ՈՒԵՍՏ ՀՈԼԻՒՈՒԴ․- Յուլիսի 27ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Ուեստ Հոլիվուդի քաղաքապետ Լինզի Հորուաթի հետ: Նրանք տեղեկատուութիւն փոխանակեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ եւ քննարկեցին հայաստանեան գլխաւոր հիւպատոսութեան եւ Ուեստ Հոլիվուդի քաղաքային խորհրդի միջեւ համագործակցութեան խորացման ուղիների խնդիրը:
Զրուցակիցները պայմանաւորուեցին Ուեստ Հոլիվուդ քաղաքում համատեղ երկօրեայ արուեստների ու մշակոյթի հայկական փառատօն կազմակերպելու վերաբերեալ:
Դեսպան Բայբուրդեանն իր երախտագիտութիւնը յայտնեց քաղաքապետ Հորուաթին ու քաղաքային խորհրդին՝ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման համար, 2021ի Յունուարի 19ին: Հորուաթն ու քաղաքային խորհրդի անդամ Սեպի Շայնը նախաձեռնել էին նշեալ բանաձեւը:
Քաղաքապետ Հորուաթն ասաց, որ իր ազատութեան համար մարտնչող Արցախի հայութեանն աջակցութիւն յայտնելը շատ բնական քայլ էր: Գլխաւոր հիւպատոսը նաեւ իր գնահատանքը փոխանցեց՝ քաղաքային խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր ընդունելու համար:
Իր հերթին, քաղաքապետ Հորուաթը վեր հանեց Հայոց Ցեղասպանութեան, Հրէական Ողջակիզման եւ մարդկութեան դէմ կատարուած այլ յանցագործութիւնների վերաբերեալ կրթական ծրագրերի բարելաւման կարեւորութիւնը, Լոս Անջելեսի միացեալ դպրոցական մարզի շրջանակներում: Ուեստ Հոլիվուդը պատկանում է նշեալ դպրոցական մարզին:
Հորուաթը ստանձնել է Ուեստ Հոլիվուդի քաղաքապետի պաշտօնը 2020ին: Նա ընտրուել է որպէս Ուեստ Հոլիվուդի քաղաքային խորհրդի անդամ 2015ին` մինչ այդ ներկայացուած լինելով նոյն խորհրդում 2009-2011ին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)