ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Պատմութիւնն այսօր է, որ սուր եւ արագ ընթացք է ստացել: Պատմական իրադարձութիւնները միջին եւ աւելի ուշ դարերում դանդաղ են ընթացել եւ Հայաստանին վերապահուած պատուհասները հասունացել են դարերի ընթացքում: 1915ի, նրան նախորդող եւ յաջորդող պատմական իրադարձութիւնները լաւագոյնս հասկանալու բանալին գտնելու համար պէտք է մի քանի դար ետ գնալ: Մարդկութեան պատմութեան ամենասեւ թուականն է 1453ը: Այն Բիւզանդական կայսրութեան եւ նրա մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկման թուականն է: Հակառակ հայ-յոյն հակամարտութեան, հակառակ այն խորտակիչ դերին, որ Բիւզանդիան խաղաց Հայաստանի կոտորակման եւ Արշակունեաց ու Բագրատունեաց թագաւորութիւնների անկման գործում, հայերը մասնակցեցին Կոստանդնուպոլսի պաշտպանութեանը, գերազանց հասկանալով, թէ ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ կայսրութեան անկումը: Հայ հեղինակները, ինչպէս՝ Աբրահամ Անկիւրացին, Առաքել Բաղիշեցին եւ ուրիշներ, իրենց գործերում ողբացին քաղաքակրթութեան մեծ կենտրոն Բիւզանդիայի անկումը:
Արցախեան այս վերջին պատերազմը, որի արձագանգները դեռ հնչում են, շարունակութիւնն է դարեր առաջ տեղի ունեցած ողբերգութեան, թուրքերի՝ Փոքր Ասիա ներխուժումին եւ տիրապետութեան: Պատերազմում հնչող համազարկերի միջից կարելի էր լսել 1453ի զանգերի տագնապահար ղողանջը: Յաճախ ենք կրկնում, թէ մենակ ենք եւ մեզ չեն օգնում: Պէտք է ազատուել այդ բարդոյթից եւ հասկանալ, որ աշխարհում օգնողներ փնտռելը թուլացնում է մեր ուժը: Սա չի նշանակում, թէ պէտք է մերժենք մեզ մեկնուած ձեռքերը: Պէտք է սեղմել այդ ձեռքերը, պէտք է բարեկամներ շահել, միշտ ապաւինելով սեփական ուժին, նախ եւ առաջ: Ընդհանրապէս, ոչ ոք ոչ ոքի չի օգնում: Եթէ օգնում են, ապա անում են սեփական շահերից ելնելով: Բագրատ Ուլուբաբեանի «Ոսկէ Շղթայ» գրքից մէջբերենք հետեւեալ տողերը.«Բիւզանդիայի վերջին Կոնստանդին կայսրը դեռեւս պաշարման առաջին օրերին աղերսանքով դիմել էր Հռոմ ու հարեւան միւս երկրների տէրերին: Սակայն ոչ ոք օգնութեան չհասաւ, բացի Ճենովայի իշխան Հուստինիանոսից, որը եկաւ իր 600 քաջերով եւ հմուտ ռազմավարութեամբ դարձաւ պաշտպանութեան ոգին (տես՝Բ. Ուլուբաբեան, «Ոսկէ Շղթայ»,Երեւան, 1979թ., էջ 155):
Գրեթէ նոյն վիճակն է այսօր, բայց մեզ առիթ է ընծայուած պահել ազատագրուած հողերի մի մասը եւ իրականացնել ի սկզբանէ Հայաստանի ուսերին դրուած Արեւելքի դարպասապահի առաքելութիւնը: Մենք պէտք է շարունակենք մեր այնքան կարեւոր դերակատարութիւնը, անկախ այն բանից, թէ որքան են գնահատում մեզ մեր մօտիկ եւ հեռաւոր բարեկամ երկրները:
Անհրաժեշտ է, սակայն, ահազանգել, որ դէպի արեւելք սողացող Թուրքիան վտանգ է բոլորի եւ քաղաքակրթութեան համար: Յուսանք, Կոստանդնուպոլսի հետ պատահածը չի կրկնուի: Բոլոր ժամանակների մեծագոյն քաղաքակրթութիւններից մէկը ստեղծած Եւրոպան, թւում է, չի գիտակցում վտանգի ողջ խորութիւնը, այլապէս իր ծոցում տեղ չէր տայ միլիոնաւոր թուրքերի: Նրանց ներկայութիւնը Եւրոպայում դանդաղ գործող ռումբի է նման:
Առայժմ, մենք միայնակ պէտք է դիմագրաւենք թրքական վտանգը եւ պահենք դարպասը: