ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն ուշադիր հետեւում է տարածաշրջանային զարգացումներին: Այս ուղղութեամբ չափազանց ուշագրաւ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետութեան հրապարակած դիրքորոշումները եւ կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ` երկրի հիւսիս-արեւմտեան հատուածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի բռնազաւթուած տարածքներին ու Ադրբեջանին:
Իրեն հարեւան գրեթէ բոլոր տարածաշրջանները` Արեւելեան Միջերկրածովքից մինչեւ Հարաւային Կովկաս եւ Մերձաւոր Արեւելք ապակայունացնող եւ ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետութիւնը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելաւել Կասպից ծովի աւազանում եւ Իրանի հիւսիսային հատուածում: Թշնամական որոշ շրջանակներ նոյնիսկ բացայայտ ակնարկում են Իրանում միջցեղային բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին:
Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուած եւ պատերազմական յանցագործութիւններով ուղեկցուող յարձակման ընթացքում ու ի հետեւանք դրա` ադրբեջանաթուրքական դաշինքին յաջողուել է Հարաւային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկութիւնների նոր յորձանուտի մէջ եւ էապէս վտանգել տարածաշրջանային անվտանգութիւնը: Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրութիւնը նախ եւ առաջ ուղղուած է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ աւանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցութիւն ունեցող պետութիւնների դէմ: Ըստ հաւաստի տարբեր հրապարակումների` Ադրբեջան շարունակում է Արցախի գրաւեալ տարածքներում պահել ծայրայեղ-իսլամ վարձկանների, ինչպէս եւ ռազմական հնարաւորութիւններ տրամադրել այլ ուժերի:
Տարածաշրջանային անվտանգութեան հերթական խաթարումը չի՛ կարող վերաբերուել միայն Հայաստանին: Հետեւաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական եւ վտանգաւոր վերաձեւումները կանխելու Իրանի ղեկավարութեան ռազմաքաղաքական կամքը:
Հայաստանի ղեկավարումը դեռեւս իրականացնող իշխանութեանը խստօրէն զգուշացնում ենք` փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական յանձնուողականութեան եւ փորձ չանե՛լ դաշնակիցների հետ յարաբերութիւններ հաստատել «առեւտր»ի տրամաբանութեամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու` Հայաստանի կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴի հասցէին, որ միշտ գործել է հայ-իրանական յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, այլ նաեւ Իրանին, որին մէկ յօդուածի հիման վրայ դիրքորոշում ճշդելու վերագրում է արւում:
«ՀՅ Դաշնակցութիւնն իր ամբողջ կարողականութեամբ` հայրենիքում եւ Սփիւռքում, այդ թւում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցով եւ միջազգային քաղաքական յարաբերութիւնների ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ ադրբեջանաթուրքական դաշինքի յանցագործ մտադրութիւնների իրականացումը կանխելու ուղղութեամբ»: