Բարու եւ Նուիրուածութեան Հաւատաւորը…

Լարիսա Ասատրեան
Սիրելի Վարուժան, ներիր քո այնքան մեծ ու միշտ ներողամիտ սրտով… Ներիր, որ ամէն ինչ սովորականից շատ տարբեր եղաւ: Քեզ շա՜տ, այնքան հարազատ դարձած եկեղեցու զանգերը հրաժեշտի վերջին ղօղանջներով քեզ չճանապարհեցին դէպի յաւէրժութիւն, այն եկեղեցու, որի սուրբ պատերի ներքոյ քո անու՜շ, զուլայ՜լ ձայնն էր թեւածել տարիներով… Պատասխանը պարզ է, ապրում էինք երկրի համար շատ ծանր ու դժուարին օրերում:
Մեծ, անանց երախտագիտութեան զգացում կայ բոլորիս սրտում քո ապրած գեղեցիկ, մարդու հանդէպ տածած ազնիւ սիրոյ, անհասի քո տենչանքի եւ շռայլօրէն նուիրուելու քո պատրաստակամութեան հանդէպ…
Պատանեկութեան եւ երիտասարդութեան տարիները անցկացրիր տաքուկ, հարազատ եւ ջերմ մթնոլորտում, Մելքոնեան կրթական հաստատութիւնում․ երանելի՜ տարիներ բոլորիդ համար։ Ուսումդ շարունակելու պատճառով տեղափոխուեցիր հայաշատ փոքր քաղաք՝ Ֆրեզնօ, եւ շատ կարճ ժամանակամիջոցում գրաւեցիր համայնքի սէրն ու համակրանքը:=
Ուսմանդ հետ զուգընթաց դու եռանդով լծուեցիր հայանպաստ գործին:
Սուրբ Երրորդութիւն եկեղեցում քո աստուածային ձայնը լսել ցանկացողների հոսքը օրից օր գնալով աւելի էր խտանում, էլ չեմ ասում սեւաչեայ հայուհիների ջերմ ու անկեղծ զգացմունքների բուռն դրսեւորումները:
Սիրահարւում էին քեզ բոլորը, աշակերտ թէ ուսուցիչ (կիրակնօրեայ դպրոցում հայոց լեզու էիր դասաւանդում): Հանրութիւնը սիրահարուեց քեզ եւ վայելեցիր համընդհանուրի սէրը: Սիրոյ ծովում էիր ապրում, բայց մի աղջիկ, մի չքնաղ, համեստ ու զուսպ քեզ աւելի մեծ սիրով սիրեց եւ դու` նրան փոխադարձաբար:
Սիրելիիդ` Թերեզայի հետ կազմեցիք ձեր հայկական օրինակելի ընտանիքը, ունենալով երեք բազմաշնորհ երեխաներ եւ չորս թոռնիկներ, որոնց տուեցիք ձեր անսահման սէրն ու գորովը: Բայց դու խիստ մտահոգ էիր մօրդ եւ չորս եղբայրներիդ կեանքով, որոնք Հայաստանում էին (դժուար օրեր էին Հայաստանում): Կարելիդ եւ անկարելիդ արեցիր նրանց ընտանիքների վերամիաւորումը ապահովելու համար եւ հասար քո նպատակին: Հինգ եղբայրներով մի ամուր բռունցք եւ անխախտ ամրոց դարձաք, անպարտելի մի բանակ ձեր կանանց հետ միասին: Ասատրեան գերդաստանը բարգաւաճեց քո տաք սրտի եւ գուրգուրանքի հովանու տակ…
Դու, սիրելի Վարուժան, քո շատ զբաղ կեանքում կարողացար համատեղել եկեղեցու երգչախմբի ղեկավարումը, ինչպէս նաեւ ձեռնամուխ եղար Համազգայինի երգչախմբի ստեղծմանը, հոգեպէս ղեկավարելով այն եւս, եւ ունեցար երկար տարիների մեծ յաջողութիւններ: Այդ տարիներին հայկական ձայնադարանը հարստացաւ քո ձայնագրութեամբ երկու երգապնակով, որոնք իրենց ուրոյն տեղը գրաւեցին հայկական բոլոր ընտանիքներում, թէ՛ Սփիւռքում թէ Հայրենիքում: Հայաստանեան հեռուստատեսութիւնից անընդհատ լսւում է քո «Դլէ եաման» ը, «Խնձորի ծառի տակին», «Երեւանի գիշերները», «Սայլորդ»ը եւ շատ երգեր… Դու մտար մարդկանց տները ու լցրեցիր նրանց սիրտը երգով, սիրով եւ պայծառութեամբ…
Սիրելի կնոջդ կորցնելուց եւ մինուճար տղայիդ ինքնաշարժի վթարի ենթարկուելուց յետոյ, կտրուկ փոխուեց կեանքիդ ընթացքը, որը տեղիք տուեց առողջական շատ խնդիրների: Դու շրջապատուեցիր հոգատար աղջկադ եւ սիրելի թոռնիկներիդ ջերմ սիրոյ եւ գորովալից մթնոլորտով… Մեծ մորմոքի եւ ափսոսանքի զգացումներ ապրեցին քո բոլոր հարազատները, ընկերները, Մելքոնեանցի սաները եւ շատ ծանօթներ ու բարեկամներ…
Սիրելի Վարուժան, դու ապրեցիր գեղեցիկ, յախուռն մտքի եւ զգացմունքների շռայլութեամբ, քո շուրջը սփռելով սէր, դաշնութիւն եւ օրհնանք: Դու կը մնաս մեր տեսիլքների աշխարհում իբրեւ բարու եւ նուիրուածութեան հաւատաւոր…
Շատ շիրիմներ կան մեր սրտում, սիրելի թանկագին մարդկանց յիշատակի կանթեղներ, որ միշտ շողարձակում են շարունակ, նրանց կը միանայ նաեւ քո կանթեղը, որը կը շողարձակի երկնային յաւիտենականութիւնից.