շատ կենտրոնացած են լճի արեւմտեան մասում:
Սեւանի թերակղզին ազգային պարկի ամենամեծ ցամաքային տարածքներից մէկն է, որը տարիների ընթացքում ենթարկուել է մարդածին ճնշման եւ կորցրել իրեն բնորոշ բնական բուսականութիւնը:
Արտանիշ թերակղզին պարկի լաւագոյնս պահպանուող տարածքներից մէկն է: Այն համարւում է բնութեան բացառիկ յուշարձան եւ սահմանուել է որպէս արգելոցի տարածք: Մօտ 2500 հա ծածկուած է եզակի բուսականութեամբ: Յատկապէս հետաքրքրութիւն է ներկայացնում քարանձաւներ ունեցող հարաւային ժայռոտ լանջը:
Պարկի բուսական աշխարհը ներկայացուած է 28 տեսակի ծառերի, 42 տեսակի թփերի, 866 տեսակի բազմամեայ խոտաբոյսերի եւ 307 տեսակի տարեկան ու երկամեայ բոյսերի տեսքով: Ազգային պարկի եւ դրա բուֆերային գօտու բուսական աշխարհը ներառում է մօտ 1600 տեսակի բոյսեր, որոնք ներկայացուած են ինչպէս ջրային, այնպէս էլ ցամաքային տեսակներով:
Քսանութ գետեր եւ հոսանքներ թափւում են Սեւանայ լիճ, բայց լճից դուրս է գալիս միայն Հրազդան գետը: Այնուամենայնիւ, 1933 թուականից լճից ջրի արտահոսքը արհեստականօրէն կազմակերպուել է հիդրոէներգետիկայի եւ ոռոգման նպատակով:
Մարդածին երկարատեւ կործանարար ազդեցութեան հետեւանքով Սեւանայ լիճը Հայաստանի ամենախաթարուած էկոհամակարգն է: Այսպէս կոչուած «Սեւանի խնդիրը» ծագել է 19րդ դարում: Այդ ժամանակից ի վեր հիմնական մարտահրաւէրը եղել է այն հարցը, թէ ինչպէս օգտագործել լճի ջրային պաշարները, քանի որ Սեւանայ լիճը ճանաչուել է Հայաստանի համար կարեւոր ջրային պաշար: Լիճը դեռեւս քայքայուած վիճակում է, իսկ դրա՝ որպէս արտադրութեան եւ կենսապահովման ձկնորսական կարեւոր տարածքի ապագան՝ վտանգուած: Վտանգուած է մնում նաեւ թռչնատեսակների բնադրման եւ գաղթի կարեւոր կենսամիջավայրը:
«Սեւան» ազգային պարկը կենսոլորտային պահպանավայր դարձնելու մարտահրաւէրը
«Սեւան» ազգային պարկի սպառնալիքների ցանկը ընդարձակ է՝ օրինական եւ անօրինական ձկնորսութիւն, ջրերի աղտոտում, արօտավայրերի անկանոն շահագործում, աղբահանութիւն, հողերի իւրացում, տուրիզմ եւ հանգիստ, հողօգտագործման փոփոխութիւն, որս, որսագողութիւն, անտառահատում, հանքարդիւնաբերութիւն եւ այլն: Հետեւաբար «Սեւան» ազգային պարկի հիման վրայ կենսոլորտային պահպանավայր ստեղծելը դժուարին գործ է: Դա անելու համար անհրաժեշտ են՝
– Ձկնորսութեան կանոնակարգերի խստագոյն հսկողութիւն եւ կայուն ձկնորսութեան սխեմայի մասին համաձայնագիր, որը ձեռնտու կը լինի տեղի բնակչութեանը,
-թափօնների (նաեւ կեղտաջրերի) արդիւնաւէտ կառավարում, երկարաժամկէտ պաշտօնական յանձնարարականներ/կարգաւորող շրջանակներ եւ կոյուղաջրերի
համակարգերի օրինական կիրառում (առեւտրային տուրիզմի մատակարարների համար),
– Ջրի մակարդակի բարձրացմանը խոչընդոտող շէնքերի քանդում եւ ենթակառուցուածքային փոփոխութիւններ, դրենաժի եւ էրոզիայի վերահսկում,
– Կայուն հողօգտագործման խթանում եւ իրաւական աջակցութիւն,
-տեղական բնակչութեան հետեւողական ներգրաւումն ու մասնակցութիւնը նախագծման եւ զարգացման ծրագրերում,
– Բնական ափի վերականգնում (թռչունների հանգստավայրեր),
– Եւ ամենակարեւորը`հիմնական գօտու խիստ պահպանուածութիւն:
Հիմնական գօտու խիստ պահպանուածութիւնը հնարաւոր է միայն հաշուի առնելով վերակենտրոնացումը՝ վերանայելով ազգային պարկի սահմանները: Մասնաւորապէս մինչ այժմ լճի ափին գտնուող կենսաբազմազանութիւնը բաւականին աղքատ է, եւ ոչ մի ազգային անտառ դրանում ներառուած չէ: Հետեւաբար կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման նախադրեալները կը լինեն հիմնական գօտու վերակենտրոնացումը, այսինքն՝ ոչ թէ ամբողջ լճի, այլ աւելի շուտ շրջակայ էկոհամակարգերի ներառումը, եւ հետեւաբար ազգային պարկի խոշորացումը լրացուցիչ պահպանուող տարածքների միջոցով, օրինակ՝ Մասրիկ գետի եւ նրա վտակների ներառումը, որոնք հոսում են քաղաքային տարածքների հարեւանութեամբ: Վերջինս մեծ նշանակութիւն ունի, քանի որ այն ձկների բազմացման անհրաժեշտ միջավայր է:
Ըստ Հայաստանի կառավարութեան եւ ոլորտի փորձագէտների՝ Սեւանն ունի զբօսաշրջութեան մեծ ներուժ, մասնաւորապէս բնական միջավայրին համահունչ սպորտը եւ էկոտուրիզմը՝ սուզում, պարագլայդինգ եւ ծայրայեղ (էքստրեմալ) սպորտի այլ ձեւեր, ինչպէս նաեւ սպորտային ձկնորսութիւն, թռչունների դիտում, թիթեռների դիտում (արդէն գոյութիւն ունի, բայց հաւանաբար կարող է հետագայում զարգանալ), բոյսերի դիտում (հաշուի առնելով կարեւոր բոյսերի տարածքները՝ Սեւան, Արդանի թերակղզի, Արեգունիի գիհի անտառտնտեսութիւն) եւ արշաւ:
Եզրափակում
Ինչպէս վերը նշուեց, 2017 թուականին Հայաստանի բնապահպանութեան նախարարը առաջ էր մղում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծան գաղափարը, որը ՀՅ Դաշնակցութեան կողմից պաշտպանուող սոցիալ-տնտեսական ներառական եւ էկոլոգիական հաւասարակշռուած քաղաքականութեան կիրառական հիմնական մօտեցումն է:
Ինչո՞ւ է կենսոլորտային պահպանավայրերի զարգացումը լաւ գաղափար Սեւանի համար: Ինչու՞ օգտակար կը լինի: Քանի որ Սեւանայ լճին առնչուող իւրաքանչիւր գործողութիւն մեծ ուշադրութեան եւ բազմակի ճշգրտման կարիք ունի, խորհուրդ է տրւում դրսեւորելու կշռադատուած մօտեցում: Իրօք, կենսոլորտային պահպանավայրը կարող է օգնել համայնքների հասարակական-տնտեսական վիճակի բարելաւմանը՝ ստեղծելով նոր հնարաւորութիւններ, լաւ հիմք ձեւաւորել այլընտրանքային եւ կայուն զբօսաշրջութեան համար, ինչպէս նաեւ կազմակերպել օրգանական արտադրութիւն եւ այլն: Քանի որ Սեւանի շուրջ զբօսաշրջութեան զարգացումը կայացած փաստ է, հետեւաբար կարիքները կառավարելու համար Սեւանում կենսոլորտային պահպանավայրերի զարգացման հիմնական տեսլականը պայմանաւորուած է նաեւ զբօսաշրջութեան կայուն զարգացմամբ՝ ներկայումս միջին հաշուով դիտարկուող 60 օրեայ տարեկան հանգստի շրջանը վերածելով ողջ տարուայ ընթացքում գործունէութեան ծաւալման շրջանի:
Ամփոփելով արձանագրենք, որ այն աշխատանքը, որը սկսուել է 2017 թուականին ու մնացել անկատար, պէտք է շարունակել։ Անհրաժեշտ է կատարել իրագործելիութեան մանրամասն ուսումնասիրութիւն, պատրաստել դիմումի փաստթղթային ծրարը եւ դիմել ԵՈՒՆԵՍԿՕին՝ Սեւանում կենսոլորտային պահպանավայր ստեղծելու համար։
Արեգ Ղարաբէգեան, ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախմբի նախագահ
«ԴՐՕՇԱԿ»