ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպանի աշխատակազմը Պաքուի մէջ հայերու ջարդերու 32րդ տարելիցին առիթով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«32 տարի առաջ` 1990 թուականի Յունուարի 13-19ը, Բաքւում Ադրբեջանի իշխանութիւնների ակնյայտ թողտուութեամբ եւ աջակցութեամբ իրագործուել է հայ բնակչութեան համակարգուած եւ զանգուածային կոտորած: Մէկ շաբաթ տեւած վայրագութիւնների ընթացքում սպանուել են հարիւրաւոր հայեր, ունեզրկուել եւ խոշտանգման են ենթարկուել հարիւր հազարաւոր հայեր:
«Բաքուի եւ այլ քաղաքների հայկական բնակչութիւնը ֆիզիքական գոյութեան ուղիղ սպառնալիքի տակ տեղահանուել եւ որպէս փախստական ապաստան են գտել Արցախում, Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում` այդպէս էլ միջազգային կարգավիճակ ու աջակցութիւն չստանալով: Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգութիւնը տարիների ընթացքում ենթարկուել է վանդալիզմի, պղծման, իսկ դրանց պատմական արժէքն ու նշանակութիւնը խեղաթիւրուել է ադրբեջանական իշխանութիւնների կողմից` յարմարեցուելով իրենց քաղաքական նպատակայարմարութիւններին:
«Հայասպանութեան իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանութիւնների եւ ցաւօք արդէն նաեւ ադրբեջանական հանրութեան կողմից կրում է համակարգային եւ լայնածաւալ բնոյթ եւ ունի յստակ ժամանակագրութիւն․ 1905ին եւ 1918ին` Բաքւում, 1988 թուականի Փետրուարին` Սումգայիթում, Նոյեմբերին` Գանձակ-Կիրովաբադում, 1990ական թուականներին` նորից Բաքւում, Մարաղայում իրագործուած ջարդերը, 2004 թուականին Գուրգէն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թուականի ապրիլեան պատերազմի, 2020 թուականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանութիւնները եւ հայ զինուորականների խոշտանգումները հայատեացութեան համակարգային քաղաքականութեան եւ դրա հետեւանքների անհերքելի ապացոյցներ են:
«Իշխանութիւնների կողմից հասարակութեանը տարիներ շարունակ թունաւորելու հետեւանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականութիւնը, ատելութիւնն ու հայասպանութիւնը, հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմն ու յուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլեւ ազգային քաղաքականութիւն: Սա փաստ է, որի դէմ միջոցնէր ձեռնարկելու հրատապութիւնն այլեւս ամրագրուած է նաեւ ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշմամբ:
«Տարածաշրջանում խաղաղութեան հաստատման կեղծ կարգախօսների ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են իրականացնել Արցախի հայութեան իրաւունքների համատարած ու լայնածաւալ խախտումներ` տարբեր մեթոտներով վախի եւ յուսահատութեան մթնոլորտ ձեւաւորուելով եւ խաթարելով բնականոն կեանքն Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից:
«Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործուած յանցագործութիւնները փաստագրող նիւթերը շատ են, միայն թէ անկողմնակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամէնը տեսնելու եւ դրանց պատշաճ գնահատական տալու համար: Ցաւօք, այդ յանցագործութիւնները միջազգային հանրութեան կողմից ցայսօր յստակ իրաւական գնահատականի չեն արժանացել, եւ այդ անպատժելիութիւնն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թոյլ է տալիս կոպտօրէն ոտնահարել միջազգային իրաւունքի նորմերը, ատելութեամբ խօսել մի ողջ ժողովրդի մասին` մտավախութիւն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկուել պատասխանատուութեան:
Առաջնորդուելով մարդու իրաւունքների համընդհանրութեան կարեւորագոյն սկզբունքով եւ հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ յարգմանն ու արդարութեան վերականգնմանը` մենք շարունակելու ենք պահանջատէր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործութիւնների դատապարտման ու նոր ոճրագործութիւնների կանխման հարցում»: