
Մեծ Բրիտանիայի հեղինակաւոր «Թէյլոր Էնտ Ֆրենսիս»ի (Taylor & Francis) Ռութլեճ (Routledge) ակադեմիական հրատարակչութիւնում լոյս է տեսել «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրդի ղեկավար, ք.գ.թ. Մհեր Սահակեանի եւ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, ք.գ.թ. Հէյնց Գերթների խմբագրած «Չինաստան Եւ Եւրասիա. Վերաիմաստաւորելով Համագործակցութիւնը Եւ Տարաձայնութիւնները Փոփոխուող Աշխարհակարգի Ժամանակաշրջանում» գիրքը: Աշխատութիւնը ուսումնասիրում է Չինաստանի եւ Եւրասիական այլ երկրների տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնները՝ փոփոխուող աշխարհակարգի պայմաններում: Գիրքը ներկայացնում է Չինաստանի շրջադարձը դէպի Եւրասիա իր «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան միջոցով, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան դերն անվտանգութեան հարցերում, Պեկինի համագործակցութիւնը եւ տարաձայնութիւններն ԱՄՆի Հնդկաստանի, ԵՄի, Արեւմտեան Բալկանների եւ Հարաւային Կովկասի, ԱՍԵԱՆի երկրների հետ: Գիրքը վերլուծում է նաեւ չին-ռուսական համատեղ պայքարը Եւրասիայում բազմաբեւեռութեան եւ բազմակողմանիութեան գործում: Աշխատութիւնը հետազօտում է նաեւ Եւրասիայում իրականացուող թուայնացման պրոցեսները (գործընթացները), որտեղ կարեւոր դեր են խաղում Չինաստանի «Մետաքսի թուային ճանապարհը» եւ ԵԱՏՄի «Թուային օրակարգը»: Գրքում ներկայացւում են միջազգային հեղինակային թիմի առաջարկութիւնները, որոնց միջոցով հնարաւոր է մեղմել քաղաքական լարուած իրավիճակը, զարգացնել բազմակողմ տնտեսական յարաբերութիւնները։
Գրքում որպէս համահեղինակները հանդէս են եկել նաեւ պրոֆեսոր, ք.գ.դ. Ջըն Եունթիէնը Չինաստանի Ռենմինի համալսարանից եւ ք.գ.դ. Մա Բինը Ֆուդանի համալսարանից, Ռուսաստանի ժողովրդական բարեկամութեան համալսարանից պրոֆեսոր, ք.գ.դ. Կոնստանտին Կուրիլեովը եւ ք.գ.թ. Անատոլի Ցուիկը, Հնդկաստանի Դելիի համալսարանից ք.գ.դ. Սուդհիր Կումար Սինգհը, հայկական «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրդից՝ ք.գ.թ. Անահիտ Պարզեանը, Թբիլիսիի պետական համալսարանից՝ ք.գ.թ. Վախթանգ Չարայեան եւ ք.գ.թ. Մարիամ Լաշխին, Մոնտենեգրոյի համալսարանից՝ ք.գ.թ. Բորիս Վուկիչեւիչը, Արաբական Միացեալ Էմիրութիւններից՝ Էբրահիմ Հաշեմը։
ԱՄՆի Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր, ք.գ.դ. Դէյվիդ Առասեն աշխատութեան մասին նշել է. ««Չինաստան եւ Եւրասիա» գիրքը փաստագրում է, թէ ինչպէ՞ս է Չինաստանը փոխակերպում յետ-սառըպատերազամեան քաղաքական եւ տնտեսական կարգը Եւրասիայում: Հեղինակները լոյս են սփռում այնպիսի կարեւորագոյն հարցերի վրայ, ինչպիսիք են Ռուսաստանի, ԵՄի, Հնդկաստանի, ԱՍԵԱՆի արձագանգը Չինական նախաձեռնութեանը, Չինաստանի աճող ազդեցութիւնը Բալկանների, Հարաւային Կովկասի, Պարսից ծոցի նման անկայուն տարածաշրջաններում, եւ ինչպիսի՞ նոր ընթացք կը ստանայ բազմաբեւեռ մրցակցութեան դինամիկան, որը չի վերահսկւում արդիւնաւէտ բազմակողմանի կառավարման միջոցով, ինչպիսի՞ նշանակութիւն կարող են ունենալ այս զարգացումները շարունակական խաղաղութիւն վրայ»։
Գրքի մասին իր կարծիքն է յայտնել նաեւ Միջազգային յարաբերութիւնների ռուսական խորհրդի գործադիր տնօրէն, ք.գ.թ. Անդրէյ Կորտունովը նշել է. «Բազմակողմանի քաղաքականութիւն վարելու արուեստին տիրապետելը դժուար խնդիր է իւրաքանչիւր ազգի համար, բայց յատկապէս դժուար է մեծ տէրութիւնների համար, որոնք դարեր շարունակ իրենց փոքր հարեւաններին նայել են մեծամտօրէն եւ հովանաւորչօրէն: Գրքի հեղինակները վերլուծում են, թէ ինչպէ՞ս է այս մարտահրաւէրը լուծւում ժամանակակից Չինաստանի կողմից՝ բացայայտելով Եւրասիայի նկատմամբ չինական ներկայիս մօտեցումների ե՛ւ յաջող պատմութիւնները, ե՛ւ ձախողումները: Գիրքը արժէքաւոր աղբիւր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրուած են ապագայ եւրասիական անվտանգութեան եւ զարգացման էկոհամակարգերով»: