ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- Որոտանի ճամբուն վրայ, ըստ Հայաստանի մարդու իրաւունքներու գրասենեակին, ատրպէյճանցի զինուորները կը շարունակեն խախտել Հայաստանի բնակչութեան եւ Հայաստանի մէջ օրինական հիմունքներով գտնուող Իրանի քաղաքացիներու իրաւունքները, իսկ որ քրէական առումով պատժելի է։
Արդարեւ, 17 Սեպտեմբերին, Գորիս-Կապան ճամբուն վրայ՝ Որոտանի հատուածին մէջ, ատրպէյճանցիները կանգնեցուցին արցախցի մանուկներ տեղափոխող հանրակառքը: Այս մասին «Նիուզ»ի հետ ունեցած զրոյցի մը ընթացքին յայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարէն Քոչարեան:

«Աւտոբուսի վրայ եղել է Արցախի տարբերանշանը, «Պապիկ-տատիկ»ի յուշարձանի նկարը, Արցախի դրօշը: Մեքենայի մէջ եղել է մօտ 25 արցախցի երեխայ: Ադրբեջանցիները կանգնեցրել են աւտոբուսը, շատ լկտի պահուածքով իջեցրել են բոլորին եւ սկսել են մեքենան ստուգել: Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են եւ երեխաներին ճանապարհել են», նշեց ան։
Այս գծով արձագանգեց նաեւ Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան: «Այս տեսանիւթում ադրբեջանական զինուած ու դիմակաւորուած ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական աւտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթեւեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի` Գեղամ Ստեփանեանի հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հաւաքականի խաղացողներ են` 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները` զինուած ու դիմակաւորուած, ստուգել են երեխաների հեռախօսները` ինչ-որ տեսանիւթեր գտնելու պատրուակով: Երեխաների աւտոբուսն այդպէս պահել են 10-15 րոպէ: Այդ ընթացքում նաեւ աւտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրօշը: Ադրբեջանական աղբիւրները հպարտութեամբ տարածում են այս տեսանիւթը: Բայց այստեղ հարցը պահուածքն է, որ ադրբեջանական զինուած ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացայայտ ահաբեկելու նպատակ` դիմակով ու զինուած: Հիմա էլ տեսանիւթը տեղադրել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, ու այն ուղեկցւում է երեխաներին ուղղուած լկտի վիրաւորանքներով, հայերին սպանելու կոչերով եւ խորքային ատելութեամբ: Այս ամէնը տարիների պետական հովանաւորչութեամբ ադրբեջանական հայատեացութեան քաղաքականութեան արդիւնք է: Ապացոյցները մենք փաստագրել ենք», յայտնեց Թաթոյեան:
Ատրպէյճանցի ոստիկանները նոյն հատուածին մէջ կանգնեցուցին նաեւ հայ զինուորներու համար հաց տանող ինքնաշարժ մը։ Այս մասին «Փաստինֆօ»ին յայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարէն Քոչարեան։ «Գումար չեն պահանջել, շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել», նշեց ան։