(Տիկին Անահիտ Լոշիկեան-Թինքճեանի Յուշերից)
Գրի առաւ՝ ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կը կարծենք, որ Եղեռն տեսած սերունդն այլեւս գոյութիւն չունի, եւ արդէն սպառուել են այդ մասին փաստագրութիւնները: Սակայն դեռ ապրում է մի սերունդ, յատկապէս Միջին Արեւելքում հասակ առած եւ մեծացած, որ կարողանում է քանդել իր յուշերի կծիկը եւ դուրս բերել պատմութիւններ, որ նորից ու նորից փաստում են, թէ ինչ հետեւանքներ էր թողել Ցեղասապանութիւնը: Դրանք հրաշքով մազապուրծ եղած հայերի զաւակներն ու թոռներն են, որոնք յիշողողութեամբ պատմում են իրենց ծնողների պատմութիւնները: Պարզւում է, որ ունենք առիթներ հարցախոյզներ կատարելու, պրպտելու եւ լոյս աշխարհ բերելու յաւելեալ մանրամասնութիւններ մեր Ցեղասպանութեան մասին:
Բոստոնում է ապրում մեր զրուցակիցը՝ տիկին Անահիտ Լոշիկեան-Թինքճեանը: Ուղարկել էր մեզ տարիներ առաջ մամուլում տպուած մի փոքրիկ յօդուած եւ ցանկանում էր աւելի ծաւալուն ձեւով լուսաբանել իր համար այդքան հարազատ ընտանեկան պատմութիւնը:
Ի՞նչ էր այն. Եղեռնից ազատուած, Սիրիայի Լաթաքիա քաղաքում ապրող ընտանիքը, որ գաղթի ճանապարհին կորցրել էր իր 4ամեայ, անուշիկ, կապուտաչեայ Ազնիւ անունով աղջկան, 42 տարիներ անց, 1957 թուականին, Սիրիայի Սաֆիթա շրջանի Մեշտելհալու գիւղաքաղաքում գտնում է իր՝ արդէն ամուսնացած, Քաթրին անունը ստացած աղջկան:
Ու այս պատմութիւնն է բացատրում մեզ տիկին Անահիտը հեռաձայնով:

Անահիտի մեծ մայրն էր (հօր մայրը) տիկին Հայկանուշ Լոշիկեանը: Ունէր 5 զաւակ՝ Նուէր, Արամ, Լեւոն, Ազնիւ եւ Կարապետ: Ազնիւը կորած էր գաղթի ճանապարհին, իսկ Նուէր դուստրը այդ ժամանակ ամուսնացել եւ գնացել էր Ռումինիա, այնտեղից էլ Հայաստան: Իր որդիներով տիկին Հայկանուշը եկել էր Հալէպ, ապա Ջեբլէ, իսկ յետոյ հաստատուել էր Սիրիայի Լաթաքիա ծովափնեայ քաղաքում: Զաւակները, որ բոլորն էլ անչափահաս էին, սկսում են տարբեր աշխատանքներ կատարել իրենց օրապահիկը ապահովելու համար: Մեծանում, ամուսնանում են, եղբայրները լծւում են շինարարութեան գործին, նորոգում են տներ:
Եղբայրներից՝ Լեւոնը, մի քրիստոնեայ արաբի տանը աշխատելիս, տեսնում է, որ տան հարսը ուշի-ուշով նայում է իրեն: Պրն. Լեւոնը անհանգստանում է այդ հայեացքից: Սակայն հարս Էմինէն բացատրում է, որ ինքն այս պարոնին նմանեցնում է իր մօրեղբօր կնոջը, որ միշտ ասում է, թէ ինքը հայ է:
Պահպանելով օրէնքները՝ հարսը կեսուրի ընկերակցութեամբ, պրն. Լեւոնին տանում են Մեշտելհալու գիւղաքաղաքը, ուր ապրում էր մօրեղբոր կինը, որ ամուսնացել էր Նիկոլայի հետ:

Հանդիպումը դիւրին չէր. դրանից առաջ ուրիշներ էլ էին ներկայացել որպէս ազգականներ, սակայն կապը չէր հաստատուել: Կինը դիմադրում էր: Պրն. Լեւոնը սկսում է յիշողութիւններ արթնացնել. իրենց հայրը նուագում էր ճումբուշի վրայ եւ երգում էր: Յիշեցնում էր մանկութեան այն օրը, երբ տանիքում պառկած ժամանակ, արթնացել էր երեխայ քոյր Ազնիւը, առանց զգալու ընկել էր տանիքից, խոշոր վէրք էր բացուել գլխի վրայ ու առաջացել էր սպի: Այդ սպին էլ կար, նաեւ կար խալ ձեռքի վրայ: Այս բոլոր ապացոյցներից յետոյ անգամ, կինը նեարդայանացած, նետում է իր ձեռքի պնակը, որ չի ջարդւում: Ի վերջոյ, ընդունում է իրականութիւնը, Ազնիւ քոյրը եւ եղբայր Լեւոնը արտասուելով փաթաթւում են իրար եւ գրկախառնւում:
Եկել էր ժամանակը տեսնուելու ընտանիքի բոլոր անդամների հետ: Լոշիկեանները իրենց աղջկան եւ ամուսնուն դիմաւորելու համար՝ երկու-երեք մեքենաներով, ամբողջ գերդաստանով ուղղւում են Լաթաքիայից 10 կմ. հեռու գտնուող մի վայր, այնտեղ ոչխար են մորթում իրենց գտնուած աղջկայ ոտքերի առջեւ, ապա վերադառնում են Լաթաքիա:
Այդ օրը Լոշիկեանների տունը յորդում էր տեղի հայութեամբ, նոյնիսկ դրացի այլազգիներով: Անգամ գալիս է Լաթաքիայի շէյխը: Այս ուրախութիւնը տեւում է մէկ շաբաթ: 42 տարիներ անց նրանք գտել էին իրար, սիրիական հողի վրայ:
Տիկին Լոշիկեանը մահանում է 72 տարեկան հասակում, իր աղջկան վերագտնելուց յետոյ:
Ազնիւը, ում անունը եղել էր Քաթրին, ունէր 6 զաւակ: Հետաքրքիր պատմութիւն ունէր զաւակներից մէկը:

Պրն. Լեւոն Լոշիկեանը կնքահայր էր Խաչատուր Լեւոնեան անուամբ մի հայ երիտասարդի, Լիբանանից: Տղան որոշում է ամուսնանալ Ազնիւի աղջիկներից մէկի՝ Նաուալի հետ եւ նրան վերադարձնել հայութեան՝ կնքահայր Լեւոնի արտօնութեամբ եւ միջնորդութեամբ: Ամուսնութեան ժամանակ օրիորդի անունը փոխում եւ դարձնում են Նուէր, Ազնիւի հօրաքրոջ անունը, ով ապրել էր Ռումինիայում, յետոյ Հայաստանում, իսկ այժմ Քալիֆորնիայում են նրա զաւակները եւ թոռները:
Տիկին Լոշիկեանը՝ իր ամուսնու հետ կնքահայր եւ կնքամայր լինելով, իր զաւակի նման ամուսնացնում է հայութեան գիրկ վերադարձող Նաուալ- Նուէրին, եւ ճանապարհում են Պէյրութ: Այժմ հայուհի Նուէրը իր երեք զաւակներով ապրում է Քալիֆորնիայում, իսկ իր քոյրերը արաբ քրիստոնեաներ են:
Մեր զրուցակից տիկին Անահիտը, որ ամուսնացած էր պրն. Գրիգոր Թինքճեանի հետ եւ ապրում էր Հալէպում, այժմ իր չորս ամուսնացած զաւակներով նոյնպէս Միացեալ Նահանգներում է, Մասաչուսեց, Լեքսինգտոն: Նրա ապրած տան շէնքում բնակւում են տարբեր ազգերի դրացիներ՝ նաեւ թուրքեր, իսկ դրան մուտքի գաղտնահամարն է՝ 1915: Իւրաքանչիւր օր, բնակիչներն օգտագործում են այն` իմանալով կամ չիմանալով այդ թուի իմաստը: Միայն Եղեռնը վերապրած հայն է, որ գիտէ այդ չարաբաստիկ թուի խորհուրդն ու նշանակութիւնը:
Շնորհակալութիւն ենք յայտնում տիկին Անահիտին իր յիշողութիւնների համար: Գուցէ դեռ կը լինեն նոր պատմութիւններ աշխարհի չորս կողմերում սփռուած մեր ազգակիցների մօտ, որ դեռ չեն կարեւորուած: Փորձում ենք կառչել մեր մեծ հարցի հետ կապուած իւրաքանչիւր փոքր մանրամասնութիւնից:
Գաւաթը յորդում է վերջին կաթիլից: