ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԵՐԵՒԱՆ – «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակուող դրամահաւաքի ընթացքում հանգանակուել է աւելի քան 4.5 միլիոն դոլար գումար։ Դեկտեմբերի 6ի միջոցառումը փոխարինում էր ՔՈԱՖի ամէնամեայ գալա երեկոյին, որն աւանդաբար անցկացւում էր Նիւ Եորքում։
Գումարը ծառայելու է Հայաստանի 64 գիւղերում կրթական, առողջապահական, ընկերային եւ տնտեսական հրատապ ծրագրերի իրագործմանը, ինչպէս նաեւ Լոռու մարզում գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնի գործունէութեանը։ Հաւաքուած գումարն օգտագործուելու է նաեւ Արցախից տեղահանուած եւ ՔՈԱՖի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների համար տների կառուցման համար։
ՔՈԱՖի հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի ատենապետ դոկտ․ Կարօ Արմէնն իր ուղերձում ընդգծեց Հայաստանում ստեղծուած ճգնաժամի պայմաններում ՔՈԱՖի առաքելութիւնը հրատապ խնդիրներին ծառայեցնելու անհրաժեշտութիւնը․ «Ճգնաժամի կառավարումը ՔՈԱՖի ծիներում է։ Այսօր էլ նման հրամայականի առջեւ ենք կանգնած․ Արցախից տեղահանուած 40,000 հայ մնացել է անտուն։ Խնդիրը լուծելու համար մենք պէտք է նախորդ տարի հաւաքագրած 6 միլիոն դոլարի նշաձողն այս տարի բարձրացնենք 20 միլիոն դոլարի։ Պէտք է կացարաններով ապահովենք մարդկանց, որ խուսափենք 1988ի երկրաշարժից յետոյ վագոն-տնակներում տասնամեակներով ապրողների ճակատագրից»։
Արդէն երկու տասնամեակ է՝ ՔՈԱՖ-ը Հայաստանի գիւղերի զարգացման առաջամարտիկն է, այժմ էլ յանձն է առել փոքր-ինչ թօթափելու Արցախի վրայ յարձակման հետեւանքով մարդկանց առջեւ ծառացած խնդիրների բեռը։ ՔՈԱՖը նախատեսում է ժամանակաւոր կացարանով ապահովել ու իր ծրագրերի մէջ ներգրաւել շուրջ 2000 փախստականի։ Ժամանակաւոր կացարաններով ապահովելուց յետոյ ՔՈԱՖը ձեռնամուխ կը լինի մշտական բնակարանով ապահովելու նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ Արցախ։ Այդ մարդկանց համար հասանելի են լինելու ՔՈԱՖի ծրագրերը։
«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառումը հեռարձակուել է USArmenia եւ ARTN հեռուստաընկերութիւնների արբանեակային ալիքներով։ Այն վարում էին Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերութեան մեկնաբան եւ հաղորդավար Արաքսիա Կարապետաեանը, ՔՈԱՖի զարգացման գծով տնօրէն Հայկ Բոյաջեանը եւ համաշխարհային հռչակ վայելող աճուրդավար Գաբրիէլ Բուտուն։
Երաժշտական ելոյթներով ողջունեցին երգչուհի Իվետա Մուկուչեանը եւ ջութակահար Արա Մալիքեանը՝ դաշնակահար Սերուժ Գրաճեանի նուագակցութեամբ։ Դա հարգանքի տուրք էր ՔՈԱՖի համայնքների հերոս զինուորներին, ովքեր արցախեան 44օրեայ պատերազմում կեանքը նուիրաբերել են հայրենիքի պաշտպանութեանը։ Ջութակի եւ թաւջութակի զուգերգով հանդէս եկան նաեւ հայաստանցի Վիկտորիա եւ Լիանա Ուլիխանեանները, իսկ ձայնային կատարումն էլ ֆրանսաբնակ Յակոբ Ղասաբեանինն էր։
Ուղերձով հանդէս եկան՝ Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, Շոն Հէյսը, Եուջին Լեւին, Դանիէլ Լեւին, Թինա Ֆէյը, Մարկ Կիռակոսը, Յովիկ Քէշկերեանը, Լորի Թաթուլեանը, Քեն Դաւիթեանը, Սերժ Թանգեանը, Մարի Բասմաջեանը, Գեւ Օրգեանը, Էրիկ Էսրայէլեանը եւ Ադրին Նազարեանը։
«Շուռ տանք սարերը» միջոցառման տեսագարութիւնը հասանելի է www.coafgives.org կայքում։ Հորդորում ենք աշխարհասփիւռ հայերին դիտել ու ճանաչել ՔՈԱՖի աշխատանքը։ Կազմակերպութեան նպատակն է հաւաքել 5 միլիոն դոլար մինչեւ տարեվերջ, իսկ 2021 կէսերին գումարը հասցնել 20 միլիոն դոլարի։
[embedyt] https://www.youtube.com/watch?v=6d0x7jUUodo[/embedyt]
ՔՈԱՖը բարեգործական կազմակերպութիւն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գիւղաբնակների կեանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի գործունէութիւնը սկսուել է 2004ին, եւ այդ ժամանակից ի վեր իրականացւում են կրթական, առողջապահական, ընկերային եւ տնտեսական ծրագրեր, ինչպէս նաեւ հիմնանորոգւում են համայնքների համար կենսական նշանակութիւն ունեցող ենթակառուցուածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմաւիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի եւ Տաւուշի մարզերի 64 համայնքների աւելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖը մշակել եւ իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնութիւն, որ կրթութեան միջոցով առաջխաղացում է ապահովում գիւղական աշխարհի համար, ինչի արդիւնքում շահում են անհատները, հասարակութիւնը եւ միջավայրը: Անիկա կը կը կրկնօրինակուի Հայաստանի այլ մարզերում եւ համայնքներում: ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայուած է Լոռու մարզի Դեբետ գիւղում. բացումը կայացել է 2018ի Մայիսին: