ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍԵԱՆ
Պատերազմի բօթը լսելուց յետոյ ցասումն այնքան մեծ էր, որ անմիջապէս կամաւորագրուեց՝ ամբողջապէս հասկանալով՝ ուր է գնում: «Բախտը մէկն է զինուորի՝ կաբմ մահ, կաբմ ազատութիւն». այս գիտակցումով գնաց պատերազմ: Չվախեցաւ, պայքարեց, կռուեց յանուն մեզ, յանուն իր ժողովրդի…
Կիմ Խաչատրեանի շիրիմին դարձեալ թարմ ծաղիկներ են: Հերոսի մահից 40 օր անց այստեղ են նրա հարազատները, մարտական ընկերները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան երիտասարդները, դաշնակակցական գործիչներ: Գլխիկոր են բոլորը, ցաւը մեծ է: Կիմի հայրը՝ Սիմոն Խաչատրեանը, որդու՝ իրեն ուղղուած վերջին խօսքերն է յիշում՝ ցածրաձայն, լացը կոկորդում սեղմած. «Ռամագիտութեան ուսուցիչ եմ: Ուսուցչի օրուայ առիթով Երեւանից շնորհաւորեց՝ գրելով. «Իմ կեանքին սթափ նայելու եւ հայրենիքի հանդէպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ՝ քոյ դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ երեւանեան փողոցներում»: Վերջին գրառումը սա եղաւ»: Մեծ ողբերգութիւն ապրեց, երբ դաշնակցութեան կամաւորականների առաջին վաշտը մեկնեց ռազմաճակատ. իրեն այդ անգամ չտարան: «Երրորդ կամաւորական խմբի հետ, որ պէտք է գնար, զանգեց, թէ. «Հայրիկ, ես արդէն մեկնելու եմ, ես հպարտ եմ, որ մեկնելու եմ»: Բացի ոգեւորիչ կոչերից, այլես ոչ մի խօսք չասացի: Նա գիտակցուած մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է հերոսի հայրն ու շեշտում՝ հպարտ է, որ դարերից ձգուող հայ-թուրքական հակամարտութեան մէջ որդին տուեց իր բաժին կռիւը:
«Քանի դեռ հայ դատը շարունակւում է, մեզնից իւրաքանչիւրը պէտք է իր բաժին կռիւը տայ: Կիմն էլ գնաց իր բաժին կռիւը տալու: Տուեց, նահատակուեց, եւ ես համարում եմ, որ մեր պայքարը աւարտուած չէ: Մեր պայքարը դեռ առջեւում է»,-ասաց հերոսի հայրը:
Չափազանց ազնիւ էր, ժպտադէմ, առաջաւոր՝ ամէն ինչում: Սիրուած էր ամէնուր, ինքն էլ բոլորին էր սիրում: Երեխայ ժամանակուանից էլ աչքի էր ընկում կարգապահութեամբ, ամէն ինչում կարգապահ էր: Այսպէս է Կիմին յիշում հօրեղբայրը՝ Սամուէլ Խաչատրեանը: Մեր հերոսը ապագայ բժիշկ պիտի դառնար: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունուել էր բժշկական համալսարան, սովորում էր վերջին կուրսում: Պարտադիր զինուորական ծառայութիւնից յետոյ շարունակեց իր ուսումը:
«Կիմն ունէր չափազանց մեծ հայրենասիրութիւն, շատ էր սիրում իր հայրենիքը, բոլորը կվկայէն: 25 տարի ապրեց, բայց շատ բան հասցրեց անել: Որքան բան դեռ պիտի աներ, ամբողջ կեանքը դեռ առջեւում էր»,- ցաւով նշում է հօրեղբայրն ու կրկնում՝ փառք, փառք քեզ Կիմ ջան, հազար ափսոս: «Կիմի հայրենասիրական մղումները դեռ դպրոցական տարիներից բոլորիս համար պարզ էր»,- վերջինիս խօսքը շարունակում է Արենիի միջնակարգ դպրոցում Կիմին դասաւանդած պատմութեան ուսուցիչը՝ Ժիրայր Եղեանը: Նոյնը կրկնում են հերոսին անձնապէս ճանաչած ներկաները: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախկին նախագահ Հրաչ Թադեւոսեանը յիշում է՝ սովորելուն զուգահեռ Կիմը նաեւ աշխատում էր ՀՅԴ Գերագոյն մարմնի գրասենեակում. «Երբ ուշ երեկոներին էի դուրս գալիս, կարդում էր: Հէնց այնպէս չէր կարդում, հէնց այնպէս կարդացողներից չէր»: Պատերազմ մեկնելիս Թադեւոսեանը նաեւ Կիմի հետ նոյն աւտօբուսում է եղել: Յիշում է՝ աչքերում թախիծ կար, լուռ էր: «Միայն մի քանի բառ ենք փոխանակել, նստած էինք տարբեր տեղերում: Կիմը լուռ էր: Մթնշաղ էր, առեղծուածային մթնոլորտ: Ուրախութիւն,աժիոտաժ չկար, տխուր էր. պատերազմում արդէն 20-ից աւել զոհեր ունէինք», պատմում է Թադեւոսեանը:
Կիմ Խաչատրեանը նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան ջոկատի հրամանատարն էր:
Օրը խորհրդանշական էր. հերոսի շիրիմին տեղի ունեցաւ երդմնակալութեան արարողութիւն: Կնքահօր պատիւը վերապահուեց Կիմի հօրը՝ Սիմոն Խաչատրեանին: Մի խումբ երիտասարդներ՝ երդուելով ՀՅԴ դրօշի, Ծրագրի, Կանոնագրի եւ զէնքի վրայ, համալրեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան շարքերը: Ուշագրաւ է, որ երիտասարդները կուսակցութեան շարքերն անցնելիս երդուեցին Կիմի՝ մարտական յենակէտ անցած դրօշի եւ սուին դանակի վրայ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան ատենապետ, Կիմ Խաչատրեանի մարտական ընկեր Տարօն Ղազարեանի խօսքով՝ Կիմը մեծ հայրենասէր էր, կուսակցական նուիրեալ, եւ յաճախ էր իր հետ շրջում ՀՅԴ դրօշը: Ներկայացնելով երդման արարողութեան խորհուրդը՝ Ղազարեանը շեշտում է՝ այս արարողութիւնը բարոյական նկարագրի ուղեկից է դաշնակցականի համար: Դաշնակցութեան շարքերն անցնելիս բոլորը պարտադիր, աւանդոյթի ուժով, երդւում են՝ անձնուիրաբար ծառայել հայրենիքին:
«Մենք չենք շեղւում մեր աւանդոյթներից: Դաշնակցականի սուրբ երդումը կուսակցութեան շարքերն անցածներին ստիպում է առաջնահերթ մտածել հայրենիքի, ազատ, անկախ, միացեալ Հայաստանի եւ այն ազգային երազանքների մասին, որ դարեր շարունակ մենք ունեցել ենք», նշեց Ղազարեանը:
Դիմելով երիտասարդներին՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանեանն ասաց. «Մենք մեր պարտքն ունենք, մեր ընկած ընկերների, Կիմի առաջ: Չյանձնուելու, չկոտրուելու, նրա ընտրած ճանապարհը, որի համար տուեց իր կեանքը, շարունակելու եւ այդ ճանապարհին Կիմի դրօշը, որ տարել էր իր հետ մարտադաշտ՝ այդ ճանապարհի աւարտման կէտում յաղթական ծածանելու: Դաշնակցութեան «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ընկերներ, Կիմի ընկերներ, հարազատներ, մենք կրկին անգամ մեր խոնարհումի եւ մեր պարտքի հետեւից եկել ենք մեր ընկերոջ՝ Կիմի շիրիմին՝ խոստանալու՝ մենք քոյ գործը շարունակելու ենք, ինչպէս դու էիր ասում՝ «Բախտը մէկն է զինուորի՝ կա՛մ մահ, կա՛մ ազատութիւն»:
Երդմնակալութեան արարողութիւնն աւարտուեց հայրենասիրական երգերով, այն երգերով, որ մշտապէս սիրում էր լսել եւ կատարել Կիմ Խաչատրեանը:
«ԵՐԿԻՐ»