ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի համոզմամբ, ամերիկեան կառավարութիւնը կարեւոր դեր կարող է խաղալ Արցախի վերաշինման եւ վերաբնակեցման հարցում։
Ամերիկայի նորընտիր նախագահ Ջօ Բայդընը շատ աւելի քաջատեղեակ է Հայաստանի ու Արցախի խնդիրներից, «Ազատութիւն» կայանի «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջեանը:
«Մենք մեր առաջնահերթութիւնները շատ յստակօրէն դրել ենք` 250 միլիոն ի նպաստ Հայաստանի եւ Արցախի` փախստականներին վերաբնակեցնելու, վերաշինելու Արցախը եւ աւելի յստակ ղեկավարութիւն Բայդընի կառավարութեան կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահութեան ծրագրերում: Այստեղ շատ կարեւոր է նաեւ ռազմագերիների վերադարձը թէ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, թէ՛ միջազգային Կարմիր Խաչի, եւ նաեւ յստակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, որոնք պատերազմի ընթացքում ոճիրներ են գործել. Արցախի անմեղ ժողովրդի դէմ օգտագործել են ռազմամթերք, որոնք միջազգային մակարդակով արգելուած են, օգտագործել են քիմիական տարբեր ռազմամթերք ընդդէմ Արցախի: Սրանց վերաբերեալ շատ յստակ ամերիկեան օրէնքներ կան եւ պատժամիջոցներ կարող են սահմանուել թէ՛ Թուրքիայի դէմ, թէ՛ Ադրբեջանի կառավարութեան», ասաց Չուլջեանը՝ աւելացնելով. «Պէտք է աշխատենք այս օրերին, թէ՛ դաշնակցային հարթակի վրայ, թէ՛ կոնգրեսական մակարդակի վրայ»:
Նախագահ Բայդընը շատ աւելի քաջատեղեակ է հայկական հարցերից, քան թէ իր նախորդը, ասաց Չուլջեանն` ընդգծելով` 30 տարուայ ընթացքում, երբ որ Բայդընը ղեկավարում էր Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը կամ Արդարադատութեան յանձնաժողովը, այդ ժամանակ աշխուժ աշխատում էր թէ՛ Արցախի, Հայոց Ցեղասպանութեան, թէ՛ Ամերիկայի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման հարցերով:
«Այդ ժամանակ, եթէ եղել է, օրինակ, 907 բաժանմունքի քննարկումը եւ որդեգրումը` 1993ին, որ կանխում է ամերիկեան օժանդակութիւնը դէպի Ադրբեջան, որովհետեւ Ադրբեջանը շարունակում էր եւ շարունակում է իր յարձակումները Հայաստանի եւ Արցախի վրայ եւ իր շրջափակումը, կամ եթէ նայենք իր` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ կեցուածքներին, դրական էր եւ տեղեակ էր: Անշուշտ նախագահ Օբամայի փոխնախագահութեան ընթացքում, Ծերակոյտը համեմատաբար տարբեր էր: Այն խոստումները, որ տրուեցին Օբամայի կողմից, որ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, դժբախտաբար չեղան, բայց շարունակուեց, օրինակ, Ամերիկայի օժանդակութիւնը Արցախին, կապերը կամաց-կամաց բարելաւուեցին, բայց վերջին չորս տարուայ ընթացքում շատ յստակ շեղում կար այդ ծրագրից Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ», ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակը: