Տրտմած ընթերցեցի «Ասպարէզ» օրաթերթի Ապրիլ 3ի համարը, որ գուժում էր իմ յարգելիընկ. Նորայր Էլսայեանի մահը։ «Ալիք» օրաթերթի շէնքը մեր հաւաքատեղին էր։ Խմբակների ժողովները ընթանում էին այնտեղ։
1964 թուականին, 13 տարեկան հասակում, ինձ առաջարկեց կազմել նոր խմբակ եւ ստանձնել խմբապետի առաքելութիւն։ Առանց տատանումի ընդունեցի եւ անցայ պաշտօնիս։ Չէ որ աղջիկ թոռն էի Նոր Ջուղա, Իսֆահանի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կոմիտէի անդամուհի՝ Տիրուհի Մարթա Աբրահամեան-Հանանեանի։ Նրա հայրենասիրական արիւնը նաեւ եռում էր իր միակ էգ թոռան մէջ։
Այդ մատաղ տարիներին, մեր ղեկավարներն էին՝ ընկ. Ժիրայր Ղարիբեանը եւ ընկ. Նորայր Էլսայեանը։ Վերջինս յատուկ սրտով, գուրգուրանքով եւ անուշ ժպիտով էր մեզ ընդունում։ Տարիներ անց, երբ իրեն հանդիպեցի եւ հրաւիրեցի, եկաւ։ Ընթրեցինք, խօսեցինք եւ տեղեկութիւն ստանցանք Իրանի վիճակից։
Իմ յարգելի դաստիարակ, ուրախ եմ, ու յաւերժական հանգստեան վայրդ Մայր Հայրենիքը դարձաւ։ Պատիւ եմ ունեցել ունկնդրելու քո խորամիտ, հասանելի եւ պարզ հասկանալի ասածներին։
Արաքս Ակնունի Խանբաբեան
Շերման Օքս
Ապրիլ 7, 2021